Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը փակ պահելու հստակ որոշում կա․ այնտեղ Արցախի ՆԳՆ անցակետ կա

Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը փակ պահելու և այն չօգտագործելու հստակ որոշում կա։ Այս մասին օգոստոսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արցախի խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանը։

Նրա խոսքով՝ այնտեղ կա և՛ ռուս խաղաղապահների, և՛ Արցախի ՆԳՆ ուժերի անցակետ։

«Մենք ունենք մեկ ճանապարհ՝ Լաչինի միջանցքը։ Արցախից Հայաստան և հակառակ ճանապարհով պետք է վերականգնվի և ապահովվի անխափան երթեւեկությունը։ Այս մասին նշված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Մենք ունենք Լաչինի միջանցք հասկացությունը, և մենք չպետք է երկրորդ միջանցք ֆիքսենք»,- ասաց պաշտոնյան։

Նա պարզաբանեց, որ վերջին երեք շաբաթվա ընթացքում Արցախում քննարկումներ են եղել, որոնց արդյունքում իշխանությունները եկել են այն եզրակացության, որ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի շահագործումը մի շարք պատճառներով անընդունելի է։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը քաղաքական նպատակներ է հետապնդում՝ ցանկանալով ցույց տալ, որ դա, իբր, իրենց ներքին խնդիրն է, և Արցախի հումանիտար ճգնաժամը չի կարող վերաբերվել արտաքին աշխարհին, թեև այդ խնդիրը հասել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին։ Բացի այդ, կան հեղինակավոր փորձագետների կարծիքներ՝ Բաքվի կողմից ցեղասպանության քաղաքականության վարման վերաբերյալ։

«Ադրբեջանը 2020 թվականի պատերազմից հետո բոլոր ջանքերը գործադրում է՝ հասնելու, որպեսզի ԿԽՄԿ ներկայացուցչությունը դուրս բերվի Ստեփանակերտից և տեղակայվի Շուշիում կամ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող մեկ այլ բնակավայրում։ ԿԽՄԿ-ի ներկայությունը, որը հաշվետու է Ժնևի գրասենյակին, մեզ համար առավելություն և հնարավորություն է:

Ի վերջո, Ադրբեջանում կա ԿԽՄԿ գրասենյակ, և Բաքուն նույնը կարող էր անել Կարմիր խաչի միջոցով՝ կապ ապահովելով Ստեփանակերտի հետ։ Ընդ որում, և այդ դեպքում մեր մոտեցումները չէին փոխվի։ Այս ամենը միայն ամրագրում է այն փաստը, որ Բաքուն չի թաքցնում իր մտադրությունները»,- հավելել է նա։

Արցախից մի խումբ բռնի տեղահանվածներ սպասում են ֆրանսիական շարասյան անցմանը

Ֆրանսիայից ժամանած մարդասիրական ավտոշարասյունը ֆրանսիական խոշորագույն քաղաքների քաղաքապետերի ուղեկցությամբ դուրս է եկել Կոռնիձորից և շարժվել դեպի Հակարի կամուրջ։

Ավտոշարասյունը ուղեկցում են մի խումբ բռնի տեղահանված անձինք Արցախից, ովքեր ցանկանում են գնալ իրենց հարազատների մոտ։

Ինչպես մեզ հետ զրույցում ասաց «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանը՝ իրենք գտնվում են Կոռնիձորում, որտեղ վրաններ են տեղադրված։

Հուլիսի 22-ին արցախցի մի խումբ ներքին տեղահանվածներ լրագրողների ուղեկցությամբ գնացել են Հակարի կամուրջ՝ ռուս խաղաղապահներից պահանջելով իրենց ուղեկցել Արցախ՝ իրենց ընտանիքներին վերամիավորվելու համար։ Խաղաղապահները հրաժարվել են։

Այդ ակցիայից հետո միջազգային կազմակերպությունները համոզվեցին, որ Բաքվի հայտարարությունները միջանցքի բաց լինելու մասին կեղծ են։

 

Փարիզի քաղաքապետն ուղեկցում է Լեռնային Ղարաբաղ ուղևորվող հումանիտար բեռը

Փարիզի քաղաքապետն ուղեկցում է Լեռնային Ղարաբաղ ուղևորվող հումանիտար բեռը:

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն X-ի իր էջում Հայաստանում արված լուսանկար է հրապարակել` կից գրելով.

«Հայաստանում եմ` Փարիզի և այլ համայնքների ընտրված պաշտոնատար անձանց հետ: Արցախի 120 000 հայեր, այդ թվում` 30 000 երեխաներ, 9 ամիս շարունակ մեկուսացված են, մատնված են սովի և զրկված են ամեն ինչից: Այս հումանիտար աղետի հետ կապված` մենք նրանց հումանիտար օգնություն ենք մատակարարում: Հաշված ժամանակ է մնացել»:

Պատմական Վարարակն․ Ստեփանակերտի իրական անցյալը

Միջնադարում Ստեփանակերտի տարածքում գոյություն են ունեցել Վարարակն, Ներքին շեն, Սողոմոնի շեն, Հին և Նոր Արմենավան, Կրկժան, Փահլուլ կամ Փահլուր (Վարդուտ) հայաբնակ գյուղերը։ Այդ շրջագծի մեջ, քաղաքի հյուսիս արևմտյան կողմում էր գտնվում Վարարակն գյուղը, որը գոյություն է ունեցել մինչև 19-րդ դարի կեսերը:

Այս բնակավայրի հիմնադրումը կապվում է Հայոց Արևելից կողմանց թագավոր Վաչագան Բարեպաշտի անվան հետ:  Վարարակնի՝ որպես հին բնակավայրի մասին տեղեկություններ է հաղորդում Մակար Բարխուդարյանցը: Տակավին 1841թ. Վարարակնը 31 տուն` 133 շունչ (74 արական, 59 իգական) բնակչով հիշվում է որպես առանձին գյուղ։

Վարարակն գյուղատեղիի մի հատվածում Ստեփանակերտի հյուսիսային ձորի ձախ լանջին, պահպանվել են աղբյուր, Սբ. Աստվածածին եկեղեցին, ինչպես նաև գերեզմանոցը: Որոշ աղբյուրներում Վարարակնի եկեղեցին անվանված է Սբ. Հռիփսիմե, որի մասին ականատեսը 1890թ. գրել է. «Հանիշեն/հեղ/-Խանքենդի աւանի արևմտյան կողմում, կէս վերստաչափ հեռավորութեամբ գտնւում է Վարարակն կոչուած գիւղը, որի միայն տների հետքերն են երևում այժմ: … Սակայն որպէս մի կենդանի յիշատակ այդ գիւղի այդտեղ կանգնած է մի եկեղեցի, որի վրայ, դժբախտաբար, ոչ մի արձանագրութիւն և թուական չկայ…”

Եկեղեցին մեզ է հասել հիմնովին վերանորոգված վիճակում, գտնվում է ,,Ժիվըյե ի մյորտվըե,, կոչվող ռեստորանի տարածքում։ Եկեղեցուց պահպանվել են միայն չափերն ու հատակագիծը։ Այն ունեցել է միանավ բազիլիկ սրահի հորինվածք։ Առկա են կիսաշրջան խորանը, երկու ուղղանկյուն ավանդատներով և հարավային մուտքը։ Բոլոր պատերը, սրահի կենտրոնով անցնող մույթը, երկու միանման թաղակապ սրահների ծածկերն ու երթիկները հետագա հավելումներ են։ Մուտքի մոտ տեղադրված է 12-13րդ դարերի մեկ խաչքար, որը միգուցե կարող է հիմք ծառայել հուշարձանը պայմանականորեն թվագրելու համար։

Վարարակնի բնակիչները 19-րդ դարի կեսերին հիմնականում տեղափոխվել են Շուշի։

Ֆրանսիայի քաղաքներից Արցախին ուղարկված հումանիտար բեռներով մեքենաները շարժվեցին դեպի Կոռնիձոր

Ֆրանսիայի քաղաքներից Արցախին ուղարկված հումանիտար բեռներով մեքենաները Երեւանից շարժվեցին դեպի Կոռնիձոր` այնտեղից Արցախ ուղևորվելու համար։

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հայտնում է, որ օգոստոսի 30-ին Հայաստան է ժամանելու Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն, որը կուղեկցի Երևանից դեպի Բերձորի միջանցք ուղևորվող շարասյունը։

Արցախցիները գիշերել են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին և շարունակում են այն փակ պահել

Ադրբեջանական բեռնատարների մուտքն Արցախի տարածք թույլ չտալու ակցիան շարունակվել է ողջ գիշեր և կշարունակվի այսօր։ Այսօր առավոտից վրան է տեղադրվել, ակտիվիստները շարունակում են փակել Ակնա-Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհը։

Step1.am-ին դեպքի վայրից ֆոտոբլոգեր Դավիթ Ղահրամանյանը հայտնեց, որ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարը հանդիպել է ռուս խաղաղապահ զորքերի ներկայացուցիչներից մեկի հետ, ով այս պահին ադրբեջանցիների մոտ է։ Ռուսաստանի ներկայացուցիչը վստահեցրել է, որ ոչ մի դեպքում թույլ չեն տա ադրբեջանցիներին առաջ շարժվել։ «Բայց մենք մնում ենք այնտեղ, որտեղ գտնվում ենք: Շարունակում ենք փակել ճանապարհը, որպեսզի բեռնատարները չանցնեն»։

Ասկերանցի ակցիայի մասնակից Ա.Արզումանյանն ասաց, որ հազարից ավելի արցախցիներ փակել են Ակնա-Ասկերան ճանապարհը. «Մենք դեմ ենք այս ալյուրի ներկրմանը Արցախ։ Բոլորը հասկանում են, որ սա ոչ թե մարդասիրական բեռ է, այլ սադրանք։ Եթե ​​մենք համաձայնվենք ընդունել այս բեռը, մենք խաչ կքաշենք մեր ապագայի վրա»։

Ա.Գրիգորյանը նշեց, որ այսօր կպարզվի երկու հարց՝ պատրա՞ստ են ռուս խաղաղապահները կատարել իրենց պարտականությունները նոյեմբերի եռակողմ փաստաթղթի համաձայն, և Արցախի իշխանությունները պատրա՞ստ են պայքարել հանուն հանրապետության և ժողովրդի։

Արցախի իշխանությունները դեռ պաշտոնապես չեն արձագանքել սադրանքին։ Նախագահի մամուլի քարտուղարը երեկ միայն հայտարարեց, որ ակցիան համաձայնեցված չէ Արցախի ղեկավարության հետ, և խոսքը միայն Լաչինի միջանցքի բացման մասին է։ Նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանն այն անվանել է անընդունելի սադրանք։ Սակայն հայտարարություններ չեն եղել, որ պետական ​​անվտանգության մարմինները թույլ չեն տա ավտոշարասյան անցումը։

 

«Անցանկալի բեռ». հերոսական դիմադրությունը չի կարող արդյունքի չբերել

Օկուպացված Ակնայից Արցախ ուղարկված «մարդասիրական բեռը» Ստեփանակերտ չի հասնի, այդպես են որոշել երիտասարդները, ովքեր Ասկերանից, Ստեփանակերտից մեկնել են շփման գիծ՝ «անցանկալի բեռի» ներթափանցումն Արցախ կանխելու համար։ Նույն տղաները կանգնեցրին ռուս խաղաղապահների կասկածելի մեքենան և սկսեցին ստուգել փաստաթղթերը։ Խաղաղապահները ստիպված էին ենթարկվել մեր տղաներին, քանի որ սա «ՄԵՐ ՀՈՂՆ է, ԵՎ ՄԵՆՔ ԵՆՔ ԱՅՍՏԵՂ ՏԵՐԸ»։

Անվերջ հանդիպումներ, ինտրիգներ, միմյանց տակ փորել, քննարկումներ, թե ինչպես փրկել դիզած հարստությունը, հանրահավաքներ, որոնք հիշեցնում են կոմսոմոլի համերգները, ռուսների հավաստիացումներ, որ իրենք ամեն ինչ կկարգավորեն՝ այս ամենը մի պահ հատեց համբերության կետը։ Վերջին կաթիլը՝ արցախցի երեք ուսանողների առևանգումն էր, որոնց անվտանգ անցումը երաշխավորել էին հայերի տեղահանությունը կազմակերպած ռուսները։

Սեփական անվտանգությունը անպիտան ղեկավարությանը, ռուսական զորքերին պատվիրակած մարդիկ ինչ-որ պահի հասկացան, որ միայն իրենք կարող են փրկել իրենց:

Այսօր մի երիտասարդ կին՝ Հերմինե Խաչատրյանը միայնակ գնաց Ասկերանի տանկի մոտ՝ կանգնեցնելու «մարդասիրական շարասյունը»։ Այն բանից հետո, երբ կադրեր հայտնվեցին, թե ինչպես է հակառակորդի շարասյունը անցնում անցակետով, բոլորը հասկացան, որ սա վերջն է, վերջին նշաձողը։

Արցախում ազգային-պետական ​​կյանքի հազարամյա ավանդույթները ինքնակազմակերպվելու տեղ են թողնում. այսպես է արցախցին դարեր շարունակ գոյատևել քոչվորների թշնամական միջավայրում։ Ահա թե ինչից են ամենից շատ վախենում թշնամիները, ովքեր փորձում են ոչնչացնել Արցախի ժողովրդի ինքնապահպանման և ինքնակազմակերպման բնազդը։

Հերոսական դիմադրությունը չի կարող արդյունքի չբերել։ Բացվելու է Բերձորի միջանցքը. Անշրջելի ոչինչ չկա։ Դրա վկայությունն է Բաքվի հիստերիան․ եթե ֆրանսիական բագետները մտնեն Բերձորի միջանցք, ապա ժամը 4-ին Ալիեւը պատերազմ կհայտարարի Ֆրանսիային, ասում են այնտեղ։

ՄԻԵԴ-ը մերժել է Վագիֆ Խաչատրյանի հարցով Ադրբեջանի դեմ նոր միջանկյալ միջոցի Հայաստանի պահանջը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ նոր ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառելու պահանջը:
Միևնույն ժամանակ, Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի փոխանցմամբ՝ Դատարանն իր որոշման մեջ նշել է, որ շարունակում է ուժի մեջ մնալ դեռևս 2020 թվականի սեպտեմբերի 29-ին կիրառված և նույն թվականի նոյեմբերի 3-ին ընդլայնված միջանկյալ միջոց կիրառելու որոշումը, որի ուժով Ադրբեջանը պարտավորվում է կատարել իր կոնվենցիոն պարտավորությունները։

Եվրոպական դատարանը պարտավորեցրել է նաև Ադրբեջանին տեղյակ պահել Վագիֆ Խաչատրյանի ընդհանուր վիճակի և ընթացող քրեական վարույթի մասին։

Արցախցիները հրաժարվում են ընդունել Ադրբեջանի «օգնությունը»

Ասկերանի և Արցախի այլ բնակավայրերի բնակիչները փակել են Ակնա (Ագդամ)-Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհը՝ Ադրբեջանի կողմից որպես «օգնություն» ուղարկված ալյուրով ադրբեջանական բեռնատարների մուտքը կանխելու համար։ Նրանց են միացել «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հասարակական շարժման անդամները։

Հիշեցնենք, որ հուլիսին Ճակատը ցույց էր կազմակերպել ընդդեմ Ակնա-Ասկերան ճանապարհի օգտագործման՝ բետոնե բլոկներ տեղադրելով և փակելով անցումը։ Ճակատի ներկայացուցիչ Արշակ Աբրահամյանի խոսքով, ակտիվիստները ճանապարհը փակ են պահելու այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, և ոչ մի ադրբեջանական բեռնատար չի անցնի։

Ժամը 20.50-ին նա գրեց. «Ժողովուրդ, համացանցում շրջանառվող լուրերը, թե ադրբեջանական բեռնատարներ են անցել, իրականությանը չեն համապատասխանում։ Մենք այս պահին այստեղ ենք և ձեզ կտեղեկացնենք, երբ իրավիճակը փոխվի»:

Նշենք, որ երեկ Արցախի խորհրդարանում 6 ժամ տեւած հանդիպումից հետո նախագահ Արայիկ Հարությունյանը դուրս էր եկել ցուցարարների մոտ եւ վստահեցրել, որ գործելու է միայն մեկ ճանապարհ՝ Լաչինի միջանցքը։ Մարդիկ հավատացին նրան և հայտարարեցին, որ չեն ընդունի ոչ մի մարդասիրական օգնություն Ադրբեջանից՝ չնայած մոտալուտ սովին, դեղորայքի և վառելիքի պակասին։

Ստեփանակերտում ցորենի սղության պատճառով այսօր և վաղը յուրաքանչյուր ընտանիքի կվաճառեն մեկական հաց. ԳԳԱ հիմնադրամ

Ստեփանակերտում ցորենի սղության պատճառով այսօր և վաղը յուրաքանչյուր ընտանիքի կվաճառեն մեկական հաց:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից:
«Ցորենի աճող սղությամբ պայմանավորված՝ հատկապես Ստեփանակերտում այսօրվանից ավելի է նվազել արտադրվող հացի ծավալը: Այսօր և վաղը նախատեսվում է յուրաքանչյուր ընտանիքի վաճառել մեկական հաց: Պետական եկամուտների կոմիտեի, ոստիկանության և Ստեփանակերտի քաղաքապետարանի ներկայացուցիչները հացի արտադրամասերում վերահսկելու են հացի բաշխման գործընթացը:
Միևնույն ժամանակ աշխատանքներ են տարվում եգիպտացորենի ալյուրի պատրաստման և հացի արտադրման ուղղությամբ, սակայն առկա տեղումների պատճառով եգիպտացորենի լայնածավալ հունձի աշխատանքները մի քանի օրով հետաձգվել են»:

ԱՄՆ Սենատի ազդեցիկ անդամները սուր քննադատության են ենթարկել Ադրբեջանին. Ամերիկայի ձայն

Ամերիկայի ձայն

ԱՄՆ Սենատի անդամներն անդրադառնում են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված կացությանը

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը «X հարթակում (նախկին «Twitter») քննադատության է ենթարկել Բաքվի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հարցում՝ մասնավորապես նշելով. «Խորապես անհանգստացած եմ, որ Ադրբեջանը շարունակում է իր աղաղակող պահվածքը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում հայերին վախեցնելուն, մարդասիրական օգնության արգելմանը և ԿԽՄԿ կարևորագույն գործունեությունը խաթարելուն: Սա անընդունելի է»։

Իր հերթին, ԱՄՆ Սենատի դատական հարցերով հանձնաժողովի նախագահ Դիք Դըրբինը գրառմամբ անդրադարձել է Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից կալանավորված հայ երիտասարդներին․ «Ադրբեջանի նախագահ Ալիևը պետք է վերջ տա Լեռնային Ղարաբաղի այս անմարդկային շրջափակմանը, որը խոչընդոտում է սննդամթերքի և բժշկական պարագաների մատակարարմանը և հայ ուսանողների մտահոգիչ կալանավորմանը»: