ՄԱԿ-ի նիստից հետո Բաքուն հիշեց, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչները չեն գնացել Շուշին «ճանաչելու»

«Հայաստանի արտգործնախարարությունը շարունակում է ակտիվ լինել ՄԱԿ-ում և այլ վայրերում։ Միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները պետք է հստակ քայլեր ձեռնարկեն, համակարգեն իրենց ջանքերը՝ գոյություն ունեցող մեխանիզմների արդյունավետ կիրառմամբ Լաչինի միջանցքի բացման կարևորության մասին գերակշռող ընկալումը ուղղորդելու՝ խնդրի ուղղակի լուծումը համակարգելու համար»,- երեկ հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։

Երեւանի ուշադրությունը կենտրոնացած է բացառապես Լաչինի միջանցքի բացման վրա՝ առանց քաղաքական շրջանակի։

Մինչդեռ Բաքուն ասում է, որ Վաշինգտոնը, Փարիզը և Բրյուսելը լուծում են պատրաստում, որը չի համընկնում Ալիևի քաղաքական ծրագրերի հետ և շատ ավելի լայն է, քան Լաչինի միջանցքը։

Ռասիմ Մուսաբեկովն, օրինակ, ասում է, որ «Ադրբեջանը փորձում է ապահովել, որ Լեռնային Ղարաբաղ անվանումը  չօգտագործվի միջազգային շրջանառության մեջ։ Սակայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում քննարկման մասնակիցների մեծ մասն ասել է «Լեռնային Ղարաբաղ»: Իսկ վերջերս Բրյուսելի և Վաշինգտոնի բանակցային հարթակներում օգտագործվում է «նախկին ԼՂԻՄ» տերմինը”։

Ֆարհադ Մամեդովն ասում է, որ «առաջին երկիրը, որը սկսեց ընդունել իրականությունը, Ռուսաստանն էր՝ պաշտոնապես ԱԳ նախարարի մակարդակով ինքն իրենից “քամեց” «Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում» բառերը։ Հաջորդը պետք է լինեն ԱՄՆ-ն ու ԵՄ-ն… Փաշինյանը հայտարարեց ակնհայտ «Ղարաբաղը և անկլավները Ադրբեջանն են», իսկ իրենք՝ Վաշինգտոնն ու Բրյուսելը, գործողություններով չեն հաստատում այս մոտեցումը։ Տեսեք, նրանք նախապայման ունեն «ղարաբաղցի հայերի իրավունքների և պարտականությունների» վերաբերյալ”…

«ԱՄՆ-ը և ԵՄ-ն կարող էին հենց սկզբից գնալ Շուշի, արտահայտվել հստակ և առանց երկիմաստության… բայց ոչ… Որո՞նք են վերջին մի քանի շաբաթվա ընթացքում «մարդասիրական աղետի» մասին բոլոր հայտարարությունների հեղինակները։ Նրանք ի՞նչ են պատրաստվում է անել։ Կամ պետք է հակամարտության մեջ մտնեն Ադրբեջանի հետ, կամ կորցնեն իրենց դեմքը»,- ասում են Բաքվում։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Բաքուն ոչ մի փաստարկ չի ներկայացրել, բացի տորթով լուսանկարից։ Հաջորդ հանդիպմանը հավանաբար կներկայացնեն Հայկանուշի տատիկի պահարանի լուսանկարը, որտեղ, վայ, մուրաբա ու թթու էր մնացել։

Բայց Բաքուն հասկացավ, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն չեն գնա Շուշի և չեն ճանաչի այնտեղ Ալիևի իրավունքները՝ ի տարբերություն Ռուսաստանի դեսպանի։ Դրա համար էլ ակտիվացան ռուսների հետ Արցախից ցանկացողներին «տարհանելու» համատեղ գործողությունները։ Եվ միաժամանակ հրապարակվում են հայերի արագ «զինաթափման» ծրագրեր։

Թշնամին կրակ է բացել Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ․ զոհվել է զինծառայող

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են՝ օգոստոսի 21-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Բաքվի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող Վանիկ Արամի Ղազարյանը:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Արդարադատության միջազգային դատարան են ներկայացվել Բաքվի նախնական առարկությունների առնչությամբ Հայաստանի գրավոր դիտարկումները

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործով Հայաստանի Հանրապետության անունից Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել Բաքվի նախնական առարկությունների առնչությամբ Հայաստանի գրավոր դիտարկումները։ Այդ մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։

Սվոփ-մարկետ Ստեփանակերտում․ փոխանակման միջոցով իրերը նոր կյանք են ստանում

Օգոստոսի 19-ին Ստեփանակերտում «Բեկոր» ակումբի կողմից կազմակերպվել է սվոփ-մարկետ, որը շրջափակման “նախադեպն” է Արցախում:

Սվոփ-մարկետի ձևաչափը հիմնված է ապրանքափոխանակության վրա՝ մարդիկ բերում են ցանկացած իրեր և փոխանակում դրանք այլ իրերով, որով նոր կյանք են հաղորդում դրանց: Այդ իրերը շատ տարբեր են՝ գրքերից մինչև հագուստ: Ինչպես կազմակերպիչներն են նշում, նախաձեռնությունը դարձել է միմյանց նկատմամբ հոգատարության և ուշադրության ևս մեկ միջոց:

Կազմակերպիչները խոստանում են նաև, որ այս նախաձեռնությունը կկրի շարունակական բնույթ:

Քրիստինա Ալահվերդյան

Ռիտա Գրիգորյան․ ճակատագրի զիգզագ

Ռիտա Գրիգորյանը ծնվել և մեծացել է Բաքվում։

Ռիտայի մայրը Լենինականից էր, հայրը՝ Գորիսից։ Ճակատագրի կամոք նրանք երկուսն էլ հայտնվեցին Բաքվում։ Այնտեղ ամուսնացան, աշխատեցին, իրենց տունը կառուցեցին Մոնտինոյի վրա։

Ռիտան ամուսնացել է Հադրութի շրջանի Տումի գյուղից մի տղայի հետ։ Նրանց երեխաները ծնվել են Բաքվում, ամուսինը բնակարան է ստացել։

Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման սկիզբով Բաքվում հայերի նկատմամբ վերաբերմունքը կտրուկ կոշտացավ։

Հինգ երեխաների հետ Ռիտան ամուսնու՝ Վիլեն Գրիգորյանի հետ, նախ տեղափոխվել է Ռիտայի ծնողական տուն։ Ճանապարհին մի ոստիկան կանգնեցրեց մեքենան և սկսեց վարորդին հարցնել, թե ովքեր են այդ մարդիկ մեքենայում։ Վարորդը խառնվեց իրար, և Ռիտան ստիպված էր կսմթել երեխային։ Նա սկսեց լաց լինել, իսկ կինը խուճապահար ոստիկանին ասաց, որ իր բոլոր երեխաները ինչ-որ բանից վարակվել են, տանում են հիվանդանոց։

Ռիտա Գրիգորյանի ընտանիքը ստիպված է եղել լքել քաղաքը։ Մի կերպ կարողացան հասնել երկաթկայարան, որտեղից գնացքով հասան Երեւան։ Մեկ օր անց նրանք թռան Ստեփանակերտ, որտեղ ապրել են 14 տարի։

Իրենց կյանքի մնացած ժամանակահատվածը՝ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը, ապրել են Հադրութի շրջանի Տումի գյուղում։

Նրա և ամուսնու համար գյուղում ավելի հեշտ էր. այգում բանջարեղեն էին աճեցնում, անասուններ էին պահում։

Նորից ոտքի կանգնեցին ու մեծացրին թոռներին։ Կյանքը վերջապես լավացավ, չնայած Ռիտան անընդհատ անհանգստանում էր զինվոր որդու համար։

Նրանց կյանքում ամեն ինչ գլխիվայր շրջվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին. կրկին պատերազմ, կրկին արցունքներ և արյուն։

Քանի որ անօդաչուներէին աշխատում, նույնիսկ խորքային Տումի գյուղի բնակիչները ստիպված էին լքել այն։ Ռիտա Գրիգորյանի ընտանիքը՝ 15 թոռ, 6 ծոռ, մայրերի, տատիկի ու պապիկի հետ գնացել է Երևան, որտեղ ապրում էին Ռիտայի հարազատները։

Բայց շուտով նրանց նեղություններին ավելացան նորանոր անախորժություններ՝ սկզբում մահացավ դստեր որդին, իսկ հետո՝ իրեն որդին։

Այսօր Բաքվից եկած փախստականները, որոնք հերթական անգամ ստիպված են եղել լքել իրենց տունը Արցախում, երկու անգամ փախստական ​​են դարձել և ստիպված ապրումեն Երևանի արվարձանների մի փոքրիկ տանը։

Ռուս խաղաղապահները խոսել են Արցախից «ՌԴ քաղաքացիների» տարհանման մասին

Արցախի Հանրապետության կառավարության ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնը տարածել է հետեւյալ հայտարարությունը․

«ՌԴ խաղաղապահների կողմից օգոստոսի 21-ին տեղի է ունեցել Ռուսաստանի և Արցախի 41 քաղաքացիների տեղափոխություն Արցախից Հայաստան: ՌԴ քաղաքացիները վաղուց սպասում էին իրենց տեղափոխությանը, իսկ Արցախի քաղաքացիներն ուսանողներ են, որոնք ընդունվել են ՀՀ և արտասահմանյան բուհեր: Ըստ խաղաղապահների հետ ձեռքբերված նախնական պայմանավորվածության՝ առաջիկա օրերին շարունակվելու է ուսանողների և ՌԴ քաղաքացիների տեղափոխությունը:

Այնուամենայնիվ, ադրբեջանական կողմը շարունակում է խոչընդոտել բազմաթիվ անձանց երկկողմանի տեղաշարժը: Այս պահի դրությամբ, հարյուրավոր քաղաքացիներ Հայաստանում սպասում են Արցախ վերադարձին, շտապ և պլանային առողջական հիմքերով 333 անձ հերթագրված է Կարմիր խաչի միջոցով Հայաստան տեղափոխվելու համար՝ չհաշված հումանիտար, աշխատանքային և այլ նպատակներով երկկողմանի տեղաշարժի անհրաժեշտությունը հազարավոր անձանց մոտ:

Ադրբեջանական կողմը շարունակում է նվաստացուցիչ պայմաններ ստեղծել Հակարիի կամրջի մոտ տեղակայված ապօրինի անցակետում՝ ի լրումն Արցախի քաղաքացիների նկատմամբ անօրինական հսկողության ու խոչընդոտների: Մասնավորապես, անձանց կամքին հակառակ՝ ադրբեջանցիները և իրենց հրավիրած լրագրողները հերթական անգամ նկարահանել են նրանց դեմքերը և օգտագործել քարոզչական նպատակներով: Բացի դրանից, ադրբեջանական կողմը թույլ չի տվել ՌԴ խաղաղապահ զորակազմի մեքենաները անցնեն Հակարիի կամուրջը՝ ստիպելով ուղևորներին իրենց բեռներով հանդերձ ոտքով անցնել կամուրջը, որից հետո Գորիսից ընդառաջ եկած մեքենաներով շարունակել են ճանապարհը (ապացույցը՝ կից տեսանյութով):

Ադրբեջանական ապօրինի անցակետով քաղաքացիների անցումը որևէ կերպ չի փոխում Արցախի Հանրապետության կառավարության դիրքորոշումը Լաչինի միջանցքում գործող այդ անցակետի և ադրբեջանական մնացած խոչընդոտների վերաբերյալ: Արցախի Հանրապետության կառավարությունը շարունակում է պնդել, որ պետք է ամբողջությամբ վերականգնվի անձանց, մեքենաների ու բեռների անխափան ու երկկողմանի տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ առանց ադրբեջանական որևէ միջամտության՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի հրամանների»:

Հանրային քննարկում օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանի հետ

Այսօր ՝ օգոստոսի 21-ին, կազմակերպվեց հանրային քննարկում Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ, որի ընթացքում փորձագետները և լրագրողները փորձեցին պարզել իրենց հուզող հարցերի պատասխանները: Ծրագիրն իրականացվում է Ստեփանակերտի մամուլի ակումբի կողմից: Այն նպատակ ունի լրագրողներին հիմնարար տեղեկատվություն տալ, փորձագետներին ծանոթացնել բանավեճի արվեստին արցախյան հիմնախնդրի քննարկման միջոցով,-իր բացման խոսքում ասաց ծրագրի մենեջեր Գուրգեն Բաղդասարյանը:

«Հետպատերազմյան շրջանը և շրջափակումը նպաստեցին  Արցախում ՄԻՊ-ի լայնածավալ աշխատանքին, որը  բավականին բաց և թափանցիկ է: 2008թ Արցախում ՄԻՊ հաստատության բացվելու օրից ի վեր հանրությունը  տեղեկացված է տարբեր ուղղություներով կատարվող գործողություններին:

Ի տարբերություն մյուս երկրների՝ որտեղ ՄԻՊ-ը զբաղված է երկրի ներսում մարդու իրավունքների պաշտպանությամբ, մեր պարագայում ստացվել է այնպես, որ աշխատանքի մեծամասնությունը տրամադրվում է Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների մասին զեկույցների, հայտարարությունների, ուղերձների պատրաստմանը: Սա չի նշանակում, որ մենք չենք իրականացնում իրավունքների ներքին պաշտպանություն: 2021-2022 թվ․ վիճակագրությամբ մարդկանց բողոքները ՄԻՊ-ին աճել են (2022թ․ ստացել ենք 735 դիմում): Սա խոսում է այն մասին, որ հաստատությունը ավելի մեծ վստահություն է սկսել վայելել: Ամեն մի ֆեյսբուքյան գրառման տակ նշում են մեր էջը՝ ակնկալելով համապատասխան արձագանք: Սա բնական է և հենց սրա համար է ստեղծվել ՄԻՊ-ը Արցախում: Այնուհետև հավելել, որ ներքին դաշտում օրենսդրորեն ամրագրված է խոցելի խմբերի պաշտպանություն: Ըստ այդմ՝ պարբերաբար այցելություններ են իրականացվում է մանկապարտեզներ, դպրոցներ, մեծ ուշադրություն են դարձնում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին: Այցելում են նաև ազատությունից զրկված վայրեր՝ քրեակատարողական վայրեր, ձերբակալման վայրեր, հոգեթմրաբանական դիսպանսեր:

Հոգեթմրաբանական դիսպանսերում կենցաղային պայմանները հուսադրող չեն: Խոստացան, որ փոփոխություններ կլինեն, բայց այդպես էլ չեղան: Շրջափակման պայմաններում այդպիսի բան պահանջելընավելի անիմաստ է: Մի շարք այլ ոլորտներում՝ տարեցների իրավունքների պաշտպանություն,  ևս կան խնդիրներ: Տուն-ինտերնատից շատ հաճախակի ենք բողոքներ ստանում ոչ թե պայմանների վերաբերյալ, այլ հայրենիք վերադառնալու պահանջով: Եղել են դեպքեր, երբ մարդիկ փախել են երևանյան հիմնարկներից և հասել Ստեփանակերտ: Պայմաններ չկան , այդ հիմնարկության 3 մասնաշենքերից մեկը տրամադրվել է տարեցներին:

ՄԻՊ հաստատությունը բողոքը ստանալուց հետո ընդունում է  որոշում քննարկման մասին: Դրանից հետո սկսվում է ուսումնասիրության փուլը: Հարց ու պատասխանի, պարզաբանումների  միջոցով  է կատարվում ուսումնասիրությունը և հարցը պատշաճ լուծում է ստանում, եթե իրապես կա իրավունքի խախտում:

