Դա մեր համազգային ամոթն է՝ ամոթ, որից պետք է ծնվի ոչ թե վախ, հուսահատություն կամ վհատություն, այլ միայն ու միայն արդար վրեժի ծարավ

Իրանագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը գրել է․

«Երբ Բաքվի բարբարոսական վարչախմբի ինչ-որ սինլքոր բաշիբոզուկ մեր արյունակից երեխային, պատանուն կամ երիտասարդին լկտիորեն և անպատիժ կերպով ստուգում է, քննում կամ թեկուզ պիղծ հայացքով նայում, դա մեր համազգային ամոթն է՝ ամոթ, որից պետք է ծնվի ոչ թե վախ, հուսահատություն կամ վհատություն, այլ միայն ու միայն արդար վրեժի ծարավ։

Իսկ շարունակական ամոթին վերջ և արդար վրեժի ծարավին հագուրդ կարելի է տալ բացառապես Հայաստան պետություն-ամրոցի կառուցմամբ և մեր հայրենիքի բռնազավթված մասերի վերաազատագրումով ու թշնամուն կրկին ջախջախելով»։

Պահանջում եմ անհապաղ դադարեցնել ուսանողուհուն անտեղի թիրախավորելու և վիրավորելու գործողությունները

Ադրբեջանական քարոզչամեքենան անցակետում տասնյակ զինված անձանց ներկայությունից վախվորած և հոգեբանորեն ընկճված 17-ամյա անչափահասին օգտագործել է քարոզչաքաղաքական մանիպուլյատիվ նպատակներով, որին, ցավոք սրտի, տրվել է նաև հայ հասարակության մի մասը։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Փոխանակ մեզ հասանելի մեթոդներով հակազդենք ադրբեջանական կեղտոտ քարոզչամեքենայի հերթական ստոր քայլին՝ պնդելով և ապացուցելով, որ ադրբեջանական լրատվամիջոցը 17-ամյա երեխայի հոգեկան անձեռնմխելիության, պատվի և արժանապատվության նկատմամբ ապօրինի միջամտությամբ նկարահանված տեսանյութն օգտագործում է աշխարհին հերթական կեղծիքը մատուցելու համար, մենք ենք տրվում այդ մանիպուլյացիային՝ վիրավորելով կամ անտեղի թիրախավորելով մեր հայրենակցին՝ մեր հարազատին։

Ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ հունիսի 21-ին իրականացվել է ՀՀ բուհերում սովորող ուսանողներին Արցախից դեպի Հայաստան հերթական տեղափոխումը, որի ընթացքում Հակարիի կամրջի անօրինական անցակետի մոտ ադրբեջանական լրատվամիջոցի կողմից նկարահանվել և ադրբեջանական մեդիա տիրույթում տարածվել է մեր հայրենակցի՝ Էլեն Առստամյանի հարցազրույցը։

Կասկած չկա, որ այդ տեղեկատվական մանիպուլյացիան պլանավորվել և իրականացվել է ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերաբերյալ իրենց կեղծ պնդումները առաջ մղելու համար։

Հեռախոսազրույց եմ ունեցել Էլեն Առստամյանի հետ, տեղեկացել այդ պահին նրա հոգեբանական իրավիճակին և ապրումներին։ Անկասկած է, որ ադրբեջանական քարոզչամեքենան անցակետում տասնյակ զինված անձանց ներկայությունից վախվորած և հոգեբանորեն ընկճված 17-ամյա անչափահասին օգտագործել է քարոզչաքաղաքական մանիպուլյատիվ նպատակներով, որին, ցավոք սրտի, տրվել է նաև հայ հասարակության մի մասը։

Պահանջում եմ զերծ մնալ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հրապարակված տեսանյութը տարածելուց և անհապաղ դադարեցնել Էլեն Առստամյանին անտեղի թիրախավորելու և վիրավորելու գործողությունները», – գրել է նա։

Արցախի երեք կուսակցությունների հայտարարությունը

Արդարություն» կուսակցությունը, ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեն, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը համատեղ հայտարարություն են տարածել որում ասվում է.

«Հանուն Արցախի պետականության պահպանման

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեր անկախության հերթական տարեդարձին ընդառաջ մեր պետությունը հայտնվել է լրջագույն փորձությունների առաջ։

Թշնամին տենչում է վերացնել մեր պետականությունը, լուծարել մեր պետական ինստիտուտները և կլանել Արցախը։ Պատերազմից հետո անցնող երեք տարիների ընթացքում, և հատկապես, վերջին ամիսներին՝ շրջափակման պայմաններում, մենք ազգովի դրսևորել ենք մեր պետականության շուրջ բացառիկ միասնականություն՝ զերծ պահելով պետությունը ցնցումներից, և ցուցաբերել ենք դժվարությունների հանդեպ աննախադեպ տոկունություն։ Այս ամենը մենք արել ենք հանուն մեր պետականության, հանուն մեր հողի վրա ազատ ապրելու և արարելու մեր բնատուր իրավունքի։

Որքան էլ զարմանալի կարող է թվալ, բայց պետականության դեմ ուղղված հերթական սպառնալիքը մենք ստանում ենք ոչ թե թշնամուց, այլ յուրայիններից, մարդկանցից, որոնց մղումները հնարավոր է, որ ազնիվ են ու միամիտ, բայց դրանից սպառնալիքի բնույթը չի փոխվում։

Հայրենակիցնե՛ր,

Այսօր, թերեւս, մենք հանձնում ենք պետականության հասունության մեր ամենակարևոր քննությունը։ Այս իրավիճակի անարյուն, իմաստուն, և ամենակարևորը, օրինական հանգուցալուծումից է կախված մեր պետականության հետագա ճակատագիրը։ Եւ այն կախված է ոչ միայն որոշումներ կայացնելու լիազորություն ունեցող անձանց դիրքորոշումից, այլ նաև յուրաքանչյուրիս սրտացավ ներգրավվածությունից։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ դիմում ենք.

Ուժային կառույցներին.

Հարգելի՛ պարոնայք, բարձրաստիճա՛ն սպաներ։ Մենք ըմբռնում և ողջունում ենք խնդիրը փափուկ ուժով և խաղաղ հանգուցալուծելու ձեր մոտեցումը։ Միաժամանակ, հիշեցնում և պահանջում ենք՝ հավատարիմ մնալ պետականության և նրա ինստիտուտների պաշտպանության գործին տված ձեր երդմանը, գործել բացառապես Օրենքի ոգուն և տառին համապատասխան։

ԱԺ քաղաքական մեծամասնությանը եւ քաղաքական այլ ուժերին.

Հարգելի՛ գործընկերներ։

Ազգային ժողովը, ինչպես և Նախագահի հաստատությունը, ժողովրդի հավաքական կամքն արտահայտող պետական երկու հիմնասյուներն են, որոնցից յուրաքանչյուրի խարխլումը հղի է պետականության փլուզմամբ։ Դուք՝ որպես ժողովրդի ձայն, չեք կարող լուռ մնալ՝ սպասելով իրավիճակի կամայական հանգուցալուծմանը։ Սահմանադրական կարգի պահպանումը և ձեր ստացած ձայներին տեր կանգնելը առաջնային խնդիրն է։ Դուք պարտավոր եք հրապարակային դիրքորոշում հայտնել և լինել պետականության պահպանման առաջին դիրքերում։

Նախկին նախագահներին, պետնախարարներին, բարձրաստիճան զինվորականությանը.

Մեծարգո՛ պարոնայք և գեներալներ,

Արցախի պետականությունն իր բոլոր թերություններով հանդերձ նաև ձեր ջանքերի, նվիրումի և վաստակի արդյունք է։ Դուք պարտավոր եք գործադրել ձեր ողջ ազդեցությունը՝ իմաստնությամբ և խաղաղ հանգուցալուծելու ստեղծված կացությունը։ Դուք բարոյական պարտք և վաստակած իրավունք ունեք լինելու պետականության պահպանման առաջին գծում։

Ձեր լռությունը չի հասկացվելու։

Մտավորականությանը, հասարակական գործիչներին եվ ողջ հանրությանը.

Սիրելի՛ գործընկերներ, քույրեր ու եղբայրներ,

Պետականությունը մեր ծնողների, հարազատների, զավակների, ընկերների արյունով վաստակած գերագույն արժեք է։ Մենք միշտ պատրաստ ենք եղել այն պաշտպանել ցանկացած թշնամուց մեր կյանքի գնով։ Պետականության պաշտպանությունը ներքին հակառակություններից, անտեղի հավակնություններից ու անիմաստ ցնցումներից պակաս կարևոր չէ։ Անտարբերությունը որևէ արդարացում չի կարող ունենալ: Օրհասի պահին լռությունը հանցակցություն է։

ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտե

«Արդարություն» կուսակցություն

Արցախի ժողովրդավարական կուսակցություն

ք. Ստեփանակերտ

22 օգոստոսի, 2023թ.»:

Հեծանիվը՝ որպես այլընտրանքային միջոց՝ և՛ աշխատանքի, և՛ արշավների համար

Շրջափակման հարուցած դժվարություններից մեկն էլ այն է, որ Արցախի բնակչությունը գրեթե զրկվել է հանրային երթուղուց օգտվելու հնարավորությունից: Ինչ անել, եթե վառելիք չկա, իսկ ամառվա շոգը ստիպում է ուղին կարճելու մեթոդներ և հնարներ փնտրել: Որպես այլընտրանքային միջոցներ քաղաքում սկսեցին ի հայտ գալ Էլեկտրական սկուտերներ, էլեկտրոմոբիլներ, ինքնագնացներ, ինքնագլորներ, հեծանիվներ, որոնք վաճառքում այլևս չկան: Երբեմն կարելի է հանդիպել նաև բեռնավորված ձիերի ու էշերի:

Շրջափակման պայմանները ստիպել են փոխել բնակչության մեծ մասի առօրյա սովորությունները, որոնցից մեկն էլ մեքենա վարելն էր: Ստեփանակերտի 47-ամյա բնակիչ Վադիմ Բալայանը փորձում է դրական երանգ հաղորդել այդ ամենին:

Քաղաքում մաքրվել է օդը: 20 տարուց ավել է մեքենա վարել՝ դեռ ծառայության տարիներից: Ներկայումս Թումանյանի գինետան սեփականատերն է: Գինետան հետ կապված բոլոր հարցերը հեշտ չէ լուծել առանց մեքենայի՝ հատկապես խոշոր բեռնափոխադրումները:  Սկզբից խնայում էր վառելիքը և օգտագործում միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Այնուհետև եղածն էլ սպառվեց և սկսեց ոտքով քայլել:

Քիչ հետո որոշեց հիշել իր պատանեկության տարիները և հեծանիվ ձեռք բերեց: Ուղղակի ուրիշ ելք չկա: Հեծանիվով ևս հնարավոր չէ խոշոր բեռնափոխադրում իրականացնել: Ինչ խոսք, այն մի քիչ հեշտացրել է տեղաշարժվելը, բայց դա միայն այն դեպքում , երբ կիզիչ արև չկա և նույն ճամփայից հնարավորություն ունես հետ չդառնալու: Մյուս դժվարությունն այն է, որ մեզ մոտ հարթ ճանապարհները քիչ են, հիմնականում ստպված ես լինում վարել  զառիթափ ճամփաներով:

Հեծանիվի վրա մի զամբյուղ է ավելացրել, որպես բեռնախցիկ, որպեսզի տոպրակները չկախի հեծանիվից կամ մեջքին պայուսակ չկրի: Իր հեծանիվով նույնիսկ մի անգամ Այգեստան է գնացել՝ եռացրած կաթի հետևից: Ինչու եռացրած, քանի որ պայմանավորվել  են, որ այն եռացնեն, որպեսզի մինչև հասնի Ստեփանակերտ, կաթը չփչանա: Դա տևել է մոտ 4 ժամ: Մեքենայով կտևեր մոտ 20 րոպե»-ծիծաղելով ասում է նա:

Վադիմ Բալայանը նշում է , որ իր համար հեշտ է հեծանիվ վարելը, քանի որ ժամանակին տարբեր քայլարշավներ էր կազմակերպում դեպի Արցախի տեսարժան վայրեր: Գոհ է, որ հիմա ունի լավ ֆիզիկական պատրաստվածություն և համապատասխան շնչառություն: Նրա կարծիքով հեծանիվ քշելը մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածություն է և որևէ սպորտաձևով չզբաղված մեծահասակ մարդու համար դժվար կլինի: Անգամ մտածել  են հեծանիվով արշավ կազմակերպելու մասին, բայց դա էլ է խնդիր, քանի որ բոլորը չունեն հեծանիվ  և այն քշելու փորձ:

Սեփանակերտում գործում է Հեծանվորդների ակումբ: Նրանք պարբերաբար արշավներ են կազմակերպում Արցախի տարբեր գյուղեր: Ժամանակակից խնդիրները ժամանակակից լուծումներ են պահանջում, իսկ արցախցիների առօրյան պտտվում է այդ լուծումները գտնելու շուրջ:

Տաթեւ Ազիզյան

 

Երեւի, մատաղ սերնդին նույնպես պետք է ցույց տային “մայր Ռուսաստանի” իրական դեմքը

Հաքարի գետի կամրջի վրա շարունակվող տրագիկոմեդիան, որտեղ Ադրբեջանն ապօրինի անցակետ էր տեղադրել՝ ռուս «խաղաղապահների» միջնորդությամբ և անմիջական մասնակցությամբ, սկսեց վերածվել քաղաքական ֆարսի։

Մեկ ամիս առաջ մենք՝ շրջափակման պատճառով ընտանիքներից ու հարազատներից կտրված Արցախի Հանրապետության կանայք, 25 լրագրողների ուղեկցությամբ գնացինք Կոռնիձոր՝ փորձելով անցնել մեր ընտանիքները բաժանող ճանապարհը։

Ռուս-ադրբեջանական տանդեմին մեծ անհանգստություն պատճառած այս հայտնի գործողությունից հետո ողջ աշխարհը համոզվեց, որ ճանապարհն ամբողջությամբ փակված է։ 4 երկար ժամ սպասելով ռուս «խաղաղապահների» ժամանումը, որոնք պետք է ուղեկցեին մեր ավտոբուսը, առանց ապօրինի անցակետում ստուգելու, լրագրողները (այդ թվում՝ արտաքին լսարանի համար աշխատողները) արձանագրել են, որ ոչ մի մեքենա, այդ թվում՝ Կարմիր խաչի մեքենաները, չի անցել Հայաստանից Արցախ եւ Արցախից՝ Հայաստան։

Դրանից հետո Կարմիր խաչի մեքենաները սկսեցին հապճեպ աշխատել։ Բայց «ուրախությունը» երկար չտեւեց. մի քանի օր անց անցակետում ռուս զինվորականների (որոնք, ի դեպ, պատասխանատվություն են կրում Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի ողջ երկարությամբ տրանսպորտային միջոցների և ուղևորների անվտանգության ապահովման համար) անտարբեր ներկայությամբ Կարմիր խաչի ավտոմեքենայից առևանգել են արցախցի տարեց քաղաքացուն, որին Բաքվում շուտով դատելու են շինծու քրեական գործով։

Մի քանի օր անց «բերման են ենթարկել» նշված ճանապարհի վրա գտնվող Հին Շեն գյուղի մի բնակչի։ Ըստ ռուս-ադրբեջանական կողմի՝ տարեց տղամարդը մոլորվել ու հայտնվել է ադրբեջանցիների ձեռքում։

Կարծես թե եթե մարդ մոլորվել է ճանապարհին, որը վերահսկում են ռուս խաղաղապահները, նրանք, ըստ տրամաբանության, պարտավոր են նրան վերադարձնել տուն՝ գյուղ։ Բայց այս անձի ճակատագրի մասին ընդհանրապես տեղեկություն չկա։

Այս բոլոր միջադեպերից հետո տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել է Բերձորի միջանցքի բացման և երկու ուղղություններով բեռների ու ուղեւորների անարգել տեղաշարժը վերականգնելու հարցը։ Հանդիպումից հետո տեղեկություն չեղավ, թե արդյոք որեւէ որոշում կամ բանաձեւ կընդունվի, եւ հայկական ու ադրբեջանական կողմերը «սառեցին» սպասման մեջ։

Բայց, ինչպես և սպասվում էր, ռուս-ադրբեջանական տանդեմը Արցախի իշխանությունների թողտվությամբ ձեռքերը ծալած չի նստում։

Օգոստոսի 21-ին ռուս խաղաղապահները Հայաստան են տեղափոխել 41 անձի, ովքեր իբր ունեն ՌԴ քաղաքացիություն, ինչպես նաև ուսանողների։

Ռուսական քաղաքացիություն ունեցող անձինք դարձան հերթական «քաղաքական խաղալիքը», որի միջոցով ռուս «խաղաղապահները» սպասարկում են Ադրբեջանին Արցախի էթնիկ զտումների հանցավոր ծրագիրը։

Կադրերում պարզ երևում է, թե ինչպես են ռուս զինվորականները բեռնատարից բեռնաթափում ուղևորների իրերը և այլևս չեն մոտենում անցակետին։ Անցակետից արցախցի ուղեւորները ոտքով գնում են Կոռնիձոր, որտեղից նրանց արդեն վերցնում են հայկական միկրոավտոբուսների վարորդները։

Ըստ ականատեսների՝ ռուս խաղաղապահները բաժանվելիս իրենց ասել են, որ միան Բաքվով կկարողանան վերադառնալ Արցախ, այսինքն՝ երբեք։

Ադրբեջանական կողմի հետ ամեն ինչ շատ պարզ է. այս երկրի նախագահը բազմիցս հայտարարել է, որ Արցախի Հանրապետության հայերը կա՛մ պետք է ընդունեն իր երկրի քաղաքացիությունը և ապրեն նրա սահմանադրության համաձայն, կա՛մ պետք է այլ վայրեր փնտրեն բնակության համար։

Բայց, չգիտես ինչու, հայկական կողմից հայտարարություններ չկան, որ Արցախի Հանրապետության հայ բնակչությունը 1988 թվականից ի վեր որեւէ կապ չունի անկախ Ադրբեջանի հետ։ Որ Արցախի Հանրապետության բնակիչները կապ չունեն Ադրբեջանի Սահմանադրության և քաղաքացիության հետ և, համապատասխանաբար, չեն կարող ենթարկվել այս հանրապետության օրենքներին։

Ինչպե՞ս կարող էր արցախյան կողմի մտքով անգամ անցնել այդքան երիտասարդ աղջիկների և տղաների ուղարկել այն ճանապարհը, որտեղ գրեթե մեկ ամիս առաջ առևանգվել էին երկու հայի: Թե՞ հույս ունեին, որ անհրաժեշտության դեպքում ռուս «խաղաղապահները» իրենց կպաշտպանեն։ Բայց, ի վերջո, Վագիֆ Խաչատրյանի հետ կատարվածը կարող էր կրկնվել, չգիտես ինչ ծրագիր է հասունանում ռուս-ադրբեջանական գլխում կոնկրետ օրը…

Բայց ոչ, քաղաքական «իդիլիան» անհրաժեշտ էր, որպեսզի ադրբեջանական կողմը այն ներկայացվեր միջազգային համապատասխան կառույցներին։ Իսկ ռուս «խաղաղապահները» միշտ պատրաստ են օգնելու իրենց «արյունոտ գործիքին» Արցախի էթնիկ զտման կամ նրա բնակչության ինտեգրման մեջ թշնամական երկրին, որը 3 տարի առաջ գլխատել, մասնատել է իրենց տարածքում մնացած «քաղաքացիներին», որոնք մնացել են իրենց տներում և չէին ցանկանում թողնել հայրենիքը:

Ուրախալի է տեսնել, թե ինչպես է Ռուսաստանը ոտնահարում արցախցիների հավատի վերջին բեկորներն իր «գթասրտության» հանդեպ և ոչնչացնում «ռուս փրկչի» դերի վերջին հույսերը։

Մեր սերունդը լավ է հիշում «Կոլցոն», երեւի, երիտասարդ սերնդին նույնպես պետք է ցույց տային “մայր Ռուսաստանի” իրական դեմքը։

Մարգարիտա Քարամյան

ՀՅԴ-ն չեղյալ կհայտարարի՞ Ռուբեն Վարդանյանի հետ հուշագրի ստորագրությունը

Օգոստոսի 5-ին Ռուբեն Վարդանյանի Արցախի անվտանգության և զարգացման ճակատը և երեք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ (Արցախի Դեմոկրատական ​​կուսակցություն, Արդարություն, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտե) համագործակցության հուշագիր են ստորագրել։ Օգոստոսի 7-ին անսպասելիորեն խորհրդարանի նախագահ ընտրվեց ՀՅԴ պատգամավոր Դավիթ Իշխանյանը։ Իսկ արդեն օգոստոսի 18-19-ը Վարդանյանը կոշտ հայտարարություններ արեց՝ նախագահ Արայիկ Հարությունյանին մեղադրելով հրաժարական տալու խոստումը չկատարելու մեջ։

Հարությունյանի «հրաժարականից» հետո Դավիթ Իշխանյանը կդառնար երկրի առաջին դեմքը, ուստի հավանական «քաոսի» մասին «պրետենզիաները» ուղղված էին հենց Իշխանյանին։

Այսօր Դավիթ Իշխանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է «որոշ մարդկանց կողմից ձեռնարկված անընդունելի քայլերի մասին, որոնք հրապարակային հարթակներում հանդես են եկել մեր պետականության հիմքերը քանդելուն ուղղված՝ կեղծ միավորող կոչերի քողի տակ»։

«Ազգային ժողովի նախագահի պաշտոնը ստանձնել եմ քաղաքական ուժերի կոնսենսուսի արդյունքում։ Վստահ եմ, որ այս միավորումը միս ու արյուն կտա պետականության պահպանման վեհ գաղափարին, որի օրինական ներկայացուցիչները նախագահի և Ազգային ժողովի ինստիտուտներն են»,- ասաց Իշխանյանը։

Փաստորեն, ՀՅԴ-ն հրաժարվում է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում իշխանափոխության փորձերից։ Հետաքրքիր է, ի՞նչ է լինելու օգոստոսի 5-ին ստորագրված հուշագրի հետ։ ՀՅԴ-ն հետ կկանչի՞ իր ստորագրությունը։

Ստեփանակերտի կարի արտադրամասը դպրոցական շորեր է կարում

«Սթար սթայլ» կարի արտադրամասը իր գործունեությունը սկսել է Ստեփանակերտում 2022թ., և գլխավոր նպատակը՝ թուրքական ապրանքների փոխարեն հայկական տարբեր ոճերի որակյալ և մատչելի հագուստի արտադրությունը և ներմուծումն է շուկա:

Չնայած շրջափակման պայմաններում արտադրամասը առնչվել է մի շարք խնդիրների, որոնցից ամենամեծը հումքի ներմուծման անհնարինությունն է, սակայն նրանց համառ ջանքերի շնորհիվ հնարավոր է դարձել թեթևացնել արցախցիների ուսերին ծանրացած բեռը՝ արտադրելով դպրոցական հագուստ, ինչի պակասն  այս օրերին լուրջ խնդիր է:

Արտադրամասի պատասխանատուները նաև նշում են, որ նրանց համար ավելի շատ հնարավորություններ կստեղծվեին, եթե պետությունը վարեր տեղական արտադրանքը խրախուսող քաղաքականություն, որպեսզի ավելի հեշտ լինի տարածվել և՛ տեղական, և՛ արտաքին շուկայում:

Մեր կողմից նաև ավելացնենք, որ նման փոքրիկ նախաձեռնությունները շրջափակված Արցախում հույս են ներշնչում, որ ամեն ինչ դեռ առջևում է:

Քրիստինե Ալահվերդյան

Նոր խորհրդակցություններ պետք է տեղի ունենան Բրյուսելում, Երևանում և Բաքվում, հուսով ենք՝ դրանք պատմական շրջադարձի կհասնեն. Բելգիայի ԱԳՆ

Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իր երկիրը մտահոգված է ԼՂ խնդրի շուրջ լարվածության կապակցությամբ։

«Միակ ճանապարհը այս պատմական հակամարտությունից դուրս գալու համար՝ բանակցություններն ու կոմպրոմիսներն են, եթե նույնիսկ դա դժվար է։ 2023 թվականին, մասնավորապես Շառլ Միշելի կազմակերպած հանդիպումների շրջանակներում պայմանավորվածությունները դրական առաջընթաց են: Երկու երկրների ղեկավարները հաստատել են երկրների տարածքային ամբողջականությունները և ես ողջունում եմ ձեր վարչապետի համարձակ հայտարարությունները, որոնք խաղաղության ուղին են բռնել», – նշեց նա։

Լահբիբի խոսքով, Բրյուսելում կայացած վերջին բանակցությունները ցույց տվեցին, որ խաղաղության համաձայնագիրը մոտ է և երկրների ղեկավարների պարտականությունն է ամեն ինչ անել հայ և ադրբեջանցի բնակիչներին թույլ տալու խաղաղության մեջ ապրել:

«Նոր խորհրդակցություններ պետք է տեղի ունենան Բրյուսելում, ինչպես նաև Երևանում և Բաքվում: Մենք հուսով ենք, որ դրանք պատմական շրջադարձի կհասնեն», – ասաց նա։

Լահբիբը նաև ընդգծեց, որ Ադրբեջանի պարտավորությունն ապահովել ԼՂ բնակչության անվտանգությունը և Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը:

Կրակ են բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ․ ՊԲ

Օգոստոսի 22- ին, ժամը 12:30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենք։   Այս մասին հայտնում է Պաշտպանության բանակը։

Հայկական կողմում կորուստներ չկան։

Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Անելինի “հայոց այբուբենը”

Անելին Սաբաթելը ֆրանսիացի լուսանկարիչ է, կամավոր է եղել Արցախում։ Առաջարկում ենք Անելինի Արցախում արված հրաշք լուսանկարները «այբբենական կարգով»:

Անելին՝ Արցախին սիրահարված ֆրանսուհի․ դեռ կհանդիպենք

Անելինը զտարյուն ֆրանսուհի է։ Մեծացել է հին հայկական եկեղեցիներ ու վանքեր այցելելու երազանքով։ Հայկական որոշ վանքերի անուններ Անելինը մանկության տարիներին առաջին անգամ մորից է լսել։ Նա ասաց, որ Ֆրանսիայի Օվերն շրջանի եկեղեցիները նման են հայկականին, մայրը նրանց անվանում եր քույրեր։

19 տարեկանում Անելինը սարսափելի վթարի է ենթարկվել։ Հետո հասկացավ, թե որքան կարճ է կյանքը, և որոշեց իրականացնել  մանկության երազանքը։ Գտավ մի ընկերություն, որն առաջարկում էր ճամփորդություններ միջազգային երիտասարդական ճամբարներ, որոնցից մեկը Ստեփանակերտում էր: Լրացրեց ձևաթուղթը և գնաց հարցազրույցի:

Այսպես 1997 թվականին Անելինը առաջին անգամ եկավ Արցախ։ Այն ժամանակ Ստեփանակերտը հիմնովին ավերված էր։ Նա հիշում է Ստեփանակերտի շուկան, լքված տները, ավերված ճանապարհները, բայց միևնույն ժամանակ ջերմորեն հիշում է Արցախի բնակչության հյուրընկալությունն ու ողորմածությունը։ Նա հիշում է նաև այն մեծ ցավն ու վիշտը, որ տեսել է արցախցիների աչքերում: Պատերազմի պատճառով արցախյան յուրաքանչյուր ընտանիք անդառնալի կորուստներ ունեցավ։

Արցախի ժողովուրդը խաղաղասեր է, նա ստիպված էր կռվել իր հայրենիքի համար և արդար հաղթանակ տարավ։ Արցախցիների մարդասիրության վառ վկայությունն է այն, որ Շուշայի մզկիթը քաղաքի ազատագրումից հետո չի ավերվել, հակառակը՝ ժամանակի ընթացքում վերականգնվել է։ «Մինարեթը ընդգծում է արցախցիների բարյացակամ վերաբերմունքը յուրաքանչյուրի նկատմամբ, ով հարգում է արցախցիների՝ իրենց հողում ազատ ապրելու իրավունքը», – ասում է Անելինը։

Միջազգային ճամբարում, ուր ժամանել էր Անելինը, տարբեր երկրներից կամավորներ կային։ Նրանք միասին օգնել են մանկական ճամբարի աշխատողներին։ Այցելեցին Արցախի տեսարժան վայրերը՝ Գանձասար, Տատիկ- պապիկ, Պատմության թանգարան։ Արցախի պետական ​​անսամբլի համերգի ժամանակ Անելինին մոտեցավ տեղի բնակիչներից մեկը, ով խոսում էր մաքուր ֆրանսերեն։ Լիանայի հետ ընկերություն են անում մինչ օրս։

Առաջին այցելությունից մոտ 10 տարի անց Անելինը կրկին վերադարձավ Արցախ։ Նա ոգևորված պատմում է ժամանակակից Ստեփանակերտի գեղեցկության մասին։ Քաղաքն այնքան գեղեցիկ ու աշխույժ դարձավ, որ նա չճանաչեց այն։ Լաչինի ճանապարհը փոխվել է. երկկողմանի ակտիվ երթևեկություն է եղել։ Երևանից Ստեփանակերտ հասնելը հեշտ էր տրանսպորտով։

Մանուկ հասակում Անելինը երազում էր տեսնել հին Հայաստանի ճարտարապետությունը։ Նրա վրա առանձնահատուկ տպավորություն է թողել Ամարասի վանքը։ Անելինը պնդում է, որ Արցախն իր համար դրախտ է, այստեղ նա իրեն զգում է ինչպես տանը։

Արցախն իր բնույթով նման է իր հայրենի հողին։ 2010 թվականին Անելինը հանդիպել է Ֆրանսիայում Արցախի ներկայացուցչի հետ՝ պարզելու, թե ինչպես կարելի է վերաբնակվել Արցախում։ Ներկայացուցիչը բացատրեց, որ Արցախում վերաբնակեցումը հեշտ գործ չէ։ Դրանից հետո Անելինը ծանոթների միջոցով իմացել է Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի մասին։ Կապ հաստատեց կենտրոնի հետ և առաջարկեց իր օգնությունը՝ որպես կամավոր: Կենտրոնը սիրով ընդունեց առաջարկը։

9 ամիս աշխատել է Վերականգնողական կենտրոնում։ Հիմա նա մեծ ջերմությամբ է հիշում իր կյանքի այդ շրջանը։ Վերականգնողական կենտրոնի աշխատակիցները նրան ընդունել են որպես թիմի անդամ՝ օգնելով ու աջակցելով նրան ամեն ինչում, ինչի համար նա անչափ շնորհակալ է։ Նրանք կենտրոնի անձնակազմի ու հիվանդների հետ եղել են գրեթե բոլոր սրբավայրերում, ծանոթացել Արցախի մշակութային ու պատմական ժառանգությանը։

Արցախում գտնվելու ընթացքում Անելինը բազմաթիվ լուսանկարներ է արել, որոնք անհրաժեշտ է համարում ցույց տալ ամբողջ աշխարհին՝ որպես ապացույց, որ հայ ժողովուրդը դարեր շարունակ ապրել է Արցախում և ունի խոր արմատներ։

Անելինը ճանապարհին հանդիպեց նաև լքված հայկական եկեղեցիներին։ Խորհրդային Միության ժամանակ դրանք վերածվել են պահեստների։ Նա հատուկ ուշադրություն է դարձրել խաչքարերին։ Քարեր, որոնք խորհրդանշում են հավատը և ընդգծում արցախցիների հնությունը։

Այսօր Անելինը մեծ տխրությամբ հիշում է Արցախում անցկացրած ուրախ ժամանակը, ասում է՝ ամաչում է, որ հիմա Արցախում չէ և չի կարող կիսել այն բոլոր փորձությունները, որոնց միջով անցնում է արցախցին։

Արսեն Աղաջանյան

(Անելինը մեզ տրամադրեց իր հիանալի լուսանկարները, որոնք կհրապարակենք ավելի ուշ)

 

Հայ վաճառականի չինական քանդակ, 8-րդ դար

Հայկական գինու վաճառական/սիրաժ, 8-րդ դարի չինական քանդակ, Թանգ դինաստիա

Վրացի օգտատեր ბექა ჭიჭინაძე, լուսանկար եւ պոստ է հրապարակել և տեղադրել համացանցում

 

“Վաճառականի ձեռքում Ջիքի՝ ընձառյուծի կամ «վագրի կաշի»։

Այս փայլուն աշխատությունը զարմանալի ճշգրտությամբ արտացոլում է հայ մարդաբանական տեսակի առանձնահատկությունները։

Այս ժամանակաշրջանում է, որ հայ վանականները մուտք են գործում Իռլանդիա։

Միակ ժողովուրդը, ում մշակութային և տնտեսական գործունեությունը 7-8-րդ դարերում ընդգրկում էր նման հսկայական տարածք՝ Իռլանդիայից մինչև Չինաստան, հայերն էին։ Ցավոք, Վրաստանում լայնորեն տարածվել է թուրքական և ադրբեջանական հակահայկական քարոզչությունը, որը զզվելի կերպով կեղծում և խարխլում է մեծ ժողովրդի պատմությունը։

Թերթելով մեր պատմության հարյուրավոր աղբյուրներ՝ ես տեսա նաև հայոց պատմության բազմաթիվ սկզբնաղբյուրներ, որոնց վերլուծությունը կարող է տալ միայն մեկ եզրակացություն՝ հայ ժողովրդի մշակութային ավանդը մարդկության պատմության մեջ ամենամեծ և կարևորներից է”։