Արցախի ԱԳՆ-ն՝ Բարդայում հանդիպման վերաբերյալ լուրերի մասին

Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է լրատվամիջոցների այն հարցին, թե արդյոք իրականությանը համապատասանում են Ստեփանակերտի և Բաքվի միջև Բարդայում  հանդիպում կայանալու մասին լուրերը:

«BBC-ադրբեջանական ծառայությունը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է, թե Ղարաբաղի իշխանությունները հակված են համաձայնել Աղդամի ճանապարհի բացմանը, և որ առաջիկա օրերին այս հարցով կողմերի միջև հանդիպում է կայանալու Բարդայում։ Արդյոք այս տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը։

Ցանկանում ենք հատուկ ընդգծել, որ արցախյան կողմը մշտապես հանդես է եկել խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման դիրքերից։ Միաժամանակ, նման բանակցությունները պետք է ընթանան կողմերի միջև համաձայնեցված միջազգային ձևաչափի շրջանակներում, ինչը թույլ կտա երաշխավորել, որ բանակցություններն ընթանում են միջազգային իրավունքի նորմերին ու պահանջներին համապատասխան։ Արցախյան կողմը բազմաթիվ անգամ միջնորդների միջոցով հանդես է եկել հանդիպումների մասին նախաձեռնություններով, ադրբեջանական կողմը սակայն մերժել է դրանք:

Հավելենք, որ ցանկացած հանդիպում Ադրբեջանի տարածքում, առավել ևս առանց միջազգային միջնորդների ներկայության, բավականին մեծ ռիսկեր է պարունակում` հատկապես հաշվի առնելով ԿԽՄԿ մանդատի ներքո գտնվող Վագիֆ Խաչատրյանի առևանգման փաստը, այն էլ ՌԴ խաղաղապահների ներկայությամբ։

Ինչ վերաբերում է Աղդամի ճանապարհին, ապա ԱՀ նախագահի մամուլի խոսնակն այսօր անդրադարձել է այդ թեմային»:

Ուզբեկստանի նախագահը մեկնել է օկուպացված հայկական Շուշի

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը ժամանել է Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշի քաղաք։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնած ուղևորությանը մասնակցում են նաև նախագահների կանայք՝ Մեհրիբան Ալիևան և Զիրոաթոն Միրզիյոևան։

Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ, Ալիևներն ու Միրզիյոևներն այցելել են մզկիթ, ծանոթացել «Հեյդար Ալիևը և Ղարաբաղը» ցուցահանդեսին, եղել են բնության գրկում։։

ՄԹ-ն տեղյակ չէ ԼՂ-ում հումանիտար իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի կամ հայտարարության հետ կապված ծրագրերի մասին

Միացյալ Թագավորությունը տեղյակ չէ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի կամ հայտարարության հետ կապված ծրագրերի մասին։

Այս մասին հայտնել են Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատնից՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։

Հարց Պատրաստվո՞ւմ է ձեր երկիրը բանաձևի նախագիծ ներկայացնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի օգոստոսի 16-ի հրատապ նիստից հետո։

Պատասխան․ Միացյալ Թագավորությունը (ՄԹ) շարունակում է խորապես մտահոգված լինել Լաչինի միջանցքի շարունակվող խափանումների կապակցությամբ, ինչը խոչընդոտում է կյանքեր փրկող դեղորայքի, առողջապահական ծառայությունների և այլ անհրաժեշտ պարագաների մատակարարմանն ու ծառայությունների մատուցմանը՝ հումանիտար հետևանքներ առաջացնելով տեղի բնակչության համար:

Ուստի շատ կարևոր է, որ Արդարադատության միջազգային դատարանի 2023թ․ փետրվարի որոշումը հարգվի՝ ապահովելու Լաչինի միջանցքով անխոչընդոտ տեղաշարժը երկու ուղղություններով:

ՄԹ-ն տեղյակ չէ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի կամ հայտարարության հետ կապված ծրագրերի մասին:

Արցախի ԱԳՆ-ն Բաքվին պատասխանել է ԿԽՄԿ-ի հայտարարությամբ

Քանի դեռ Հիքմեթ Հաջիեւը ջանք չի խնայում «ապացուցելու», որ «Լաչինի միջանցքը բաց է», միջազգային հանրությունը պատասխանում է ԿԽՄԿ-ի հայտարարությամբ այն մասին, որ «Արցախ դեղորայքի վերջին մատակարարումները կատարվել են հուլիսի 7-ին, իսկ սննդամթերքի վերջին մատակարարումը՝ հունիսի 14-ին։ Այս մասին ասվում է Արցախի ԱԳՆ-ի թվիթթերյան հայտարարության մեջ։

Նշենք, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը Politico-ին ասել է, որ «Լաչինի ճանապարհը բաց է»: Նա ասել է, որ իր կառավարությունը ցանկանում է, որ օգնությունը հասնի ոչ միայն Լաչինի ճանապարհով Հայաստանից, այլ նաեւ ադրբեջանական Աղդամ քաղաքով, քանի որ այն «պատմականորեն Ղարաբաղը կապում է Ադրբեջանի մայրցամաքային մասի հետ» եւ «ավելի քիչ ծախսատար եւ ավելի հարմար է»։

Արարատ Միրզոյանն ու Անջեյ Կասպրչիկը քննարկել են տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 22-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին, ով Հայաստան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լաչինի միջանցք այցելելու և առկա իրավիճակի մասին զեկուցելու հանձնարարականի շրջանակներում:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ը, հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին՝ Արարատ Միրզոյանը շեշտել է միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ կողմից հրատապ և գործուն քայլերի հրամայականը՝ վերահաս հումանիտար աղետը և դրա անդառնալի հետևանքները կանխելու նպատակով:

Նախարար Միրզոյանը վերահաստատել է նաև ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման կարևորությունը միջազգային գործուն մեխանիզմների ներքո:

Ստեփանակերտը հերքում է լուրերը Աղդամի ճանապարհի վերաբերյալ որոշում ընդունելու մասին

Պաշտոնական Ստեփանակերտն արձագանքել է տարածվող  լուրերին, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Աղդամի ճանապարհն օգտագործելու առաջարկն ընդունելու որոշում է կայացրել։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում, մեկնաբանելով այդ լուրերը, Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը հայտնեց, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը oգոստոսի 22-ին և 23-ին փակ քննարկումներ է անցկացրել պետական, քաղաքական և հանրային տարբեր շրջանակների հետ, որոնց ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից լիակատար պաշարման հետևանքով Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար և անվտանգային խնդիրները, Արցախի իշխանությունների անելիքները և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ տարբեր կենտրոններից ստացված միջնորդական առաջարկները:

«Որևէ որոշում չի կայացվել, իսկ քննարկումները շարունակվում են, և նախագահ Հարությունյանը առաջիկայում իրավիճակի և իշխանությունների մոտեցումների վերաբերյալ տեղեկությունները հանրայնացնելու է անձամբ»,-նշել է Ավանեսյանը։

Ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 22-ին  Արցախի Անվտանգության խորհրդի նիստում տեղեկացրել է, որ որոշում է կայացվել Աղդամի ճանապարհով առեւտուր անելու: Թերթի տեղեկություններով՝ Արայիկ Հարությունյանը իբր տեղեկացրել է, որ առևտուրն այդ ճանապարհով լինելու է «մասնակի», այնտեղով կմտնեն շինանյութ, դիզել, դեղորայք, իսկ սնունդը կներկրվի Լաչինով՝  ռուս խաղաղապահների միջոցով։

Մարտունի և Ճարտար քաղաքներն անցնում են հացի վաճառքի կտրոնային համակարգի

Այսօրվանից Մարտունու շրջանի քաղաքներում սկսվում է կտրոններով հաց վաճառելու գործընթացը։

Երեկ Մարտունու և Ճարտարի քաղաքապետարանները հաղորդագրություններ են տարածել, որոնցում բնակիչներին հանձնարարվում է օգոստոսի 23-ի առավոտից գալ տեղական քաղաքային գործադիր մարմիններ՝ իրենց եւ ընտանիքի բոլոր անդամների ինքնությունը հաստատող փաստաթղթերով՝ հացի գնման կտրոններ ստանալու համար։

Մարտունու շրջանի վարչակազմը նշել է, որ Մարտունիում և Ճարտարում կտրոններով հացի վաճառքը կսկսվի օգոստոսի 24-ից։

Ստեփանակերտի քաղաքապետարանից Step1.am-ին ասացին, որ «մայրաքաղաքում հացի կտրոնների հետ կապված կառավարությունից հրահանգներ չեն եղել»։

Պնդումները, թե Միացյալ Նահանգները ՄԱԿ ԱԽ անդամ երկրներին ճնշում է չստորագրել բանաձև, բացարձակ կեղծիք են․ ԱՄՆ դեսպանատուն

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հերքել է լուրերն այն մասին, թե ԱՄՆ-ն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրների վրա ճնշում է գործադրում, որպեսզի ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ քննարկումների արդյունքներով բանաձև չստորագրեն։

