Հանցավոր «նրբանկատություն» Ռուսաստանի հանդեպ․ ո՞վ է կախելու Ալիեւի զանգը

Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ, Global Practice Hub-ի հիմնադիր, արգենտինացի փաստաբան Լուիս Մորենո Օկամպոն երեկ հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծանր իրավիճակի մասին։ Հայտարարության վերնագիրն է՝ «Հայոց ցեղասպանություն 2023»։

Զեկույցի էությունը հանգում է նրան, որ Ալիևը միտումնավոր օգտագործում է սովը որպես ցեղասպանության գործիք, ինչը նշանակում է, որ նա պետք է պատժվի։ Միայն Արդարադատության միջազգային դատարանը կարող է հաղթահարել նրա՝ որպես պետության ղեկավարի անձեռնմխելիությունը ։ Բայց դրա համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւ Լաչինի միջանցքում եւ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ, ըստ որի՝ հարցը կուղարկվի Միջազգային քրեական դատարան։

Ինչպե՞ս պետք է իրականացվի բանաձեւի ընդունման ընթացակարգը ՄԱԿ ԱԽ-ում։ +Ո՞վ կարող է դա նախաձեռնել, և արդյոք Ռուսաստանը կրկին վետո կդնի դրա վրա։

Օկամպոյի խոսքով՝ դեռ 2013 թվականին Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական ​​անդամներին առաջարկել էր կամավոր և հավաքականորեն հրաժարվել վետոյի իրավունքից ցեղասպանության և այլ զանգվածային վայրագությունների դեպքում։ Սակայն առաջարկը չընդունվեց։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա առնվազն երեք անգամ 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում և դրանից հետո Մոսկվան արգելափակել է Ֆրանսիայի և այլ երկրների նախաձեռնած բանաձևերն, որոնք պահանջում են դատապարտել Ադրբեջանին։

Բայց այլ ճանապարհ չկա՝ հայկական կողմը պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, եւ քանի որ ԱԽ-ում քննարկումներն ընթանում են նրա մշտական ​​անդամների նախաձեռնությամբ, հայկական կողմը պետք է դիմի նրանցից մեկին՝ քննարկում նախաձեռնելու խնդրանքով։

Ո՞րն է լինելու մեխանիզմը, պաշտոնական Երեւանը կաջակցի՞ նման քայլին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ինչու Հայաստանը չի դիմում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, նշեց, որ «սա կարող էր համարվել հակառուսական քայլ»։

Արցախյան հիմնախնդրի միջազգայնացման մերժումը և բոլոր հարցերը Մոսկվա-Բաքու-Երևան արատավոր եռակողմ ձևաչափով լուծելու ցանկությունը հանգեցնում են նրան, որ Արցախյան և, առհասարակ, Հայկական հարցը օգտագործվում է որպես սակարկության առարկա միջազգային հարաբերություններում և ոԹուրքիայի և Ռուսաստանի միջև։ Միակ ելքը՝ հարցը միջազգային իրավունքի տարածություն բերելն է, սակայն մինչ այժմ պաշտոնական Երեւանը նրբանկատորեն ձեռնպահ է մնում Ռուսաստանին վնասող քայլերից։

Մասնավորապես, ԱՄՆ-ի նախաձեռնությամբ վերջերս կայացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որտեղ դատապարտվել էր Ռուսաստանի կողմից սովի օգտագործումը Ուկրաինայում քաղաքական նպատակներ լուծելու համար, Հայաստանի ԱԳՆ ներկայացուցիչը Ռուսաստանի անունը չնշեց Արցախի դեմ սովը որպես քաղաքական գործիք օգտագործելու համար պատասխանատու կողմերի շարքում։ Արդյունքում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չդատապարտեց Ռուսաստանի և Ադրբեջանի քաղաքականությունը Բերձորի միջանցքում, թեև հենց Ռուսաստանն է, ըստ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության, վերահսկում Բերձորի միջանցքը։

forrights.am

Հացով ծաղկեփունջը վաճառքի ենթակա չէ

«Ամենավերջին ծաղկեփունջս հացով պատրաստածն  էր, բայց այն վաճառքի ենթակա չէր: Այն համարում եմ այս շրջափակման խորհրդանիշը: 12 ժամ հացի հերթում կանգնելուց հետո միայն հասկացա դրա արժեքը: Ամենածանր զգացումներն ապրեցի այդ ծաղկեփունջը պատրաստելիս»:

Ստեփանակերտում ապրող 26-ամյա Ասյա Բաբայանը մեկն է այն 120 000 արցախցիներից, որոնք ապրում են շրջափակման հարուցած հումանիտար ճգնաժամի պայմաններում: Կենսախինդ, առույգ, ժպտերես Ասյայի առավոտները սկսվում էին Ստեփանակերտի խանութներում շրջելով: Լեփ-լեցուն տոպրակներով տուն էր վերադառնում և ժամերով նստում իր դիզայներական սենյակում: Նրա աշխատանքի նպատակը մարդկանց դրական հույզեր պարգևելն է: Դիզայներական աշխատանքի հանդեպ սերը ժառանգել է մայրիկից: Համացանցը պրպտելուց հետո հասկացել է , որ իրեն հետաքրքիր է ուտելիքի դիզայնավորումը և որոշել է այն մատուցել նոր ձևով: Արցախում մենակ ինքն է զբաղվում «Համեղ ծաղկեփնջերի» պատրաստմամբ: Զգացմունքների մասին որոշել է խոսել համեղ լեզվով:

Հիմա փոխվել է Ասյայի օրակարգը:  Խանութների դատարկությունը ստիպում է վերանայել ծաղկեփնջերի բաղադրությունը: Այստեղ էլ օգնության է գալիս կրեատիվությունը, չեղած տեղը մի բան ստեղծելու արցախցու հնարամտությունը: Ինչ կարելի է նվիրել գրաֆիկով էլեկտրականություն ունեցող արցախցուն, եթե ոչ շիկացման լամպերով ծաղկեփունջ: Ձվի պակասության և խանութների մոտ հերթերից հետո անմիջապես պատրաստեց ձվով ծաղկեփունջ:

Որոշել է առաջնորդվել երկու ՈՒ-երի կանոնով՝ ուրախանում է ինքը, ուրախանում է գնորդը: Աշխատանքի մեջ նախընտրում է  չկրկնօրինակել ուրիշներին, նույնիսկ՝ ինքն իրեն: Արդեն 5 տարի է , ինչ ստեփանակերտցիները վայելում են Ասյայի ծաղկեփնջերի համային բազմազանությունը: Առաջին ծաղկեփունջը պատրաստել էր մանդարինով՝ մի քանի ժամվա ընթացքում: Հիմա ավելի արագ է կարողանում, հմտացել է: Ասյայի երևակայությունը սահմաններ չի ճանաչում: Մինչ շրջափակումը ծաղկեփնջեր էր պատրաստում ամենատարբեր մթերքներից և ուտելիքներից՝ միրգ, բանջարեղեն, քաղցրեղեն, նաև՝ շաուրմա, խորոված կարտոֆիլ, տոլմա:

Շրջափակումը սկսելուն պես փոխվել է նաև ծաղկեփնջերի «համը»: «Երբևէ չէի մտածի, որ ծաղկեփունջ կպատրաստեմ աղով, վալերիանկայով, տալոններով, ձեթով և հիգիենայի պարագաներով : Հայրենակիցներիս հույզերն այդ ծաղկեփնջերը ստանալիս ինձ բավականություն են պատճառում»,- թախիծով նշում է Ասյան:

Այնուհետև հիշում է ձմեռային ամիսները, երբ հղի կնոջ ծաղկեփնջի համար գոնե մի հատիկ կիվի կամ նարինջ էր փնտրում քաղաքում և չէր կարողանում գտնել: Չգիտի, թե ինչ տեսք կունենան ծաղկեփնջերը գալիք ձմռանը․․․

Շրջափակման ընթացքում ամենակարևոր ձեռքբերումներից մեկը լավ մարդկանց հետ ծանոթությունն է համարում: Պատահում է, որ զանգում են Ճարտարից և խնդրում, որ իրենց աճեցրած լոլիկները հայտնվեն Ասյայի ծաղկեփնջում: Երեկոյան զբոսանքի ժամանակ անծանոթ մարդիկ ուղղակի գրկում են և ասում, որ շարունակի աշխատանքը: Ֆեյսբուքյան աշխատանքային էջը, որը բացել է ընկերների խորհրդով, շատ  հետևորդներ ունի: Այնտեղ կիսվում է օրվա ընթացքում իր հետ պատահած միայն դրական իրադարձություններով, ասում և ստանում է քաջալերական խոսքեր: Ասյան հույս ունի, որ ամեն ինչ մի օր կվերջանա, իսկ իր ծաղկեփնջերը նորից կլինեն համեղ ՝նույնիսկ առաջվանից ավելի:

Տաթեւ Ազիզյան

Փորձում են կոնֆետի փոխարեն ձմերուկ առաջարկել, առաջարկը իհարկե ընդունում է, բայց․․․

Նկարի տղուկը Տիգրանն է՝  Արցախի Մարտունի շրջանի Հեր-Հեր գյուղից:

Այս տարի նա և իր մյուս հասակակից ընկերները պետք է հաճախեին մանկապարտեզ, որի շինարարությունը ավարտին չի հասցվել շրջափակման պատճառով:

Գյուղում շատ էին սպասում մանկապարտեզի կառուցմանը. երեխաները ժամանակը արդյունավետ և ուրախ կանցկացնեին, իսկ մեծերի համար նոր աշխատատեղեր կբացվեին:

Տիգրանը նաև շատ է սիրում տարբեր համովություններ, բայց դեռ շատ փոքր է՝ չի հասկանում, թե ինչու մայրիկը ո՛չ հյութ է բերում, ո՛չ կոնֆետ: Փորձում են կոնֆետի փոխարեն ձմերուկ առաջարկել: Առաջարկն իհարկե ընդունում է, բայց միևնույն է՝ կոնֆետի մասին չի մոռանում:

Տիգրանը նաև չի հասկանում, թե ինչու տան հացը սովորականից ավելի քիչ է, ինչու տատիկն առաջվա պես թոնրից հացի թախտը ուսին տուն չի գալիս, թե ինչու այլևս փոքրիկ ավտոբուսը չի անցնում գյուղով, իսկ իրենք չեն գնում քաղաքից եկող բարեկամներին դիմավորելու:

Փոխարենը մայրիկը գիտի, որ արդեն 8 ամիս է, ո՛չ հյութ կա խանութներում, ո՛չ կոնֆետ, իսկ տատիկը գիտի, որ չի կարող առաջվա նման թախտը լցնել «թաժա» հացերով, քանի որ ալյուրը արդեն պահում են սև օրվա համար:

Տիգրանը՝ Արցախի երեխաների մարմնավորումն է, որոնք ուղղակի ուզում են կոնֆետ, հյութ, ձմերուկը միասին գլորելով աղբյուր հասցնել են ուզում, որ սառչի հետո ուտեն, ձմռանը ուզում են ձնագնդի խաղալ, հետո վերադառնալ տուն և ամբողջովին թաց շորերը վառարանի մոտ չորացնել են ուզում, պարզապես մանկություն են ուզում իրենց խաղաղ հայրենիքում:

Քրիստինա Ալահվերդյան

Արդյո՞ք ՀՅԴ-ն իր նպատակը կհայտարարի «միացումն» ու 1921 թվականի պայմանագրերի վերանայումը

Դավիթ Իշխանյանի՝ Արցախի Ազգային ժողովի նախագահ ընտրվելուց հետո նկատելիորեն ակտիվացել է հայկական սփյուռքը և ՀՅԴ-ին “առընթեր” միջազգային լոբբինգը։ ԱՄՆ-ում ակտիվացել են ի պաշտպանություն Արցախի իրավունքների բողոքի ցույցեր, ՀՅԴ-ն չի թաքցնում, որ ՄՔԴ նախկին դատախազ Օկամպոն Արցախի շրջափակման հարցում իր կարևոր կարծիքը հայտնել է ոչ առանց ՀՅԴ լոբբինգի, իսկ Իշխանյանին ուղղված ԱՄՆ սենատորների ու համաշխարհային մակարդակի այլ գործիչների շնորհավորանքները վկայում են, որ ՀՅԴ-ն ակտիվացել է։

Իշխանյանի ընտրության առնչությամբ «Ապառաժ» թերթը հարցազրույց է հրապարակել «գլխավոր դաշնակցական»՝ Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատրյանի հետ, ով հայտարարել է, որ Արցախի երեք նախագահներ, այդ թվում՝ ներկայիս, դիմել են ՀՅԴ-ին՝ կուսակցության եւ սփյուռքի ջանքերն ակտիվացնելու խնդրանքով։ Երկար մտորումներից հետո նրանք ընդունեցին առաջարկը, բայց պայմանով, որ ՀՅԴ-ն ավելի մեծ ազդեցություն կունենա քաղաքական գործընթացների վրա, և Արցախի խորհրդարանը հնարավորություն կստանա դառնալու հիմնարար խնդիրներ որոշող մարմին։ Այս խնդիրները վերաբերում են ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, սահմանների փոփոխությանը և բանակցություններին, այդ թվում՝ պատվիրակությունների կազմին։

Ավելի լայն լիազորություններով օժտված Դաշնակցության գլխավորած խորհրդարանն ի՞նչ գաղափարներ է կյանքի կոչելու:

