Washington Post-ն անդրադարձել է Օքամփոյի հոդվածին

Ամերիկյան Washington Post պարբերականն անդրադարձել է Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ, Հարվարդի և Եյլի համալսարանների դասախոս Լուիս Մորենո Օքամփոյի հոդվածին, որում նա զգուշացնում է, որ Ադրբեջանը ցեղասպանություն է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի նկատմամբ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ էր արել այս հարցը միջազգային հարթակներում քննարկման առարկա դարձնել։

«Լուրջ հիմքեր կան կարծելու, որ ցեղասպանություն է իրականացվում»,- WP-ի հոդվածագիրը մեջբերել է Օքամփոյի խոսքերը, որում նշվում է, որ  որ ՄԱԿ-ի կոնվենցիան ցեղասպանությունը բնորոշել է այդ թվում նաև որպես «խմբի համար միտումնավոր կյանքի այնպիսի պայմանների ստեղծում, որոնք հանգեցնում են դրա ֆիզիկական ոչնչացման»։

«Դիակիզարաններ կամ մաչետեներով հարձակումներ չկան։ Ցեղասպանության անտեսանելի զենքը սովն է։ Առանց հրատապ կտրուկ փոփոխությունների, հայերի այս խումբը առաջիկա շաբաթներին կոչնչացի»,- ասվում է մեկ այլ մեջբերման մեջ։

Հոդվածում Washington Post-ը հակիրճ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությանը, ներկայացրել Ադրբեջանի ղեկավարության մեկնաբանությունը Օքամփոյի հոդվածին, որոնք այն անվանել էին «չհիմնավորված պնդումներ և մեղադրանքներ» պարունակող։

Հոդվածագիրը նշել է նաև Կոռնիձորում ավելի քան 2 շաբաթ կայանված 360 տոննա հումանիտար օգնությանը, որն Ադրբեջանը թույլ չի տալիս անցկացնել Լաչինի միջանցքով։

Հայտնի ցեղասպանագետները ՄԱԿ-ին կոչ են անում արագորեն անդրադառնալ Արցախում ցեղասպանության անմիջական սպառնալիքին

Հայտնի ցեղասպանագետները բաց նամակ են ներկայացրել ՄԱԿ-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ցեղասպանության հնարավորության վերաբերյալ։ Նամակը տարածել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, հայերեն տարբերակը՝ ստորև․

«Ն.Գ. Անտոնիո Գուտերեշին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար,

Պարոն Ֆոլքեր Թյուրքին
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար,

Տիկին Ալիս Վայրիմու Նդերիտուին
Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական,

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրներին

Օգոստոսի 9, 2023 թ.

Մենք՝ ներքոստորագրյալ գիտնականներս և ցեղասպանության հարցերով փորձագետներս, գրում ենք ձեզ մեծ հրատապությամբ և մտահոգությամբ Արցախի Հանրապետությունում (նաև հայտնի է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) ցեղասպանության հնարավորության վերաբերյալ: Որպես գիտնականներ, որոնք խորապես ներգրավված են ցեղասպանության ուսումնասիրության մեջ՝ մենք պատմության ընթացքում տեղի ունեցած սարսափների վկաներն ենք, եւ ջանասիրորեն վերլուծում ենք անցյալի և ներկա վայրագությունները՝ աշխատելով կանխել նոր ցեղասպանությունները: Ներկայումս մենք խորապես մտահոգված ենք Արցախում ցեղասպանության միանշանակ նախազգուշական նշանների ի հայտ գալով։ Ռիսկի ամենակարևոր գործոնը Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումն է, որը Արցախը Հայաստանին կապող կենսական օղակ է։

2022 թվականի դեկտեմբերից Լաչինի միջանցքը՝ Արցախի բնակչությանն արտաքին աշխարհին կապող միակ փրկօղակը, ապօրինի շրջափակված է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Այս տագնապալի իրավիճակը կրիտիկական դարձավ 2023 թվականի հունիսի 15-ին, երբ Ադրբեջանը փակեց այս կենսական ճանապարհը՝ Արցախի Հանրապետությունը և նրա 120,000 բնակիչներին հասցնելով պաշարման վիճակի։ Վերջին երկու ամիսների ընթացքում Արցախը բռնի կերպով զրկվել է առաջին անհրաժեշտության պարագաներ, ինչպիսիք են սննդամթերքը, դեղորայքը և այլ կարևոր ապրանքներ, ձեռք բերելու հնարավորությունից։ Նույնիսկ ռուս խաղաղապահների և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) կողմից իրականացվող մարդասիրական օգնության ջանքերը խոչընդոտվել են՝ խորացնելով առանց այն էլ ծանր հումանիտար ճգնաժամը:

Սաստկացող հումանիտար ճգնաժամը դրդել է ԿԽՄԿ-ին, որը տեղում աշխատող միակ միջազգային կազմակերպությունն է, լուրջ ահազանգ հնչեցնել:

Հուլիսի 25-ին հրապարակված (https://www.icrc.org/en/document/azerbaijan-armenia-sides-must-reach-humanitarian-consensus-to-ease-suffering) մեջ ԿԽՄԿ-ն միանշանակ փաստեց, որ «Քաղաքացիական բնակչությունն այժմ բախվում է կյանքի համար անհրաժեշտ դեղամիջոցների և առաջին անհրաժեշտության ապրանքների, ինչպիսիք են հիգիենայի միջոցները և մանկական կաթնախառնուրդը, բացակայության հետ: Միրգը, բանջարեղենը և հացը գնալով պակասում են և թանկանում, մինչդեռ որոշ այլ սննդամթերք, ինչպիսիք են կաթնամթերքը, արևածաղկի ձեթը, հացահատիկը, ձուկը և հավը հասանելի չեն»։

Ավելին, Պաշտպանության պատասխանատվության գլոբալ կենտրոնը տագնապալի վայրագության ահազանգ է հրապարակել Լեռնային Ղարաբաղի համար (https://www.globalr2p.org/publications/atrocity-alert-no-358/)՝ ընդգծելով զանգվածային ոճրագործություններին առերեսվելու մշտական ռիսկը։

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները և հիմնվելով տարբեր անաչառ կազմակերպությունների, իրավապաշտպան կազմակերպությունների և այլ համապատասխան շահագրգիռ կողմերի տրամադրած լրացուցիչ համապատասխան տեղեկատվության վրա՝ մենք՝ որպես ցեղասպանության ուսումնասիրության ոլորտի փորձագետներ, գտնում ենք, որ առկա են ազդեցիկ ցուցիչներ, որոնք ցուցում են, որ անհապաղ և վճռական գործողության բացակայության դեպքում, Արցախի էթնիկ հայ բնակչության ցեղասպանությունն հավանական է։ Ինչպես ընդգծված է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ, Ցեղասպանության կանխարգելումը և խոցելի բնակչության պաշտպանությունը համաշխարհային հանրության հիմնարար պարտավորություններից են։ Այս դրույթն ընդգծված է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության և 1948 թ. ցեղասպանության կոնվենցիայի մեջ, ինչպես նաև ֆիքսված է միջազգային դերակատարների կողմից ստանձնած հետագա խոստումներում: Առաջնորդվելով այս սկզբունքներով՝ մենք կոչ ենք անում անդամ պետություններին և ՄԱԿ-ի մարմիններին արագ և վճռական քայլեր իրականացնել՝ իրացնելով իրենց պատասխանատվությունը՝ կանխելու անմեղ մարդկանց կյանքերի ցանկացած կորուստ և բացառելու լայնածավալ վայրագությունների դեպքերը:

Մասնավորապես, մենք կոչ ենք անում Միավորված ազգերի կազմակերպությանը՝ իր մանդատի շրջանակներում ակտիվացնել վաղ նախազգուշացման մեխանիզմը՝ արագորեն անդրադառնալու Արցախում ցեղասպանության տեսանելի և անմիջական սպառնալիքին։

Մենք կոչ ենք անում համաձայնեցված միջազգային ջանքեր գործադրել՝ այս ծանր իրավիճակը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուշադրությունը հրավիրելու համար: Անվտանգության խորհուրդը պետք է վճռական գործողություններ ձեռնարկի ցեղասպանության զարգացումը կանխելու համար՝ հրատապ վերացնելով Լաչինի միջանցքի շրջափակումը, դրանով իսկ վերականգնելով մարդկանց, մեքենաների և բեռների անարգել տեղաշարժը այս կենսապահովման միջանցքով, երկու ուղղություններով։ Անվտանգության խորհրդի գործողությունները պետք է նաև ի կատար ածեն Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի (վերահաստատվել է 2023 թվականի հուլիսի 6-ին) Ժամանակավոր միջոցների մասին որոշումը, որը Ադրբեջանին հանձնարարել է «ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժը երկու ուղղություններով։ Ժամանակավոր միջոցների մասին որոշումը պարտադիր է, և Ադրբեջանը շարունակում է խախտել իր միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները՝ չկատարելով Միջազգային դատարանի հրամանը։

Ավելին, մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին ստեղծել և ուղարկել փաստահավաք առաքելություն Արցախ՝ տվյալների մանրակրկիտ վերլուծության, իրավիճակի մասին զեկուցում պատրաստելու և տեղական համայնքների և կազմակերպությունների հետ համագործակցելու՝ շարունակվող հանցագործության հետևանքները բացահայտելու և վերացնելու համար։

Ցեղասպանության կանխարգելումը պահանջում է հավաքական ջանքեր, միասնական վճռականություն և միջազգային հանրության անսասան հանձնառություն: Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին և նրա մարմիններին առաջնահերթություն տալ Արցախում ցեղասպանության կանխարգելմանը և վճռական քայլեր ձեռնարկել՝ պաշտպանելու հազարավոր անմեղ մարդկանց կյանքն ու արժանապատվությունը։

Ժամանակը շատ էական է: Մենք կոչ ենք անում ձեզ գործել արագ և վճռական՝ առաջնորդվելով Միավորված ազգերի կազմակերպության սկզբունքներով և մարդկությանը ցեղասպանության արհավիրքից պաշտպանելու մանդատով։

Հարգանքներով ստորագրում ենք,

Melanie O’Brien, Associate Professor of International Law, University of Western Australia; and President of the International Association of Genocide Scholars

Henry C. Theriault, Associate Vice President for Academic Affairs at Worcester State University, Past President of the International Association of Genocide Scholars (2017-2021)

Andrew Woolford, Professor, Head of Department of Sociology and Criminology, University of Manitoba, Past President of the International Association of Genocide Scholars (2015-2017)

Israel Charny, Director of the Institute on the Holocaust and Genocide in Jerusalem, Past President of the International Association of Genocide Scholars (2005-2007)

Armen Marsoobian, Professor of Philosophy, Southern Connecticut State University, Past First Vice President of the International Association of Genocide Scholars (2019-23)

Elisa von Joeden-Forgey, Chair of Department of Holocaust and Genocide Studies, Keene State College, Past First Vice President of the International Association of Genocide Scholars (2015-17)

Hervé Georgelin, Assistant Professor, Department of Turkish Studies and Modern Asian Studies, National and Capodistrian University of Athens
Dr. Vasileios Meichanetsidis, Greek Genocide scholar»։

«Լաչին-Ստեփանակերտ-Մոսկվա-Եվլախ-Բրատիսլավա-տրանզիտ» գործողությունը ձախողվել է

Ռուսական «Կոմերսանտը» ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունների «դադարի» մասին և բացահայտել «փոքրիկ գաղտնիք»:

Ըստ «Կոմերսանտ»-ի զրուցակցի՝ հունիսի 25-ին «Լավրովն առաջարկել է մի տարբերակ, որին ի սկզբանե համաձայնել են և՛ ադրբեջանական կողմը, և՛ ղարաբաղցիները։ Դրա էությունն այն էր, որ Աղդամով ճանապարհը բացվի, և ԿԽՄԿ-ի միջոցով սկսվի անհրաժեշտ ապրանքների առաքումը։ Այս վայրում երթեւեկության մեկնարկից ուղիղ մեկ օր անց, Մոսկվայի առաջարկով, վերականգնվի է նաեւ երթեւեկությունը Լաչինի միջանցքում։

«Սակայն, ըստ աղբյուրի, Ստեփանակերտը վերջին պահին պայման դրեց, որ Լաչինը բացվի ոչ թե 24 ժամ հետո, այլ նույն պահին, հետո ԼՂՀ-ն հայտարարեց, որ ադրբեջանական ծագման ապրանքները չպետք է առաքվեն Աղդամով, հետո սկանդալ եղավ Վագիֆ Խաչատրյանի հետ, ում անհապաղ ազատ արձակումը պահանջում էին ԼՂՀ իշխանությունները: Արդյունքում փոխզիջում չստացվեց»,- գրում է Коммерсант-ը։

Բաքուն անմիջապես հաստատել է «Կոմերսանտ»-ի տեղեկությունը։ «Պայմանավորվածություն է ձեռք բերվել բացել երկու ճանապարհները դեպի Ստեփանակերտ, սակայն հայերը խախտել են պայմանավորվածությունները». Այս մասին հայտարարել են Բաքվի ԱԳՆ-ում. «Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ Եվլախում հանդիպում անցկացնել ադրբեջանական կողմի ներկայացուցիչների և Ղարաբաղում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև”։

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, պատասխանելով հարցին, հղում է արել 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությանը, «որի 6-րդ պարբերությունը հստակ նախատեսում է Լաչինի միջանցքի պարամետրերը և շահագործման եղանակը», ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին։

«Ադրբեջանական կողմի առաջարկը հանգում է նրան, որ Լաչինի միջանցքը պետք է օգտագործվի բացառապես Հայաստանում բուժման կարիք ունեցող մարդկանց բժշկական տարհանման համար, և, հնարավոր է, խիստ սահմանափակ՝ Հայաստանից Արցախ ապրանքների ներմուծման՝ ընդ որում, համաձայնություն ստանալով Բաքվից»,- նշել են ԱԳՆ-ում։

Ադրբեջանական կողմը հետևողականորեն փորձում է խզել Արցախի և Հայաստանի միջև առկա խորը կապերը, զրկել նրան ինքնությունից, ինքնաբավությունից և զարգացման հնարավորություններից։ Այս նախաձեռնությունն ուղղված է նաև Լաչինի միջանցքի հայեցակարգի ապամոնտաժմանը, որը հանդիսանում է հակամարտության համապարփակ, արդար և արժանապատիվ կարգավորման առանցքային տարր, նշել են ԱԳՆ-ում։

ԱԳՆ-ն հիշեցրել է, որ 2023 թվականի փետրվարի 28-ին, գտնվելով Բաքվում, ՌԴ ԱԳ նախարարը հաստատել է, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետերի ստեղծումը նախատեսված չէ Եռակողմ հայտարարությամբ։

Այս ամենից պարզվում է, որ Մոսկվան, շրջանցելով Երևանը, փորձել է բանակցել Բաքվի և Ստեփանակերտի հետ՝ առաջարկելով լեգիտիմացնել Բաքվի անցակետը, Լաչինի միջանցքի վերահսկողությունը Բաքվին հանձնել, Հայաստանին և Արցախին զրկել ցամաքային հաղորդակցությունից, ինչպես նաև Արցախն «ինտեգրել» Ադրբեջանին՝ դեպի Ակնա ճանապարհ բացելով։

Ստեփանակերտը, փաստորեն, գրեթե համաձայնել է Մոսկվայի պայմաններին ու Եվլախում հանդիպմանը։ Թե կոնկրետ ով է վարել բանակցությունները և ով է լիազորել բանակցողներին, հայտնի չէ։

Բայց հուլիսի 25-ին Լավրովն անսպասելիորեն բացահայտեց իր բոլոր հաղթաթուղթերը և հայտարարեց, որ Մոսկվայի միջնորդության նպատակն է՝ «պաշտպանել Ղարաբաղի հայերի իրավունքները՝ որպես ազգային փոքրամասնության՝ Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում»։ Արցախի խորհրդարանը, որը նախկինում պահանջում էր ՄԱԿ-ի մանդատ ռուս խաղաղապահների համար, հուլիսի 27-ին հայտարարություն է ընդունել, որում դիմել է ՄԱԿ-ի երկրներին՝ Արցախի անկախությունը ճանաչելու խնդրանքով։

Այնուհետև ԱՄՆ պետքարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոնոն ժամանեց Երևան և Բաքու՝ Բրատիսլավայում Ստեփանակերտի և Բաքվի հանդիպումը կազմակերպելու համար, սակայն Բաքուն վերջին պահին հրաժարվեց հանդիպումից։

Այս ընթացքում Արցախի խորհրդարանում փոխվեց խոսնակը, և այս պաշտոնում ընտրվեց ՀՅԴ ներկայացուցիչը, ով հայտարարեց սփյուռքի ակտիվացման և «1988-ին հռչակված նպատակների» իրագործման մասին (1988թվականին հռչակվել է Հայաստանի և Արցախի միացում): Նշվեց նաև, որ պայմանավորվածություն կա, որ այսուհետ տարածքների, կարգավիճակի, բանակցությունների, այդ թվում՝ բանակցողների կազմի հարցերը կորոշի խորհրդարանը։

«Լաչին-Եվլախ-Մոսկվա-Ստեփանակերտ-Բրատիսլավա-տրանզիտ» գործողությունը ձախողվել է.

Նաիրա Հայրումյան

Օսիպյան. ճիշտ ժամանակին ճիշտ տեղում կլինենք

«Ես կխոսեմ ռուսերեն, որպեսզի թշնամիները հասկանան, թե ինչի մասին է խոսքը»,- ադրբեջանական լրատվամիջոցներին ուղղված իր կոչը այսպես սկսեց Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը։

«Հայկական ալիքներից մեկին տված իմ հարցազրույցից մի արտահայտություն են պոկել և իրենց «սոուսի» տակ ներկայացրել։ Այս մասին գրառում էի տեղադրել իմ ֆեյսբուքյան էջում, սակայն այն ջնջվել է, և պարզ է, թե ում կողմից։ Այդ իսկ պատճառով ես տեսաուղերձ եմ պատրաստել։ Փաստն այն է, որ Ալիևի նույն մեդիա ռեսուրսները ամիսներ առաջ հրապարակել էին նյութեր, որոնցում ցույց էին տալիս, թե ինչպես են՝ գրավելով Քաշաթաղի (Լաչին) միջանցքը Լեռնային Ղարաբաղի հայերին սովի մատնելու և ստիպելու ընդունել Բաքվի բոլոր պայմանները։ Ուստի դիմում եմ Ադրբեջանի իշխանություններին և նրանց լրատվամիջոցներին. ձեր ցեղասպան քաղաքականությունը, հայատյացությունը հայտնի է ողջ աշխարհին։ Այս քաղաքականության մասին գրում են հայտնի միջազգային փորձագետներ և իրավաբաններ։ Արյունարբու էությունը, որը դուք ցույց եք տալիս, կշրջվի ձեր դեմ: Որովհետև ողջ քաղաքակիրթ աշխարհը տեսել է ձեր քաղաքականությունը, և դուք կպատժվեք։ Ձեզ կպատժեն այն երեխաները, որոնցից խլում եք մանկությունն ու կյանքի իրավունքը։ Իսկ իմ կոնտեքստից հանված արտահայտությունները, թե ԼՂ-ում իրավիճակը կրիտիկական չէ, սովից մահվան դեպքեր չկան, ոչնչի չեն հանգեցնի»։

Օսիպյանը վստահ է, որ «Ադրբեջանի ոռնոցն ու հիստերիան՝ խաղաղ ակցիայից վախից է, խաղաղ երթից դեպի Հաքարի կամուրջ՝ Քաշաթաղի միջանցքը ապաշրջափակելու համար։ Երթը նախապատրաստվում է Ժողովրդական շարժման շտաբի կողմից՝ ընդ որում, 5 կմ լայնության ապահովմամբ, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանագրի։

«Դուք ոռնոց եք բարձրացրել՝ խառնելով ռուսներին (ռուս խաղաղապահներին), ասելով, իբր ռուսների հետ միասին հարձակում ենք նախատեսում այսպես կոչվածի անցակետի վրա։ Իբր սա զինված գործողություն է, եւ մենք փորձում ենք զորքերի ռոտացիա անել և այլն: Ինչ ասես չմտածեծիք, փորձելով վախ բռնել մեզ վրա, որպեսզի մենք հրաժարվենք մեր նպատակներից: Բայց ձեզ չի հաջողվի։ Ակցիայի կազմակերպումն ընթացքի մեջ է։ Եվ ճիշտ ժամանակին մենք կլինենք ճիշտ տեղում, կբարձրացնենք մեր հարցերը և կհասնենք արդարության։ Որովհետև ողջ քաղաքակիրթ աշխարհը ուշադրության կենտրոնում է պահում ԼՂ շրջափակումը»։

Նա հայտարարեց, որ «Արցախը հնարավոր չէ ծնկի բերել, դուք (ադրբեջանական կողմը) չեք կարողանա մեզ սովամահ անել»։

«Չնայած գազը, հոսանքը անջատեցիք, մենք դիմանում ենք ու պայքարելու ենք։ Եվ մենք ամբողջ աշխարհին ցույց կտանք, թե ինչպես է Ղարաբաղի ժողովուրդը պայքարում հանուն իր Հայրենիքի, հանուն արդարության և ինքնորոշման»։

Կամավորականները հաց են հասցնում ծերերին և հաշմանդամներին

Ստեփանակերտի խանութներ հաց դժվար է մատակարարել՝ վառելիք չկա։ Եվ սահմանափակ կարողություններով բազմաթիվ մարդիկ զրկված են հաց գնելու հնարավորությունից։

Խնդիրը մեղմացնելու նպատակով արցախցի կամավորականները փռերից հաց են գնում՝  հասցնելով հաշմանդամներին և ծերերին։

 

“Արցախցի” Ռուբենին Աֆրիկայում ազատություն է սպասում

Արցախյան լրատվամիջոցներից մեկում տեղեկություն հայտնվեց, որ Մարտակերտի կենդանաբանական այգուց Ռուբեն մականունով առյուծին կուղարկեն Հարավային Աֆրիկա։

Առյուծը Արցախից Հայաստան է տեղափոխվել 2022 թվականի դեկտեմբերի 4-ին Վայրի բնության հիմնադրամի (FPWC) կողմից։ Նշվում է, որ Ռուբենը երբեք չի շփվել այլ առյուծների հետ, սակայն ճանապարհին կմիանա նրանց ու կապրի վայրի բնության մեջ։

Դիմեցինք Մարտակերտի շրջանի Վանք գյուղի «Էկլեկտիկա» զբոսաշրջային գոտու պատասխանատու Նվերու Ա.-ին, ով հաստատեց, որ Ռուբեն անունով առյուծը երկար տարիներ ապրել է գյուղի կենդանաբանական այգում։ Կենդանաբանական այգին, ինչպես Վանքի շատ այլ վայրեր, հիմնադրել է բարերար Լեւոն Հայրապետյանը։

Նրա խոսքով, նույնիսկ 44-օրյա պատերազմի ժամանակ կենդանաբանական այգին գործել էր և բաց է եղել այցելուների համար։ Բայց պատերազմից հետո Հայրապետյանի հարազատները ցանկություն են հայտնել կենդանաբանական այգին Արցախից դուրս բերել։ «Մենք դիմել ենք շրջվարչակազմին՝ խնդրելով միջամտել, որպեսզի կենդանաբանական այգին մնա Արցախում։ Դա Արցախի միակ կենդանաբանական այգին էր, ու միշտ այցելուներ կային։ Սակայն իշխանությունները չկարողացան միջամտել սեփականատերերի, մասնավորապես Հայրապետյանի ժառանգների որոշմանը։ Սկզբում տարան գայլերին, արջերին, հետո առյուծին»։

Խոսելով զբոսաշրջության ոլորտի մասին՝ նա նշեց, որ պատերազմից հետո Վանքում արտաքին զբոսաշրջությունը լիովին մարեց, իսկ հունիսից սկսած տոտալ շրջափակումը ամբողջությամբ կաթվածահար արեց նաեւ ներքին զբոսաշրջությունը։

«Բայց մենք փորձում ենք ինչ-որ կերպ դիմանալ: Մենք պահում ենք անձնակազմը, քանի որ հուսով ենք, որ շրջափակումը կավարտվի։ Կան մի քանի նախագծեր, որոնք պետք է վերակենդանացնեն առնվազն ներքին զբոսաշրջությունը, եթե վառելիքի վիճակը լավանա»,- ասաց նա։

Արցախում շրջափակման պատճառով սրվում են ջրամատակարարման խնդիրները

Օրեր առաջ  «Ջրմուղ» ընկերությունը կոչ էր արել Ստեփանակերտի բնակչությանը խնայել ջուրը, քանի որ Ստեփանակերտը սնող ջրառներում արդեն իսկ ջրի պակաս կա՝ նշելով, որ մարդիկ պետք է պատրաստ լինեն ջրամատակարարման դադարեցմանը։ Խնդիրները առաջանում են չոր և շոգ եղանակի պատճառով։ Ջուրը մատակարարվում է արտեզյան պոմպերով, սակայն հոսանքի անջատումները և վառելիքի պակասը հանգեցնում են նրան, որ արտեզյան պոմպերն աշխատում են հզորությամբ կեսի չափ:

Ստեփանակերտի քաղաքապետարանից Step1.am-ին ասացին. «Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական շրջափակումը ճգնաժամի է հանգեցրել գրեթե բոլոր ոլորտներում, այդ իսկ պատճառով մենք պարբերաբար կոչ ենք անում բնակչությանը խնայել առանց այն էլ սակավ ռեսուրսները։ Ինչ վերաբերում է ջրամատակարարմանը, ապա շուրջօրյա ջրամատակարարումն ապահովելու համար որոշիչ գործոններն են համակարգը սնուցող գետերի ռեսուրսները, անխափան էլեկտրամատակարարումը, անհրաժեշտ քանակությամբ վառելիքի առկայությունը, որից զրկված ենք շրջափակման պատճառով»։

Ստեփանակերտցիները խոստովանում են, որ եթե տարվա այս եղանակին կարելի է մի քանի ժամ դիմանալ առանց լույսի, ապա առանց ջրի, հատկապես բազմազավակ ընտանիքների համար, դա ուղղակի անհնար է։ Ըստ Օքսանա Գ.-ի՝ «ջրամատակարարումը նույնպես պետք է իրականացվի ըստ ժամանակացույցի»։ «Հոսանքի անջատումները կատարվում են ըստ ժամանակացույցի, և բնակչությունը հարմարվում է ժամանակացույցին։ Երբ ամեն ինչ անջատված է, գազը, ջուրը, լույսը, կապը վատ է, ժամերն օրեր են թվում»,- ասաց ստեփանակերտցի կինը։

 

Համաշխարհային ճանաչում ունեցող հայ երաժիշտներն Արցախում մասնակցում են վիրտուալ փառատոնի

Համաշխարհային ճանաչում ունեցող հայ երաժիշտները դեմ են արտահայտվել Արցախի շրջափակմանը և կոչ են արել միջազգային հանրությանը աջակցել Արցախին և դատապարտել Ադրբեջանի գործողությունները։

Ֆեյսբուք սոցիալական ցանցում մեկնարկել է վիրտուալ խաղաղության փառատոնը Արցախում։ Նախաձեռնությանը միացել են կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, սոպրանո Մարիա Գուլեգինան և Ռուզան Մանթաշյանը, բարիտոն Գուրգեն Բավիյանը և այլք։

Նախագծի նախաձեռնությունը Հայաստանի երաժիշտներինն է։ Նախագծի մանիֆեստում ասվում է. «Այսօր մենք՝ աշխարհի տարբեր բեմերում ելույթ ունեցող երաժիշտներս, մեր ձայնն ենք բարձրացնում՝ ի պաշտպանություն Արցախի Հանրապետության ժողովրդի, որը հումանիտար աննախադեպ ճգնաժամ է ապրում։ Ութ ամիս շարունակ 120 հազար մարդ գտնվում է լիակատար պաշարման տակ՝ փաստացի ցեղասպանության սպառնալիքի ներքո»։

Արցախցի Անուշ Շահրամանյանը նախագիծն անվանեց հնարավորություն Արցախի լիակատար շրջափակման դեմ հանդես եկող երաժիշտների համար՝ մեկ անգամ ևս աշխարհին ներկայացնելու Արցախ պետությունը, միմյանց աջակցելու և հզորացնելու։

Մասիս Մայիլյանը՝ «Կոմերսանտին». Ուզում են մեր ժողովրդին ստիպել հրաժարվել ինքնորոշման իրացված իրավունքից

Ռուսական «Կոմերսանտը» ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունների «դադարի» մասին, որում բացել է «փոքրիկ գաղտնիք»։

Ըստ «Կոմերսանտ»-ի զրուցակցի՝ հունիսի 25-ին «Լավրովն առաջարկել է մի տարբերակ, որին ի սկզբանե համաձայնել են և՛ ադրբեջանական կողմը, և՛ ղարաբաղցիները։ Դրա էությունն այն էր, որ Աղդամով ճանապարհը բացվի, և ԿԽՄԿ-ի միջոցով սկսվի անհրաժեշտ ապրանքների առաքումը։ Իսկ այս վայրում երթեւեկության մեկնարկից ուղիղ մեկ օր անց, Մոսկվայի առաջարկով, վերականգնվի նաեւ երթեւեկությունը Լաչինի միջանցքում։

«Սակայն, ըստ նրա, Ստեփանակերտը այն ժամանակ դրեց պայման, որ Լաչինը բացվի ոչ թե 24 ժամում, այլ անմիջապես, հետո ԼՂՀ-ն հայտարարեց, որ ադրբեջանական ծագման ապրանքները չպետք է առաքվեն Աղդամով, հետո սկանդալ եղավ Վագիֆ Խաչատրյանի հետ, ում անհապաղ ազատ արձակումը պահանջում էին ԼՂՀ իշխանությունները: Արդյունքում փոխզիջում չստացվեց»,- գրում է Коммерсантъ-ը։

«Տարածաշրջանում այլ հաղորդակցությունների ներգրավման թեմայի քննարկումը կարող է հնարավոր դառնալ Լաչինի միջանցքի բացումից և ռուսական խաղաղապահ կոնտինգենտի կողմից այդ երթուղու ամբողջական վերահսկողության վերականգնումից հետո՝ համաձայն նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության վեցերորդ կետի»,- «Կոմերսանտ»-ին տված մեկնաբանությունում ասել է ԼՂՀ նախագահի հատուկ հանձնարարությունների դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Մասիս Մայիլյանը։

Սա ոչ թե մարդասիրական, այլ քաղաքական խնդիր է, ասաց Մայիլյանը։

«Սննդամթերքի, դեղերի և առաջին անհրաժեշտության պարագաների բացակայությունը՝ Ադրբեջանի կողմից արհեստականորեն ստեղծված անօրինական շրջափակման արդյունք է։ Բաքուն օգտագործում է շրջափակումը որպես զենք և ճնշման միջոց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի դեմ՝ ստիպելու մեր քաղաքացիներին հրաժարվել իրենց հավաքական իրավունքներից, առաջին հերթին՝ իրացված ինքնորոշման իրավունքից։ Այսպիսով, Ադրբեջանը օգտագործում է մարդկանց տառապանքն ու իր իսկ կողմից ստեղծած հումանիտար աղետը՝ սեփական քաղաքական նպատակներին հասնելու համար։ Մենք ակնկալում ենք, որ միջազգային կառույցներն ու պետությունների ղեկավարները խոսքից գործի կանցնեն՝ վերջ դնելու Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի և նրա ժողովրդի դեմ իրականացված միջազգային հանցագործություններին»,- ասաց Մասիս Մայիլյանը։

Երեք պատերազմ անցած բուժքույրը

Իրինա Հովհաննիսյանը ծնվել և մեծացել է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Կեմրակուճ գյուղում։

Կենսուրախ Իրինան հիշում է մանկությունը՝ գյուղի հին պապական տունը, որտեղ նրանք ապրել են իրենց տարեց պապի և տատիկի հետ դեռ խորհրդային տարիներին։ Կեմրակուճը գտնվում էր Հադրութից 5 կիլոմետր հյուսիս-արևմուտք։ Քանի որ գյուղի դպրոցը ութամյա էր, ավագ դասարանցիները պետք է ուսումն ավարտեին Հադրութում։

Իրինան հիշում է, թե ինչպես ապրիլի վերջին – մայիսին քոչվորները հազարավոր ոչխարների հոտը քշում էին գյուղի ծայրամասերը՝ իրենց ունեցվածքի, բեռնված ձիերի վրա նստած կիսամերկ երեխաների հետ միասւն։ Նրանք մնում էին մինչև ուշ աշուն։ Սա մեծ անհարմարություն է պատճառել տեղի բնակիչներին՝ հայերին, քանի որ նախիրը հսկում էին  մեծ շներ, որոնք հաճախ հարձակվում են անցորդների վրա։

Ժամանակի ընթացքում Հադրութում աշխատող շատ գյուղացիներ սկսեցին տեղափոխվել այն ժամանակվա Հադրութ ավանը, քանի որ ձմռանը երկար ու ձյունառատ ճանապարհը և ամռանը քոչվորների կատաղած շները մեծ խնդիրներ էին ստեղծում։

Ամբողջ Արցախում հայտնի բոլոր արհեստների վարպետ Անդրեյի դուստրը բուժքույր է դարձել։ Նա հիշում է իր առաջին ներարկումը, երբ դողացող ձեռքերով մոտեցավ իր առաջին հիվանդին՝ հարևան գյուղից միջին տարիքի մի տղամարդու և վարանեց խնդրել նրան նախապատրաստվել ներարկմանը։ Ինքը՝ հիվանդը, և ավագ բուժքույրը՝ հարգված Մարգոն, ոգևորեցին նրան, իսկ աշխույժ աղջիկը, երևի թե կյանքում առաջին անգամ իրեն անվստահ զգալով, կատարեց իր առաջին, բայց շատ պրոֆեսիոնալ ներարկում:

Իրինայի խոսքով՝ այժմ հեշտ է նույնիսկ ինքներդ ձեզ ներարկել մեկանգամյա օգտագործման ներարկիչով։ Իսկ 70-80-ականներին ներարկիչներն ու ասեղները պետք է մանրէազերծվեին, հետո ասեղները պինցետով մտցվեն ներարկիչի մեջ։ Վառող գործիքներով աշխատելը մի ամբողջ արվեստ էր, որպեսզի չվնասես դրանց ստերիլությունը։ Երիտասարդ աղջիկը շուտով դարձավ Հադրութի հիվանդանոցի լավագույն բուժքույրերից մեկը։

Հարևան գյուղում ամուսնանալով՝ նա չի դադարել աշխատել, անգամ երեխաներին պահելով։

Բայց անհոգ, կայացած կյանքն ընդհատվեց 1991 թվականին, երբ ռուսական ներքին զորքերը մեկ գիշերվա ընթացքում լքեցին Արցախը և անզեն բնակիչներին թողեցին ադրբեջանական զորքերի քմահաճույքին։ Հենց առաջին օրը Այգեստանում Իրինայի տունն այրվել է հրետակոծությունից։ Նրանք երեք երեխաների հետ բնակություն են հաստատել Հադրութում վարձակալած բնակարանում։ Իրինայի ամուսինը մյուս տղամարդկանց հետ գնացել է պաշտպանելու հայրենի հողը, իսկ ինքը՝ Իրինան, գիշեր-ցերեկ աշխատում էր հիվանդանոցում։ Գործնականում նկուղում մեծացած փոքր երեխաներին (քաղաքի հրետակոծությունը չի դադարել մինչև 1993թ. աշունը) խնամել է դուստրը, ով 11 տարեկան էր։

Հայրենի գյուղի ազատագրումից հետո Իրինայի ընտանիքը կրկին վերադարձել է Այգեստան։ Տունը վերակառուցեցին, տնտեսություն հիմնեցին, երեխաները ընտանիք կազմեցին։

Համեմատաբար խաղաղ կյանքը կրկին ակեկոծվեց 2016 թվականին, երբ վիշտն ու արցունքները կրկին հիշեցրին իրենց մասին։ Կրկին տղաների ավերված կյանքեր, որոնց Իրինան տեսել է իր կյանքում հարյուրներով, երիտասարդ այրիներ, որբ երեխաներ…

Բայց 2020-ի պատերազմը, հայրենի Հադրութի գրավումը, տան, ֆերմայի, գյուղտեխնիկայի կորուստը ակնթարթորեն գլխիվայր շուռ տվեցին նրա ողջ կյանքը։

Այժմ Իրինան փախստական ​​է, ապրում է Երևանի արվարձանների տներից մեկի առաջին հարկում գտնվող վարձակալած բնակարանում: Նրա տարիքում դժվար է իր մասնագիտությամբ աշխատանք գտնելը, եւ երեք պատերազմների միջով անցած բուժքույրը, ում մասնագիտական ​​փորձը չի զիջում վիրաբույժին, ստիպված է այլ ճանապարհներով գումար վաստակել։

Չնայած՝ արդարության հանդեպ հավատը, այն, որ նա կվերադառնա հայրենի վայրեր, նրան ոչ մի րոպե չի թողնում։

Սպասելի է, որ Իրանը կարելին շարունակի կատարել Լաչինի միջանցքի վերաբացման հարցով. Արամ Ա-ն Իրանի դեսպանության պատվիրակությանը

Սպասելի է, որ Իրանը կարելին շարունակի կատարել Բերձորի միջանցքի շուտափույթ վերաբացման հարցով, հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Լիբանանում Իրանի դեսպանության պատվիրակության հետ հանդիպմանը:

«Հինգշաբթի, 10 Օգոստոս 2023-ին, Անթիլիասի Մայրավանքին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց Լիբանանի մօտ Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանատունէն պատուիրակութիւն մը։

Քննարկումներու ընթացքին, Վեհափառ Հայրապետը դատապարտեց Շուէյտի մէջ Քուրանի հրկիզման երեւոյթը եւ կարեւորեց քրիստոնեայ-իսլամ համակեցութեան եւ երկխօսութեան առաւել եւս զարկ տալու հրամայականը։

Այս առիթով, Նորին Ս. Օծութիւնը յատուկ կերպով անդրադարձաւ Ազրպէյճանի կողմէ Արցախի շրջափակման հարցին։ Ան ընդգծեց, որ Իրանը մեզի համար բարեկամ երկիր է, ուստի, սպասելի է, որ ան իր կարելին շարունակէ կատարէ Բերձորի (Լաչին) միջանցքին շուտափոյթ վերաբացման հարցին գծով՝ նկատի ունենալով աւելի քան 120 հազար հայերու սովամահ դառնալու դառն իրականութիւնը»,- ասվում է հաղորդագրության մեջ։