Միացյալ Նահանգների դեսպանատունը թեմային անդրադարձել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։

Հարց․ Պատրաստվո՞ւմ է ձեր երկիրը բանաձևի նախագիծ ներկայացնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի օգոստոսի 16-ի հրատապ նիստից հետո։

Պատասխան․ Անցյալ չորեքշաբթի Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդի նախագահությամբ Խորհուրդը քննարկեց ընթացիկ հումանիտար իրավիճակին վերաբերող հարցերը։

Բանաձևի նախագիծ մենք չենք տեսել, և այն պնդումները, թե Միացյալ Նահանգները անդամ երկրներին ճնշում է չստորագրել բանաձև, բացարձակ կեղծիք են։

Ինչպես նշված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մեր հայտարարության մեջ, Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակը շարունակում է մեզ խորապես մտահոգել, և մենք Ադրբեջանի կառավարությանը քաջալերում ենք շուտափույթ բացել Լաչինի միջանցքը հումանիտար, կոմերցիոն և մասնավոր փոխադրումների համար։

 

Աղդամի վերաբերյալ որոշում չի կայացվել, Բաքուն հույսը կապում է Ռուսաստանի հետ

Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը, մեկնաբանելով երեկվա ինտենսիվ քննարկումների մասին տեղեկությունները, ասաց, որ որոշումներ չեն կայացվել, այդ թվում՝ Աղդամի ճանապարհի հարցում։ Բայց այսօր քննարկումները կշարունակվեն, իսկ վաղը կարող է հայտարարություն լինել, ասաց նա։

Օսիպյանը նշեց, որ խնդիրները հաղթահարելու համար Արցախը պետք է գործոն դառնա: Օգոստոսի 24-ին ժամը 20-ին մենք գնում ենք Վերածննդի հրապարակ։ Պետք է պահանջ առաջ քաշել 5 կմ լայնությամբ Լաչինի միջանցքի բացման մասին, դիմել ռուս խաղաղապահներին ու նրանց հետ միասին բացել միջանցքը, նշել է նա։

«Մենք պատասխան ենք պահանջելու Արայիկ Հարությունյանից, իսկ եթե նա պատասխան չունենա, պետք է ենթարկվի հասարակության ճնշմանը»,- ասաց Օսիպյանը։

Բաքուն իր հերթին ուշադրությամբ հետևում է քննարկումներին․ ասվում, որ Ստեփանակերտը, ամենայն հավանականությամբ, կհրաժարվի, բայց իրենք մեծ հույս են կապում Ռուսաստանի հետ։

Պատգամավոր Վահիդ Ահմադովն ասում է, որ հայերի դուրսբերումը Ղարաբաղից պետք է շարունակվի. «Այս գործընթացն արդեն սկսվել է և շարունակվելու է։ Այսօր Ռուսաստանը հիանալի հասկանում է իրավիճակը և հանդիսանում է հիմնական պետությունը, որը ղեկավարում է այս գործընթացը»։

Անվտանգության փորձագետ Իլհամ Իսմայիլն իր հերթին ասել է, որ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ Պոլյանսկու ելույթը, որը տարբերվում էր այլ մշտական ​​անդամների ելույթներից, համապատասխանում էր Ադրբեջանի շահերին եւ լավատեսության պատճառներից մեկն է»:

Խելքներդ թրցրել եք? Ի՞նչ «Աղդամի ճանապարհ»։ Ո՞ւր է դա տանում

Ինչ-որ մեկը «ներդրեց» «Ագդամի ճանապարհի» գաղափարը, և ամբողջ «հայկական իսթեբլիշմենթը» ուրախությամբ բռնեց խայծը, որպեսզի գործով չզբաղվի՝ ձևանալով, թե «զբաղված է Աղդամի ճանապարհով»։

Ասում են, որ երեկ Ստեփանակերտում տեղի են ունեցել մի քանի կարևոր հանդիպումներ, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի նիստ, որի մասին մամուլում դեռևս հրապարակային հաղորդագրություններ չկան։ Հայկական մամուլում միայն ինսայդերական տեղեկություններ հայտնվեցին, որ իբր քննարկվել է Ակնա-Աղդամ ճանապարհի բացման հարցը, խորհրդարանական ուժերը ներկա չեն եղել, բայց եղել է Սամվել Բաբայանը։

Նշվում է, որ քննարկվել է Աղդամից շինանյութ հասցնելու հնարավորությունը, Կարմիր Խաչը կկարողանա նաև դեղեր տեղափոխել, իսկ Բերձորի «ճանապարհը» (այլևս միջանցք չէ) կբացվի սննդամթերքի առաքման և անձանց սահմանափակ տեղաշարժի համար (որոնք, ըստ երևույթին, պետք է նվաստացուցիչ ընթացակարգ անցնեն Բաքվի անցակետում)։ Միաժամանակ ադրբեջանցիներին կտրամադրվի Աղդամ-Ստեփանակերտ-Շուշի ճանապարհը։

Խորհրդարանական վրդովված կուսակցությունները հանդես են եկել «պետությունը և պետական ​​ինստիտուտները պահպանելու» կոչով։ Պետությունը՝ «նախագահի և խորհրդարանի ինստիտուտներն են», այսինքն՝ պաշտոններն ու աշխատավարձերը։ Մնացած ամեն ինչը ոչ թե պետություն է, այլ «ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտի»։ Իզուր չէր, որ երեկ Դավիթ Իշխանյանը հանդիպեց Արցախի «ռուսական համայնքի ղեկավարի»։ Հիմա, ըստ ամենայնի, նա է լինելու խորհրդարանի «խոսնակը»։

Անվտանգության խորհրդում ամենայն հավանականությամբ իրոք քննարկվել է «Աղդամի ճանապարհի» հնարավորությունը։ Արցախյան «պետությունը»՝ նախագահն ու խորհրդարանը, ի տարբերություն 80-ականների և 90-ականների սկզբի Շարժման առաջնորդների, ի վիճակի չեն քաղաքական որոշումներ կայացնել և միայն բերանը բաց սպասում են խայծի, որպեսզի կուլ տան այն։ Եվ այն միշտ հայտնվում է ժամանակին:

Հենց որ Բաքուն և Մոսկվան հասկացան, որ իրենք մի քիչ հեռուն են գնացել «շրջափակման և սովի» քաղաքականությամբ, և միջազգային ուժերը կարող են հայտնվել տարածաշրջանում, ինչ-որ մեկը հաջողությամբ մտցրեց «Աղդամի ճանապարհի» գաղափարը, և այժմ ադիբուդիով հետևում է, թե ինչպես են « լուրջ մարդիկ» քննարկում ի սկզբանե անհեթեթ միտքը։ Որեւէ տեղ գրած կա՞ այդ ճանապարհի մասին։

Խելքներդ թրցրել եք? Ի՞նչ Աղդամի ճանապարհ: Ո՞ւր է դա տանում: Թե՞ այս կերպ փորձում եք քողարկել ձեր անզորությունն ու վախը Լենցովից։ Չե՞ք կարող պահանջել, որ ռուսները բացեն Բերձորի արտատարածքային միջանցքը և որոշել եք բերանը զբաղեցնել Աղդամի խայծո՞վ։ Սա է պետությանը պահմանումը։ Արդյո՞ք չեք կարողանում գոնե «Լավրովի պլանի» անընդունելիության մասին հայտարարություն ընդունել։

 

ՄԱԿ-ը և Եվրոպան մեզ փախստական ​​են անվանում, իսկ Ռուսաստանը թույլ չի տալիս, որ Հայաստանը մեզ կարգավիճակ տա. Հայրիյան

«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրիյանը Step1.am-ի հետ զրույցում պատմեց հուլիս-օգոստոս ամիսներին փախստականների խնդիրների լուծման համար պայքարի ակտիվ փուլի մասին։

Մեր խնդիրն է վերադառնալ հայրենիք, բայց դրա համար պետք է փախստականի կարգավիճակ, ինչպես նաև սոցիալական խնդիրների լուծման համար, ասում է Լևոն Հայրիյանը։

Նա նշում է, որ Հայաստանի կառավարությունը համառորեն հրաժարվում է նրանց կարգավիճակ տալ, և դա պայմանավորված է Մոսկվայի դիրքորոշմամբ։

«Ռուսներն ասում են, որ մենք ձեզ համար բոլոր քաղաքական հարցերը լուծել ենք, մնացել են միայն հումանիտարները, փախստականներ էլ չկան։ Լինելով փախստականների գոյացման պատճառ՝ նրանք չեն ցանկանում, որ Արցախից փախստականների հարցը քննարկվի միջազգային ատյաններում»,- ասում է Լեւոն Հայրիյանը։

Նա հիշեցրել է, որ «ՄԱԿ-ը մեզ ճանաչում է որպես «փախստականներ-light», թեև ասում են, որ մենք դասական փախստական ​​չենք, քանի որ ապրում ենք մեր հայրենակիցների շրջանում»։ Սակայն ՄԱԿ-ի զեկույցները արձանագրել են, որ 2020 թվականի պատերազմի արդյունքում Արցախից փախստական ​​է դարձել 26750 մարդ։

Հայաստանի իշխանությունն անգամ համաձայն չէ ճանաչել «փախստականներ-light» կարգավիճակը։

«Նախ դիմում ուղարկեցինք միգրացիոն վարչություն, նրանք վերուղարկեցին սոցիալական ապահովության նախարարություն, որն արդեն բավականին լավ էլ զբաղվում մեր սոցիալական խնդիրներով»,- ասում է Լևոն Հայրիյանը։

Երբ Բաքուն սկսեց խոսել «Արևմտյան Ադրբեջանի» մասին, իշխանությունը հանկարծ սկսեց հետաքրքրվել փախստականներով։ Անվտանգության խորհրդում մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել, ապրիլին անգամ մեծ համաժողով են կազմակերպել, թեև հայ պաշտոնյաներն էլ այնտեղ չեն եղել։ Որոշեցինք փախստականների հետ աշխատելու մարմին ստեղծել, բայց մինչ այժմ դա չի ստեղծվել։

«Բերձորի միջանցքում իրավիճակի սրվելուց հետո «Վերադարձ Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանի հետ նամակ գրեցինք վարչապետին՝ պահանջելով ընդունել մեզ, բացել Բերձորի միջանցքը, դուրս բերել ռուսական զորքերը և պահանջել միջազգային խաղաղապահներ, որոնք մեզ կուղեկցեն մեր հայրենիք։ Դրանից հետո մեզ կանչեցին ՄԻՊ գրասենյակ, Արտաքին գործերի նախարարություն, Արդարադատության նախարարություն, Սոցիալական ապահովության նախարարություն, բայց ոչինչ այդպես էլ չորոշվեց»,- ասաց Լեւոն Հայրիյանը։

Նա նշեց, որ “աժիոտաժը” սկսվել է միջազգային խաղաղապահների պահանջից հետո։ «Մեզ ընդունեցին նաև Ռուսաստանի դեսպանատանը, հարցրին՝ ինչո՞ւ եք գրում, որ մեզանից դժգոհ եք։ Մենք հաստատել ենք, որ դա այդպես էլ կա»,- ասաց նա։

«Մենք փախստականի կարգավիճակ և կոմպակտ ապրելու տեղ ենք ուզում։ Մենք չենք ուզում, որ մեր համայնքը քայքայվի, քանի դեռ չենք կարող վերադառնալ հայրենիք»,- ասաց Լեւոն Հայրիյանը:

Հայաստանի կառավարությունում ասում են, որ իրավական կազուս է տեղի ունեցել՝ Արցախի քաղաքացիներն ունեն հայկական անձնագրեր, բայց դրանք «քաղաքացիության անձնագրեր» չեն, դրանք գործողության մեջ սահմանափակ են։ Լեւոն Հայրիյանն ասում է, որ նման հարցերը լուծվում են քաղաքական որոշմամբ։

«Եթե Եվրոպան, ՄԱԿ-ը մեզ անվանում է փախստական, ի՞նչը թույլ չի տալիս Հայաստանին կարգավիճակ տալ մեզ, նույնիսկ միջազգային միջոցներ ներգրավել՝ օգնելու մեզ, տներ կառուցել և այլն։ Տրամաբանությունը հուշում է, որ այն թույլ չի տալիս Ռուսաստանը, ինչպես որ թույլ չի տալիս հայկական բանակին դիմադրել և քաղաքական որոշումներ կայացնել՝ ելնելով ազգային շահերից։ Մեզ փախստականի կարգավիճակ չեն տալիս, որպեսզի չկարողանանք վերադառնալ Հադրութ և Շուշի, քանի որ ռուսները չեն ցանկանում վերադարձնել Հադրութը, եթե նույնիսկ կնքվի, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը»,- ասաց Հայրիյանը։

Նա ասաց, որ միայն Հադրութի շրջանից փախստականների թիվը կազմում է 13,5 հազար մարդ՝ 5,5 հազարը բնակվում է Հայաստանում, 6,5 հազարը վերադարձել է Արցախ։

Երկրաշարժ Նեֆթեչալա քաղաքի շրջանում

Օգոստոսի 23-ին, տեղական ժամանակով ժամը 01:23-ին (Գրինվիչի ժամանակով օգոստոսի 22-ին, ժամը 21:23-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.93⁰ և արևելյան երկայնության 49.11⁰ աշխարհագրական կոորդինատներով ազերբայդժան՝ Նեֆթչալա քաղաքից 52 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 4.6 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետությունում՝ 3 բալ և Սյունիքի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ։