ՄԻԵԴ-ը հայկական կողմին է փոխանցել Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած տեղեկությունները

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայկական կողմին է փոխանցել Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած տեղեկությունները: Այս մասին հաղորդում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը:

Դրանք փոխանցվել են Խաչատրյանի հարազատներին:

Ադրբեջանի ներկայացրած փաստերի և դիրքրոշուման վերաբերյալ Հայաստանը կներկայացնի իր առարկությունները դատարանի սահմանած ժամկետում՝ մինչև ս.թ. օգոստոսի 16-ը:

Իրավապաշտպանները իրենց դիրքորոշումը արտահայտել են, հերթը միջազգային հարթակում քաղաքական որոշումներ կայացնողներինն է

Արցախի ՄԻՊ հայտարարությունը

Ադրբեջանի կողմից Արցախի` 8 ամիս շարունակվող շրջափակման ընթացքում Արցախի, ՀՀ և Սփյուռքի տարբեր դերակատարների կողմից ներդրված ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել ապահովել միջազգային ազդեցիկ իրավապաշտպան և մարդասիրական կազմակերպությունների և մի շարք հեղինակավոր փորձագետների հստակ, հասցեական գնահատականն Արցախում խորացող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։ Այս ընթացքում իրենց դիրքորոշումներն են արտահայտել է Amnesty International, Human Rights Watch, Freedom House, Global Center for Responsibility to Protect կազմակերպությունները, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի հատուկ զեկուցողները, Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկին ինստիտուտը, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան և մի շարք այլ իրավապաշտպաններ։

Իրավապաշտպան և մարդասիրական բոլոր կազմակերպությունների հայտարարությունները միաձայն պահանջում են Ադրբեջանի իշխանություններից դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը, ապահովել անձանց, բեռների և մեքենաների ազատ և անխոչընդոտ երթևեկությունը միջանցքով և վերջ դնել Արցախում հումանիտար ճգնաժամին։

Բոլոր կազմակերպությունների հայտարարություններին ադրբեջանական իշխանությունները տալիս են արհամարհական և լկտի պատասխաններ` ամենապարզ ձևով ցույց տալով անարգանք բոլորի նկատմամբ, կարծես թե բոլորը ստում են և միայն իրենք են ճիշտ։

Ադրբեջանի այս պահվածքը ևս մեկ անգամ ի ցույց է դնում այն պարզ ճշմարտությունը, որ Ադրբեջանը ոչ հանձնառություն, ոչ էլ ցանկություն ունի կատարելու միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները, ավելին՝ ի տես բոլոր կառույցների շարունակում է արհամարհել մարդու իրավունքները և իրականացնել Արցախի ժողովրդի նկատամբ ցեղասպանական քաղաքականություն։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականները չպետք է մնան թղթի վրա։ Այս հասցեական հայտարարությունները պետք է դառնան Արցախի ժողովրդին սովամահությունից, էթնիկ զտումից, ցեղասպանությունից փրկելու տարբեր պետությունների և միջազգային կառույցների դիրքորոշումների հիմքը։ Հենց սրա համար էլ այդ կառույցները ստեղծված են՝ կանխելու մասայական վայրագություններն ու մարդու իրավունքների խախտումները։

Իրավապաշտպաններն իրենց դիրքորոշումը արտահայտել են, հերթը միջազգային հարթակում քաղաքական որոշումներ կայացնողներինն է՝ ապացուցելու, որ թույլ չեն տա Ադրբեջանի հանցավոր իշխանություններին կասկածի տակ դնել միջազգային բարձր հեղինակություն ունեցող իրավապաշտպան և մարդասիրական կառույցների հեղինակությունը։

Հակառակ պարագայում, ցուցաբերվող անտարբերությունն ու հեղինակավոր կարծիքների անտեսումը հանգեցնելու է մարդկային անդառնալի հետևանքների, որում արդեն միջազգային դերակատարները կրելու են հանցակցության ուղիղ պատասխանատվություն։

Զուլֆուգարովն ամեն ինչ ճիշտ է հասկացել

Բաքվի դիվանագետները՝ ներկա և նախկին, անհաջողությամբ փորձում են գոնե մի փոքր իրավական հիմնավորում գտնել հայկական հողերի նկատմամբ իրենց հավակնությունների համար։ Իրավական հիմքերի բացակայությունը հանգեցնում է նրան, որ ճնշումների ցինիկ և անմարդկային մեթոդներ են ընտրվում հայ բնակչության՝ իրենց հողի և դրա վրա ապրելու իրավունքը յուրացնելու նպատակով։

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովն ասում է, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահները» և Իրանը «գործում են Ադրբեջանի դեմ, քանի որ ձգտում են հավերժացնել հակամարտությունը՝ որպես տարածաշրջանային կառավարման միջոց»:

Զուլֆուգարովը խորամանկություն է անում. ո՛չ Մինսկի խմբի համանախագահները, ո՛չ Իրանը չեն կարող շրջանցել Հայկական լեռնաշխարհում (որը անվանում են Կովկաս կամ Անդրկովկաս, միայն թե իրական անունը չարտասանեն) հայերի «բնածին» իրավունքների համակարգը: Բոլոր իրավունքներն այստեղ պատկանում են հայերին, և դրանք չեն կարող խլվել, նույնիսկ եթե գտնվի հայ, ով համաձայն է կամավոր հրաժարվել իրավունքներից: «Համանախագահները» և Իրանը դա թույլ չեն տա, քանի որ դա ուղղակիորեն փոխկապակցված է համաշխարհային ճարտարապետության հետ։

«Ադրբեջանը որդեգրում է «հայելային արտացոլման» ռազմավարություն՝ ի պատասխան հակամարտությունը շարունակելու Հայաստանի ցանկության։ Բաքուն բարձրացնում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են «Արևմտյան Զանգեզուրն ու Գոյչա Մահալը» և «Արևմտյան Ադրբեջանի համայնքները»՝ ազդարարելով 1975 թվականի քարտեզներով սահմանված սահմանները ճանաչելուց հրաժարվելու մասին»,- ասել է Զուլֆուգարովը։ Ադրբեջանը պնդում է “մինչև 1920 թվականի աշունը” հաստատված գիծը և պատրաստ է ընդլայնել հակամարտության գոտին Արևմտյան Զանգեզուրի տարածքով և դրանից դուրս՝ հաշվի առնելով Բաքվի քաղաքական և պաշտպանական գերազանցությունը, նշում է նա։

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Հայաստանը «կադաստրի թուղթ» չունի։ Բայց տարածաշրջանում ոչ ոք նման թուղթ չունի, հատկապես Ադրբեջանը, որը ստեղծվել է 1918թ.։ Փաստորեն, Բաքուն այդպես էլ ոչինչ չի հայտնաբերել, բացի «մինչև 1920 թվականի աշունը» որոշ քարտեզներից։

«Կադաստրային թուղթ» կարող է տալ միայն Հայաստանը՝ Հայաստանի խորհրդարանը կարող է որոշել ժամկետն սպառված ճանաչել 100-ամյա պայմանագրերը, որոնց համաձայն տարածաշրջանում գծվել են ռուս-թուրքական սահմանները։ Հայաստանը կարող է դիմել միջազգային արբիտրաժի համար՝ նոր տարածաշրջանային սահմանային պայմանագրի կնքման հարցով։ Այդ ժամանակ պարզ կդառնա, թե որտեղով են անցնում Հայաստանի սահմանները եւ ինչու նրա տարածքը տխրահռչակ 29,8 հազար քառակուսի  կմ չէ։

Բաքուն վախենում է նման որոշումից և փորձում է «հեղեղել» հայկական իրավունքները Հայկական լեռնաշխարհում կեղծ պատմական պնդումներով, ցինիկ ճնշումներով և Արցախի բնիկ բնակչությանը սովի դատապարտելով։ Զուլֆուգարովն ասում է, որ Արցախում «քաղաքական հացադուլ» է հայտարարվել։ Նա ամեն ինչ ճիշտ հասկացավ:

Lragir.am

Ֆրանսիան միացել է ԼՂ հումանիտար օգնություն ուղարկելու նախաձեռնությանը

Ֆրանսիայի մի շարք քաղաքներ ու շրջաններ հումանիտար օգնություն են հատկացրել՝ Ադրբեջանի կողմից շրջափակված Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հասցնելու համար։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Կոռնիձորում Հայաստանի կառավարության հումանիտար օգնությամբ բեռնված 19 և «Գրանդ Քենդի» ընկերության 2 բեռնատարների շարասյանը միացել է նաև Ֆրանսիայի մի շարք քաղաքների և շրջանների կողմից հատկացված հումանիտար օգնությամբ բեռնատարը։

Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման համար Հայաստանի կառավարությունում ստեղծված աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանն ընդգծում է՝ բարեկամ Ֆրանսիայի այս քայլը վկայում է, որ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից այս ճգնաժամը մեղմելու նախաձեռնությունը ստանում է նաև միջազգային հնչեղություն։

«Կարծում եմ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում այն աստիճան օրհասական է, և հումանիտար աջակցության կարիքն այնքան մեծ է, որ դա ակնհայտ է նաև մեր միջազգային գործընկերների համար։ Միջազգային գործընկերների գործուն քայլերն, անշուշտ, կարող են նպաստել, որպեսզի ի վերջո Լաչինի միջանցքի արգելափակումը վերացվի, և հնարավոր լինի հումանիտար բեռը հասցնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին»,- նշեց ասաց Վարդան Սարգսյանը։

Հումանիտար օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն, Ռոն Ալպեր, Օ դը Ֆրանս, Պրովանս-Ալպեր Լազուր ափ, Նոր Ակվիտանիա, Լուարի երկիր, Գրանդ էստ ռեգիոնները։  «20 տոննայից ավել հումանիտար բեռ է, որը պարունակում է մակարոնեղեն»,- ասաց Սարգսյանը։

Հայաստանի կառավարությունը հուլիսի 26-ին 361 տոննա հումանիտար օգնություն էր ուղարկել Լեռնային Ղարաբաղ, սակայն օգնությունը տեղ չի հասել, քանի որ Ադրբեջանն արգելում է բեռնատարների մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Կառավարության հումանիտար օգնությամբ բեռնված 19 բեռնատարները, ինչպես նաև ավելի ուշ դրանց միացած «Գրանդ Քենդի» ընկերության՝ քաղցրավենիքով բեռնված բեռնատարներն օրեր շարունակ սպասում են Կոռնիձորի սահմանային հատվածում։

Արցախում շարունակվում է երեխաներին դպրոցներ ընդունելու գործընթացը

Ստեփանակերտի Սախարովի անվան թիվ 8 դպրոցը 

Արցախում սկսվել է երեխաներին դպրոցներ ընդունելու գործընթացը՝ զրոյական դասարաններում, առաջին դասարաններում և ավագ դպրոցում։

Ստեփանակերտի թիվ 8 դպրոցի ուսմասվար Իրինա Օսիպովայի խոսքով, երեխաներն արդեն հավաքագրվել են զրոյական դասարանների համար՝ 90 երեխա երեք դասարանի համար։ Առաջին դասարան ընդունվել է 55 երեխա, գործընթացը շարունակվում է։

Օսիպովան նշել է, որ այսօր դպրոցում սովորում է 1100 երեխա, այդ թվում՝ 300 երեխա՝ ներքին տեղահանվածների ընտանիքներից։

Խոսելով դպրոցական պայուսակների հետ կապված խնդիրների մասին՝ դպրոցի տնօրենն ասաց, որ արդեն գալիս են մարդիկ, ովքեր օգնություն են առաջարկում, ուզում են պայուսակ բերել դպրոց. Նրա կարծիքով՝ ԿԳՆ-ն պետք է այնպես անի, որ օգնության հավաքագրման գործընթացն ընթանա կենտրոնացված՝ մեկ տեղում։

Նշենք, որ երկու օր առաջ Արցախի կրթության նախարարությունը կոչով դիմել էր բնակչությանը՝ խնդրելով օգնել լուծել առաջին դասարանցիների դպրոցական պայուսակների խնդիրը։

«Ինչպես գիտեք, յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին Արցախի Հանրապետության կրթության և մշակույթի նախարարությունը առաջին դասարանցիներին տրամադրում էր ուսապարկեր՝ անհրաժեշտ գրենական պիտույքներով։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման պատճառով այս ուսումնական տարվա մեկնարկից առաջ ավանդական նախագծի իրականացումը հնարավոր չէ։ Հաշվի առնելով խանութներում դպրոցական պայուսակների պակասը, կրթության, մշակույթի, սպորտի և գիտության նախարարությունը ակցիա է իրականացնում դպրոցական պայուսակների հավաքագրման համար”, ասվում է հայտարարության մեջ։ Դպրոցներում ստեղծվել են ուսապարկերի, դասագրքերի և այլ դպրոցական պարագաների հավաքագրման կետեր։

ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակի հայտարարությունը

ՄԱԿ-ի փորձագետները կոչ են անում Ադրբեջանին վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը և վերջ տալ ԼՂ -ում հումանիտար ճգնաժամին:

Այս մասին գրառում է արել ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակը X-ի (թվիթեր) հարթակում:
«Վերացնելով շրջափակումը՝ իշխանությունները կարող են թեթևացնել Լեռնային Ղարաբաղում հազարավոր մարդկանց տառապանքը և թույլ տալ մարդասիրական օգնության անարգել հոսքը խաղաղ բնակչությանը»,-մասնավորապես ասվում է գրառման մեջ:

Սովի մատնումը ցեղասպանության անտեսանելի զենք է, որն օգտագործվում է Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ․ Օկամպո

Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն կատարել է իր խոստումն Արցախի նախագահին եւ զեկույց է հրապարակել․

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը խոչընդոտում է ցանկացած սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ պարագաների մուտքը Լեռնային Ղարաբաղ, 2022 թվականի դեկտեմբերից լուսաբանվում է ԶԼՄ-ներում և քննարկվում քաղաքական առաջնորդների շրջանում:

Իմ ներդրումն այն է, որ բացատրեմ, թե ինչու դա պետք է համարել ցեղասպանություն Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ Ցեղասպանության մասին կոնվենցիայի 2-րդ (գ) հոդվածի համաձայն․ «Խմբի համար կանխամտածված այնպիսի կենսապայմանների ստեղծում, որոնք նախատեսված են նրա ֆիզիկական ոչնչացման համար»:

Այստեղ դիակիզարաններ չկան, մաչետեի հարձակումներ էլ չկան։ Սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է։ Առանց անհապաղ արմատական փոփոխությունների՝ հայերի այս խումբը կոչնչանա մի քանի շաբաթից։

Շատ առումներով Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերին սովի մատնելը Ցեղասպանության նախատիպ է՝ խմբի ոչնչացմանն ուղղված կենսապայմանների պարտադրման միջոցով: Սա փակում է ողբերգական շրջանը, քանի որ «1915 թվականին թուրք կառավարիչների կողմից հայերի նկատմամբ վերաբերմունքը պարադիգմ է ապահովում ցեղասպանության դրույթի համար, որը վերաբերում է կյանքի պայմանների պարտադրմանը»:

Որպես այս ոլորտում որոշակի փորձ ունեցող անձ՝ ինձ համար պատիվ է եղել իմ ներդրումն ունենալ՝ տրամադրելով անաչառ զեկույց, և ես պատրաստ եմ օգնել ցանկացած կողմի, որը ձգտում է կանխել Լեռնային Ղարաբաղում հայերի ոչնչացումը:

Նոյեմբերի 9-ի հայտարարության վերջը. Արցախը պահանջում է «միջազգային մանդատով օժտված ձևաչափ»

Արայիկ Հարությունյանը երեկ հրատապ հայտարարություն է տարածել, որում պահանջում է շտապ «վերագործարկել հակամարտության կարգավորման միջազգային մանդատով օժտված բանակցային ձեւաչափը»։ Նա դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ովքեր նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներ են, պահանջելով, որ «հակամարտության կարգավորմանն ուղղված առաջարկները, ինչպես նաև դրանց իրականացման հնարավոր հետևանքները համահունչ լինեն «միջազգային իրավունքի սկզբունքներին»։

2020 թվականի պատերազմը, նոյեմբերի 9-ի հայտարարությունը և դրան հաջորդած «կարգավորումը» դուրս էին միջազգային իրավունքից։ ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի ոչ մի սկզբունք չի գործում Ղարաբաղի տարածքում։ Ռուսական և ադրբեջանական զորքերը թույլ չեն տալիս միջազգային կազմակերպություններին, լրատվամիջոցներին, դիտորդական կազմակերպություններին մտնել Ղարաբաղ՝ Արցախը դարձնելով, ինչպես Հարությունյանն է ասում, «սև խոռոչի վերածվող գորշ գոտու»։

Նոյեմբերի 9-ին հայտարարությունը ստորագրած Ռուսաստանը բացահայտ հայտարարեց իր «Արցախը Ադրբեջանի կազմում ինտեգրելու ծրագրի մասին»՝ ցինիկաբար հայտարարելով, որ «կարող է միջանցքը բացել, բայց կողմերի համաձայնությունը չկա»։ Այնուհետև ԱՄՆ-ն միջնորդեց՝ հայտարարելով բանակցություններից Ռուսաստանի բացակայության անհրաժեշտության մասին, սակայն նշելով, որ «Թուրքիան կարող է արդյունավետ դեր խաղալ»։

Միջազգային իրավունքը շրջանցող նման «միջնորդական ջանքերը»՝ «տարածաշրջանային նայող»՝ Ռուսաստանի փոխարեն Թուրքիային նշանակելու մտադրությամբ, անընդունելի են Արցախի համար։ «Տարածաշրջանային նայողներ» չպետք է լինեն՝ միայն միջազգային իրավունք։

«Արցախի ժողովրդի և նրա դարավոր ավանդույթների, արժեքների, մշակույթի, ինչպես նաև բնական զարգացման պահպանման կարևորագույն պայմանն ու միջոցը՝ միջազգային իրավական սուբյեկտիվություն ունեցող ազգային պետության գոյությունն է»,- նշել է Արայիկ Հարությունյանը։

Նա կոչ է արել անհապաղ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, ինչպես նաև ընդունել բանաձեւ, որը պարտավորեցնում է Ադրբեջանին անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշման։

Հարությունյանը կոչ է արել արդյունավետ քայլեր ձեռնարկել Արցախի Հանրապետություն փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ՝ գնահատելու միջազգային հանցագործությունների հետեւանքները։ Արցախի նախագահը կոչ է արել հեռացնել Ադրբեջանին Եվրոպայի խորհրդից և կիրառել պատժամիջոցներ։

«Միջազգային մանդատով օժտված ձևաչափի» կոչը ազդարարում է Եռակողմ հայտարարության ավարտը: Արայիկ Հարությունյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Բաքուն (կարդա՝ Մոսկվան) պատրաստվում է հրաժարվել նոյեմբերի 9-ի հայտարարությունից։ «Վակուումը» կարող է լրացնել միայն միջազգային իրավունքը, որի մերժումը 2020 թվականին հանգեցրեց նման իրավիճակի։ «Գորշ գոտի և սև խոռոչ» ձևավորվել են նաև Արցախի ղեկավարության՝ ռուս «խաղաղապահների» համար միջազգային մանդատ խնդրելու փորձերի արդյունքում։

Սխալներն ուղղելու համար դեռ ուշ չէ։

Այժմ միջազգային ջանքերը համապատասխան գործիքներով պետք է ուղղվեն Լաչինի միջանցքի վերաբացմանը․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն ընդգծել է, որ, ի թիվս այլոց, Հայաստանը գնահատում է Եվրոպական խորհրդարանի ընդունած թիրախային հայտարարությունները, որն ավելի ուժեղացավ Լեռնային Ղարաբաղի շրջափակման և Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի որոշման խախտման արդյունքում։

«Այժմ միջազգային ջանքերը համապատասխան գործիքներով պետք է ուղղվեն Լաչինի միջանցքի վերաբացմանը»,- X-ի (նախկինում՝ Twitter) իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ խոսնակը՝ տեղադրելով եվրոպական տարբեր կառույցների հայտարարությունների հատվածներ։

Ինչո՞վ է պայմանավորված հիվանդների տեղափոխման վերսկսումը

Ինչո՞ւ է ադրբեջանական կողմը թույլտվություն տվել հիվանդներին տեղափոխել Հայաստան։ Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանի խոսքով, ԿԽՄԿ-ով այսօր տեղափոխված բոլոր տասնմեկ հիվանդները գտնվում էին ծայրահեղ ծանր վիճակում, նրանք կամ պետք է լիարժեք բուժօգնություն ստանային, կամ մահանային։

«Բանակցություններ են եղել, փոխադրումների վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Այսօրվա հիվանդներին Հայաստան տեղափոխելը կապ չունի խորհրդարանի նոր նախագահի ընտրության հետ»,- ասաց ՄԻՊ-ը՝ պատասխանելով Step1.am-ի հարցին։

Պատասխանելով Հայաստան հիվանդների տեղափոխման վերսկսման մասին հարցին՝ Կարմիր Խաչի առաքելությունոիմ նշել են. «Այս հարցում մենք շարունակում ենք չեզոք միջնորդի դեր խաղալ։ Մենք անընդհատ քննարկումների մեջ ենք որոշում կայացնող բոլոր կողմերի հետ, մեր դերը բացառապես մարդասիրական է։ Քննարկումները շարունակվում են այն շուրջ, թե ինչպես է կառուցվելու և իրականացվելու մեր աշխատանքը»:

Առողջապահության նախարարությունը նշել է, որ հունիսի 15-ից Արցախում տոտալ շրջափակում է։ Ադրբեջանական կողմն արգելում է անհրաժեշտ դեղամիջոցների և բժշկական պարագաների մատակարարումը։ Չկան պլանավորված վիրահատություններ և լիակատար սպասարկում: Մեծահասակների և երեխաների մահացության մակարդակը աճում է։ Բազմաթիվ հիվանդներ դեռ սպասում են, որ իրենց ուղարկեն Հայաստանի Հանրապետություն և վերադառձնեն Արցախ։

Արցախի նախագահը կոչ է արել ստեղծել միջազգային մանդատով օժտված բանակցային ձևաչափ

Վճռականորեն հորդորում եմ միջազգային դերակատարներին՝ իրենց պարտավորությունների շրջանակում գործուն և արդունավետ քայլեր ձեռնարկել՝ կասեցնելու Արցախի ժողովուրդի դեմ իրականացվող ցեղասպանության հանցագործությունը: Այս մասին ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը իր տեսաուղերձում։

Նա նաեւ Հայաստանի Հանրապետությանը հորդորեց Ադրբեջանի կողմից ստեղծված հումանիտար աղետը ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը, հրատապ և կոնկրետ քայլեր ենթադրող բանաձևի ընդունման նպատակով:

“Հորդորում եմ դիմել միջազգային գործընկերներին՝ քննարկելու և սահմանելու պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ, վերջինիս կողմից իրականացվող միջազգային հանցագործությունները դադարեցնելու նպատակով: Կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին, հասարակական-քաղաքական գործիչներին՝ զգույշ լինել իրավիճակի վերաբերյալ իրենց հրապարակային հայտարարություններում, գնահատականներում, որևէ հայտարարություն կամ գործողություն չպետք է կասկածի տակ դնի Արցախի ժողովուրդի ինքնորոշման իրավունքը և չպետք է նպաստի Ադրբեջանի հետագա հանցավոր արգրեսիվ գործողություններին»,- ասաց Հարությունյանը:

«Սփյուռքի մեր հայրենակիցներից ակնկալում ենք աշխատանքներ հետևյալ ուղղություններով՝ պահանջել կառավարություններից խստիվ դատաարտել և կոնկրետ քայլեր ձեռնարկել Արցախի շրջափակումը վերացնելու նպատակով Ադրբեջանի վրա ճնշումը մեծացնելու ուղղությամբ: Պահանջել կառավարություններից, իրավապաշտպան կազմակերպություններից, ԶԼՄ-ներից և այլ դերակատարներից՝ ուղիղ իրավական որակումներ և քաղաքական գնահատականներ տալ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացվող հանցագործություններին, պահանջել կառավարություններից՝ քննարկել և սահմանել պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ»,- ասաց նա:

Հարությանը կոչ արեց Ռուսաստանի Դաշնությանը՝ ՌԴ խաղաղապահ առաքելության ներկայությունն Արցախում բազմապատկել ջանքերը Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի շրջափակումն անհապաղ վերացնելու և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված Լաչինի միջանցքի գործառնությունը վերականգնելու ուղղությամբ:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, ՌԴ-ին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային վճռականորեն կոչ եմ անում՝ որպես հակամարտության կարգավորման գործում անմիջականորեն ներգրավված և միաժամանակ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ-պետություններ իրենց առաջնային պարտավորության շրջանակում գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի շրջափակումն անհապաղ դադարեցնելու: Կոչ եմ անում անհատական և միասնական ջանքեր գործադրել՝ ստեղծելու համապատասխան միջազգային մանդատով օժտված ամուր բանակցային ձևաչափ, որը կերաշխավորի բանակցությունների գործընթացի, դրա չափանիշների և վերջնարդյունքի համապատասխանությունը միջազգային իրավունքի նորմերին և համամարդկային արժեքներին»,- ընդգծեց Հարությունյանը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ-պետություններին Հարությունյանը հորդորեց անհապաղ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկելու Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով մեկնարկած ցեղասպանությունը և առաջացած հումանիտար աղետը, ինչպես նաև ընդունելու բանաձև, որը կպարտավորեցնի Ադրբեջանին՝ անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը:

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հորդորում եմ դրսևորել բարոյական և քաղաքական պատասխանատվություն և առաջնորդություն և գործի քնել ՄԱԿ-ի ամբողջ համակարգը՝ կասեցնելու Արցախում տեղի ունեցող միջազգային հանցագործությունների հետագա ընթացքը: Կոչ եմ անում Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականին և այլ համապատասխան կառույցներին փոխանցված Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող միջազգային հանցագործությունների վերաբերյալ փաստական և իրավական մանրամասն տեղեկությունները ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, առաջարկում եմ իր բարի ծառայությունների ինստիտուտի միջոցով արդյունավետ ներդրում ունենալ Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման մեխանիզմնի ձևավորման գործընթացում: Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականին կոչ եմ անում գործուն քայլեր ձեռնարկել Արցախի Հանրապությունը փաստահավաք առաքելություն ուղարկելու համար՝ գնահատելու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման միջոցով իրականացվող միջազգային հանցագործությունների հետևանքը: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարին, Փախստականների հարցերով բարձր հանձնակատարին և մարդու իրավունքների պաշտպանության համար պատասխանատու ՄԱԿ-ի մյուս կառույցներին. պահանջում եմ իրենց մանդատների շրջանակներում իրավական գնահատականներ տալ Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող հանցագործություններին, արձանագրել մարդու իրավունքների զանգվածային խախտումները, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ-պետություններին և այլ միջազգային դերակատարներին ներկայացնել մանրամաս փաստական և իրավական տեղեկություններ Արցախում մարդու իրավունքներին խորացող ճգնաժամի վերաբերյալ»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Հարությունյանը Եվրոպական միությանը կոչ արեց օգտագործել ԵՄ տրամադրության տակ եղած ռեսուրսներն ու գործիքները, ներառյալ պատժամիջոցների կիրառումը, ուժեղացնելու ճնշումն Ադրբեջանի վրա՝ Արցախի շրջափակումը վերացնելու և մարդու իրավունքների զանգվածային խախտումներին վերջ դնելու նպատակով: Հորդորում եմ՝ հավատարիմ մնալ Եվրոպական միության հռչակած արժեքներին ու սկզբունքներին, զերծ մնալ Ադրբեջանի հետ հատկապես էներգետիկ գործընկերությունը, մարդու իրավունքներից ու ազատություններից գերակա համարելու մոտեցումից:

«Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և միջազգային այլ դերակատարներին հորդորում եմ ակտիվորեն ներգրավել Արցախում Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների զանգվածային և համակարգային խախտումների մասին իրազեկման արշավին, տալով հստակ իրավական որակումներ և պահանջելով պետությունների կառավարություններից և միջազգային կառույցներից՝ իրականացնել համապատասխան կանխարգելիչ գործողություններ։ Միջազգային հանրության հարգելի ներկայացուցիչներ, որպես իմ այս ահազանգ-ուղերձի ամփոփում, խնդրում եմ՝ հաշվի առնել, որ Արցախն այժմ աշխարհի միակ տարածքն է, որը գտնվում է լիակատար պաշարման մեջ և որտեղ նույնիսկ միջազգային հանրությունը որևէ մուտք չունի: Արդյո՞ք ձեզ համար հարց չի ծագում, թե որն է Արցախի խաղաղասեր ժողովրդին այսպիսի լիակատար մեկուսացման ենթարկելու Ադրբեջանի մղումը: Արդյո՞ք ձեզ չի մտահոգում այն հանգամանքը, որ Արցախը դարձել է մարդու իրավունքների պաշտպանության առումով ոչ թե գորշ գոտի, այլ սև խոռոչ, որտեղ կարող են պատահել մարդկային քաղաքակրթության տեսած բոլոր հանցագործությունները: Արդյո՞ք չեք գիտակցում, որ միջազգային այսպիսի անպատժելիությունը և նոր ցեղասպանության թույլատրումը ծնելու է նորանոր հանցագործություններ, գուցե նաև ձեր ժողովուրդների հանդեպ»,- նշեց Արայիկ Հարությունյանը:

Հարությունյանի խոսքով՝ Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն սկսելու վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջ քաշած շինծու օրակարգը իրականում Ադրբեջանի հանցավոր արարքները լեգիտիմացնելու փորձ է: Առանց միջնորդների եւ գործուն երաշխիքների նման բանակցություններում Արցախի մասնակցությունը խրախուսելու ցանկացած կոչ ընկալում ենք որպես օժանդակություն Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության իրացմանը:

«Այս պայմաններով որեւէ նման բանակցություններին Արցախի մասնակցությունը կլինի Ադրբեջանի ցեղասպանական մտադրության իրացման քողարկված ծրագրի ընդունում եւ օրինականացում: Բանակցությունների արդյունավետության ու լեգիտիմության համար անհրաժեշտ է ապահովել, որ կողմերն առնվազն հետեւեն միջազգային իրավունքի նորմերին: Ընդ որում, ինչպես բուն հակամարտության կարգավորմանն ուղղված առաջարկները, այնպես էլ դրանց իրականացման հնարավոր հետեւանքները պետք է մշտապես համահունչ լինեն միջազգային իրավունքների սկզբունքներին եւ համամարդկային արժեքներին: Այս բոլորը սակայն մինչ օրս հաջողությամբ եւ անպատժելիորեն խախտվում են Ադրբեջանի կողմից»,- ասաց Հարությունյանը:

Նա հիշեցրեց, որ Արցախը մշտապես հանդես է եկել եւ շարունակում է հանդես գալ կենսունակ եւ առարկայական բանակցությունների մեկնարկի օգտին, որոնց չափանիշները կհամապատասխանեն արդարության, արժանապատվության եւ հավասարության համընդհանուր սկզբունքներին:

«Մեր անդրդվելի դիրքորոշումն է, որ անհրաժեշտ է առաջին հերթին ապահովել բանակցությունների համար բարենպաստ ու հավասար պայմաններ, ապա սկսել համաձայնեցնել բանակցությունների միջազգային մեխանիզմը, որն օժտված կլինի համապատասխան միջազգային մանդատով եւ կսահմանի բանակցային գործընթացի չափանիշները՝ հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի եւ միջազգային պրակտիկայի վրա այլապես առաջարկը բանակցելու մի կողմի հետ, որը չի հրաժարվում մյուս կողմին ցանկացած թե՛ ռազմական, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական միջոցներով ոչնչացնելու իր հանցավոր մտադրությունից, քննարկման առարկա լինել չի կարող»,- ասաց Հարությունյանը:

Հարությունյանի խոսքով՝ Արցախի շրջափակումն ուղղակի շարունակությունն է 2020 թվականին Ադրբեջանի կողմից Թուրքիայի եւ Մերձավոր Ալեւելքից ահաբեկչական կազմակերպությունների անմիջական մասնակցությամբ սանձազերծված ռազմական ագրեսիայի:

«Ադրբեջանը հետեւողականորեն վարում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ուժի միջոցով ճնշելու քաղաքականություն՝ ուղեկցելով իր գործողություններն ուժի կիրառմամբ եւ մարդու իրավունքների զանգվածային խախտումներով: Այս քաղաքականության վերջնանպատակն է փակել Արցախի ժողովուրդի ինքնորոշման իրավունքի հարցով։ 2 տարի անց չկարողանալով հասնել իր նպատակներին՝ Արցախի ժողովրդին ռազմական ճանապարհով վտարել հայրենիքից, Ադրբեջանը շարունակում է հետեւողական փորձեր կատարել իր հանցավոր նպատակներին հասնելու համար ոչ ռազմական, բայց ոչ պակաս անմարդկային մեթոդներով»,- ասաց Հարությունյանը։

Ռուսական զորքերը չեն կարողանում գլուխ հանել, և այլ կոնտինգենտներ են անհրաժեշտ

Արցախի նախագահին կից Հակաճգնաժամային խորհրդի ղեկավար Տիգրան Պետրոսյանը Step1.am-ի հետ զրույցում մեկնաբանեց ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության պատասխանը «Միջանցքի ապաշրջափակման համար» ժողովրդական շարժման շտաբի նամակին.

-Անկեղծ ասած, մենք այլ պատասխան էինք սպասում։ Մտքովս մերժման տարբեր տարբերակներ էին անցնում, բայց չէի սպասում, որ այդքան անլուրջ կմերժեն։ Սակայն սա շատ հարցերի պատասխան է տալիս, օրինակ՝ իրենք արդեն գիտեն, որ գնալու ենք Հաքարի կամուրջ, և հրաժարվում են ուղեկցել, պաշտպանել, քանի որ գիտեն, որ վտանգ կա։ Սա վկայում է այն մասին, որ նրանք Լաչինի միջանցքի նկատմամբ, ինչպես ասվում է, վերահսկողություն չունեն։

-Ձեր կարծիքով՝ նրանք չե՞ն ցանկանում կատարել իրենց պարտավորությունները, թե՞ չեն կարող։

-Կարծում եմ՝ չեն կարող։ Այո, մենք հասկանում ենք, որ նրանց նույնպես դուր չի գալիս, թե ինչպես է իրենց հետ վարվում Ադրբեջանը, բայց նրանք զինվորներ են և առանց վերևից հրահանգի ոչինչ անել չեն կարող։ Բայց, այնուամենայնիվ, դա չի փոխում պատկերը՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը չի կատարում իր պարտավորությունները։

– Դուք և Ձեր թիմն էլ ասացիք, որ ժամանակն է մտածել միջազգային ուժերի ներկայության մասին, ճի՞շտ է։

-Իհարկե, փաստն այն է, որ ճանապարհը փակ է, եւ պատասխանառուները չեն ուզում կամ չեն կարողանում բացել։ Նման իրավիճակում, երբ ռուսական խաղաղապահ զորախումբը ոչինչ չի անում, մարդիկ նպատակահարմար են համարում ներգրավել նաև այլ խաղաղապահների։ Մենք նամակ էինք գրել՝ առաջարկելով ավելացնել ռուս խաղաղապահների կոնտինգենտը, եթե դա է խնդիրը, բայց ինչպես տեսնում ենք, ոչ մի միջոց չի ձեռնարկվում, իսկ մարդիկ անվտանգություն են ուզում։ Ռուսական զորքերը չեն կարողանում գլուխ հանել, և այլ կոնտինգենտներ են անհրաժեշտ։

-Հաջորդ հարցը վերաբերում է խորհրդարանի նախագահի ընտրությանը։ Ինչպե՞ս եք մեկնաբանում:

Ես հարգում եմ Դավիթ Իշխանյանին որպես մարդ, նա խորհրդարանում շատ բաներով գերազանցում է բոլորին, բայց տեղի ունեցածը մեծ հարված է մեր պետական ​​համակարգին, հետընթաց է։ Որոշ միջազգային փորձագետներ դա մեկնաբանել են՝ պնդելով, որ դա ճիշտ քայլ չէ։ Աշխարհը նայում է մեզ՝ մեր պետական ​​համակարգին, և այն, ինչ տեղի ունեցավ, անձամբ ինձ համար անընդունելի է։