

Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբի ներկայացուցիչները երեկ երեկոյան, ինչպես գրել է Step1.am-ը, գնացել են Ստեփանակերտի օդանավակայան՝ պահանջելով հանդիպում գեներալ Լենցովի հետ։ Նրանք պահանջում են ապահովել խաղաղ երթի անվտանգությունը դեպի Հաքարիի կամուրջ։ Համաժողովրդական շարժման շտաբի ներկայացուցիչ Արթուր Օսիպյանի էջում ուղիղ հեռարձակվում են բոլոր իրադարձությունները։ https://www.facebook.com/arthur.osipyan.902
Շարժման ներկայացուցիչ Վրեժ Բալասյանն ասաց, որ գեներալ Լենցովը հրաժարվել է հանդիպել։ Ի պատասխան՝ Շարժման ներկայացուցիչները մարդատար ավտոմեքենայով փակել են բազայի մուտքը և ողջ գիշեր մնացել են այնտեղ։ Առավոտյան խաղաղապահները ԲՏՌ են բերել՝ մեքենան ճանապարհից հեռացնելու պահանջով։ Մերժումից հետո ռուս զինվորները ձեռքով կողք են քաշել մեքենան՝ կոտրելով բուֆերն ու շասսին։ Թեև մեքենայի տերը ավտոի մեջ էր, խաղաղապահները սպառնացել են վրաերթի ենթարկել մեքենան, եթե այն չհանեն։ Այնուհետև խաղաղապահները «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենա են բերել՝ ճակատից հարձակվելու սպառնալիքով։
Շարժումը որոշել է վերադառնալ Ստեփանակերտ և մարդկանց հրավիրել հանրահավաքի այսօր երեկոյան՝ ժամը 19.00-ին, Կենտրոնական հրապարակում՝ քննարկելու խաղաղ հանրահավաքի հետագա քայլերը։
Բալասանյանը հավելեց. «Մեր պահանջները չեն փոխվել. խաղաղապահները պետք է կատարի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները՝ ապահովելու Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար դեպի Հաքարի գետի վրա գտնվող կամուրջ խաղաղ հանրահավաքի անվտանգությունը»։
Սազոնովն այսօր ապացուցեց, որ կարող են Բերձորի ճանապարհը բացել, բայց չեն անում, ինչը նշանակում է, որ իրենց յոլդաշների-քարդաշների հետ միասին են փակել։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ռուս խաղաղապահները ուժ են գործադրել՝ ճանապարհը բացելու համար։ Երեկ և ամբողջ գիշեր Ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբի անդամները Ստեփանակերտի օդանավակայանում փակ են պահել դեպի Ռուսական բազա տանող ճանապարհը։
Միացյալ Նահանգները կոչ է արել Ադրբեջանին վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ Վաշինգտոնում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ պետքարատուղարության փոխխոսնակ Վեդաթ Փաթելը, գրում է Ամերիկայի ձայնը։
Ամերիկացի դիվանագետն ընդգծել է՝ Լաչինի միջանցքի փակումը «վատթարեցնում է հումանիտար իրավիճակը և խաթարում խաղաղ գործընթացի նկատմամբ վստահություն ստեղծելու ջանքերը»՝ միաժամանակ կոչ անելով Ադրբեջանի կառավարությանը «վերականգնել մարդասիրական և մասնավոր մեքենաների ազատ տեղաշարժն այս միջանցքով»:
«Խորապես մտահոգված ենք Լաչինի միջանցքի շարունակական փակմամբ՝ առևտրային, մարդասիրական և մասնավոր մեքենաների համար: Այս տեսակի մարդասիրական տեղաշարժերի դադարեցումը, մեր կարծիքով, վատթարեցնում է հումանիտար իրավիճակը և խաթարում խաղաղ գործընթացի նկատմամբ վստահություն ստեղծելու ջանքերը: Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել մարդասիրական և մասնավոր մեքենաների ազատ տեղաշարժն այս միջանցքով։ Նաև տեղյակ ենք, որ չորեքշաբթի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հանդիպում է գումարում ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հարցը: Ակնկալում ենք, որ այնտեղ նույնպես տեղի կունենան հավելյալ քննարկումներ»,- ասել է Վեդաթ Փաթելը։
Միևնույն ժամանակ, փոխխոսնակը հրաժարվել է ներկայացնել, թե ԱՄՆ-ն ինչ դիրքորոշում է որդեգրելու Անվտանգության խորհրդում, սակայն նշել է․ «Հետևողականորեն ընդգծել ու կրկնել ենք այն փաստը, որ ուղիղ երկխոսությունը էական նշանակություն ունի այս երկարատև հակամարտությունը կարգավորելու համար։ Կարծում ենք, որ ցանկացած ներգրավվածություն, որն ի վերջո խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովուրդներին, լավ երևույթ է և դրական քայլ»։
Օգոստոսի 15-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը և սենատոր Ալեքս Պադիլան նամակ են հղել ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդին` հորդորելով նրան ներկայացնել բանաձև, որը կոչ կանի Ադրբեջանին անհապաղ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի ութամսյա շրջափակումը և թույլ տալ անսահմանափակ ծավալով մարդասիրական օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղի հայերին։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հաղորդագրությունից, գրում է Ամերիկայի ձայնը:
Սենատորների համոզմամբ, Ադրբեջանի կառավարությունը սպառնում է սովի միջոցով էթնիկ զտումներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ՝ նաև զրկելով վառելիքից և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներից: Սենատորները կոչ են անում ՄԱԿ-ին անհապաղ գործել՝ կառույցի կանոնադրության և մանդատի համաձայն։
«Ութ ամիս Ադրբեջանն աստիճանաբար խստացրել է շրջափակումը, որի նպատակն է զրկել Լեռնային Ղարաբաղի հայերին առաջին անհրաժեշտության ապրանքներից, այդ թվում՝ սննդից և դեղորայքից: Հունիսի 15-ին Ադրբեջանը փաստացի [ամբողջովին] արգելեց մարդասիրական օգնության մատակարարումը, ինչը ծանր հետևանքներ կունենա այնտեղ [Լեռնային Ղարաբաղում] ապրող տասնյակ հազարավոր մարդկանց, այդ թվում՝ երեխաների, ծերերի, հիվանդություն և հաշմանդամություն ունեցող անձանց համար»,- ընդգծել են սենատորները։
«Խնդրում ենք աշխատանք տանել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր անդամների հետ՝ Ադրբեջանի կառավարության նկատմամբ ճնշում բանեցնելու՝ վերացնելու շրջափակումը և կանխելու այն, ինչը, ըստ ապացույցների, վկայում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ [կիրառվող] էթնիկ զտման համակարգված ջանքերի մասին»,- եզրափակել են սենատորները:
Ամբողջական նամակը կարող եք կարդալ այստեղ։
Արցախում տիրող իրավիճակի և Բերձորի միջանցքի ապաշրջափակման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից առաջ Բայրամովը զանգահարել է Լավրովին և նրանք միասին ծաղրել են ԱԽ-ի առաջիկա նիստը։ «Նախարարները ընդհանուր կարծիք են հայտնել՝ այս ոլորտում կոնկրետ աշխատանքը քաղաքական քարոզչական գործողություններով փոխարինելու փորձերի հակաարդյունավետության մասին», – ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Նախարարները, ժպտալով, Երևանի դիմումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անվանում են «քաղաքական քարոզչական ակցիա», որը կխանգարի «կոնկրետ աշխատանքին»։ Իսկ «կոնկրետ աշխատանքը», ըստ երևույթին, Լավրովի առաջարկն է, որի մասին գրել է «Կոմերսանտ»-ը։ Բացել Աղդամից ճանապարհը, թույլ տալ անհրաժեշտ ապրանքները (որտեղի՞ց) հասցնել Ստեփանակերտ, ապա 24 ժամում բացել Բերձորի ճանապարհը, ինչպես պարզվեց, միայն բժշկական տարհանման համար։
Երեկ Արցախում միջանցքի ապաշրջափակման շարժումը փակել է Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազա տանող ճանապարհը։ Քանի որ ռուս խաղաղապահները հրաժարվում են խաղաղ երթն ուղեկցել դեպի Հակարի կամուրջ՝ Բերձորի միջանցքը բացելու համար: Շարժման մասնակիցներն իրավասու են համարում փակել իրենց հողի վրա գտնվող ռուս խաղաղապահների ճանապարհը, որոնք չեն կատարում այն պարտավորությունները, որի համար այստեղ են:
Շարժման ներկայացուցիչ Արթուր Օսիպյանը ուղիղ եթերում Ռուսաստանին մեղադրել է հայերի ցեղասպանությանը մեղսակցության մեջ։ «Ձեր գլխավոր հրամանատար Պուտինին ասեք, որ հետագա մահերը և ռուս խաղաղապահների անմիջական համաձայնությամբ կազմակերպված շրջափակման հետևանքները կլինեն նրա խղճի վրա»,- ասել է նա։
Ըստ երևույթին, Բայրամովն ու Լավրովն անարդյունավետ «քաղաքական գործողություններ» կանվանեն նաև Արցախի բնիկ հայերի օրինական իրավունքը՝ տնօրինելու սեփական ճանապարհները, բողոքի ցույցեր կազմակերպելու և ռուս խաղաղապահներից պահանջել իրենց հյուրերի պես պահել, այլ ոչ թե օկուպացիոն զորքերի։
Մոսկվան ու Բաքուն վախենում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից, քանի որ ընդունված բանաձևը կարող է առնվազն կոտրել հայերի վզին գրեթե փակված եռակողմ օղակը։ Եթե անգամ ՄԱԿ-ի դիտորդական առաքելություն նշանակվի, և միջազգային կազմակերպությունները մուտք գործեն Արցախ, Մոսկվայի և Բաքվի արատավոր մենաշնորհը կկոտրվի։
Սակայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում շատ բան կախված կլինի հայկական կողմի պահանջներից։ Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ բացառապես հումանիտար հարցերի լուծում և «խաղաղության օրակարգ»։ Նա դեռ հետ չի վերցրել իր հայտարարությունը «Արցախը որպես Ադրբեջանի տարածք ճանաչելու մասին»։
Բայց Արցախից մեկ անգամ չէ, որ լսվել է՝ մեզ ոչ թե հաց է պետք, այլ անարգել կապ մայր Հայաստանի հետ։ Արցախի նախագահի վերջին հայտարարության մեջ դրվել է քաղաքական նշաձող՝ կարգավորման միջազգային մեխանիզմի և բանակցությունների միջազգային ձևաչափի ձևավորում։
Սա ենթադրում է եռակողմ համաձայնություների սպառում և ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերի տեղակայում, բայց դա տեղի կունենա, եթե Հայաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում առաջադրի հենց այդ պահանջները, ուժ գտնի մեղադրելու Ռուսաստանին ցեղասպանության և սովի մեջ և պահանջի միջանցքի կարգավիճակի միջազգային հաստատում և ՄԱԿ-ի ուժեր։
Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը ուղիղ եթեր է դուրս եկել Ստեփանակերտի օդանավակայանի տարածքից, որտեղ դիմել է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Լենցովին։
«Ռուսական զորախմբի խաղաղապահները պետք է պաշտպանեին Արցախի անվտանգությունը, սակայն նրանց տեղակայումից ի վեր տեղի ունեցան օկուպացիոն նոր ակտեր, սպանություններ, իսկ Լաչինի միջանցքի շրջափակումը մեր ժողովրդին կանգնեցրեց ցեղասպանության վտանգի առաջ։
Մարդիկ, որոնց առաջարկում են գնալ Երևան բուժվելու, հրաժարվում են, քանի որ խաղաղապահների ներկայությամբ մարդկանց առևանգում են Կարմիր խաչի մեքենայից։
Այն խախտումները, որոնք հակառակորդն իրեն թույլ է տվել, տեղի են ունենում խաղաղապահ զորախմբի թողտվությամբ։
Ասացեք ձեր գլխավոր հրամանատար Պուտինին, որ հետագա բոլոր մահերը, աներևակայելի հետևանքները կլինեն նրա խղճի վրա։ Նա իր խոսքն չպահեց։
Օգոստոսի 4-ին մենք առաջարկեցինք օգնել ձեզ ապաշրջափակել միջանցքը։ Բայց դուք հրաժարվեցիք ապահովել խաղաղ երթի անվտանգությունը, թեև նոյեմբերի 9-ի փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստանը պետք է վերահսկի հրադադարը և Լաչինի միջանցքը։ Բայց դուք զինված ադրբեջանցիներին բաց եք թողել այնտեղ, և մեզանից պահանջում եք, որ մենք անցնենք այս միջանցքով առանց զենքի, և հրաժարվում եք ուղեկցել նույնիսկ խաղաղ շարասյունը։
Մեր պահանջն է՝ դադարեցնել անիմաստ հայտարարությունները, թե իբր նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի նախատեսում խաղաղ երթերի ուղեկցում։ Եթե դուք հրաժարվում եք խաղաղ երթի անվտանգությունն ապահովել, եթե չեք կատարում եռակողմ հայտարարությանը, եթե աչք եք փակում Ալիևի ցեղասպան քաղաքականության վրա, ապա Ռուսաստանի Դաշնությունը դառնում է ցեղասպանության մեղսակից»,- ասաց Օսիպյանը։
Նա բոլորին հորդորեց հավաքվել օդանավակայանում և վերջապես լուծել բոլոր հարցերը։
Step1.am-ի հետ զրույցում Արթուր Օսիպյանն ասաց, որ իրենք պահանջելու են, որ խաղաղապահները ապահովեն իրենց երթը դեպի Հաքարիի կամուրջ։
Սխտորաշեն գյուղը գտնվում է Մարտունու շրջանում, Կարմիր շուկայից հյուսիս արևմուտք, այժմ անմարդաբնակ, իսկ ահա 1915 թվականի մարդահամարի տվյալներով գյուղն ուներ 900 շունչ։
Անմարդաբնակ այս գյուղի բնակիչների նախնիները այստեղ են տեղափոխվել Հին Սխտորաշենից, որը գտնվում էր ներկայիս գյուղից դեպի արևելք։ Հին գյուղատեղիի տարածքում այժմ պահպանված է հին գերեզմանոցը, տների և այլ կառույցների հետքերը և միանավ եկեղեցին: Ըստ եկեղեցու բարավորի վրա պահպանված արձանագրության` եկեղեցին կառուցվել է 1731 թվականին («Թվին ։ՌՃՁ։»), իսկ գերեզմանատան տապանագրերից մի քանիսն ունեն ավելի վաղ շրջանի թվագրություններ:
Ս. Աստվածածին եկեղեցին գտնվում է Հին Սխտորաշենի տարածքում, նշանավոր Սոսենուց արևելք: Դահլիճն ունի միանավ հորինվածք (չափերը՝ 13.7×7× 6մ): Կառուցված է հիմնականում խառն անտաշ կրաքարերով: Շքամուտքը, սրահի արտաքին անկյունները, լուսամուտների, խորշերի և մկրտության ավազանի պարակալները շարված են մեծ սրբատաշ քարերով։ Պատերի հաստությունը մինչև 1մ է:
Մուտքը բացվում է հարավ-արևմտյան կողմից (չափերը՝ 130×75սմ): Այն կառուցված է սրբատաշ կրաքարերով, որոնք զարդանախշված են:
Այստեղ՝ աջ կողմում՝ երկու քարերի վրա առկա է մի կցկտուր արձանագրություն, որն ըստ էության մուտքի հետ որևէ առնչություն չունի: Եկեղեցու արևելյան, արևմտյան ու հարավային կողմերից բացվում են մեկական լուսամուտներ, որոնց շրջանակները դարձյալ սրբատաշ քարից են: Սրբատաշ քարերով են կառուցված նաև կիսակլոր խորանի երկու կողմերին բացված մեկական խորշ- պատուհաններն ու մկրտության ավազանը, որի ներսում առկա է պատին ագուցված մի գեղազարդ խաչքար:
Ընդ-որում, հարկ է նշել, որ մկրտության ավազանն արձանագրված է, «… նեի իւ/ր ծնօղ/ացն՝ հ/այր իմ/ Ոհանէն, մայր իմ Ադիխանեն, կող/ակիցն իմ Մարուն, Տ[է] ր Բողոսին. օվ որ կ/արդայ՝ մէկ բերար ողորմեայ ասի»։ Ինչպես տեսնում ենք արձանագրությունը թերի է պահպանված, իսկ շրջակայքում ընկած սալը չգտնվեց։
Արձանագրության ամբողջական տեքստին հանդիպում ենք Աբրահամ Կիսիբեկյանի « Հուշեր » գրքի առաջին հատորում, որը կասկածի տեղիք չի տալիս, քանի որ շարունակությունը համընկնում է արձանագրության առկա հատվածին։ ՅԻՇԱՏԱԿ Է ՍԲ ԵԳԵՂԵՑԻՍ ԳԻՍՈՒՆԵԻ ԻՒՐ ԾՆՈՂ/ԱՑՆ ՀԱՅՐ ԻՄ ՈՀԱՆԷՆ ՄԱՅՐ ԻՄ ԱԴԻԽԱՆԷՆ ԿՈՂ/ԿԻՑՆ ԻՄ ՄԱՐՈՒՆ Տ[Է]Ր ԲՈՂՈՍԻՆ ՕՎ Կ/ԱՐԴԱՅ ՄԷԿ ԲԵՐԱՆ ՈՂՈՐՄԵԱՅ ԱՍԻ։
Ըստ Կիսիբեկյանի ՝ Հին Սխտորաշենի գերեզմանատանը կա մամռածածկ մի փոքրիկ գերեզմանաքար, որի վրա արձանագրված է <<Վարանդու քլիդ Գեսիբեկ>>, որը հավանական է նույն եկեղեցին կառուցող Գիսունն է։
<<Վարանդու քլիդ Գեսիբեկ>>, դարձվածքը երկար տարիներ հոլովվում էր մեծահասակ գյուղացիների կողմից։ Դե իսկ Հին ու Նոր Սխտորաշենների զարդը շարունակում է մնալ երկհազարամյա Սոսենին կամ Տնջրին։
Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի խաղաղ բնակչությանը պարտադրված լիակատար շրջափակման հետևանքով առաջացած վատթարացող հումանիտար իրավիճակի հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ օգոստոսի 16-ին կայանալիք նիստի արդյունքները կդառնան միջազգային դերակատարների արդյունավետության ցուցիչը, հայտարարել է Արցախի արտաքին գործերի նախարարությունը:
Արցախի ԱԳՆ-ն «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրված հայտարարությամբ նշել է. «Օգոստոսի 16-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն արտակարգ նիստ կգումարի՝ քննարկելու Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի խաղաղ բնակչությանը պարտադրված լիակատար շրջափակման հետևանքով առաջացած վատթարացող հումանիտար իրավիճակը:
Այս նիստի արդյունքները կդառնան միջազգային դերակատարների արդյունավետության ցուցիչը»:
Հադրութ քաղաքի և 1-ին ՊՇ օրվան նվիրված հուշ-երեկոն ավանդաար անցնում է Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում։ Այժմ Ստեփանակերտ քաղաքում աշխատող՝ Հադրութի կրթական հաստատությունները հանդես են գալիս մշակութային ծրագրով։ Բոլոր ելույթներում հնչում է վերադարձի հույսը։
“Արդեն 3-րդ տարին ենք նշում Հադրութի վերածննդի և 1-ին ՊՇ կազմավորման օրը Հադրութից հեռու։ Այո այսօր Հադրութը օկուպացված է, կազմաքանդված է հերոսական ուղի անցած 1 ՊՇ-ը, բայց մենք շարունակելու ենք նշել այս պատմական օրը, հանուն մեր քաջորդիների, հանուն մեր հաղթանակների, շարունակելու ենք նշել՝ մատաղ սերնդին ներկայացնելով, որ միասնական հայի դեմ պայքարելը անհնար է”, իր ելույթում ասել է Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը։
1992թ․ օգոստոսի 15-ին թշնամին լայնամաշտաբ ռազմական գործողություններ սկսեց Հադրութի ուղղությամբ, կիռառվում էր թշնամու այն ժամանակվա ողջ ռազմական արսենալը։ Թշնամին գրավել էր մարտավարական առումով կարևոր նշանակություն ունեցող բարձունքները։ Սակայն մեր հերոս տղաների արժանի հակահարվածը չուշացավ, ինչի արդյունքում թշնամին ջախջախիչ պարտության մատնվեց և հետ շպրտվեց հադրութի մատութցներից, ասել է նա։
Օգոստոսի 15-ը հրչակվեց Հադրութի վերածննդի, ինչպես նաև 1-ին ՊՇ-ի կազմավորման օր։ Ինչպես 90-ականներին, այնպես էլ 44-օրյա մարտական գործողությունների ժամանակ ՊՇ-նի մարտիկները կատարել են առվելագույնը մի քանի անգամ տեխնիկապես և քանակական առումով գերազանցող թշնամուն կանգնեցնելու համար, անգամ շրջափակման մեջ նրանք շարունակեցին պաշտպանել իրենց վերապահված մարտական դիրքերը։
Հոկտեմբերի 28-ին ՊԲ հրամանատարությունը որոշեց դուրս բերել ՊՇ-ի անձնակազմը շրջափակումից, որից հետո մեր տղաները մասնակցեցին Մարտունու, այնուհետև նաև Շուշիի մարտական գործողություններին։ Խոնարհվում եմ ՊՇ նի ողջ անձնակազմի առջև, խոնարհվում եմ մեր զոհված ազատամարտիկների ծնողների, եղբայրների և քույրերի առջև, խոնարհվում եմ նրանց կանանց և երեխաների առջև իրենց կատարած հայրենանվեր ծառայության համար, ասել է Սավադյանը։
“Մենք բոլորս մի նավի մեջ ենք, մեկ խնդիր ունենք և պետք է մի մեխի խփենք երկիրը փրկելու համար։ Այսօրվա դառը իրականության պատճառներից է ՀՀ վարչապետի Արցախը ադրբեջանի կազմում ճանաչելու դավաճանական հայտարարությունները, ինչի հետևանքով իրավիճակը էլ ավելի ծայրահեղ դարձավ։ Թշնամին այս արտահայտության ֆոնին հարցը լուծված է համարում, սակայն Փաշինյանը շարունակում է պտտել ջարդված սկավառակը։ Այդ անտրամաբանական խոսքերը տեղիք են տալիս պատասխանատվությունից խուսափել ՌԴ ղեկավարությանը, որը խաղաղապահ զորախումբի պարտականությունների չկատարումը հիմնավորում է ՀՀ վարչապետի ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հետ, այս մասին բազմիցս են բարձրաձայնել ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները։ Սակայն դա չի արդարացնում ՌԴ խաղաղապահ զորախմբի անգործությունը։ Սկսած 2020թ․ նոյեմբերի 9-ից առ այսօր վիրավոր Արցածից՝ իրենց թողտվությամբ, գրավվեց Խցաբերդ, Հին Թաղեր և Փառուխը, Լաչինի միջանցքում, որը ըստ եռակողմ փաստաթղթի պետք է լիներ իրենց վերահսկողության ներգո․ ունեցանք զոհեր, առևանգվեց Արցախի խաղաղ բնակիչ Վագիֆ Խաչատրյանը, 120000 հայ հայտնվել են սովամահության եզրին, և հարց է առաջանում, սա՞ է Վլադիմիր Պուտինի խոստացած արժանապատիվ կյանքը”, ասել է Սավադյանը։
Մի քանի անգամ ծանր իրավիճակում ենք հայտնվել մենք՝ հադրութցիներս, կորցնելով ամեն ինչ, մենք շարունակում ենք ապրել մեր հայրենիքում, և սա պայմանավորված չե Արցախից դուրս բնակվելու անկարողությամբ կամ դժվարությամբ, այլ պայմանավորված է մեր հայրենասիրությամբ, հավատքով, նվիրվածությամբ հարազատ հողին և մշակույթին, ասել է նա։