Բաքուն մտահոգված է ՄԱԿ ԱԽ քննարկումների արդյունքներով․ ինչի՞ է պատրաստվում Արցախը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստն ավարտվեց առանց բանաձեւերի ու որոշումների ընդունման, սակայն, ինչպես նշում է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը, սա միայն առաջին քայլն է։ «Ես դեռ հույս ունեմ քննարկումների արդյունքը տեսնել բանաձեւի տեսքով»,- ասում է Ստեփանյանը։ Նա նշում է, որ կարող են լինել նոր քննարկումներ, և ՄԱԿ-ը հնարավորություն ունի համախմբել զինված ուժերը՝ օգնելու շրջափակումից տուժած մարդկանց։

Ադրբեջանում, թեև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի արդյունքները գնահատեցին որպես «Բաքվի հաղթանակ», հատկապես Ադրբեջանի ներկայացուցչի ցուցադրած տորթը՝ որպես ծիծաղելի ապացույց, որ Արցախում սով չկա, սակայն չեն թաքցնում անհանգստությունը։

«ԱՄՆ-ը հերթական անգամ հիշատակել է Լեռնային Ղարաբաղը՝ առանց Ադրբեջանի տարածքի հետ կապի», «Շատ բան կախված կլինի գալիք օրերից, երբ ամեն ինչ կծավալվի, քննարկումներն ինքնին այսբերգի գագաթն է, բանակցությունների հիմնական՝ անտեսանելի մասը տեղի է ունենում լուսանցքում: Այս հանդիպումից և հնչած կարծիքներից հետո Վաշինգտոնի և Բրյուսելի ձևաչափերը մեծ կասկածի տակ են, և նրանց դերը տարածաշրջանում կախված կլինի նրանից, թե Վաշինգտոնն ու Բրյուսելը որքան հեռու կգնան իրենց մտադրություններում», «Ֆրանսուհին ցույց տվեց իր երկրի ողջ անհեթեթությունը։ Այս երկիրը պատերազմ է ուզում… արդյոք Փարիզը կարող է ներգրավել Վաշինգտոնին և Բրյուսելին տարածաշրջանում պատերազմի իր մտադրության մեջ, կախված կլինի հենց այդ երկրներից”, – Բաքվում իրականում այսպես են մեկնաբանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը։

Միաժամանակ, Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը, մեկնաբանելով Ռուսաստանի կողմից «Ադրբեջանի կազմում Արցախի բնակչության՝ որպես ազգային փոքրամասնություն» կարգավիճակ տալու առաջարկը, ասաց, որ Արցախի ԱԳՆ-ն նման փաստաթուղթ չի ստացել պաշտոնական ուղիներով։

«Մենք հասկացրել ենք, որ սա իրականությունից կտրված տեսլական է։ …Ոչ մի միջնորդ որևէ հիմք չունի պնդելու, որ նման առաջարկները կարող են իրականացվել»,- ասաց Ղազարյանը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում պարտադրող փաստաթղթի բացակայությունը, Արցախի կողմից Ռուսաստանի «անպարկեշտ առաջարկների» մերժումը, պաշտոնական Երևանից քաղաքական պահանջների բացակայությունը, Արցախում ինտերնետ կապի ընդհատումը և շարունակվող շրջափակումը վկայում են ուժային լոծումների ակտուալացման մասին։ Եվ խոսքը միայն Արցախի մասին չէ. Նիկոլ Փաշինյանի այցը Կապան և ԱՄՆ դեսպանի այցը Ջերմուկ կարծես թե մատնանշում են «ուժային լուծումների» կիրառման հավանական կետերը։

Այն, որ Արցախը պատրաստվում է իրադարձությունների նման ընթացքի, վկայում են Արցախի նախագահի վերջին հանդիպումները՝ կառավարության, իշխող կուսակցության, բանակի հրամանատարության և աշխարհազորի  կազմակերպության անդամների հետ։

ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարական կազմի հետ հանդիպմանը քննարկվել են ԼՂ պաշտպանունակությանը վերաբերող հարցեր։ Արայիկ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել տոտալ շրջափակման պայմաններում Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ապահովելու համար։

Մարդիկ ներխուժել են ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի տարածք

Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակի մոտ ակցիան շարունակվում է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Step1.am-ի թղթակից Ալվարդ Գրիգորյանը, Հելեն Դադայանի մայրը, ում թույլ են տվել մտնել ԿԽՄԿ գրասենյակ, երկար ժամանակ դուրս չէր գալիս։ Հավաքվածները ուժով ճեղքեցին ոստիկանական շղթան և մտան բակ՝ պատասխան պահանջելով ԿԽՄԿ ներկայացուցչից։

Երկար համոզումներից հետո ԿԽՄԿ ներկայացուցիչը դուրս եկավ գրասենյակի տարածքը լքած մարդկանց մոտ։ Հիմա նա հայտարարություն է անում, թեեւ հստակ ոչինչ ասել չի կարող։

Հիշեցնենք, որ վթարի հետևանքով մահացած Հելեն Դադայանի ծնողները ևս մեկ անգամ դիմել էին ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակ՝ պահանջելով օգտագործել բոլոր մեխանիզմները, որպեսզի Հելենի աճյունը բերվի Արցախ և թաղվի հայրենի Ճարտարում։ Այսօր առավոտյան Ճարտարից ժամանած հարազատներին ու ընկերներին ԿԽՄԿ գրասենյակում միացել էին Ստեփանակերտի բնակիչները՝ աջակցելու Դադայանների ընտանիքին։

Ադրբեջանական կողմը, չնայած նախնական պայմանավորվածությանը, շարունակում է խոչընդոտել աղջկա աճյուններով դագաղի տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ։

Էլեն Դադայանի մայրը Step1.am-ի հետ զրույցում ասաց, որ իրեն կապել են Բաքվում ԿԽՄԿ ներկայացուցչի հետ։ Նրանք խորին ցավակցություն հայտնեցին, բայց ոչինչ չխոստացան։

 

Ֆրանսիայի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ԱԳ նախարար Վանգ Յին հեռախոսազրույց են ունեցել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։

Նշվում է, որ, ի թիվս այլ երկկողմ և բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի, Ֆրանսիայի և Չինաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Ուկրաինայում և Նիգերում։

Երկու նախարարները պայմանավորվել են շարունակել սերտ երկխոսությունը այս բոլոր հարցերի շուրջ։

Հելեն Դադայանի մայրը խնդրում է․ այս պահին ակցիա Ստեփանակերտում Կարմիր խաչի մոտ

Այս պահին Ստեփանակերտի Կարմիր խաչի գրասենյակի մոտ ընթանում է բողոքի ակցիա։

Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, երեկ՝ օգոստոսի 14-ին, 11 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հետևանքով մահացած 21-ամյա Հելեն Դադայանն Արցախից էր, Մարտունիի շրջանի Ճարտար գյուղից։ Նա սովորում էր Եվրասիա միջազգային համալսարանում։ Արցախի շրջափակման հետևանքով ինն ամիս կտրված էր ընտանիքից։

Հելենի մայրն ու հարազատները պահանջում են, որ թույլ տան Հելենի մարմինն Արցախը տեղափոխել եւ հուղարկավորել հարազատ Ճարտարում։

Այս պահին Հելենի մայրը մտել է Կարմիր խաչի գրասենյակ։ Արցախի պաշտոնյաներից միայն նախագահի օգնականն է ներկա եղել ակցիային։

 

Կարմիր խաչի հայտարարությունը․ վերականգնել մատակարարումները

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) միակ հումանիտար կազմակերպությունն է, որը գործում է Լաչինի միջանցքում՝ աճող հումանիտար պահանջմունքները բավարարելու համար։ Այս մասին նշվել է ԿԽՄԿ հայտարարությունում։

«Դեղորայքի վերջին մատակարարումներն իրականացվել են հուլիսի 7-ին, այն դեպքում, երբ սննդամթերքների վերջին մատակարարումն իրականացվել է հունիսի 14-ին։ ԿԽՄԿ-ն կոչ է անում որոշումներ ընդունող անձանց փոխզիջում գտնել և հնարավոր դարձնել անհրաժեշտ հումանիտար մատակարարումների վերականգնումը»,- ընդգծվել է ԿԽՄԿ հայտարարությունում։

Կազմակերպությունն իր հայտարարությունում  նաև թվարկել է այն օգնությունը, որը տրամադրվել է Արցախի բնակչությանը շրջափակման սկզբից՝ 2022թ. դեկտեմբերից առ այսօր։

Մասնավորապես, ԿԽՄԿ հայտարարության համաձայն՝ ավելի քան 700 մարդ, որոնք բժշկական խնամքի կարիք են ունեցել, տարհանվել են Լաչինի միջանցքով ԿԽՄԿ թիմերի կողմից, ներառյալ 41 մարդ այս ամիս։

Բացի այդ, ԿԽՄԿ-ն տեղեկացրել է 600 մարդու Լաչինի միջանցքով անվտանգ տեղափոխմանն աջակցելու մասին, ներառյալ 230 երեխա, ընտանիքների հետ վերամիավորման նպատակով։

Կազմակերպությունը տեղեկացրել է օգնության 77 բեռնատարներ տեղ հասցնելու մասին, ներառյալ 900 մետրիկական տոննա բժշկական մատակարարումներ բուժհաստատությունների համար և սննդամթերքի,  հիգիենայի պիտույքների 10 000 փաթեթի բաշխման մասին հատկապես կարիքավորներին, ներառյալ հղի կանանց և տարբեր հաստատություններին։

 

Ամեն ինչ թողնելով Ավետարանոցում. թվում էր, թե սարսափելին հետևում է

Ամեն ինչ թողնելով Ավետարանոցում. թվում էր, թե սարսափելին հետևում է

Դիմա Բաղդասարյանը ծնվել է Ավետարանոց գյուղում, որն Արցախի ամենախիտ բնակեցված գյուղերից էր։ Մարդահամարի տվյալներով՝ մինչև 44-օրյա պատերազմը գյուղում ապրում էր ավելի քան 1000 մարդ։ Գյուղը հարուստ մշակութային և պատմական ժառանգություն ունի, բավական է հիշատակել միայն Կուսանաց Անապատի եկեղեցին։

Այն հիմնադրվել է 5-7-րդ դարերի հնագույն եկեղեցու տեղում, որն ավերվել էր։

Եկեղեցին ինքը կառուցվել է որպես Մելիք-Շահնազարյանների դամբարան, սակայն, ըստ Ս. Ջալալյանցի, եկեղեցին կառուցել են Հռիփսիմեն և Գայանեն՝ Տեր Առաքելի օգնությամբ։

Դիման ծնվել է 1988 թվականին չանախչեցիների ընտանիքում։ Չանախչի՝ այսպես էին անվանում Ավետարանոց գյուղը Խորհրդային Միության ժամանակ։

Նա հպարտությամբ խոսում է գյուղի դարավոր պատմության մասին։

Գյուղի բնակիչներն աչքի էին ընկնում իրենց հյուրընկալությամբ և գթասրտությամբ։ Նրա խոսքով՝ գյուղում յուրաքանչյուր հյուրի ընդունում էին որպես ընտանիքի անդամի։ Դիմայի ծնողները զբաղվում էին գյուղատնտեսությամբ, իսկ Դիման ամեն ինչում օգնում էր ծնողներին, միաժամանակ սովորում էր։

Ավարտել է գյուղի դպրոցը, ապա՝ Ստեփանակերտի գյուղատնտեսական ուսումնարանը։ 2006-2008 թվականներին ծառայել է Արցախի պաշտպանության բանակում։ 2014-ին աշխատանքի է ընդունվել Տիգրանակերտի թանգարանում։ 2016 թվականին նա ակտիվ մասնակցություն է ունեցել Ապրիլյան պատերազմին։

Դիման կարծում էր, որ 4-օրյա պատերազմն իր կյանքի ամենադժվար փորձությունն էր, սակայն պարզվեց, որ սա փորձությունների միայն սկիզբն էր։ 2017 թվականին նա սարսափելի վթարի է ենթարկվել, որի արդյունքում բազմաթիվ վնասվածքներ է ստացել։ Դիման կոմայի մեջ է անցկացրել 25 օր։

Հարազատներն ու բժիշկներն այլևս հույս չունեին, որ նա երբևէ կապաքինվի, բայց Տերը լսեց աղոթքները: Բժիշկների, ինչպես նաև Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի մասնագետների մեծ ջանքերով նա ոտքի է կանգնել։

Դիման վերադարձավ առօրյա կյանքին, և թվում էր, թե ամենասարսափելին հետևում է։

Սակայն 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց 44-օրյա արյունալի պատերազմը, որի արդյունքում Ասկերանի շրջանի մի մասը, այդ թվում՝ Ավետարանոց գյուղը, անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։

Հայրենի գյուղում Դիման թողել է ամեն ինչ՝ տուն, ունեցվածք և մանկության ու պատանեկության երջանիկ տարիների հիշողություններ։

Հիմա Դիման ապրում է Ստեփանակերտում՝ բոլորի հետ միասին հաղթահարելով շրջափակման բերած անտանելի փորձությունները։

 

Իրականությունից կտրված տեսլական է․ Արցախի ԱԳ նախարարը՝ Ադրբեջանի կազմում ազգային փոքրամասնության կարգավիճակի մասին

Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը մեկնաբանել է մամուլում շրջանառվող փաստաթուղթը, որը՝  համաձայն հրապարակումների, ներկայացրել է Ռուսաստանը Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների վերջին եռակողմ հանդիպումից հետո։ Փաստաթղթով Արցախի բնակչության համար ազգային փոքրամասնության կարգավիճակ է առաջարկվում Ադրբեջանի կազմում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 17-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Ղազարյանը նշել է, որ պաշտոնական խողովակներով Արցախի ԱԳՆ-ն նման փաստաթուղթ չի ստացել։

«Արցախի Հանրապետության  արտաքին գործերի նախարարության հուլիսի 27-ի հայտարարության մեջ անդրադարձ կատարվել է նման տեսլականի, որը նախատեսում է ազգային փոքրամասնության կարգավիճակով Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում մեր իրավունքների ապահովումը։

Մենք շատ հստակ նշել ենք, որ սա իրականությունից կտրված տեսլական է: Սա ոչ միայն մեր կարծիքն է, սրա մասին փաստում են այն իրողությունները, որոնք մենք ունենք գետնի վրա: Եթե միջնորդներից որևէ մեկը նման հույսեր ուներ, ապա, տեսնելով Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության հետևանքները՝ այն պարագայում, երբ 120 000 մարդ միտումնավոր մատնված է սովի, ամենօրյա կտրվածքով ադրբեջանական կողմից հնչում են ռազմատենչ հայտարարություններ, սպառնալիքներ՝ այդ թվում և ուժի կիրառման մասին, տեսնելով` ինչպես է ոչնչացվում հայկական պատմամշակութային ժառանգությունը, որևէ միջնորդ որևէ հիմք չունի պնդելու, որ նման տեսլականների առաջարկները հնարավոր կլինի կյանքի կոչել»,- ասել է Ղազարյանը։

Արցախի նախագահը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել․ Ազատություն

Ազատություն

Արցախի նախագահը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել, ավելին՝ նա երեկ խորհրդարանի իր թիմակիցների հետ վերահաստատել է չհեռանալու որոշումը։

«Նախագահը չի պատրաստվում հրաժարական տալ, մնացած ամեն ինչը խոսակցույթունների տիրույթում է, կա հստակ որոշում, նման բան չի նախատեսվում», – ասաց Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության նախագահ Արամ Հարությունյանը:

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի խոսքով՝ երեկ նախագահի հետ հանդիպման օրակարգում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում կայացած քննարկումներն էին և էլի հարցեր, որ հրապարակման ենթակա չեն։ Պատգամավորը ցավով է նշում, որ Արցախում ստեղծված ճգնաժամային այս վիճակում անգամ ներքաղաքական պայքարը կանգ չի առնում, աթոռակռիվ է բլոկադայում:

«Ստեղծված իրավիճակն այնքան է բարդ, որ այսօր իշխանավոր լինելը չափազանց դժվար է ու պատասխանատու: Ես կարծում եմ, որ նման բարդ փուլում ներքին պառակտումը մեզ համար անթույլատրելի է և պետք է հասկանանք, որ այսօր Արայիկ Հարությունյանը կարողացել է լավ թե վատ, բայց բոլոր 180 աստիճան տարբերվող բևեռների հետ ինչ-որ չափ երկխոսություն ձևավորել: Դրա շնորհիվ է, որ մենք այսօր կարողանում ենք գոնե ներքին կայունությունը համեմատական պահպանել», – ընդգծեց պատգամավորը:

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ հրաժարականի լուրերի հոսքերը նախագահը գծում, նախագահն էլ հերքում է

Ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը համաձայն է «աթոռակռիվ ձևակերպման հետ, բայց շեշտում է՝ այդ աթոռակռվի միակ մասնակիցը Արայիկ Հարությունյանն ինքն է:

«Ես համոզված էի, որ Արայիկ Հարությունյանը հրաժարական չի տալու, հերթական մանիպուլյացիան է, որը միտված է իր իշխանությունը երկարաձգելուն, թե իբր կառչած չի իր աթոռից, բայց բոլոր փաստերը խոսում են հակառակի մասին», – ընդգծեց Գալստյանը:

Գալստյանի տեղեկացմամբ՝ երեկ խորհրդարան են մտել աշխարհազորի մի խումբ մարտիկներ՝ գլխավոր հարցով՝ այդ ո՞վ է այստեղ պահանջում Հարությունյանի հրաժարականը. – «Թո ովքեր են այն պատգամավորները, որոնք Արայիկ Հարությունյանի հրաժարականն են պահանջում, իրենց կողմից ընտրված նախագահն է Արայիկ Հարությունյանը և իրենց կողմից ընտրված նախագահի հրաժարականը, որևէ պատգամավոր չի կարող պահանջել»:

Պատգամավորը վստահ է՝ հրաժարականի լուրերի այս հոսքերը նախագահը գծում, նախագահն էլ հերքում է։ Ինչո՞ւ։

«Երևի թե Արայիկ Հարությունյանը նորից զգացել է, որ դժգոհությունները աճում են ու փորձել է ցույց տալ, որ նա միակ մարդն է, ով կարող իրավիճակը և՛ սրել, և՛ հանդարտեցնել», – ասաց Դավիթ Գալստյանը:

Արցախցիները նախագահից դժգոհելու հիմքեր ունեն: Ըստ Գալստյանի՝ կառավարությունն անգործություն է ցուցաբերում՝ պաշարման պայմաններում եղած ռեսուրսը ճիշտ չի կառավարվում, կարող էին ապահովել, որ գյուղերից բերքը հասնի մայրաքաղաք, շտապօգնության մեքենաներն անգամ վառելիք չունեն, միայն ինսուլտ-ինֆարկտի համար են օգտագործվում: Պատգամավորը նկատում է, որ այժմ ոչինչ չի արվում ձմռանը նախապատրաստվելու համար և տպավորություն ունի, որ Արցախի իշխանությունը մինչև ձմեռ պլանավորում է ինտեգրում Ադրբեջանի հետ։

«Փորձում են հասցնել այն անելանելի իրավիճակին, որ վերջում կա՛մ սկսեն օգտվել Աղդամի ճանապարհից, կա՛մ գնան մտնեն Ադրբեջանի հետ երկխոսության՝ ինտեգրացիայի հարցով», – ասաց Գալստյանը:

Իշխանական պատգամավորը ճգնաժամի կառավարման պատասխանատու է համարում պետնախարարին

Արամ Հարությունյանն էլ հակադարձում է. – «Ամեն ինչի մեջ մեղավոր ճանաչել նախագահին ևս ճիշտ չեմ համարում: Իհարկե, վերջին հաշվարկով այս ամեն ինչը քաղաքական իշխանության պատասխանատվության տիրույթում է: Մաքսիմալ արվում է, և օրը 24 ժամ նախագահը կապի մեջ է, գրեթե ամեն մանրուքի վրա ուշադրություն է դարձնում»:

Իշխանական պատգամավորը՝ Արամ Հարությունյանը ճգնաժամի կառավարման պատասխանատու է համարում պետնախարարին՝ լայն լիազորություններով: Արցախի նախագահը նորանշանակ պետնախարար Գուրգեն Ներսիսյանին իր կաբինետին ներկայացրեց շուրջ 6 ամիս առաջ՝ հայրենասեր է, աննահանջ, կարգապահ բնորոշումներով։

Ընդդիմադիր Գալստյանը պնդում է՝ կառավարությունն անգործության է մատնված Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ։ Շեշտում է՝ իրենք ոչ թե իշխանություն են ուզում, այլ պահանջներ ունեն իշխանությունից, եթե չեն կարող, թող զիջեն -հեռանան։ Կարող ուժեր կան, ըստ Դավիթ Գալստյանի, բայց անուններ չի տալիս:

«Եթե այսօր անուններ հնչեն կարող ուժերի, Նիկոլի, Արայիկի արբանյակները կսկսեն քարկոծել, դրա համար այսօր այդ անունները ճիշտ չի իմ կողմից հրապարակային ասել», – նշեց «Արդարություն» խմբակցության ղեկավարը:

Արայիկ Հարությունյանի հրաժարականի վերաբերյալ լուրեր էլի են եղել, դրանց առայժմ ոչինչ չի հետևել։ «Արդարություն» խմբակցության ղեկավարի խոսքով՝ Հայաստանի իշխանությունը օր առաջ ուզում է ազատվել Արցախի խնդրից, իսկ Արայիկ Հարությունյանը այդ գործի համար հարմար է։

 

Վաշինգտոնը ձգձգում է Ադրբեջանին ռազմական աջակցության տրամադրումը․ թեմային անդրադարձել է կոնգրեսական Փալոնը

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը շարունակում է դեմ արտահայտվել Վաշինգտոնի կողմից Բաքվին ռազմական աջակցության տրամադրմանը՝ հաշվի առնելով Արցախի հայության դեմ Ադրբեջանի ոտնձգությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փալոնը գրել է X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում։

«Ես երկար ժամանակ դեմ եմ եղել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրմանը, հատկապես հիմա, երբ Ալիևը շարունակում է խախտել միջազգային իրավունքը և բազմաթիվ ոտնձգություններ կատարել Արցախ հայերի իրավունքների դեմ: Մենք պետք է պահպանենք մեր արժեքները և ավելի կոշտ լինենք, եթե հույս ունենք խաղաղություն ապահովել Կովկասում», – գրել է կոնգրեսականը։

Իր գրառմանը Ֆրենկ Փալոնը կցել է POLITICO պարբերականի կողմից օրերս հրապարակված հոդվածը, որում նշվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն ակնհայտորեն չի շտապում վերսկսել Ադրբեջանին ռազմական օգնություն մատակարարելու ծրագիրը։ Դրա պատճառ է նշվում Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման սպառնալիքը։

2002 թվականից ի վեր ամեն տարի Կոնգրեսը Սպիտակ տանը հնարավորություն է տվել հրաժարվել 907-րդ բանաձևի կիրառումից։ «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բանաձևն ուժի մեջ է մտել 1992 թվականին և նախատեսում է սահմանափակել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող օգնությունը, քանի դեռ Բաքուն կոնկրետ քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ շրջափակումներն ու հարձակումները դադարեցնելու ուղղությամբ։ Ըստ POLITICO-ի Սպիտակ տունը նախկինում 907-րդ բանաձևից հրաժարվում էր մինչև ամառ, սակայն այս տարի դա դեռ տեղի չի ունեցել։

Պարտադրանքի համար ՄԱԿ-ն իրավունք ունի կիրառելու, կոնսոլիդացնելու միջազգային զորքեր, այդ թվում՝ օդային, ցամաքային զորքեր

Step1.am-ի հարցերին պատասխանել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։

Պարոն Ստեփանյան, ինչպե՞ս եք գնահատում Արցախի շրջափակման հարցով ՄԱԿ ԱԽ-ի նիստի արդյունքները։

-Ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում ՄԱԿ ԱԽ-ի քննարկումները: Հատկապես կային պետություններ, որոնց ելույթները ամբողջությամբ արտահայտել են իրավիճակը Արցախում: Խոսքը Ֆրանսիայի, Մալթայի, ինչպես նաև Եվրոպական միության ներկայացուցչի մասին է, որի ելույթը բավականին ռելևանտ էր:

Պետք է նաև ի գիտություն ընդունել, օրինակ, հենց ՄԱԿ-ի ներկայացուցչի ելույթը, որը հիմնված էր բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից տրամադրված տեղեկությունների վրա։ Նա նաև նշել է, որ անկողմնակալ տեղեկության աղբյուր չունի: Սա նաև ՄԱԿ-ի բացթողումն է, որ 8 ամիս շարունակվող շրջափակման պարագայում կառույցը մատը մատին չի տվել անկողմնակալ աղբյուր գտնելու համար:

Իմ ակնկալիքը եղել է այն, որ կլինեին ավելի թիրախային կոչեր, պահանջներ, քան պրոտոկոլային բառապաշար, բայց որոշ պետությունների պարագայում փաստորեն տեսանք միայն երկրորդը: Ես դեռևս հույս ունեմ, որ այս ամենը կտեսնենք բանաձևի տեսքով:

ՀՀ-ի պահով պետք է նշեմ, որ ընդունելի էին ներկայացված պահանջները՝ հումանիտար աղետ, ցեղասպանության վտանգ, բայց իմ կարծիքով, պակասում էր շեշտադրումը Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցի վրա:

-Դուք նշել եք ՄԱԿ-ի գործունեության մասին: Ըստ ձեզ, ինչպիսի՞ն պետք է լինեն  միջազգային հանրության, կազմակերպությունների գործողությունները միջազգային իրավունքի համատեքստում:

-Բացարձակ ճշմարտությունն այն է, որ պետք է փաստահավաք խումբ ուղարկել Արցախ, որպեսզի տեղում ծանոթանան իրավիճակի հետ: Եվ, տեսեք, նրանք պնդում են, որ չեն ստանում հավաստի տեղեկություններ Արցախում տիրող իրավիճակի մասին: Միակ կառույցը, որի միջոցով տեղեկություն են ստանում ԿԽ միջազգային կոմիտեն է: Ե՛վ Հայաստանում, և՛ Ադրբեջանում առկա է ՄԱԿ-ի գրասենյակներ, և իմ կարծիքով, թեկուզ խառը դելեգանտներով հնարավոր էր փաստահավաք խումբ ուղարկել տեղում իրավիճակը գնահատելու համար:  Խոսքը իհարկե չի վերաբերվում այդ կառույցների հայ և ադրբեջանցի աշխատողներին, այլ՝ միջազգային դելեգանտներին:

Շրջափակման առաջին ամիսներին, երբ ես դեռ Երևանում էի, հանդիպումների ժամանակ նշում էի, որ ավելի ճիշտ է՝ փատահավաք խումբ գա և տեղում ծանոթանա իրավիճակին: Ինչպես տեսնում ենք, արդեն 8 ամիս է, չնայած մեր հորդորներին, խնդրանքներին, այդ խումբը չկա:

Ես գիտեմ, որ հիմական խոչընդոտը Ադրբեջանն է: Օրեր առաջ ԵԱՀԿ-ի նախագահը հայտարարություն է տարածել, որ իր օգնականին հանձնարարել էր այցելել Բերձորի (Լաչինի) միջանցք և իրեն զեկուցել իրավիճակը: Հարց է ծագում, թե ի՞նչ պետք է զեկուցի միջանցքի տարածքից: Այստեղ երևում են միջազգային հանրության երկակի ստանդարտները:

-Արդյո՞ք պետք է ինչ- որ փոփոխություն սպասել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստից հետո։

– Կարծում եմ, որ դա եզակի չի լինելու: Այսինքն, եթե չեմ սխալվում, ԱՄՆ-ի ներկայացուցչի կողմից նշվել է, որ ԱԽ-ն պետք է հետևի իրադարձությունների զարգացմանը, այսինքն իր ուշադրության կենտրոնում պահի Արցախում տիրող իրավիճակը: Կարծում եմ՝  այդպես էլ կլինի:

Ինչպես արդեն նշել եմ, ես դեռ հույս ունեմ, որ այս նիստը ամրագրվելու է որոշակի փաստաթղթի տեսքով, և առկա բոլոր պրոցեսները պետք է բխեն այդ տրամաբանությունից: Այլընտրանք չկա, քան պարտադրել Ադրբեջանին բացել միջանցքը, ինչը տեսանելի էր նաև ԱԽ-ում հնչեցված հասցեական կոչերից:

-Իսկ կան արդյո՞ք նախադեպեր, երբ Հաագայի դատարանի, ՄԱԿ ԱԽ-ի որոշումները չեն կատարվել։

-Իհարկե կան, և բավականին շատ: Հենց դրա համար ՄԱԿ-ն՝ իր Կանոնադրության 7-րդ գլխի համաձայն իրավունք ունի կիրառելու, կոնսոլիդացնելու միջազգային զորքեր, այդ թվում օդային, ցամաքային զորքեր և հարկադրանքի այլ միջոցներ՝ իր կայացրած որոշումները կյանքի կոչելու համար:

ՄԱԿ ԱԽ-ի կողմից ընդունված բոլոր փաստաթղթերը, որոնք իրենց մեջ որոշում են պարունակում, պարտադիր են իրականացման համար: Եթե կոչեր, հորդորներ են պարունակում, ապա դա պարտադիր կատարման չէ: Կարծում եմ, իրավիճակի կրիտիկականին մոտենալուն զուգահեռ ՄԱԿ-ի արձագանքը համապատասխան է լինելու:

-Իսկ կարող եք նշել, ո՞ր պետությունն էր, որը չի իրականացրել ՄԱԿ-ի պահանջները։

-Եթե չեմ սխալվում, Դարֆուրի պարագայում էր եղել: Սակայն բոլոր կոնֆլիկտներում էլ անմիջապես ներգրավելու անհրաժեշտություն եղել է, նաև հենց օդային մարդասիրական օգնություն ուղարկելը՝ հաղթահարելով տվյալ պետության սուվերենությունը: Հիմա փաստացի խոչընդոտը Ադրբեջանի սուվերենությունն է համարվում, սակայն երբ ամբողջությամբ արձանագրվում է, որ ցեղասպանության, սովամահության վտանգ կա, ՄԱԿ-ը իրավունք ունի շրջանցելու նույնիսկ պետության սուվերենությունը և փրկելու մարդկանց կյանքը։

Ալվարդ Գրիգորյան

Արցախի նախագահը հանդիպել է Արցախի պաշտպանության բանակի հրամկազմի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 18-ին հանդիպել է Արցախի պաշտպանության բանակի հրամկազմի հետ: Ինչպես տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են Արցախի Հանրապետության պաշտպանունակությանը վերաբերող հարցեր: Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կամո Վարդանյանը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը:

Արայիկ Հարությունյանը տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք վերաբերում էին  լիակատար պաշարման պայմաններում Արցախի բնակչության անվտանգության ապահովմանը: