Արցախի նախագահն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել կառավարությունում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 18-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են  Արցախի Հանրապետության կառավարության անդամները, պետական կառավարման այլ մարմինների ղեկավարները, դատական ու իրավապահ համակարգի ղեկավար կազմի ներկայացուցիչները:

Քննարկվել են Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության պատճառով Արցախի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները և դրանց դիմագրավման ուղղությամբ իշխանությունների քայլերը: Խորացող հումանիտար աղետի հետևանքների վերաբերյալ տեղեկություններ են հաղորդել պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը, գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանը:

Նախագահ Հարությունյանը, ներկայացնելով արտաքին քաղաքական դաշտում վերջին զարգացումները, ընդգծել է Արցախի շուրջ տեղի ունեցող միջազգային գործընթացների կարևորությունը առկա մարտահրավերների հաղթահարման հարցում:

Մի շարք հրատապ խնդիրների վերաբերյալ մտքերի փոխանակություն է տեղի ունեցել: Նախագահը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին տվել է մի շարք հանձնարարականներ:

Մոսկվա-Բաքու հերթական սադրանքն Արցախում․ Լրագիր

Մոսկվա-Բաքու հերթական սադրանքն Արցախում․ Լրագիր

«Բաքվի պաշտպանության նախարարությունը, հերթական սադրանքի համար տեղեկատվական հող նախապատրաստելու միջոցառումների շրջանակում, շարունակում է հետևողականորեն, իրականության հետ որևէ աղերս չունեցող տեսանյութ և հաղորդագրություններ տարածել», -հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից։

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, թե իբր այսօր դիտարկվել է հայկական դիրքերի «ուժեղացում», ռուս խաղաղապահների ուղեկցությամբ բուժօգնության մեքենաներ են օգտագործվել հակահետևակային և հակատանկային ականների, զենք-զինամթերքի, ռէպ միջոցների փոխադրման համար, որոնք իբր նախատեսված են քաղաքացիական օդանավերի աշխատանքը խոչընդոտելու համար: Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը և տարածված տեսանյութը ծայրեծայր կեղծիք և ապատեղեկատվություն են»-, ասված է Արցախի ՊՆ-ի հայտարարության մեջ:

Բաքուն առաջին անգամ չէ, որ ռուս «խաղաղապահներին» նման մեղադրանք է առաջադրում։ Այդ նույն պատրվակով Բաքուն փակեց Բերձորի միջանցքը։ Ռուսաստանի ՊՆ, կամ Արցախում ռուսական զորակազմի հրամանատարությունը չեն հերքել այդ տեղեկությունները, ավելին, հիմա երևի բոլորն են հասկանում, որ միջանցքը փակվել է ռուսների օպերատիվ երաշխավորությամբ։ ՌԴ ՊՆ կողմից նման տեղեկատվությունը չհերքելը նշանակում է Բաքվի պատրվակի օրինականացում։

Բաքվի այս հայտարարությունը նշանակում է, որ Մոսկվայի հետ նոր սադրանք է նախապատրաստվում, որը ինտերնետն անջատելուց հետո կարող է կապված լինել Ակնայով ճանապարհը «բացելու» հետ։ ՄԱԿ ԱԽ-ում Ռուսաստանը հստակ հայտարարել է իր առաջիկա ծրագրերի մասին՝ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի բացում  և հայերի «ինտեգրում ազերբայդժանի օրենքների համատեքստում»։

 

Հայտարարություն Արցախում հումանիտար աղետի վերաբերյալ տեղի ունեցած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի կապակցությամբ

Ողջունում ենք 2023 թվականի օգոստոսի 16-ին կայացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը՝ նվիրված Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում ծագած հումանիտար աղետի քննարկմանը։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում այն երկրներին, որոնք հավատարիմ մնացին միջազգային իրավունքի և հումանիզմի սկզբունքներին և իրենց ելույթներում ընդգծեցին Լաչինի միջանցքի հրատապ ապաշրջափակման և Արցախի կարիքավոր բնակչությանը կենսական նշանակության ապրանքների մատակարարման անհրաժեշտությունը։

Միևնույն ժամանակ, հիասթափություն է առաջացնում այն, որ առանձին պատվիրակություններ փորձել են երևակայական և չափազանց վտանգավոր հավասարակշռություն գտնել Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ ապրելու ցանկության և նրան բռնի ուժով հպատակեցնելու և ոչնչացնելու Ադրբեջանի նկրտումների միջև: Չի կարող լինել փոխզիջում, մի կողմից՝ ազատության, մարդկային արժանապատվության, խաղաղության և արդարության համընդհանուր արժեքների և մյուս կողմից՝ մարդկանց ֆիզիկական ոչնչացման նպատակով իրականացվող մարդու իրավունքների համակարգված և լայնածավալ խախտումների ծայրահեղ դրսևորումների միջև:

Ակնկալում ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրները կցուցաբերեն հետևողականություն և սկզբունքային դիրքորոշում Արցախի ժողովրդի նկատմամբ հետագա հանցավոր գործողությունները կանխելու գործում և իրենց դիրքորոշումը կամրապնդեն բանաձևի ընդունմամբ, որը կպարտավորեցնի Ադրբեջանին վերացնել Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումն առանց որևէ նախապայմանի և այլընտրանքային երթուղիների հետ փոխկապակցության՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությանը և Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին խիստ համապատասխան։ Հաշվի առնելով Ադրբեջանի հստակ ցեղասպանական մտադրությունը, ցանկացած փորձ՝ խոչընդոտելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ջանքերը՝ վերջ դնելու Արցախի անմարդկային պաշարմանը և հումանիտար աղետին, հավասարազոր կլինի լռելյայն հավանության, եթե ոչ մեղսակցության Բաքվի կողմից կատարվող հանցագործություններին:

Օմբուդսմեն․ Ադրբեջանը նպատակ է հետապնդում խլացնել արցախցիների ձայնը

Օգոստոսի 17-ին Բերձորի (Լաչինի) միջանցքում տեղակայված ապօրինի անցակետի մոտակայքում ադրբեջանական կողմը կտրել է օպտիկամանրաթելային մալուխը՝ խափանելով Արցախի ինտերնետ կապը:

Step1.am հարցերին պատասխանում է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։

– Ադրբեջանի կողմից ինտերնետ կապի խաթարումը ևս մեկ անգամ ոտնահարում է արցախցիների իրավունքները, ինչպե՞ս կարող եք մեկնաբանել:

– Երեկ՝ օգոստոսի 17-ին Ադրբեջանի կողմից կտրվել է համացանցի մալուխը, որն ապահովում էր կայուն համացանցի առկայությունն Արցախում: Մենք ունենք նաև ապացույցներ, որ այդ ամենը դիտավորյալ է իրականացվել:

Փաստորեն, արդեն մեկ օր է, ինչ Արցախը զրկված է կայուն համացանցից, և այժմ համացանցը միայն ռադիոկապի միջոցով է հասանելի։ Հաշվի առնելով, որ Շուշիի հատվածում այն ևս խլացվում է Ադրբեջանի կողմից, կապը չափազանց անկայուն է և թույլ:

Մալուխի վերանորոգման մասով բանակցություններ են տարվում, այդ թվում  նաև ռուս խաղաղապահների միջամտությամբ, սակայն դեռևս անարդյունք:

Պետք է փաստել, որ համացանցը այն միակ ենթակառուցվածքներից է, որ Արցախը կապում է արտաքին աշխարհի և Հայաստանի հետ: Այս քայլով Ադրբեջանը նախ զրկում է արցախցիներին տեղեկատվություն փնտրելու, ստանալու և տրամադրելու իրավունքից, որն արձանագրված է միջազգային փաստաթղթերով: Ադրբեջանը նաև նպատակ է հետապնդում խլացնել արցախցիների ձայնը, արտաքին աշխարհի համար անհասանելի դարձնել Արցախում տիրող հումանիտար ճգնաժամի հետևանքները, ինչպես նաև նպատակ է հետապնդում շարունակել ցեղասպան գործողությունները Արցախի դեմ:

-Մենք նաև տեղեկացված ենք, որ համացանցի խափանումը տեղի է ունեցել ցեղասպանության կանխարգելման թեմայով մամուլի ասուլիսից րոպեներ առաջ:

-Այո՛, դա իսկապես այդպես է, ես և ևս մեկ բնակիչ պետք է մասնակցեինք այդ ասուլիսին, սակայն րոպեներ առաջ համացանցը խափանվում է, և մենք կարողանում ենք ասուլիսին միանալ 40 րոպե ուշացումով: Բայց պետք է նշեմ, որ այնուամենայնիվ այն ուղերձներն, որոնք նախատեսվում էին մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցնել, այդպես էլ չհնչեցվին համացանցի անընդհատ անջատումների, կապի թույլ լինելու պատճառով:

Ասուլիսին մասնակցում էին շուրջ 130 միջազգային լրագրողներ, որտեղ ես, Արցախի ԱԳՆ նախարարը, միջազգային քրեական դատարանի հիմնադիր, դատախազ Լուիս Օկամպոն և արցախցի Ալվինա Ներսիսյանը ներկայացված էին որպես բանախոսներ: Ասուլիսը հրատապ էր և կոչված էր Արցախում շարունակվող ցեղասպանական քաղաքականության շարունակման վերաբերյալ տեղեկություններր հաղորդել: Ընդ որում ընտրվել էին բանախոսներ, որոնք պետք է ներկայացնեին իրավիճակը և՛ մարդկային տեսանկյունից, և՛ իրավաբանական, և՛ քաղաքական հստակ գնահատական կհնչեցնեին: Բայց պետք է արձանագրենք, որ համացանցի խաթարումը թույլ չտվեց իրականացնել այս ամենը:

Փաստորեն, խաթարելով համացանցի առկայությունը, Ադրբեջանը փորձում է ոչ միայն սեղմել օղակը Արցախի շուրջ, այլև լրիվությամբ կտրում է կապը Արցախի և աշխարհի միջև, ինչը հնարավորություն է տալիս Ադրբեջանին ավելի ուժեղացնել ճնշումը և խորացնել ճգնաժամը Արցախում:

Ի հավելումն վերոնշյալի՝  նման քայլով Ադրբեջանը խորացնում է արցախցիների հոգեբանական տառապանքները, քանի որ բաժանված ընտանիքների շփում հաստատելու միակ հիմնական միջոցը համացանցն էր:

 

Մեղրի պահանջարկն Արցախում մեծացել է, գներն էլ աճել են

Մեղրի պահանջարկն Արցախում մեծացել է, գներն էլ աճել են

 

Մինչ 2020թ. 44-օրյա պատերազմը Արցախի գյուղատնտեսական զարգացող ճյուղերից էր մեղվաբուծությունը:

Պայմանավորված կլիմայով` մեղվաբուծությունը առավել զարգացած էր Արցախի Քաշաթաղի և Քարվաճառի շրջաններում, որոնց ծավալները թույլ էին տալիս նաև բրենդավորել և արտահանել արցախյան մեղրը:

Պատերազմից հետո թեև մեղվաբուծության ծավալները նկատելի նվազել էին, այնուամենայնիվ ներքին սպառման համար մեղվաբուծության ծավալները բավարարում էին:

Շրջափակման պայմաններում, երբ խնդիր է առաջացել շաքարավազի հետ կապված, բնակչությունը անցել է մեղրի և դոշաբի օգտագործման:

Ըստ մեղվաբույծների, այս տարի ի տարբերություն անցած տարվա նվազել է մեղրի ծավալները և փաստացի այժմ պահանջարկը կրկնակի բարձրացել է, իսկ առաջարկը՝ կրկնակի նվազել:

Նաև, ինչպես մյուս ապրանքատեսակները, մեղրի գները ևս կտրուկ աճել են:

Ըստ մեղվաբույծ Մ.Գ-ի՝  ծավալների նվազման հիմնական պատճառը վառելիքի բացակայությունն է, ինչի արդյունքում չեն կարողացել լրիվությամբ իրականացնել մեղվափեթակների տեղափոխման աշխատանքները։ Գնաճը ևս պայմանավորված է վառելիքի սղությամբ, և նրանք ստիպված են երբեմն կրկնակի վճարել մեղվափեթակների պահպանման վայրեր հասնելու և աշխատանքները իրականացնելու համար:

Քրիստինա Ալահվերդյան

Անջեյ Կասպրշիկը կայցելի Լաչինի միջանցք

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ներկայիս նախագահ Բույար Օսմանին իր անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին գործուղել է Լաչինի միջանցքի շրջան։ Այս մասին Օսմանին գրել է թվիթերի իր էջում։

«Ես խնդրել եմ իմ անձնական ներկայացուցչին այցելել Լաչինի շրջան և զեկուցել ինձ տեղում առկա իրավիճակի մասին»,-գրել է նա։

ԱՄՆ դեսպանը Ջերմուկում է

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այսօր՝ օգոստոսի 18–ին, այցելել է Ջերմուկ։ Այս մասին տեղեկանում ենք Ջերմուկի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից։

Լուսանկարներից պարզ է դառնում, որ դեսպանին ուղեկցում է ԱՄՆ–ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը։

Այցից այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։

Արցախի նախագահը հանդիպել է աշխարհազորի մարտիկների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 17-ին հանդիպել է աշխարհազորի մի խումբ մարտիկների հետ։

Նրանց առաջարկով երկրի նախագահը ներկայացրել է Արցախի անվտանգության ապահովման, ցեղասպանության հետագա ընթացքի կասեցման և հումանիտար աղետի հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Ընդգծվել է Արցախի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար բոլորի ջանքերի համախմբման և պետական համակարգի կայունության անհրաժեշտությունը։

ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել ՄԱԿ ԱԽ նիստի կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության պահանջով հրավիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ընթացքում ևս մեկ անգամ արձանագրվեց, որ միջազգային գործընկերները, չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող կեղծ քարոզչությանը, հստակորեն գիտակցում են Լեռնային Ղարաբաղում ծանրագույն հումանիտար իրավիճակի փաստն ու դրա հասցեագրման կարևորությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ԱԳ նախարարությունը:

«Այս՝ ՄԱԿ ԱԽ ձևաչափով արդեն երկրորդ քննարկման ժամանակ հնչած գնահատականներն ու Ադրբեջանին ուղղված հասցեական ուղերձներն, ըստ էության, լրացնում էին մինչ օրս տարբեր կառավարությունների, միջազգային կառույցների, իրավապաշտպան կազմակերպությունների կողմից արտահայտված հստակ դիրքորոշումները։

Հատկանշական էին անդամ պետությունների և ԵՄ ներկայացուցչի ելույթներն առ այն, որ Ադրբեջանը պարտավոր է վերացնել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումների։ Աներկբայորեն ընդգծվեց, որ արդեն ութ ամսից ավել շարունակվող շրջափակման հետևանքով ԼՂ բնակչության համար ստեղծված ծանր հումանիտար իրավիճակը պետք է վերացվի։

Ակնհայտ է, որ Ադրբեջանը շարունակում է խեղաթյուրել միջազգային հանրության կոչերը, կեղծ և իրականությանը չհամապատասխանող պատրվակներ փնտրել` չիրականացնելու իր պարտավորությունները և, երկարաձգելով հումանիտար ճգնաժամը, ներառյալ սովամահության միջոցով էթնիկ զտումների ենթարկել Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովրդին։ Ավելին, Ադրբեջանը փորձում է շահարկել միջազգային դերակատարների ցանկացած «հավասարակշիռ» մոտեցում՝ այն մեկնաբանելով որպես իր որդեգրած քաղաքականության շարունակման թողտվություն:

Ընդգծում ենք ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի վերացման ուղղությամբ առկա միջազգային ողջ գործիքակազմի օգտագործման և Լաչինի միջանցքով երկու ուղղություններով անխափան տեղաշարժի վերականգնման և ԼՂ միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքի ապահովման հրատապությունը:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, բարձր գնահատելով միջազգային անվտանգությանը և խաղաղությանը նպաստելու իրենց մանդատին հավատարիմ ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ պետությունների սկզբունքային և արդար դիրքորոշումները, շարունակելու է աշխատանքները տարբեր հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդում, հետևողական քայլերի գործադրմամբ Լաչինի միջանցքի ապաշրջափակման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ»,- ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Բաքուն խափանել է Արցախի կայուն կապը համացանցի հետ․ Բեգլարյան

Լաչինի միջանցքում տեղակայված ապօրինի անցակետի մոտակայքում ադրբեջանական կողմը կտրել է համացանցի օպտիկամանրաթելային մալուխը՝ խափանելով Արցախի կայուն կապը համացանցի հետ, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

«Երեկ՝ օգոստոսի 17-ին, ժամը 17:55-ին, Բերձորի (Լաչինի) միջանցքում տեղակայված ապօրինի անցակետի մոտակայքում ադրբեջանական կողմը կտրել է համացանցի օպտիկամանրաթելային մալուխը՝ խափանելով Արցախի կայուն կապը համացանցի հետ:

Երեկ երեկոյան Արցախի մասնագետները փորձել են ռուս խաղաղապահների հետ միասին մոտենալ տվյալ հատվածին և վերանորոգել մալուխը, սակայն ադրբեջանական կողմը չի թույլատրել: Այսօր առավոտվանից շարունակվում են բանակցությունները խաղաղապահների ու ադրբեջանական կողմի միջև, որպեսզի մեր մասնագետները կարողանան վերականգնել վնասված մալուխը:

Պատահական չեմ համարում, որ այս նոր հանցագործությունը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո և Արցախի ցեղասպանության թեմայով նախատեսված մամուլի ասուլիսի մեկնարկից բառացիորեն 5 րոպե առաջ: Այս սադրանքի հետևանքով ասուլիսի արցախաբնակ բանախոսները՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և տեղահանված քաղաքացի Ալվինա Ներսեսյանը կարողացել են անկայուն ու այլընտրանքային կապով միանալ մյուս երկու բանախոսներին՝ ԱՀ արտգործ նախարար Սերգեյ Ղազարյանին և ՄՔԴ առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյին 45 րոպե ուշացումով: Ի հեճուկս ադրբեջանական ջանքերի՝ ասուլիսը կայացել է, որին մասնակցել են շուրջ 130 անձինք 27 երկրից:

Ի դեպ, այժմ Արցախում խիստ սահմանափակ ծավալի համացանց է հասանելի՝ անկայուն ռադիոկապի միջոցով, որը նույնպես շարունակաբար գտնվում է ադրբեջանական խլացուցիչ համակարգերի ճնշման ներքո»,- գրել է Բեգլարյանը:

Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավորներին

Արցախի Հանրապետության  նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 17-ին  ընդունել է ԱՀ Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավորներին։

Այս մասին տեղեկացանք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրությունից։

Նախագահը ներկայացրել է արտաքին քաղաքական  դաշտում վերջին շրջանում տեղի ունեցած  զարգացումները, մասնավորապես՝ անդրադարձել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում կայացած քննարկումներին։

Պատգամավորների հետ հանդիպմանը նախագահ Հարությունյանն անդրադարձել է նաև երկրում ստեղծված ծանրագույն սոցիալ-տնտեսական իրավիճակին, ընդգծել հումանիտար աղետի հաղթահարման նպատակով արտաքին և ներքին ներուժի համակարգված օգտագործման  անհրաժեշտությունը։

 

Գուրգեն Ներսիսյանի ինչի՞ն է պետք Եռակողմ հայտարարությունը

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը գրում է. Արցախում ստեղծված իրավիճակը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կողմերի ստանձնած պարտականությունները չկատարելու հետևանքն է: «Հետևաբար միջազգային հանրության աջակցությունը պետք է հայցել ոչ թե հումանիտար խնդիրների լուծման հարցում, այլ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, Արդարադատության միջազգային դատարանի 22.02.2023թ. և 06.07.2023թ. որոշումների կատարման, գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու համար»,- գրում է նա։

Արցախի ղեկավարությունը համառորեն կառչած է Եռակողմ հայտարարությանը, որը փորձ է օրինականացնել արցախյան 2020 թվականի ահաբեկչական պատերազմի արդյունքները։ Այս հայտարարությունն այնքան անօրինական է, որ նույնիսկ պատերազմից 3 տարի անց չեն համարձակվում այն ​​անվանել անգամ զինադադարի պայմանագիր։

Արցախի ղեկավարությունը ոչ թե պետք է լուծի Եռակողմ հայտարարության «իրականացման» խնդիրը, այլ մերժի այս հայտարարությունն ու պահանջի միջազգային բանակցություններ։

Նոյեմբերի 9-ի հայտարարության էությունը հանգում է երկու կետի՝ Աղդամի, Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների առանց կռվի հանձնում և ռուսական զորքերի տեղակայում՝ հայկական զորքերի դուրսբերմամբ։ Այս հայտարարության մնացած մասը բլա բլա բլա է:

Բաքվում խոստովանել են, որ վերոնշյալ կետերի նման հեշտ «իրականացում» հայկական կողմից չէին սպասում։ Բայց դա եղավ, և Բաքուն պատճառ չունի չշարունակելու ճնշումը, քանի դեռ նա իր դաշնակիցների հետ միասին կարող է առաջ շարժվել։

Հիմա, ըստ ամենայնի, եկել է այն պահը, երբ հայկական կողմի վրա ճնշումը չի ստացվում. ի շնորհիվ Իրանի դիմադրության, մի շարք այլ երկրների դիրքորոշման և դժվարություններին դիմանալու Արցախի հասարակության պատրաստակամության, եթե սա է հայոց պետականության պահպանման գինը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից առաջ Արցախի նախագահը կոշտ հայտարարություններ է արել՝ միջազգային մեխանիզմների և բանակցությունների միջազգային ձևաչափի անհրաժեշտության մասին։ Հանդիպումից հետո Արցախի ղեկավարությունը չի առարկել Հայաստանի արտգործնախարարի դիրքորոշմանը, որը չի պահանջել միջազգային խաղաղապահներ, կարգավորում՝ միջազգային օրինական նորմերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի շրջանակներում։ Նախարարը միայն խղճահարության կոչ արեց՝ խնդրելով բացել ճանապարհը։

Հայաստանը չի հայտարարել հակամարտությունների ուժային կարգավորման անթույլատրելիության և ահաբեկչական պատերազմի արդյունքների չճանաչման մասին։ Փոխարենը Ֆրանսիան հայտարարեց ուժային որոշումների անթույլատրելիության մասին։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև չընդունեց նաև այն պատճառով, որ հայկական կողմը քաղաքական որևէ պահանջ չի ներկայացրել, և Ստեփանակերտը դա չի առարկում։

Այժմ Գուրգեն Ներսիսյանը խոսում է Եռակողմ հայտարարության մասին: Արդյո՞ք եռակողմ հայտարարությունը մեզ ձեռնտու է, թե՞ դեռ կան կետեր, որոնք Հայաստանը չի կատարել, օրինակ՝ Զանգեզուրի միջանցքը։