Ըստ ՄԻՊ պաշտոնակատարի՝ ՄԻՊ հաստատությունը Արցախում ստեղծված իրավիճակը արտաքին դաշտում ներկայացնելու համար որքան հնարավոր է փաստեր է ներկայացնում՝ ինչպես զեկույցների, այնպես էլ քննարկումների ձևով: Հատկապես, որ վերջին շրջանում աճել է միջազգային մեդիայի, համայնքի, պաշտոնատար անձանց, տարբեր կառույցների ներկայացուցիչների հետաքրքրությունը իրավիճակին: ՄԻՊ-ի գրասենյակում օրվա ընթացքում տարբեր քննարկումներ են իրականացվում՝ հիմնականում ստեղծված իրավիճակը ներկայացնելու և հանրային իրազեկվածությունը մեծացնելու ուղղությամբ: Զեկույցները կոնկրետ հասցեատերեր ունեն: Դրանք ՄԻՊ-ի պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան կազմակերպություններ են, ՄԱԿ-Ի ՄԻՊ-ի բարձր հանձնակատարը,  Եվրոպայի խորհրդի ՄԻՊ հանձնակատարը:  Պատերազմի ժամանակ ձևավորվել է էլեկտրոնային հասցեների մեծ ցանկ, որն ընդգրկում է տվյալ ժամանակահատվածում Արցախ այցելած, կամ հետաքրքրություն ցուցաբերած բոլոր լրագրողների և փորձագետների տվյալները: Իրավիճակի մասին զեկույցները, տեսաուղերձները, տեղեկանքները  ուղարկվում են նաև նրանց:

Ծրագիրն իրականացնում է Ստեփանակերտի մամուլի ակումբը։

Տաթու Ազիզյան

Ի՞նչ է կատարվում Ստեփանակերտի կուլիսներում

«Մթերքը քիչ է, ալյուրի և մսի պաշարները սպառվել են, և նման պայմաններում երեխաներին դպրոց ուղարկելն անհնարին կլինի»,- երեկ ասել է Արցախի նախագահին առընթեր Հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը։

Նա նշեց, որ պատերազմից հետո շատերն էին սպասում, որ ինչ-որ բան կփոխվի, բայց ապարդյուն: «Վաղ թե ուշ ճանապարհը կբացվի, որոշակի թվով մարդիկ կարող են հեռանալ Արցախից, բայց կվերադառնան»,- ասաց Պետրոսյանը։ Նա չի թաքցնում, որ կան այնպիսիք, ովքեր առաջարկում են ճանապարհ բացել թեկուզ երեխաների ու  կանանց համար, նա հասկանում է այս մոտեցումը, բայց անհարիր է համարում ստեղծված իրավիճակում։

Պետրոսյանի հայտարարությունը, թե սեպտեմբերին երեխաներին դպրոց չեն ուղարկելու, դեռ պաշտոնապես չի հաստատվել։ Այնուամենայնիվ, կառավարությունը կարծես թե քննարկում է զանազան տարբերակներ:

Իրավիճակն Արցախում գնալով ավելի է սրվում, հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո, որտեղ հաստատվեց, որ Բերձորի միջանցքը փակ է, այն պետք է բացվի, և դրան կհետևի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։

Սա նշանակում է, որ որոշակի «ժամանակ են» տվել, որպեսզի Արցախի բնակչությանը հասցնեն մի հոգեբանական վիճակի, երբ նրանք «կամավոր» որոշում կայացնեն՝ լքել Արցախը, ընդդիմանալ մինչև վերջ կամ ընդունել «առաջարկները»։

Հիմա բնակչությանն ու քաղաքական ուժերին «հորդորում» են ընդունել նման առաջարկները՝ բանակցություններ սկսել Եվլախում, ինչին հակված է Երևանը, կամ անցնել «Ադրբեջանի իրավասության” տակ, ինչպես Լավրովն է ասում։

Արցախի քաղաքական ինստիտուտները լռում են՝ պարարտ հող ստեղծելով քողարկված ինտրիգների համար։

«Մենք ձեզ (նկատի ունի խորհրդարանին) հանդուրժում ենք միայն այն պատճառով, որ չենք ուզում  կորցնել այդ պետական ​​ինստիտուտը, որը դուք վերածում եք ախոռի»,- ասաց Տիգրան Պետրոսյանը։

Մեկ այլ ընդդիմադիր Արթուր Օսիպյանն ասում է, որ խորհրդարանը պարզապես պարտավոր է ՄԱԿ-ին կոչ անել միջազգային խաղաղապահ զորքեր ուղարկել Արցախ, քանի որ փրկվելու այլ ճանապարհ չկա։ Խորհրդարանը, սակայն, դա չի անում՝ նախընտրելով «ներքին քաշքշուքները»։

«Ռուբեն Վարդանյան, դուք ո՞վ եք, որ որոշեք, թե ով պետք է լինի նախագահ: Դուք պարզապես մեծահարուստ եք, ով հայտարարեց, որ պատրաստ է իր կարողությունը ծառայեցնել Արցախին։ Այժմ ձեր հարստությունն ու կապերն օգտագործելու ժամանակն է: Մի՜ փորձեք կիսասոված մարդկանց քաղաքական նպատակների համար օգտագործել»,- ասում է Տիգրան Պետրոսյանը։

Նա վստահեցնում է, որ կառավարության նիստում «ինտեգրումը» քննարկելու մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը։ «Ես այնտեղ էի: Այդ մասին խոսակցություն չի եղել, և չգիտեմ՝ ով է տարածում նման տեղեկություն», -ասում է Տիգրան Պետրոսյանը։

 

Բաքուն ապատեղեկատվություն է տարածել, իբր ՊԲ-ն ճնշել է Վարանդա-Բաքու երթուղով թռիչք կատարող քաղաքացիական օդանավի GPS տեղորոշման համակարգը

Բաքվի ՊՆ-ն օգոստոսի 21-ին տարածել է հերթական ստահոդ  հաղորդագրությունն այն մասին, թե իբրև ՊԲ համապատասխան ստորաբաժանումները օգոստոսի 21-ին ժամը 10։15֊ից ժամը 10։23֊ն  ընկած ժամանակահատվածում ճնշել են Վարանդա-Բաքու երթուղով թռիչք  կատարող քաղաքացիական օդանավի GPS տեղորոշման համակարգը։ Այդ մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից։

«Նման կեղծ հայտարարությունների պարբերական տարածմամբ Ադրբեջանը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրություն շեղել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով օրավուր խորացող հումանիտար աղետից։ Ավելորդ չէ կրկին հիշեցնել, որ 2020 թ. պատերազմական գործողությունների ողջ ընթացքում և դրանից հետո հենց ադրբեջանական կողմն է հետևողական կերպով թիրախավորել Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքը` արգելափակելով Լաչինի միջանցքը,  խափանելով գազի և էլեկտրականության մատակարարման հոսքագծերը և ճնշելով համացանցի ու բջջային կապի հասանելիությունը», նշված է հաղորդագրությունում։

Ազոխի քարանձավ. դեռ շատ գաղտնիքներ կբացահայտվեին

Ազոխի կրաքարե քարանձավը (ավելի հին անվանումը՝ Որվան, Որվանի քարանձավ) ունի շուրջ 8000 քմ տարածություն: Այդ հնագույն հուշարձանը ունեցել է մուտքեր և ելքեր վեց բավիղանման սրահներից: Խորհրդավոր քարանձավով անցնող «ուղիների» երկարությունը ոչ ամբողջական տվյալներով գերազանցում է 300մ:  Հայ պատմիչները բազմիցս են հիշատակել Ազոխի քարանձավը: Մոնղոլ-թաթարական արշավանքների ժամանակ Ամարասի տիրակալները այստեղ էին թաքցնում Արցախ աշխարհի հարստությունները:

Երկար ժամանակ քարանձավը պատված էր գաղտնիքով ու հայտնաբերվել է միայն 1960 թվականին:  Մուտքերից մեկը՝ Ազոխ 5, ենթարկվել  է ինտենսիվ պեղումների, որի ընթացքում գտնվել է հնագույն մարդու ստորին ծնոտի մի հատված: Այն համապատասխանում է ուղիղ քայլող մարդու և նեանդերթալյան մարդու դարաշրջանների միջև անցումային ժամանակաշրջանին: Այդ սկզբնական ծավալուն պեղումներից ստացված կենդանական մնացորդները և քարե գործիքները ներկայումս պահվում են Ադրբեջանում, և պետք է ասել, որ այդ առումով բավական մեծ տեղեկատվություն է կորել:

Աֆրիկայից նախապատմական գաղթերի և Ասիայի ու Եվրոպայի  գաղութաբնակեցման առումով Ազոխի քարանձավային համալիրը առանցքային դիրք է զբաղեցրել, քանի որ հնավայրը գտնվում է աշխարհագրական միջանցքում, որը հնարավոր է, անցուղի է ծառայել Աֆրիկայի, Եվրոպայի, Ասիայի միջև, ինչպես մարդու վաղ նախնիների, այնպես էլ եվրոպական և աֆրիկյան ֆաունայի այլ ներկայացուցիչների համար: Այս եզրակացությանն են  եկել քարանձավն ուսումնասիրող մասնագետները։ Իսկ Ազոխի քարանձավի ուսումնասիրման ծրագիրը վերսկսվել էր 2002 թվականին միջազգային հետազոտական արշավախմբի կողմից և շարունակվել մինչև 2019 թվականը։ Այդ ընթացքում գտնվել են բազմաթիվ գտածոներ, այդ թվում  գործիքներ և անասունների բրածոներ։ Գտածոների ուսումնասիրությամբ հնէաբանների խումբը ենթադրում է, թե մարդիկ Կովկասի շրջանում ապրել են շուրջ երկու միլիոն տարի առաջ։

Այստեղ առաջին անգամ հայտնաբերվել են բուսական և կենդանական աշխարհների բրածո մնացորդներ, նախնադարյան արվեստի հետքեր, քարե գործիքներ, որոնց տարիքը գերազանցում է 700 000 տարին:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այստեղ հանգրվանող առաջին մարդիկ ունեցել են բավականին բազմապիսի սնունդ: Սննդի մնացորդների մեջ գիտնականները հայտնաբերել են այնպիսի կենդանիների մնացորդներ, որոնք վաղուց անհետացել են:

Քարանձավի մուտքի մոտ, 7մ խորության վրա, հայտնաբերվել է նեանդերթալցու վերին ծնոտի բեկոր, մարդաբանները նշում են, որ այն իր կառուցվածքով և ատամների դասավորությամբ զգալիորեն տարբերվում է ժամանակակից մարդու ծնոտից: Իսկ մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ծնոտի վրա պահպանվել են իմաստնության և երկու այլ ատամների մնացորդներ:

Ազոխի քարանձավի առաջին բնակչի ծնոտի հայտնաբերումը ունի մեծ նշանակություն: Մինչ այդ նեանդերթալցու մնացորդներ հայտնաբերվել են չորս տեղերում` Սիդի Աբդուրախմանում (Մարոկկո), Շտեյնխեյմում (Գերմանիա), Սպանոկոմբում (Անգլիա) և Սեդիա-դել Դիաբոլոնում (Իտալիա): Արցախի Հադրութի շրջանում գտնված նեանդերթալցու ծնոտը գիտական գրականությունում դասվում է 5-րդ համարի տակ:

Ազոխի քարանձավը առաջնակարգ նշանակություն ունի, ոչ միայն նեանդերթալցու կազմախոսության վերականգնման տեսակետից, այլ նաև հաստատում է այն տեսակետը, որ Հայաստանի տարածքը մտնում է անտրոպոգենեզի և մարդու վաղ բնակեցման շրջանի մեջ:

Իհարկե առայժմ հայտնաբերված են ոչ բոլոր գաղտնիքները: Միլլիոնավոր տարիներ գործող այդ ընդարձակ նախնադարյան բնակավայրը նոր անակնկալներ կմատուցեր հետազոտողներին, եթե չլիներ 44 օրյա պատերազմը։ Իսկ այժմ անհայտ է քարանձավի ճակատագիրը։

Հարկ է ավելացնել նաև, որ տարիների ուսումնասիրության արդյունքում «Ազոխի քարանձավը և կովկասյան միջանցքը» մեծածավալ գիրք (անգլերեն) է հրատարակվել, որը լույս է ընծայել շվեյցարական «Շպրինգել» հանրահայտ գիտական հրատարակչությունը։ Գիրքը ներկայացնում է իրականացված ուսումնասիրությունների արդյունքները:

 

Չինաստանն առաջարկում է «խաղաղապահություն», Ֆրանսիան՝ «ինտերվենցիա» Հարավային Կովկասում

Չինաստանն առաջարկում է «խաղաղապահություն», Ֆրանսիան՝ «ինտերվենցիա» Հարավային Կովկասում

Անցյալ շաբաթ Ֆրանսիայի ԱԳ նախարար Քեթրին Կոլոնան հեռախոսազրույց է ունեցել ՉԺՀ ԱԳ նախարար Վան Իյի հետ։

Ֆրանսիայի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ նրանք քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Ուկրաինայում և Նիգերում։ Նախարարները պայմանավորվել են շարունակել սերտ երկխոսությունը բոլոր այս հարցերի շուրջ։

Չինաստանը վերջերս Սաուդյան Արաբիայում մասնակցեց Ուկրաինայի վերաբերյալ ոչ պաշտոնական ֆորումին, որը որոշակի տարակուսանք առաջացրեց Ռուսաստանում, որին չեն հրավիրել ֆորումին։ Փորձագետները նկատել են, որ Ռուսաստանի հետ դադարել են հաշվի նստել՝ նախընտրելով ուղղակիորեն խոսել Չինաստանի հետ։

Ինչ վերաբերում է Նիգերին, ապա այս երկրում, որը համարվում է Ֆրանսիայի ազդեցության գոտի, «հակաֆրանսիական» հեղաշրջում է իրականացվել, ինչպես ասում են՝ ռուսական Վագներ ռազմական կազմակերպության  մասնակցությամբ։ Այժմ Արևմտյան Աֆրիկայի երկրները Ֆրանսիայի և ԵՄ աջակցությամբ պատրաստվում են ռազմական ինտերվենցիա իրականացնել Նիգերում՝ «սահմանադրական կարգը վերականգնելու համար»։

Այս ֆոնին օգոստոսի 17-ին Հայաստանում Չինաստանի չխոսկան դեսպան Ֆան Յոնգը հանդիպում ունեցավ լրագրողների հետ, որտեղ հայտարարեց, որ «մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ ավանդական և ոչ ավանդական հակամարտությունները լուծելու և Հարավային Կովկասում խաղաղության հասնելու համար»։

Չինաստանը լուրջ արդյունքների է հասել անվտանգության ոլորտում և հանդիսանում է ՄԱԿ-ի երկրորդ խաղաղապահ ուժը, որը ակտիվորեն հանդես է գալիս երկխոսության օգտին։ Դիվանագետը հիշեցրել է, որ Պեկինի միջնորդությամբ Սաուդյան Արաբիան և Իրանը վերականգնել են դիվանագիտական ​​հարաբերությունները։ Նրա խոսքերով, վերը նշված բոլոր ուղղությունները ենթադրում են հարաբերությունների զարգացում  նաև Հայաստանի հետ։

Հայաստանում Չինաստանի դեսպանատան ռազմական կցորդ Ան Ցիանգը նշել է, որ Չինաստանը և Հայաստանը կարող են «համագործակցել միջազգային խաղաղապահության, հումանիտար ականազերծման, ռազմական կրթության, ռազմական բարեփոխումների և տեխնոլոգիաների ոլորտում»։

Հետաքրքիր փազլ է ի հայտ գալիս՝ Հարավային Կովկասը լքող Ռուսաստանի տեղը հավակնում են բոլորովին նոր դերակատարներ՝ Ֆրանսիան ու Չինաստանը։ Թուրքիայի հետ, որին Ռուսաստանը կցանկանար հանձնել իր տեղը, Ֆրանսիան և Չինաստանը լարված հարաբերություններ ունեն։ Չինաստանի դեպքում դա պայմանավորված է թյուրքալեզու ույղուրներով, որոնց անջատողականությանը բացահայտորեն աջակցում է Թուրքիան։ Ինչ վերաբերում է Ֆրանսիային, Նիգերում հաջող «ինտերվենցիան» կարող է էքստրապոլացնել այլ տարածաշրջաններում։

Ադրբեջանը Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջաններում խախտել է հրադադարը. ԱՀ ՊՆ

Օգոստոսի 21- ին` ժամը 05:50-ից 6։30֊ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջաններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայկական կողմում տուժածներ չկան։

Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։