Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարականի մասին իր հայտարարության մեջ հայտնել է, որ իր հրամանագրով Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը, ում տրվել են լայն լիազորություններ:
Month: Օգոստոս 2023
Սավադյան․ Ռուսաստանը դրանով կործանում է մեր պետականությունը
Արայիկ Հարությունյանը հանկարծակի հրաժարական է տալիս այն բանից հետո, երբ նախօրեին առցանց հանդիպում է ունեցել մարդասիրական բեռով Կոռնիձոր ժամանած ֆրանսիական պատվիրակության հետ։ Այս մասին Step1.am-ի հետ զրույցում ասաց Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը։
«Ամեն ինչ մատնանշում է Ռուսաստանը։ Սա Աֆրիկայի ֆրանսիամետ երկրներում հեղաշրջումների շարունակությունն է։ Ռուսաստանը մեզ նույնպես ֆրանսամետ է համարում և ցանկանում է Արցախում իշխանություն փոխել՝ ի պատասխան ֆրանսիական պատվիրակության երեկվա այցի, որպեսզի Ֆրանսիային և, հնարավոր է, ԵՄ-ին ցույց տա, թե ով է այստեղ տերը։ Խնդիրն այստեղ ոչ թե Արայիկ Հարությունյանի մեջ է, այլ Ռուսաստանը դրանով ոչնչացնում է մեր պետականությունը։
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Զախարովայի հայտարարությանը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, թե Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու հետևանք է։
- ԼՂ հիմնախնդիրը երբևէ չի եղել տարածքային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև. այն իր էությամբ մշտապես եղել և շարունակում է լինել ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հիմնահարց:
- 2022թ. օգոստոսին հայկական կողմն իր հավանությունն է տվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ռուսական նախագծին, համաձայն որի ԼՂ կարգավիճակի քննարկումը պետք է հետաձգվեր անորոշ ժամանակով։ Ադրբեջանն այդ նախագիծը մերժել է՝ զուգահեռաբար հայտարարելով (ինչպես օգոստոսի 31-ին Բրյուսելում), որ չի պատրաստվում ԼՂ հետ կապված ոչինչ քննարկել Հայաստանի հետ, և օրեր անց՝ սեպտեմբերի 13-ին, ռազմական ագրեսիայի է դիմել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ:
- Ռուսական կողմը ոչ միայն ադրբեջանական մերժումից հետո հետամուտ չի եղել իր առաջարկին, այլև բացարձակ անտարբերություն է դրսևորել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի կապակցությամբ՝ այդպես էլ անպատասխան թողնելով երկկողմ իրավապայմանագրային հիմքով ՀՀ-ին օժանդակություն ցուցաբերելու հայկական կողմի պաշտոնական նամակը։ Ավելին, Հայաստանի վրա հարձակման՝ իր կողմից արձանագրման բացակայությունը և դրանից բխող անգործությունը ՌԴ-ն պայմանավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանի սահմանազատված չլինելու կեղծ պատրվակով՝ դրանով իսկ կամա թե ակամա աջակցելով այն ակնհայտորեն կեղծ և խիստ վտանգավոր թեզին, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, հետևաբար սահմանների վրա հարձակումը և Հայաստանի տարածք ներխուժումն էլ դժվար է հավաստել: Մոտավորապես նույն մտայնությամբ պատշաճ արձագանքի չի արժանացել Հայաստանի նույնանման դիմումը նաև ՀԱՊԿ շրջանակներում:
- Այս պայմաններում 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են իրենց հավատարմությունը Ալմա-Աթայի հռչակագրին, որը դեռևս 1991թ. ստորագրել են նախկին Խորհրդային հանրապետությունները, այդ թվում՝ Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը՝ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը խորհրդային պետությունների նախկին ադմինիստրատիվ սահմաններով: Այսպիսով՝ Պրահայում որևէ նոր բան չի որոշվել՝ 2022թ. հոկտեմբերի դրությամբ Ալմա-Աթայի հռչակագիրն ուժի մեջ է եղել շուրջ 31 տարի շարունակ: Պրահայի պայմանավորվածությունները ոչինչ չեն փոխել նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստում: Միակ նորույթն այն էր, որ Պրահայի հանդիման արդյունքների հիման վրա ԵՄ-ն որոշում ընդունեց մշտադիտարկման առաքելություն տեղակայել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանի հայկական կողմում՝ նպաստելու սահմանի կայունությանը:
- ՌԴ-ն բազմիցս, այդ թվում նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս, իսկ ամենաթարմը և թերևս ամենահատկանշականը՝ Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերութունների հաստատման փաստաթղթով նշել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
- Լաչինի միջանցքն արգելափակվել է 2022թ. դեկտեմբերի 12-ին ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության գոտում Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված կեղծ բողոքի գործողությունների հետևանքով: Արդեն 2023թ. ապրիլին ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահների ներկայությամբ ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում: Թեև այս գործողությունները եռակողմ հայտարարության ակնհայտ և կոպիտ խախտում էին, դրանց ՌԴ կողմից որևէ հակազդեցություն չի գրանցվել: Փոխարենը ռուս խաղաղապահները 2023թ. հունիսի 15-ին գործուն աջակցություն էին ցուցաբերում իրենց առաքելության շրջանակներից և պատասխանատվության աշխարհագրական գոտուց դուրս՝ ՀՀ ինքնիշխան տարածքում, Ադրբեջանի դրոշի տեղադրման փորձին, որին անմիջապես հետևել է Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակումը՝ ԼՂ-ում իրավիճակը մոտեցնելով իրական հումանիտար աղետի:
- Նման ամենաթողության պայմաններում ՌԴ խաղաղապահների ներկայությամբ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում դիմում է այնպիսի քայլերի, ինչպիսին է Լեռնային Ղարաբաղի բնակիչների առևանգումը՝ հուլիսի 29-ին Վագիֆ Խաչատրյանի, իսկ օգոստոսի 28-ին՝ երեք ուսանողների օրինակով:
- Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի նմանօրինակ գործելակերպը, ցավոք, նորություն չէ. 2020թ. դեկտեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղի շփման գծի խախտումը, Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերի ապօրինի գրավումը, 60 հայ զինծառայողների գերեվարումը և տեղափոխումը Բաքու, տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների ներկայությամբ եւ թողտվությամբ: Այն ժամանակ 2022թ. հոկտեմբերի 6-ի պայմանավորվածությունները ձեռք բերված չէին: Նույնը վերաբերվում է 2022թ. մարտի 24-ի Փառուխի եւ 2022թ. օգոստոսի 1-ի Սարիբաբի դեպքերին, երբ Ադրբեջանը կրկին խախտեց շփման գիծը Լեռնային Ղարաբաղում: Ադրբեջանական զինուժի կողմից գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող անձանց վրա կրակահերթերի արձակումը ՌԴ խաղաղապահների ներկայությամբ, ինչպիսի դեպքերից մեկը ավարտվել է մարտակերտցի տրակտորիստի սպանությամբ, գիշերային լուսարձակներով ու բարձրախոսներով ԼՂ բնակչության ահաբեկումը կրկին ՌԴ խաղաղապահների ներկայությամբ, ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի հազարավոր խախտումները կրկին ՌԴ խաղաղապահների ներկայությամբ, այս տրամաբանության շարունակությունն են:
Արայիկ Հարությունյանը հայտարարել է իր հրաժարականի մասին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական կտա։
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների նոր հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովը
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովը։
Ադրբեջանը որոշել է խաղաղ երթով “գրոհել” Ասկերանը
Ասկերանից մեր աղբյուրը հայտնում է, որ Ակնա (Աղդամ) ճանապարհին ակցիան շարունակվում է, ճանապարհը մնում է փակ, և այս ճանապարհով ոչ մի մեքենա չի անցել։
Սակայն մեկ ժամ առաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը մտադիր է “գրոհել” Ասկերանը՝ իբր խաղաղ բնակիչների մասնակցությամբ խաղաղ երթի քողի ներքո։ Ակտիվիստները բոլորին կանգնեցրել են հավաքվելու ակցիայի վայրում։
Աղբյուրը նաև հայտնում է, որ երեկ ռուսական բեռնատարների հետ միասին հանրահավաքի վայր են եկել պետական բարձրաստիճան պաշտոնյաներ և պահանջել, որ ակտիվիստները թողնեն բեռնատարներն անցնեն և թույլ տան, որ «գոնե ադրբեջանական ալյուրից մի քիչ բերեն, այլապես սովից կմեռնեք»։
«Բայց մենք բաց չթողեցինք: Այս պաշտոնյաներին հետ են ուղարկել՝ բեռնատարների հետ միասին։ Կրկնում ենք, որ Լաչինի միջանցքն այլընտրանք չունի։ Մենք թշնամու օգնության կարիքը չունենք».
Նշենք, որ նախօրեին Արցախի անվտանգության և զարգացման ճակատը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ “տարակուսելի և անընդունելի էին, ընդամենը ժամեր անց, երեկոյան զարգացումները, երբ պարզվեց, որ ռուսական խաղաղապահները փորձել են ընդունել ադրբեջանական բեռը, իսկ նույն պահին ժամանած իշխանության ներկայացուցիչներն էլ հանդես են եկել նոր առաջարկով, ինչն, իհարկե, տեղում կասեցվել է, սակայն որոշում փոխելու պատասխանատվությունը այդպես էլ մնացել է անհասկանալի: Ո՞վ է արտոնել նման գործարքի իրականացումը` պարզ չէ, հստակ է միայն մի բան. մենք դատապարտում ենք ժողովրդի թիկունքում կատարվող ցանկացած գործողություն, որը խախտում է մեր սահմանած կարմիր գծերը, ինչպես նաև, հարվածում ռուսական խաղաղապահ առաքելության հեղինակությանը:
Ակնհայտ է, որ նման պատասխանատու որոշում կայացնելու իրավասություն ունի միայն երկրի Նախագահը, իսկ ժողովուրդն էլ իրավունք ունի հստակ իմանալու ընդունված որոշման մասին”։
Իսկ Հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանն իր էջում երեկ գրել է. «Գործող իշխանությունն ի վիճակի չէ երկիրը դուրս բերել այս ճգնաժամից։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և դրսից ստացված վտանգավոր ահազանգերը՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պարտավոր է օր առաջ հրաժարական տալ, հակառակ դեպքում մեզ նոր աղետ է սպասվում։ Հեռացիր, քանի դեռ ուշ չէ…»:
Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատի հայտարարությունը խաղաղապահների կասկածելի գործունեությունների մասին
/վիդեո/ Խնդրում ենք Ֆրանսիային վերացնել հումանիտար աղետի պատճառը՝ Բերձորի միջանցքի բլոկադան
Ստեփանակերտում երեկ կայացած ակցիայի մասնակիցները դիմում են Ֆրանսիային՝ նաեւ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ օգտագործել բոլոր լծակները՝ Բերձորի միջանցքի ապաշրջափակման համար։ Հումանիտար աղետը դրա հետեւանքն է, ասում են ակցիայի մասնակիցները։
Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի ենթադրում Ադրբեջանի որևէ ներկայություն Լաչինի միջանցքում
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանի հարցազրույցը ռուսական «The Moscow Times» առցանց պարբերականին
– Հնարավոր համարում եք, որ դիվանագիտական հարթակում Ստեփանակերտի և Երևանի ջանքերը կարող են ստիպել Բաքվին հեռացնել Լաչինի շրջանում տեղադրված հսկիչ անցակետը։ Ի՞նչ գործիքներ կան դրա համար։ Արդյոք հավատում եք, որ Բաքուն կենթարկվի որևէ պահանջի՝ առանց ուժային պարտադրանքի։
Լաչինի միջանցքի պարամետրերն ու շահագործման ռեժիմը սահմանված են 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ, որի 6-րդ կետով ամրագրված է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև անխափան ցամաքային կապը։ Լաչինի միջանցքի վերահսկողությունը վերապահված է բացառապես ՌԴ խաղաղապահ զորակազմին։ Սակայն պետք է ընդգծել, որ ադրբեջանական կողմի դիրքորոշումն ու գործողությունները լիովին հակասում են վերոնշյալ Եռակողմ հայտարարության թե՛ ոգուն, և թե՛ տառին։ Այս առումով հրատապ խնդիր է դառնում Եռակողմ հայտարարության շրջանակներում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների, այդ թվում՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ դրույթների՝ Ադրբեջանի կողմից խստիվ և անվերապահ իրականացման ապահովումը: Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է միավորել ոչ միայն Ստեփանակերտի և Երևանի, այլև՝ Եռակողմ հայտարարության այն մասնակիցների ջանքերը, ովքեր իսկապես շահագրգռված են կայունության ապահովման և սահմանված պարտավորությունների պահպանման հարցում։
Բացի այդ, միջազգային դերակատարները, որոնք ողջունել են Եռակողմ հայտարարությունը և այժմ այն դիտարկում են որպես տարածաշրջանային անվտանգության ներկայիս ճարտարապետության հիմնաքար, նույնպես պետք է իրենց ներդրումն ունենան տարածաշրջանում կայունության ապահովման գործում:
2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված Եռակողմ հայտարարությունը չի ենթադրում Ադրբեջանի որևէ ներկայություն Լաչինի միջանցքում, առավել ևս՝ վերջինիս կողմից որևէ վերահսկողական գործառույթի իրականացում։ Այս տեսակետը 2023 թվականի փետրվարի 28-ին վերահաստատել է ՌԴ արտաքին գործերի նախարարը, որն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո հստակ ընդգծել է, որ Եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքում հսկիչ անցակետերի տեղադրում նախատեսված չէ: Արդարադատության միջազգային դատարանի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումները հաստատում են Ադրբեջանի պարտավորությունը՝ «ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով», ինչը բացառում է Լաչինի միջանցքում անցակետի առկայությունը։
Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր՝ նախ «բնապահպանական բողոքի ակցիայի» պատրվակով, իսկ այնուհետև Եռակողմ հայտարարության խախտմամբ ապրիլի 23-ին միակողմանիորեն անցակետ տեղադրելով՝ Ադրբեջանը հետևողականորեն փորձում է խզել Արցախի ժողովրդի և Հայաստանի միջև առկա բնական խորը կապերը, զրկել նրան ինքնությունից, ինքնաբավությունից և զարգացման հնարավորություններից։ Ադրբեջանը հետևողական և համակարգված կերպով ստեղծում է անտանելի կենսապայմաններ Արցախում, որպեսզի ստիպի Արցախի ժողովրդին ընդունել իր վերջնագրային պահանջները։
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը և սովի ու հարկադրանքի միջոցով Արցախի ժողովրդին սեփական դիրքորոշման պարտադրումը պաշտոնական Բաքվի ցեղասպանական քաղաքականության մաս են կազմում։ Հետևաբար, մենք բարձրաձայնում ենք ցեղասպանության հանցագործության կանխարգելման գործում միջազգային հանրության և, առաջին հերթին, համաշխարհային դերակատարների պատասխանատվության մասին և ելնում ենք նրանից, որ տվյալ պետություններն ու կազմակերպություններն ունեն համապատասխան ռեսուրսներ և գործիքակազմ՝ մարդկության դեմ նման հանցագործությունը կանխելու համար։ Հուսով ենք, որ նրանք կօգտագործեն իրենց հնարավորությունների ողջ զինանոցը՝ աղետալի հետևանքներից խուսափելու համար։
Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ ցեղասպանության կանխարգելումը ոչ միայն միջազգային հանրության բոլոր անդամների իրավունքն է, այլ նաև պարտավորությունը։
– Ստեփանակերտում կա՞ պաշտոնյաների որոշակի խումբ, որը պատասխանատու է ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու համար։
2020 թվականին ռազմական գործողությունների ավարտից ի վեր՝ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ, արցախյան և ադրբեջանական կողմերի միջև պարբերաբար անց են կացվել հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են մի շարք տեխնիկական և հումանիտար հարցեր, այդ թվում՝ կենսական նշանակության ենթակառուցվածքների վերականգնման վերաբերյալ։
Ինչ վերաբերում է քաղաքական հարցերի քննարկմանը, այդ թվում՝ կապված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման հետ, մենք մշտապես ընդգծել ենք համաձայնեցված միջազգային ձևաչափի անհրաժեշտությունը, որի շրջանակներում հնարավոր կլինի ձեռնամուխ լինել փոխընդունելի, հավասարակշռված լուծումների որոնմանը, որոնք կապահովեն կայուն, արդար և արժանապատիվ խաղաղություն:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, երկրի այլ լիազոր կառույցների հետ համագործակցությամբ, մշակում և Հանրապետության Նախագահի դիտարկմանն է ներկայացնում բանակցային գործընթացի վերաբերյալ համապատասխան առաջարկություններ, նկատառումներ և դիրքորոշումներ։
Բացի այդ, առանցքային հարցերի շուրջ քննարկումներ են անցկացվում նաև տարբեր քաղաքական ուժերի և պատասխանատու անձանց մասնակցությամբ, որից հետո կայացվում են համապատասխան որոշումներ։
– Որո՞նք են Արցախի ղեկավարության կարմիր գծերն այդ բանակցություններում: Ձեր գերատեսչությունն արդեն նշել է, որ Ադրբեջանի տարածքում հանդիպումներն առանց երրորդ կողմի ներկայության ձեզ համար անընդունելի են: Ի՞նչ կասեք բանակցությունների օրակարգի մասին: Ի՞նչ եք պատրաստ քննարկել և ինչը՝ ոչ:
Արցախի ժողովուրդն ու իշխանությունները բոլորից լավ գիտեն ինչպես խաղաղության, այնպես էլ՝ պատերազմի գինը: Մենք պատրաստ ենք քննարկել բարդ և ցավոտ հարցերի ողջ շրջանակը՝ պայմանով, որ բանակցությունների ընթացքն ու արդյունքը չպետք է կանխորոշված լինեն: Իսկ հաշվի առնելով, որ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի թե՛ անհատական, թե՛ հավաքական իրավունքների բազմաթիվ խախտումներ են տեղի ունենում, պետք է հստակ միջազգային երաշխիքներ սահմանվեն Արցախի ժողովրդի իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի իրացման համար:
– Ինչպե՞ս եք վերաբերվում Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի առաջարկներին, ով պնդում է բանակցությունների իր տեսլականի վրա:
Դիրքորոշումների և որոշումների մշակման գործընթացում Արցախի Հանրապետության իշխանությունները մշտապես հաշվի են առնում տարբեր քաղաքական ուժերի և հասարակական գործիչների առաջարկներն ու տեսակետները: Հանրապետության նախագահը բազմիցս և հրապարակայնորեն հայտարարել է, որ եթե քաղաքական ուժերից կամ այլ գործիչներից որևէ մեկն ունի առաջարկներ կամ ստեղծված բարդ իրավիճակից ելքի տեսլական, ապա իշխանությունները պատրաստ են քննարկելու բոլոր ողջամիտ առաջարկները կառուցողական համագործակցության շրջանակներում՝ պետության ու ժողովրդի ընդհանուր նպատակներին հասնելու համար:
– Ձեզ համար սկզբունքորեն ընդունելի՞ է «Ղարաբաղի հայերի ինտեգրում» եզրույթի կիրառումը, որն օգտագործում է Ադրբեջանը:
Նախ, պետք է ընդգծել, որ Ադրբեջանն օգտագործում է «ինտեգրում» եզրույթը՝ քողարկելու Արցախի ժողովրդի բռնի հպատակեցման և պատմական հայրենիքից նրա հետագա վտարման ներկայումս իր կողմից իրականացվող քաղաքականությունը: Հետևաբար, եզրույթների գնահատումն անհնար է առանց հաշվի առնելու այն նպատակները, որոնց համար դրանք օգտագործվում են։
Կարծում ենք, որ ավելի ճիշտ է խոսել փոխընդունելի և հավասարակշռված ձևակերպումների որոնման մասին, որոնք ուղղված կլինեն կայուն ու արդար որոշումների մշակմանը և կծառայեն խաղաղության շահերին:
Բունդեսթագի հանձնաժողով․ Մեզ անհրաժեշտ է ԵԽ «փաստահավաք» առաքելություն Լեռնային Ղարաբաղում։
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ռոթը «X»-ի (նախկինում «Թվիթեր») իր միկրոբլոկում գրել է, որ հունիսի կեսերից Ադրբեջանը արգելափակել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ օգնության բոլոր մատակարարումները։
« Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի և էթնիկ զտման իրական վտանգ կա: Ադրբեջանն այսպիսով վտանգում է Հայաստան-Ադրբեջան փխրուն խաղաղության գործընթացը և անվտանգությունը Հարավային Կովկասում։ ԵՄ-ն և Գերմանիան չպետք է լռեն: Ադրբեջանը պետք է անհապաղ վերացնի շրջափակումը։ Մեզ անհրաժեշտ է ԵԽ «փաստահավաք» առաքելություն Լեռնային Ղարաբաղում։ Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA) պետք է ուժեղացվի և տարածվի նաև Ադրբեջանի պետական տարածքի վրա»,- գրել է Ռոթը։
Պատրիկ Կարամը Միջազգային քրեական դատարան բողոք կներկայացնի Իլհամ Ալիևի դեմ
Ֆրանսիական դիվանագիտությունը պետք է դուրս գա իր հարմարավետության գոտուց և սկսի գործել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գորիսում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի անդամ Պատրիկ Կարամը, որը Ֆրանսիայի մի շարք շրջանների ներկայացուցիչների հետ ժամանել է Հայաստան դեպի Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով:
Պատրիկ Կարամը փոխանցեց նաև Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի ողջույնը Արցախի նախագահին։
«Ուզում եմ հավելել նաև, որ ես դիմել եմ իմ փաստաբանին, ով Միջազգային քրեական դատարանում հավատարմագրված է, որպեսզի նա Ադրբեջանի նախագահ Ալիևի դեմ բողոք ներկայացնի: Նպատակն է թիրախավորել հենց նախագահին, հենց Ալիևին. նա է բռնակալը և հենց նրա դեմ մենք պետք է պայքարենք»,- ասաց Պատրիկ Կարամը:
Փարիզյան նախաճաշ առանց կրուասանների. Ֆրանսիան հաղթեց “Բերձորի ճակատամարտում”
Օգոստոսի 30-ը շատ բան բացահայտեց տարածաշրջանային և մեծ աշխարհաքաղաքական դասավորվածության մեջ։ Թեև Ստեփանակերտում շատերը կատակում էին, թե, ավաղ, նախաճաշին չեն ստացել սպասված ֆրանսիական կրուասանները, սակայն Ֆրանսիայի մարդասիրական ավտոշարասյունը Ֆրանսիայի խոշոր քաղաքների քաղաքապետերի ուղեկցությամբ մի քանի ժամում կոտրել է խնամքով կառուցված կաղապարները և ստիպել արցախցիներին հաղթահարել պարտադրված թերահավատությունը։
Արցախում տեղի ունեցան երախտագիտության ինքնաբուխ ակցիաներ՝ ուղղված Ֆրանսիային։ Արցախցիները հիշել են ֆրանսիական վայրերը Ստեփանակերտում՝ Շառլ Ազնավուրի կենտրոնը, ով, այնուամենայնիվ, կարողացել է այցելել Արցախ։ Արցախ-ֆրանսիական կապերը պատերազմից հետո խնամքով ջնջվում էին, մտցվում էր այն թեզը, որ աշխարհում ոչ ոք չի մտածում Արցախի մասին, և միայն Ռուսաստանն է փրկիչը։
Ֆրանսիայի մարդասիրական շարասյունը և տարբեր կուսակցություններ ներկայացնող քաղաքապետերի, սենատորների և ֆրանսիացի քաղաքական գործիչների մամուլի ասուլիսը կոտրեցին այս միֆը։ Աշխարհը մտածում է Արցախի և Հայաստանի մասին, իսկ Ռուսաստանը փրկիչ չէ։ Արցախի նախագահը ստիպված է եղել տեսակապով կապվել ֆրանսիացի քաղաքական գործիչների հետ և հրապարակավ շնորհակալություն հայտնել Ֆրանսիային։ Դա արել է Ֆրանսիայի շարասյունը ուղեկցող Արցախի արտգործնախարարը և Արցախի խորհրդարանի Արցախ-Ֆրանսիա բարեկամության խումբը։
Ֆրանսիացի քաղաքապետերը չեն հիշատակել Ակնայից եկող ճանապարհը՝ ցույց տալով, որ Ֆրանսիան չափազանց մեծ ձուկ է՝ Բաքվի և Մոսկվայի փոքրիկ խայծը կուլ տալու համար։
Մարիա Զախարովայի հայտարարությունը, թե Ֆրանսիան, իհարկե, լավն է, բայց Փարիզը պետք է հաշվի առնի նաև Բաքվի շահերը, լիովին ցույց տվեց Մոսկվայի վերաբերմունքը։ Դեռ մինչ այդ ռուսական զորքերը փորձում էին “բրդել” Ակնից բերվող “հումանիտար” բեռը՝ ի կատար Լավրով-Ալիեւ «սկզբից ճանապարհ Ակնից, իսկ մեկ օր անց՝ Լաչինի միջանցքը» պլանի։
Ֆրանսիան ստիպեց Արցախի ժողովրդին չտրվել սադրանքներին և թույլ չտալ Ակնայից ապրանքների մուտքը։ Նախ քաղաքացիները խիզախ կնոջ՝ Հերմինե Խաչատրյանի կոչով, գնացին Ասկերան-Ակնա ճանապարհ և հայտարարեցին, որ չեն թողնի թշնամական բեռն անցնի։ Փոխվել է նաև վերաբերմունքը ռուս խաղաղապահների նկատմամբ՝ քաղաքացիները սկսեցին կանգնեցնել ռուս խաղաղապահներին, ովքեր իրենց տեր էին զգում Արցախում։ Արցախցիները ստուգել են խաղաղապահների մեքենան «կասկածելի անձանց» ներկայության պատճառով, իսկ երեկոյան խաղաղապահների մեքենաները թույլ չեն տվել գնալ Ակնա՝ կասկածելով, որ այդ մեքենաները ադրբեջանական բեռներ կբերեն Արցախ։ Սա մեր հողն է, իսկ այստեղ տերը մենք ենք, ասացին արցախցիները։
Խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ քաղաքական որոշում է կայացվել Ակնայից բեռներ չթողնել և բանակցել միայն Բերձորի ճանապարհի համար, և դա նույնպես պատահական չէ։
Բաքուն և Մոսկվան չթողեցին ֆրանսիական օգնությունն հասնի Արցախ և հասան ֆրանսիական բոլոր կուսակցությունների՝ նախագահ Մակրոնին ուղղված կոչին՝ շտապ բանաձեւ ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ Դա կարող է լինել հումանիտար ինտերվենցիայի վերաբերյալ բանաձեւ, որի վրա Ռուսաստանը, հնարավոր է, չկարողանա վետո դնել:
Բերձորի միջանցքի բացումն իր արտատարածքային կարգավիճակով՝ 5 կմ լայնությամբ, որին փորձում է հասնել Ֆրանսիան, կխթանի բազմաթիվ խնդիրների լուծում՝ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում։ Ֆրանսիան բարձրացնում է ոչ միայն հումանիտար, այլեւ քաղաքական հարցեր։ Դեռևս 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատները կոչ էին անում կառավարությանը ճանաչել Արցախի անկախությունը և վերադառնալ 1994 թվականի սահմաններին։ Կառավարությունը կարող է լսել խորհրդարանին, համոզվելով, որ այլ ելք չկա։
Արցախը, որը իր երախտագիտությունն է հայտնել Ֆրանսիային և կոտրել “Ռուսաստանին այլընտրանք չունենալու» միֆը, կարող է դիմել Ֆրանսիային՝ խնդրելով ճանաչել Արցախի անկախությունը և խաղաղապահ զորքեր մտցնել։