Month: Օգոստոս 2023
Հայաստանում ԵՄ առաքելությունը հերքում է Բաքվի ԱԳՆ հայտարարությունը
Հայաստանում ԵՄ առաքելությունը հայտարարել է, որ ամենօրյա պարեկության արդյունքում չի նկատել ռազմական տեղաշարժ կամ զորքերի կուտակում հատկապես Լաչինի միջանցքի մուտքի մոտ, այդպիսով հերքելով Բաքվի ԱԳՆ հայտարարությունը սահմանին զորքերի կուտակման վերաբերյալ:
«ՀՀ-ում ԵՄ առաքելությունը ամենօրյա ռեժիմով դիտարկում է ռազմական եւ անվտանգային իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Տեղում հավաքված ինֆորմացիայի համաձայն, մենք չենք տեսնում որեւէ անսովոր տեղաշարժ կամ զորքերի կուտակում հատկապես Լաչինի միջանցքի մուտքի մոտ: Առաքելությունը շարունակում է իրականացնել պարեկություն տվյալ տարածքում»:
Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել
Օգոստոսի 14-ին` ժամը 19։50-ի սահմաններում, Բաքվի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել է զինծառայող Ս. Դ.-ն, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծանր։
Արցախի առողջապահության նախարարությունը դիմել է Կարմիր խաչին՝ հեմոդիալիզ ստացող հիվանդներին Հայաստան տարհանելու համար
Պայմանավորված Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար պաշարման պատճառով դեղորայքի և բժշկական պարագաների աճող սուր սղությամբ՝ Արցախի առողջապահության նախարարությունը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ տարհանելու հեմոդիալիզ ստացող հիվանդներին Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ, այլապես բժշկական պարագաների վերջանալուց շուրջ մեկ շաբաթ անց այդ հիվանդները կմահանան:
Արցախի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում շարունակաբար ծրագրային հեմոդիալիզ էր ստանում ընդհանուր 41 հիվանդ, որոնցից 19-ը վերջին օրերին տարհանվել է Հայաստանի Հանրապետություն ԿԽՄԿ կողմից, ևս 10-ի տարհանումը տեղի կունենա վաղը:
Թեև բոլորին է առաջարկվել տարհանման հնարավորությունը, սակայն 41 հիվանդից 12-ը հրաժարվել է մեկնել Արցախից:
«Մենք ստիպված ենք գնացել հիվանդներին տարհանելու քայլին, քանի որ շուրջ երկու շաբաթվա ընթացքում կվերջանան հեմոդիալիզի համար անհրաժեշտ բժշկական պարագաները: Հեմոդիալիզի հնարավորության բացակայության պայմաններում հիվանդների օրգանիզմում կտրուկ կերպով կբարձրանա ազոտի մակարդակը՝ միջինը մոտ մեկ շաբաթից անխուսափելիորեն հանգեցնելով նրանց մահվան: Արցախի լիակատար պաշարումը ազդել է սուր և քրոնիկ երիկամային անբավարարության տերմինալ փուլում գտնվող մարդկանց կյանքի վրա նաև հատուկ սննդակարգին հետևելու հնարավորության բացակայությամբ, ինչը լրացուցիչ վտանգներ է առաջացրել նրանց կյանքի ու առողջության համար»,- նշել է անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Ք. Ավագիմյանը:
«Ես պառկած հիվանդ եմ, խնամակալ ունեմ տանը: Ես էլ եմ ուզում ապրել, ինձ նմաններն էլ են ուզում ապրել: Խնդրում եմ աշխարհին օգնել ղարաբաղցիներին, օգնել դիալիզ ստացող և մնացած ծանր հիվանդներին ոտքի կանգնել: Ես այս դրությամբ չեմ կարող գնալ Երևան բուժման նպատակով, որովհետև ես ուզում եմ՝ գամված սայլակին մեռնել Արցախում և թաղվել իմ գերեզմանոցում»,- նշել է 64-ամյա Վերա Հովսեփյանը, ով շաքարային դիաբետ հետևանքով կորցրել է տեսողությունը, չի կարողանում քայլել և հինգ տարի շարունակ ստանում է հեմոդիալիզ:
Երբ երիկամների ֆունկցիայի ընկճումը դառնում է կյանքի համար վտանգավոր, որպես երիկամփոխարինող բուժում իրականացվում է դիալիզ, կամ երիկամի փոխպատվաստում: Դիալիզը երիկամփոխարինող բուժական մեթոդ է, որի հիմքում կիսաթափանցիկ թաղանթի միջոցով արյան մեջ կուտակված նյութափոխանակության արգասիքների հեռացումն է։ Այն կիրառվում է սուր և քրոնիկ երիկամային անբավարարության տերմինալ փուլում, երբ երիկամներն այլևս չեն կատարում իրենց գործառույթը։
Արդեն տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանի կողմից բացարձակապես արգելվում է Կարմիր խաչի մեքենաներով խիստ անհրաժեշտ դեղորայքի և բժշկական պարագաների մատակարարումը Արցախ: Արդյունքում, կյանք փրկող և այլ խիստ անհրաժեշտ դեղատեսակներն ու պարագաները գնալով ավելի ու ավելի շատ են բացակայում՝ հանգեցնելով մարդկային մահերի ու առողջական վիճակի վատթարացման»:
Աղդամ-Լաչին գործարքի ձախողումը հանգեցնում է հռետորաբանության սրման
Այն բանից հետո, երբ, ըստ «Կոմերսանտ» թերթի, Լավրովի առաջարկած «աղդամ-լաչին» գործարքը ձախողվեց, և Հայաստանը դիմեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, տեղեկատվական ոլորտում նկատելիորեն ավելացավ էսկալացիան։
Բաքուն տեղեկատվություններ է տարածում, թե իբր հայկական կողմից ուժեր են լուտակվում սահմանի մոտ, և «Ադրբեջանն իրեն իրավասու է համարում պաշտպանել իր տարածքը»։ Բաքվի մամուլում “քսի են տալիս”. «ժամանակն է հակաահաբեկչական գործողություն իրականացնել, քանի որ հայերը սովից չեն մեռնում, ծնկաչոք Աղդամի հաց չեն խնդրում, նույնիսկ դիմում են ՄԱԿ»։
Թուրքիան միացավ տեղեկատվական հարձակմանը` կոչ անելով Հայաստանին «աջակցել» Աղդամի ճանապարհի օգտագործմանը, «ձեռնպահ մնալ սադրիչ քայլերից», ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաև «աջակցել հայ բնակչության ինտեգրման հարցում Ադրբեջանի ջանքերին»:
Չնայած, որ Թուրքիայի ԱԳՆ-ն ուղղակի սպառնալիքներ չի հնչեցրել, սակայն հայտարարել է, որ «հասկանում է Ադրբեջանի օրինական մտահոգությունները»։
Բաքուն հայտարարում է, որ «Ադրբեջանի տարածքում ապօրինաբար տեղակայված հայկական զինված ուժերը վերջին շաբաթների ընթացքում ակտիվացրել են ռազմաինժեներական աշխատանքները և այլ ռազմական գործողությունները, ինչը միջազգային իրավունքի, ինչպես նաև Հայաստանի պարտավորությունների լուրջ խախտում է»։
«Նման ապատեղեկատվություն տարածելով՝ Ադրբեջանը տեղեկատվական հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար»,- ասված է Արցախի ՊԲ հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի տարածած ապատեղեկատվության վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ կեղծ տեղեկատվության տարածումը վկայում է տարածաշրջանում իրավիճակը սրելու Ադրբեջանի մտադրության մասին։
Իր հերթին Հայաստանում ԵՄ առաքելությունը հայտարարել է. «Ըստ տեղերից ստացված տեղեկատվությունների՝ մենք չենք արձանագրում անկանոն ռազմական տեղաշարժեր կամ շինարարական աշխատանքներ, հատկապես Լաչինի միջանցքի մուտքի մոտ»:
Միաժամանակ տեղեկություններ հայտնվեցին, որ ռուս խաղաղապահները Բաքվի հետ պայմանավորվածությամբ Հայաստան են տեղափոխել Արցախում գտնվող իրենց բազայի քաղաքացիական աշխատակիցներին։ Արցախի նախագահի մամուլի քարտուղարը չհերքեց այս տվյալները՝ նշելով միայն, որ ռուս խաղաղապահներն իրենց տեղաշարժերը չեն համաձայնեցնում Արցախի իշխանությունների հետ։
Տեղեկություններ կան նաև, որ ռուս խաղաղապահների հրամանատարությունը տագնապային լուրեր է տարածում՝ Ռուսաստանի քաղաքացիություն ունեցողներին առաջարկելով «տարհանել» Արցախից։
Սոցիալական ճաշարանը չի համապատասխանում մեր մտածելակերպին. կարծիքները տարբեր են
Ստեփանակերտում «Սոցիալական ճաշարանի» ստեղծման մասին հայտարարությունները միանշանակ չէին ընդունվել. ինչ-որ մեկին դուր եկավ այդ գաղափարը, բայց շատերը դա համարեցին ժողովրդի հերթական նվաստացում: Ինչ-որ մեկը մեղմ ասում է, որ «սա հակասում է արցախյան մտածելակերպին», իսկ մյուսն ուղղակիորեն հայտարարում, որ «սա ծաղր է ժողովրդի նկատմամբ»։ Կային նաև նրանք, ովքեր դա համարեցին սովի մատնված մարդկանց փրկելու միջոց, իսկ ընդդիմությունը հայտարարեց, որ «սա ծառայություն է թշնամուն՝ Արցախի ժողովրդի սպիտակ ցեղասպանության գործում»։
Օգոստոսի 13-ին «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հասարակական շարժման հետ համագործակցությամբ, հայտարարություն է տարածել, որ օգոստոսի 15-ից սկսվելու է «Սոցիալական ճաշարան» բարեգործական ծրագիրը՝ օրը մեկ անգամ անչափահասները, տարեցները և հղիները կարող են ճաշել Park Hotel-ում։ Գործակալությունը և Ճակատը ստեղծել է Ռուբեն Վարդանյանը, ճաշասենյակի տարածքը տրամադրում է Դաշնակցության անդամներինի հետ կապված հյուրանոցը։
Դատելով հավանումներից ու մեկնաբանություններից՝ «ճաշարանի» հակառակորդներն ավելի շատ են, քան կողմնակիցները։
Ավելի քան մեկ օր առաջ հրապարակված «Սոցիալական ճաշարան» նախագծի մեկնարկի մասին հայտարարությունը հավանել է 110 մարդ, մեկնաբանել՝ 13, կիսվել՝ մինչև 190 օգտատերերի կողմից։ Մինչդեռ փաստաբան Ժաննա Արզումանյանի հրապարակումը ուղիղ եթերից մեկ օր անց դիտել է մինչև 700 մարդ, մեկնաբանել է հիմնականում համաձայնությամբ՝ մինչև 400 օգտատեր և կիսվել՝ 698-ով։ Ընդամենը մի քանի ժամում ընդդիմադիր Արթուր Օսիպյանի ուղիղ հեռարձակումը դրական է գնահատել 272 հոգի, կիսվել՝ 117, մեկնաբանել՝ 26։
Իր ուղիղ եթերում փաստաբանը «Սոցիալական ճաշարան» նախագիծն անվանել է ժողովրդի խայտառակություն և նվաստացում։ «Վարվեք արժանապատվորեն. եթե ձեր սիրտը շատ է ցավում երեխաների, հղիների, տարեցների համար, բաժանեք նրանց այս ապրանքները։ Եթե ունեք նման հնարավորություններ, ուրեմն մարդկանց տրամադրեք, մեքենաներ տրամադրեք գյուղերից սնունդ բերելու համար։ Մինչ այսօր մենք բոլոր փորձություններին դիմակայել ենք, իսկ հիմա ուզում եք մեզ համակենտրոնացման ճամբարի գերինե՞ր դարձնել։ Էլ ի՞նչ նվաստացումներ եք պատրաստում մեզ համար։ Ինձ շատ հետաքրքիր է, ո՞ւմ գաղափարն է սա: Թող այնտեղ կերակրեն իր հարազատներին ու երեխաներին, որոնք վաղուց Արցախում չեն»։
Արզումանյանը դիմել է նախագահ Հարությունյանին՝ «միջոցներ ձեռնարկել և թույլ չտալ, որ ինչ-որ մեկն իր նախագծերով ստորացնի ժողովրդին, քանի որ ժողովրդի համբերությունն անսահման չէ»։
Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը կարծում է, որ սրճարանային նախագծի հեղինակները կատարում են թշնամու ծրագիրը, և նրանց նպատակն է մարդկանց նստեցնել մուրացկանների սեղանի շուրջ, կերակրել ըստ անձնագրի, որպեսզի Ալիևը ծափ տա ու միջազգային հանրությանը ներկայացնի. տեսեք, ես այս մարդկանց կերակրում եմ սրճարանում՝ Ռուբեն Վարդայանի միջոցով, նրանք շրջափակման մեջ սովամահ չեն լինում։
«Վարդանյանական թիմի գործողություններն ուղղված են Արցախի ապաշրջափակմանն ուղղված հասարակական պայքարը տապալելուն։ Օրինակ՝ միջանցքի ապաշրջափակման շարժումը պահանջում է, որ ռուսներն իրենց ուղեկցեն երթի ժամանակ, իսկ վարդանյանականները գոռում են, որ խաղաղապահներին ենք ուզում քշել։ Ռուբեն Վարդանյանի թիմը խուճապ ու վախ է ուզում սերմանել մարդկանց մեջ՝ խեղաթյուրելով ու սուտ տեղեկություններ տարածելով»։
Օսիպյանը կոչով դիմեց գործող իշխանություններին՝ դրամական օգնություն ցուցաբերել շրջափակման հետևանքով տուժած ընտանիքներին, իսկ Ռուբեն Վարդանյանի կողմից ճաշարանի համար հատկացված ապրանքները տեղափոխել խանութներ և բնակչությանը տրամադրել կտրոններով։
«Սոցիալական ճաշարանը», դատելով հայտարարությունից, վաղվանից պետք է սկսի աշխատել։ Կառավարությունը դեռևս չի մեկնաբանել այս իրադարձությունը։ Նախագահին առընթեր հակաճգնաժամային խորհրդում կարծում են, որ իշխանությունները պետք է լսեն դժգոհությունը և միջամտեն։
Այնուամենայնիվ, կան նաև մեկնաբանություններ, որ ճաշարանը կաշխատի՝ լրատվամիջոցներում գեղեցիկ նկարի համար։
Կա՛մ օրապահիկների տրամադրում՝ մինիմալ սննդով, կա՛մ դասաժամերի խտացում, կա՛մ էլ անցում հիբրիդային կրթություն
Գրեթե երկու շաբաթից արդեն սեպտեմբեր է, ինչը նշանակում է, որ ավարտվում են ամառային արձակուրդները և սկսվում է նոր ուսումնական տարին:
Արցախում ուսումնական տարվան նախապատրաստությունը ընթանում է մեծ դժվարությամբ: Այս ամենին ավելանում է տարրակարծությունը, թե արդյո՞ք նման պայմաններում պետք է սկսվի ուսումնական տարին, թե՞ ոչ:
Մենք փորձել ենք հենց դպրոցականների ծնողներից ճշտել, թե ո՞ր տարբերակն է նախընտրելի նրանց համար: Մ.Մ և Վ.Պ-ը, ում երեխաները այս տարի պիտի հաճախեն 1 դասարան, նշել են, որ անհամբեր սպասում են ուսումնական տարվա սկզբին, քանի որ ուսումը երեխաների համար կենսական նշանակություն ունի։ Իսկ այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է առանց տրասպորտ դպրոց հաճախել, նշել են, որ գոնե այս մասով մի քիչ հեշտ է ինքնակազմակերպվելը, քանի որ գրեթե բոլոր թաղամասերում դպրոցներ կան:
Մ.Մ նաև հավելեց, որ հնարավորության դեպքում անհրաժեշտ է դպրոցներոմ գոնե մինիմալ ռեսուրսներով ճաշարաներ ներդրվեն, քանի որ կան ընտանիքներ, որոնք սննդի հետ կապված լուրջ խնդիրների հետ են բախվել, և պարզ է, որ թերսնված երեխան չի կարող նորմալ ուսանել:
Ըստ հարցման արդյունքների՝ ծնողների մեծամասնությունը հակված է ուսումնական տարվա մեկնարկին, սակայն կան նաև ծնողներ, որոնք դեմ են և որպես պատճառ նշում են սննդի պակասը:
Ըստ Օ.Ծ-ի՝ այս պայմաններում, երբ չկա նորմալ սնունդ նույնիսկ երեխայի նախաճաշը կազմակերպելու համար, և դպրոցում էլ, ամենայն հավանականությամբ, սնունդ չի տրամադրվելու և ոչ էլ վաճառվելու, երեխաները ուղղակի ի վիճակի չեն լինելու նորմալ դպրոց հաճախել, ոչ էլ նորմալ ուսում են ստանալու:
Հավելենք նաև, որ այս պահին իհարկե իրավիճակը կրիտիկական է, և եթե տրանսպորտի հարցը հնարավոր է լուծել՝ օգտագործել հեծանիվներ, կամ ուղղակի քայլել, ապա սննդի հարցի լուծումը առավել դժվար է:
Մենք բոլորս հաճախել ենք դպրոց և հասկանում ենք, որ 5-6 ժամյա դասերի դեպքում անհնար է չունենալ սննդի ընդմիջումներ, և բոլորիս փրկում էին դպրոցական ճաշարանները կամ տնից բերված սնունդը: Պարզ է, որ հիմա Արցախի աշակերտների մեծամասնությունը զրկված են այդ հնարավորությունից, ինչն անհետևանք չի մնալու նաև ուսման որակի համար:
Այս պարագայում մինչև ուսումնական տարվա մեկնարկը ԱՀ կառավարությունը և մասնավորապես ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը պետք է հետամուտ լինեն նաև այս խնդրի լուծմանը, ինչը ենթադրում է կա՛մ օրապահիկների տրամադրում՝ մինիմալ սննդով, կա՛մ դասաժամերի խտացում, կա՛մ էլ անցում հիբրիդային կրթության:
Բաքուն խոսեց երկրորդ տարբերակի մասին
Այսպես կոչված ազերբայդժանի ԱԳՆ ՄԱԿ ԱԽ-ին Հայաստանի դիմումի կապակցությամբ սպառնացել է ռազմական գործողություններով, նշելով, որ «միջազգային հանրության համարժեք արձագանքը Հայաստանի սադրանքներին առավել քան երբևէ կարևոր են Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման և տեղի հայկական ծագման բնակիչների՝ Ադրբեջանի քաղաքական, իրավական և սոցիալ-տնտեսական շրջանակներին վերաինտեգրման գործընթացի առջև ծառացած դժվարությունները հաղթահարելու համար»։
«Հայաստանը օգոստոսի 5-ին խախտել է Աղդամ-Խանքենդի ճանապարհի օգտագործման եւ Եվլախում Ղարաբաղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման կազմակերպման պայմանավորվածությունը (Լավրովի առաջարկը, ըստ Կոմերսանտ թերթի «բացահայտման»․ Լրագիր)։ Եթե Հայաստանը եւ նրա «ինքնահռչակ սուբյեկտը» կատարեին այդ պայմանավորվածությունները, հարցը կլուծվեր օգոստոսի սկզբին՝ ղարաբաղյան շրջանի բնակիչներին հումանիտար բեռների առաքման ընդունելի շրջանակների, ինչպես նաեւ մարդկանց, բեռների եւ տրանսպորտային միջոցների երթեւեկության ուղիների հեշտացման ապահովմամբ», ասվում է ազերբայդժանի ԱԳՆ հայտարարության մեջ։
ազերբայդժանի ԱԳՆ նշելով, թե Հայաստանը «իր տարածքային հավակնությունները չի դադարեցրել եւ ազերբայդժանի հետ սահմանի երկայնքով հերթական ռազմական արկածախնդրության նպատակով սպառազինության եւ զորակազմի լայնամասշտաբ կուտակումներ է անում», հայտարարում է․ «ազերբայդժանը իրեն իրավունք է վերապահում պաշտպանել իր ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը բոլոր օրինական միջոցներով, որոնք նախատեսված են ՄԱԿ Կանոնադրությամբ եւ միջազգային իրավունքի այլ համընդհանուր փաստաթղթերով»։
Նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել էինք ազերբայդժանի ԱԳՆ հայտարարությանը Կոմերսանտի հրապարակման կապակցությամբ, արձանագրելով, որ Նիկոլ Փաշինյանն ու իր անմիջական ենթակա Իլխամ Ալիեւը ակնհայտ ճգնաժամի մեջ են հայտնվել․ միջանցքի կամավոր բացման այլընտրանքը Բերձորի գրոհն է Գորիսի կողմից կամ, որպես եւս մեկ տարբերակ՝ կոտորածի կազմակերպումը Բաքվից: Երեքն էլ, սակայն, կնշանակեն 2018 թվականի առաջադրանքի անշնորհք տապալում: Նկատենք նաեւ, որ Բաքվի ԱԳՆ, ինչպես նախորդ անգամ, այս հայտարարության մեջ էլ սուբյեկտի մակարդակի է բարձրացնում Արցախի Հանրապետությունը (տես այստեղ)։
ազերբայդժանի ԱԳՆ հայտարարություններն այս իրողությունների վկայությունն են։ Բաքուն ՀՀ կառավարության նիստում Նիկոլի ելույթի ծիրում եւ ռուսների «աղդամյան այլընտրանքի» երաշխավորությամբ խոսում է երկրորդ տարբերակի մասին, միեւնույն ժամանակ վստահություն հայտնելով, որ ՄԱԿ ԱԽ չի աջակցի Հայաստանի դիմումին։ Նշենք, որ ՀՀ դիմումի մեջ բացակայում է ՄԱԿ խաղաղապահների ներգրավման եւ Բերձորի միջանցքը ազերբայդժանի ռազմական ու ոստիկանական ուժերից մաքրելու պահանջը։
Արցախում բնակչության բնական աճն ավելացել է 18․8 տոկոսով
Արցախում բնական աճը ընթացիկ տարվա յոթ ամսվա տվյալներով 18,8 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշին: Այս մասին տեղեկացնում են Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից՝ հավելելով, որ չնայած 2023 թվականի 7 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծնունդների թիվը նվազել է 7,9 տոկոսով, իսկ մահվան դեպքերը՝ 23, 6 տոկոսով, այնուամենայնիվ, բնական աճը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը:
Հաշվետու ժամանակահատվածում շուրջ 25 տոկոսով նվազել է ամուսնությունների թիվը, իսկ 9,1 տոկոսով՝ ամուսնալուծությունների:
Բաքուն տեղեկատվական հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար․ Արցախի ՊԲ
Բաքվի լրատվամիջոցները կեղծ տեսանյութեր եւ սուտ տեղեկություններ են տարածում այն մասին, թե իբր ՊԲ-ն տարատեսակ ռազմական տեխնիկա է տեղաշարժում եւ կենտրոնացնում շփման գծի տարբեր ուղղություններում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՀ պաշտպանության բանակը:
Ըստ ՊԲ-ի՝ այդօրինակ ապատեղեկատվության տարածմամբ, Բաքուն տեղեկատվական հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար:
Բաքվի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացրել հայ-ադրբեջանական սահմանին, չի համապատասխանում իրականությանը, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի:
Դոլարի փոխարժեքը 2022 թվականի մարտի 23-ից ի վեր առաջին անգամ բարձրացել է 100 ռուբլուց
Երկուշաբթի օրը ռուբլին շարունակում է անկում ապրել․դոլարը 100 ռուբլուց թանկ է եղել, առաջին անգամ անցյալ տարվա մարտի 23-ից ի վեր, հետեւում է մոսկովյան բորսայի տվյալներից։
Դոլարի փոխարժեքը «վաղվա» համար Մոսկվայի ժամանակով ժամը 9.10-ին բարձրանում է 72 կոպեկով՝ մինչև 100.15 ռուբլի, յուանը՝ 7 կոպեկով, մինչև 13.77 ռուբլի, եվրոն՝ 74 կոպեկով՝ մինչև 109.52 ռուբլի։
Արցախյան կարգավորման երկու առանցքային փոփոխություն մեկ ամսում
Համաշխարհային լրատվամիջոցները գրում են, որ ղարաբաղյան կարգավորումը «խրվում է» անվտանգության միջազգային երաշխիքների հարցի մեջ. այլ կերպ ասած՝ հայկական կողմը պահանջում է ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահներ և մեխանիզմներ, իսկ Բաքուն համառորեն հրաժարվում է։
Իրավիճակը դիտարկվում է որպես փակուղի, քանի որ միջազգային ուժերի բացակայությունը և ուժի կիրառումը կհանգեցնեն Արցախից հայերի բռնի արտագաղթի կամ ռազմական դիմադրության, ինչն անցանկալի է, իսկ Ալիևի «նահանջը», ըստ Բաքվի ընդդիմադիրների, կարող է “նախադեպ” դառնալ Ադրբեջանում։
«Նրա [Ալիևի] խնդիրն է՝ ստիպել բոլորին հնազանդվել իրեն, բայց կա մի տարածաշրջան, որը իրեն չի ենթարկվում, սրանք այլ փորձ ունեցող մարդիկ են», – ասում է ընդդիմության առաջնորդ Արիֆ Յունուսը:
Ալիևն իսկապես վախենում է, որ իր նահանջը գործընթացներ կառաջացնի հենց Ադրբեջանում, թեև, ինչպես նշվում է, այնտեղի ընդդիմությունը Ղարաբաղի հարցում սատարում է Ալիևին։ Բայց կան ազգային փոքրամասնություններ, կան իրանական և այլ գործոններ, որոնց մասին Ալիևը քաջատեղյակ է։
Այս ֆոնին Արցախում տիրող իրավիճակի և Բերձորի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված Հայաստանի դիմումը, որն արդեն ողջունվել է Արցախի նախագահի և ԱԳՆ-ի կողմից, չնայած ապաքաղաքական բովանդակությանը և պահանջներին, դարձավ իրավիճակի փոփոխության արձանագրում։
Ի՞նչ կտա մեզ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված դիմումը և ի՞նչ է փոխվել վերջին մեկ ամսվա ընթացքում արցախյան կարգավորման շուրջ։ Թերևս տեսողականորեն դա այնքան էլ նկատելի չէ, բայց երկու կարևոր հարցում շրջադարձ եղավ։
1․ Հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ ձևաչափը, որը ձևավորվեց 2020 թվականի պատերազմի ժամանակ և դրանից հետո, նպատակ ուներ ստիպել ճանաչել հակամարտության ուժային «լուծումը» և ահաբեկչական պատերազմի արդյունքը։ Տեղեկատվական ողջ աուրան՝ ուղեկցվող ուժային գործողություններով՝ տարածքների օկուպացիա, զինված սադրանքներ, շրջափակում, կապի անջատում, նպատակ ուներ ստիպել հայկական կողմին հաշտվել ուժային լուծման արդյունքների հետ։ Դրան պետք է նպաստեին ռուսական կողմի խաղաքարտերը բացահայտած Լավրովի «բացահայտումները» և «Թուրքիայի արդյունավետ դերակատարության» մասին Պետդեպարտամենտի հայտարարությունը։
Դրան գումարվեց Փաշինյանի քաղաքականությունը, որը բանավոր ճանաչեց Արցախը որպես «Ադրբեջանի մաս»՝ դատապարտելով նրան արյունալի «ինտեգրման», ինչպես նաև պաշտոնական Երևանի փաստացի հրաժարումը Արցախի անվտանգության երաշխավորի սահմանադրական առաքելությունից։
Բաքուն չի թաքցնում, որ «հակամարտությունը լուծեց ուժով», ինչը Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների ուղղակի խախտում է։ Այս հարցը վաղ թե ուշ կքննարկվի միջազգային ատյաններում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կամ Հաագայում։
Աշխարհը հասկանում է, որ եթե Բաքվին հաջողվի «ավարտել» ուժային կարգավորումը, ապա դա նախադեպ կդառնա ամբողջ աշխարհում հակամարտությունների նման լուծման համար, և միջազգային հանրությունը դա չի կարող թույլ տալ։ Ուստի «խաղաղ» մեթոդներ են պետք, որոնց Ալիեւը պատրաստ չէ։
Բաքվի համար անհնար չէ, բայց այժմ ավելի դժվար է ուժ կիրառել։ Բոլորը հույս ունեին, որ արցախահայությունն ինքնուրույն կհեռանա հայրենիքից։ Բայց դա տեղի չունեցավ։ Այժմ հայերը պահանջում են հարգել իրենց հիմնարար միջազգային իրավունքները, և աստիճանաբար հակամարտության վեկտորը «ուժի իրավունքով» լուծելու սկզբունքից փոխվում է «միջազգային իրավունքի ուժի»։
Ալիեւն այստեղ անզոր է։
Ընդամենը մեկ ամիս առաջ այս ձևակերպումները համարվում էին մարգինալ, նաեւ այն պատճառով, որ ռուսամետ հայկական մամուլը ծաղրում կամ անլուրջ էր վերաբերվում դրանց։ Այժմ արդիական են դարձել միջազգային միջնորդությանն ու միջազգային իրավունքին հղումները։ Բացի այդ, Բաքվի և Անկարայի համառ «խնդրանքները» Երևանին՝ ստորագրելու «խաղաղության պայմանագիր», որը կճանաչի Թուրքիայի և Ադրբեջանի սահմանները /այսինքն՝ հիմա ճանաչված չեն/, հանգեցրին այն գիտակցմանն, որ իրավունքը հայկական կողմին է։
Այս առումով փոխվում են «խաղաղության օրակարգի» մասին պատկերացումները. նախկինում պարտադրված թեզը, որ խաղաղությունը հնարավոր է միայն ուժի սպառնալիքի ներքո սեփական իրավունքներից հրաժարվելու դեպքում, փոխվել է գիտակցումով, որ խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե իրավունքները փոխադարձաբար հարգվեն:
2․ Փոխվում է քաղաքական վեկտորը։ Արցախի ղեկավարությունը դադարեցրել է նամակներ գրել Պուտինին, ՄԱԿ-ի մանդատ մուրալ ռուս խաղաղապահների համար և հայտարարում է միջազգային ձևաչափի անհրաժեշտության մասին՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի շրջանակներում։ Պարզ դարձավ, որ ռուսական միջնորդությունն ունի լեգիտիմ այլընտրանք՝ միջազգային միջնորդությունը։
Ղարաբաղի Խորհրդարանի, նախագահի, ԱԳՆ-ի վերջին հայտարարությունները վկայում են այն մասին, որ Ղարաբաղում գերիշխող է դառնում կարգավորման միջազգայնացման մասին կարծիքը։ Արդիականացվել են ոչ ֆորմալ շարժումները, որոնք պնդում են անկախ գործողությունների և պետության սահմանադրական իրավունքի վրա։ Այս շարժումները հայտարարեցին ղարաբաղցիների պատրաստակամության մասին՝ շարունակելու դիմադրույունը և իրացնելու ինքնորոշման իրավունքը։ Այս ֆոնին նմանատիպ հայտարարություններով սկսեցին հանդես գալ նաեւ պետական մարմինները։
Ադրբեջանում միայն ծույլերը չեն բարձրաձայնել Հայաստանի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու մասին, և բոլորն իրենց պարտքն են համարում նշել, որ Հայաստանին չի հաջողվի։ Թեկուզ ընդունում են, որ նման քայլն իրենց համար մեծ խնդիր է։ Խնդիր է, քանի որ պարզ բառերը՝ սա մեր հողն է, և մենք տեր ենք այստեղ, իսկ դուք՝ հյուրեր, կարող են ամեն ինչ իր տեղը դնել։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Հայաստանի դիմումի հավանական արդյունքները, Ռուսաստանի պահվածքը (որը 2020 թվականի սեպտեմբերից ի վեր առնվազն երեք անգամ խաթարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արցախի վերաբերյալ քննարկումներն ու բանաձևերը), պաշտոնական Երևանի պահվածքը (որն առաջ է քաշում մարդասիրական, այլ ոչ թե քաղաքական և իրավական պահանջներ, առանց Ռուսաստանի մասին հիշատակելու) դժվար չէ կանխատեսել։ Ներկայիս պայմաններում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է ընդունել միայն բանաձեւ, որով կոչ կանի Բաքվին ապաշրջափակել միջանցքը՝ առանց հարկադրանքի կամ ճնշման միջոցներ առաջարկելու։
Բայց սա միայն առաջին քայլն է։ Եթե հայկական կողմին հաջողվի թոթափել սեփական իրավունքները պաշտպանելու հարցում վախը, ապա ամեն ինչ կստացվի։
Նաիրա Հայրումյան