Դավիթ Իշխանյանի խոսքով, «մեր ջանքերն ուղղված են լինելու 1988 թվականին ընդունված ազգային-ազատագրական պայքարի առաջին իսկ օրերից ձևակերպված կարևոր ռազմավարական նպատակի իրականացմանը»։ Իշխանյանը վստահեցրեց, որ «քանի դեռ Լեռնային Ղարաբաղը «ոչ» է ասելու բոլոր այն առաջարկներին, որոնք հարվածում են որդեգրած ռազմավարական նպատակին, պետք է արձանագրել, որ ոչինչ ավարտված չէ»։

1988-ին հայ ժողովուրդն իր եռամիասնության մեջ հռչակեց «միացումը»։ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի և Արցախի խորհրդարանները վերամիավորման մասին համատեղ որոշում ընդունեցին, որը, սակայն, այդպես էլ չկատարվեց։

Ստեփանակերտում և Երևանում պարբերաբար իշխանության, երբեմն ընդդիմության մեջ գտնվող Դաշնակցությունը չբարձրացրեց միացման հարցը և չպահանջեց 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման կատարումը՝ որպես հայկական բոլոր խնդիրների լուծման միակ ռազմավարություն։ ՀՅԴ-ն չպահանջեց վերանայել 1921 թվականի ռուս-թուրքական արատավոր պայմանագրերը, որոնց առավելագույն ժամկետը լրացել էր։

Դաշնակցությունը գործել է տարածաշրջանում ռուսական քաղաքականության ծիրում, որը «միացումն» իր համար աղետ է համարում։ Ռուսական քաղաքականությունն այս տարիների ընթացքում չեզոքացրեց միացումի գաղափարը։ 2020 թվականի գարնանը, երբ Արցախում պետք է անցկացվեին նախագահական ընտրություններ, ռուս փորձագետները միաձայն ասում էին՝ ամեն ինչ, բայց ոչ միացում։ Արդյունքը եղավ 2020 թվականի պատերազմը, Արցախի տարածքների օկուպացումը, բնակչության տեղահանությունը, ռուսական զորքերի մուտքը, շրջափակումն ու Հայաստանի գլխին կախված մասնատման ու պետականության կորստի վտանգը։

Միևնույն ժամանակ, Հայաստանում իրականացվել և իրականացվում է «ապադաշնակցականացման» արշավ. ՀՅԴ-ի հետ առնչվող կազմակերպությունների գործողությունները թե՛ քաղաքական լոբբինգի, թե՛ տնտեսության և այլ ոլորտներում բացահայտ չեզոքացվում են Հայաստանի ղեկավարության կողմից։ Նույնսկ Մակրոնի հայտարարությունները, թե «ամբողջ խնդիրը Փաշինյանի մեջ է», Հայաստանի իշխանությունները վերագրեցին Դաշնակցությանը։

Միևնույն ժամանակ, Էրդողանն ու Ալիևը բազմիցս ասել են, որ Փաշինյանի հետ բոլոր խնդիրները վաղուց կլուծեին, եթե չլինեին Իրանը և հայկական սփյուռքը։ Հայկական սփյուռքի զգալի մասը ՀՅԴ-ն է, և բոլորը պետք է հաշվի առնեն դա։ Սակայն Բաքվում Դաշնակցությունը մինչ հիմա համարվում է ցարական գաղտնի ոստիկանության ստեղծած կուսակցություններից, որոնք վարում էին Ռուսաստանի քաղաքականությունը տարածաշրջանում։

«Մեր անհանգիստ օրերին Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը վերականգնելու հրատապ անհրաժեշտություն կա։ Համոզված եմ, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հնարավորություն և ներուժ ունի նոր շունչ և եռանդ հաղորդելու այս կարևոր առաքելությանը»,- ասաց Դավիթ Իշխանյանը։

Կասկածից վեր է, որ ռուս-թուրքական նպատակներին ամբողջությամբ ստորադասված Հայաստանի ղեկավարության ներկայիս արատավոր կուրսը պետք է կոտրվի։ Ավելին, ԱՄՆ-ն էլ Թուրքիային է առաջարկում որպես «այլընտրանք» Ռուսաստանին։ Բայց այս “կոնսենսուսը” խաթարելու միայն մեկ ճանապարհ կա՝ միացումն ու ռուս-թուրքական պայմանավորվածություններից դուրս տարածաշրջանում սահմանների նոր ճարտարապետության կառուցման պահանջը։ ՀՅԴ-ն ազգային պայքարի նպատակ կհռչակի՞ միացումն ու կհայտարարի՞, որ ռուս-թուրքական պայմանագրերն իրենց սպառել են։

Նաիրա Հայրումյան

Ստեփանակերտ, թ․8 դպրոց, “ծառերի վալս”

Ստեփանակերտի թիվ 8 դպրոցը․ պատմություն, որը անքակտելիորեն կապված է բակի հզոր թխկիների հետ, որոնց տակ սերունդեր են մեծացել և հաղորդակցվել կյանքի օրենքներին։ Հզոր ծառի նման մի պատմություն՝ արմատացած այս հողի խորքում և իր պսակով ստվերելով հազարավոր տարիներ այս երկրում ապրող մարդկանց:

1963 թվականին տնկիները դպրոցի տնօրեն Միխայիլիդիս Իլյա Իվանովիչին նվիրեց անտառային ինժեներ Մայիլյան Սամվել Լևոնովիչը։

Գործ Ալվարդ Գրիգորյանի

Կանխիկի պակասի հետ մեկտեղ չի աշխատում անկախիկ տարբերակը

Շրջափակումից ի վեր Արցախում ծագել է կանխիկ գումար ստանալու խնդիրը։ Օրեր առաջ ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարաթյունը հորդորել էր քաղաքացիներին գումարը կանխիկացնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

Շրջափակման առաջին ամիսներին բնակչությունը հնարավորություն ուներ գնումները իրականացնել անկախիկ տարբերակով, ինչը որոշ չափով մեղմացնում էր գումարի կանխիկացման հարցը։ Սակայն այժմ գրեթե բոլոր խանութները փակ են, իսկ հիմնական ապրանքաշրջանառությունը իրականցվում է գյուղացիների կողմից գյուղմթերքի վաճառման հաշվին՝ կանխիկ գումարով, ինչը լուրջ հերթեր է առաջացնում բանկոմատների առաջ և նաև բանկերում։

Ստեփանակերտի բնակիչ Մ․Գ-ի խոսքով, երկար հերթ կանգնելուց հետո ընդամենը 4000 դրամ են կարողացել ստանալ, քանի որ շեմը այդքան էր դրված, ինչը իհարկե չի կարող բավարարել, իսկ ամեն օր հերթ կանգնելը չի ստացվում, քանի որ մարդիկ ստիպված օրվա մեծ մասը այլ հերթերում են լինում, և եթե օրինակ բաց թողնեն հացի հերթը, այդ օրը կարող են մնալ առանց հացի։

Դրանից զատ բնակչության մի մասը աշխատում է, իսկ հովհարային անջատումների պայմաններում պետք է հասցնեն նաև տան գործերը ավարտել։

Ա․Ղ-ի խոսքով երկար հերթերից խուսափելու համար նրանք ստիպված են լինում գիշերը կանխիկացնել գումարը, այն էլ փաստ չէ, որ հերթեր չեն լինելու, ուղղակի գիշերը գոնե հերթ կանգնելը մի քիչ հով է։

Քրիստինա Ալահվերդյան

Forbes․ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն անհապաղ օգնության կարիք ունի՝ առանց որևէ լրացուցիչ հիմնավորման

ՄԱԿ-ի փորձագետների խումբը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման պատճառով։ Նրանք ընդգծել են, որ շրջափակումը, որը 2022 թվականի դեկտեմբերից փակ է պահում  Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը, պատճառ է դարձել  բնակչության «սննդի, դեղորայքի և հիգիենայի միջոցների խիստ պակասի, ազդել է բժշկական և կրթական հաստատությունների աշխատանքի վրա և վտանգի տակ դրել բնակիչների, հատկապես երեխաների, հաշմանդամների, տարեցների, հղիների և հիվանդների կյանքը»,- գրում է Forbes-ը։

ՄԱԿ-ի փորձագետները կոչ են արել Ադրբեջանին անհապաղ վերականգնել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի հրադադարի համաձայնագրի։

Լաչինի միջանցքն Ադրբեջանն արգելափակել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից՝ Լեռնային Ղարաբաղում բնական պաշարների ենթադրյալ ապօրինի արդյունահանման պատրվակով։ Ութ ամիս անց սա վերածվեց  հումանիտար արտակարգ իրավիճակի, որն անհապաղ արձագանք է պահանջում, իսկ Ադրբեջանը շարունակում է անտեսել կարգավորման կոչերը:

2022 թվականի դեկտեմբերի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել էր, որ Ադրբեջանի կառավարությունը, համաձայն Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի, իր իրավասության շրջանակներում պետք է ձեռնարկի բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով ծանր հիվանդների, Հայաստանում բուժման կարիք ունեցողների և առանց կացարանի ու ապրուստի միջոցների ճանապարհին մնացած մարդկանց անվտանգ տեղաշարժը:

2023 թվականի փետրվարին Միջազգային դատարանը՝ ՄԱԿ-ի գլխավոր դատական ​​մարմինը, ժամանակավոր միջոցներ ձեռնարկեց՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու համար։ Պարտադիր վճռում ասվում է, որ Ադրբեջանի Հանրապետությունը, նախքան գործի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելը և ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին համապատասխան, պետք է ձեռնարկի բոլոր միջոցները՝ ապահովելու  Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկկողմանի անարգել տեղաշարժը: Ադրբեջանը չի կատարել որոշումը, իսկ Լաչինի միջանցքը նախկինի պես  արգելափակված է։

2023 թվականի հուլիսի 30-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ  զրույցում խոր մտահոգություն էր հայտնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ։ Ինչպես հաղորդվել է, «Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների ազատ անցման հրատապությունը և ընդգծել այլընտրանքային ուղիների հարցում փոխզիջումների գնալու անհրաժեշտությունը, որպեսզի մարդասիրական բեռները կարողանան հասնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը»։ Հայտնի չէ, թե ինչով է ավարտվել այս խոսակցությունը։

2023 թվականի օգոստոսի 8-ին արգենտինացի իրավաբան Լուիս Մորենո Օկամպոն՝  Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազը, եզրակացություն  է հրապարակել Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ՝ պնդելով, որ «հիմնավոր հիմքեր կան ենթադրելու, որ Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ ցեղասպանություն է իրականացվում»։ Նա նշել է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը, որը խոչընդոտում է   սննդամթերքի, դեղորայքի և այլ անհրաժեշտ իրերի հասանելիությունը, «պետք է ցեղասպանություն համարվի՝ համաձայն «Ցեղասպանական հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի II (գ) հոդվածի»: (Ցեղասպանության մասին կոնվենցիա)։ «Անձանց խմբի համար այնպիսի կենսապայմանների կանխամտածված ստեղծում, որոնք հաշվարկված են նրանց ֆիզիկապես ոչնչացնելու համար»: Օկամպոն ավելացրել է, որ «սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է»: «Առանց անհապաղ կտրուկ փոփոխությունների, հայերի այս խումբը մի քանի շաբաթվա ընթացքում կոչնչացվի»։ Նա կոչ է արել պետություններին գործել ցեղասպանությունը կանխելու իրենց պարտականությունների համապատասխան՝ համաձայն Ցեղասպանության մասին կոնվենցիայի I հոդվածի։

Լեռնային Ղարաբաղում տիրող սարսափելի իրավիճակի մասին հաղորդագրությունները վերջապես պետք է լրջորեն ընկալվեն․ անհրաժեշտ է գործել։  Քանի որ Լեռնային Ղարաբաղում սով  է, միջազգային հանրությունը չի կարող շարունակել հայացքը թեքել, ինչպես դա արել է վերջին ութ ամիսների ընթացքում: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն անհապաղ օգնության կարիք ունի՝ առանց որևէ լրացուցիչ հիմնավորման։

Քիմ Քարդաշյանն ու Էրիկ Էսրայելյանն անդրադարձել են Օկամպոյի՝ Արցախում ստեղծված իրավիճակին նվիրված զեկույցին

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը «Ինստագրամ»-ի իրենց պաշտոնական էջերում հրապարակել են Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին զեկույցը՝ հորդորելով տարածել այն:

«Լուիս Մորենո Օկամպոն Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազն է:  Նա պնդում է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է համարել ցեղասպանություն Արցախի էթնիկ հայերի դեմ։ Ադրբեջանի կառավարությունը նավթի և գազի լծակներն օգտագործում է տարածաշրջանից քրիստոնյա հայ բնակչությանը ջնջելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Էսրայելյանը՝ իր հետևորդներին կոչ անելով տարածել ամբողջական զեկույցը:

Կոնգրեսական Շերմանը շնորհավորել է Դավիթ Իշխանյանին Արցախի ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը շնորհավորել է Դավիթ Իշխանյանին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նոր խոսնակ ընտրվելու կապակցությամբ։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Շերմանն իր շնորհավորական ուղերձը հրապարակել է իր պաշտոնական կայքում։

«Ես ողջունում եմ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նոր նախագահի պաշտոնում Դավիթ Իշխանյանի ընտրության կապակցությամբ։ Ես անհամբերությամբ սպասում եմ ղեկավարության անցումային այս փուլին և աշխատանքի շարունակությանը՝ ուղղված Արցախի և հայ ժողովրդի հետ ԱՄՆ-ի կապերի հետագա ամրապնդմանը», – ասել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի և Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ավագ անդամը։

ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը Արցախի Ազգային ժողովի նախագահ է ընտրվել օգոստոսի 7-ին։ Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով նա հավաքել է 22 կողմ, 9 դեմ ձայն։

Հայերը Գլենդելում մայրուղի են փակել Արցախում տիրող իրավիճակի վրա ուշադրություն հրավիրելու համար

ԱՄՆ Գլենդել քաղաքում հարյուրավոր ամերիկահայ ցուցարարներ օգոստոսի 9-ի գիշերը փակել են մայրուղիներից մեկը, որպեսզի ուշադրություն հրավիրեն Արցախում տիրող ճգնաժամի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ակցիան լուսաբանել է ABC7 լրատվամիջոցը։

Ցուցարարները փակել են Սենտրալ և Բրենդ պողոտաների մի մասը, այնուհետև հավաքվել են մայրուղու գոտիների վրա և պաստառներ պահել՝ կոնգրեսական Ադամ Շիֆին կոչ անելով աջակցել Արցախին։

Վերջին օրերին ցուցարարները մի քանի ակցիա են իրականացրել Ադամ Շիֆի գլենդելյան գրասենյակի առաջ՝ դեմոկրատ կոնգրեսականին կոչ անելով ավելին անել Լեռնային Ղարաբաղին աջակցելու համար։

Իր հերթին Ադամ Շիֆն օգոստոսի 7-ին հայտարարություն էր տարածել՝ դարձյալ շեշտելով Լաչինի միջանցքի արգելափակումը վերացնելու հրատապությունը։

«Քանի որ Ադրբեջանը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին թույլ չի տալիս կենսական անհրաժեշտության մարդասիրական օգնություն մատակարարել և Արցախից տեղափոխել շտապ բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդներին, օրեցօր մեծանում է միջազգային հանրության կողմից գործողություններ ձեռնարկելու և հակամարտությանը կայուն լուծում գտնելու անհրաժեշտությունը», – գրել էր Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Շիֆը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն պետք է ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը և ընդդիմանա էթնիկ զտումներին և ցեղասպանության սպառնալիքներին, որոնց բախվում է հայ համայնքը իր նախնիների հայրենիքում։

Դրան հաջորդող մեկ այլ հայտարարության մեջ Շիֆը հայտնել էր, որ կապի մեջ է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի, Պետքարտուղարության և իր գործընկեր կոնգրեսականների հետ և նրանց կոչ է անում օգտագործել առկա բոլոր գործիքները, այդ թվում՝ Ադրբեջանի ռազմական օգնության դադարեցումը և Արցախում ստեղծված ճգնաժամի բոլոր մեղավորների հանդեպ պատժամիջոցների սահմանումը։

Արցախցի սահմանափակ կարողություններով մարզիկները զրկվել են Հայաստանում մրցումներին մասնակցելու իրավունքից

Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնն իր գործունեության շրջանակներում բազմաթիվ ծրագրեր է իրականացնում։ Այդ թվում՝ Արցախում պարալիմպիկ սպորտի զարգացման վերաբերյալ։

Մինչ շրջափակումը, Քերոլայն Քոքսի վերականգնողական կենտրոնը «Հայկական Ճամբար» և «Լիարժեկ կյանք» հասարակական կազմակերպությունների հետ միասին, ինչպես նաև Արցախի կառավարության աջակցությամբ ամեն տարի անցկացնում էր մարզական միջոցառումներ Արցախում և Հայաստանում, մասնավորապես, Bocce մրցումներ։

Bocce-ն հայտնի պարալիմպիկ մարզաձև է: Արցախում այն ​​կիրառվում է 2010 թվականից։

Մրցույթին մասնակցում էին մարզիկներ Արցախից և ողջ Հայաստանից։ Արցախի թիմը՝ ի դեմս Վերականգնողական կենտրոնի հիվանդների, մեկ անգամ չէ, որ արժանացել է մրցանակների։

Կենտրոնի մնացած հիվանդների համար կազմակերպվել են նաև ուղևորություններ դեպի Սևանա լիճ։

Բերձորի միջանցքի արգելափակման պատճառով հաշմանդամություն ունեցող անձինք զրկված են տարրական իրավունքներից։ Հայաստանի թշնամիների հանցավոր քաղաքականության պատճառով նրանք չեն կարող հանրապետությունից դուրս գալ անգամ մրցույթների և հանգստի համար։

Այնպես որ, «սպորտը քաղաքականությունից դուրս է» արտահայտությունն այլեւս տեղին չէ։

Արսեն Աղաջանյան

Արցախը պայքարում է. 1994 թվականի սահմանները կենսական նշանակություն ունեն Արցախի և ողջ Հայաստանի անվտանգության համար

Արցախը պայքարում է. 35 տարի շարունակ այս բառերը աշխարհով մեկ սփռված միլիոնավոր հայերի բառապաշառից դուրս չեն եկել։

Ավելին, Արցախն անխոնջ պայքարում է ստրկության, նվաստացման և իր բնակիչների իրավունքների անտեսման դեմ։

Արհեստականորեն ստեղծված «Ադրբեջան» կոչվող սուբյեկտի հովանավորության տակ անցած 70 տարին ապացուցեց, որ մանկասպանների հետ խաղաղ գոյակցությունն անհնար է, որ գազանի բերանում կարելի է ապրել միայն զենքը ձեռքին, այն մարդու հետ, ով ծրագրում է սպանել ձեր ծերերին, կանանց ու երեխաներին, հնարավոր չէ բանակցել:

Ավաղ, Հայաստանի վերջին 30 տարվա իշխանությունները չեն հասկացել այս անփոփոխ ճշմարտությունների կարևորությունը, և նրանց միջակ քաղաքականության ու դիվանագիտության պտուղները, ավելի ճիշտ՝ դրանց բացակայությունն այսօր թանկ են նստում սեփական ժողովրդի վրա, որի ուսերին են ընկել պատերազմների դժվարությունները՝ հետպատերազմյան տարիներից մինչ օրս։

Բայց այն, ինչ այսօր պատահել է Արցախի ժողովրդի գլխին, ոչ մեկին չչի ներվելու։

Շրջափակումը, սննդի, դեղորայքի, մանկական սննդի, տրանսպորտի վառելիքի բացակայությունը նորություն չէ Արցախի համար։ Այդպես էր Արցախում 80-ականներին, դեռ սովետի ժամանակ, այդպես էր առաջին շրջափակման ժամանակ, որը տեւեց 4 ամբողջ տարի, այսօր էլ այդպես է։

Բայց եթե 20-րդ դարի վերջին տասնամյակներում աշխարհում մարդիկ տեղեկություն չունեին, հաղորդակցությունն այնքան էլ զարգացած չէր, և աշխարհի այս կամ այն ​​մասում իրերի վիճակը լուսաբանված չէր, քննարկման առարկա չդարձավ համաշխարհային հանրությանհամար, ապա այսօր ավելի հեշտ է ինտերնետ կոչվող գիտական ​​հրաշքի շնորհիվ։

Սակայն քաղաքակրթության բարիքներն իրենց հետ բերեցին բացասական երեւույթներ։ Այսօր հաճախ կարելի է լսել «հիբրիդային պատերազմ», «տեղեկատվական պատերազմ», «տեղեկատվական շրջափակում» և այլն արտահայտությունները։ Զանգվածային լրատվության միջոցները, սոցիալական ցանցերը դարձել են այս կամ այն ​​հասարակական ազդեցություն ստեղծելու, մարդկանց հսկայական զանգվածների մոտ որոշակի հասկացություններ ու աշխարհայացքներ ձեւավորելու գործիք։

Ցավոք, մենք չենք կարող օգտագործել այդ մեխանիզմները համաշխարհային հանրության հետ լիարժեք երկխոսության համար։ Բայց դա հաջողությամբ անում է մեր թշնամի Ադրբեջանը, որը նույնիսկ միջազգային ասպարեզում իր ռազմական հանցագործություններն ու մարդկության դեմ վճռագործությունները ներկայացնում է որպես «պատիժ անջատողականների համար»։

Այս բոլոր եզրույթները նույնպես մեզ համար նորություն չեն՝ 90-ականներին խորհրդային քարոզչամեքենան Արցախյան ազգային-ազատագրական շարժման գաղափարախոսներին ու ակտիվիստներին անվանեց ծայրահեղականներ եւ սեպարատիստներ։

Ավաղ, իրենց բարեկամ կոչող մեր թշնամիներն չեն կարողացել հասկանալ, որ սովը չի կարող ստիպել Արցախի ժողովրդին ստերադասել իր արժանապատվությունը։ Նրանք չեն հասկանում նման բաները, քանի որ … ուղղակի չեն հասկանում:

Ոմն Զուլֆուգարովն ասում է, որ Արցախը «քաղաքական հացադուլ» է հայտարարել։

Բայց Արցախը միայն սա չի անում։ Այսօր Արցախն ամեն օր ապացուցում է, թե ինչ է «Ադրբեջանը»։

Արցախն ապացուցում է, որ 1988-94 թվականների պայքարն արդարացված էր, ավելին, 1994 թվականի սահմանները (առնվազն) կենսական նշանակություն ունեցան ոչ միայն Արցախի անվտանգության, այլ ողջ Հայաստանի ու հայոց պետականության համար։

Իմ Արցախ, դու միշտ եղել ու կմնաս ԱԶԱՏՈՒԹՅԱՆ չափանիշն ու ժողովրդավարության քննությունը։

Պարզապես դիմացիր!!!

Մարգարիտա Քարամյան