Ստեփանակերտի քաղաքապետը պետք է գոնե ձևական հրավեր ուղարկի Փարիզի քաղաքապետին․Վանյան

Մարութ Վանյանը գրում է․ 

«Ղարաբաղցիք չգիտեն, թե վաղն ինչ  են ուտելու. ֆրանսիական բագետ, ադրբեջանական ալրով հաց, թե գնալու են իրենց գիշերային հերթում կանգնեն:

Փարիզի քաղաքապետը կյամա: Դավիթը /Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը/ պետք ա գոնե մի ձևական հրավեր ուղարկի, իմ կարծիքով: Be gentleman!»

Արցախի ժողովրդի միակ օրակարգը պետք է լինի Արցախում ապրելն ու պայքարելը

Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը գրում է․
Հարգելի՛ հայրենակիցներ,
Պարզապես խնդրում, հորդորում և նույնիսկ պահանջում եմ տուրք չտալ ադրբեջանական և որոշ այլ արտաքին ուժերի կողմից վաղուց տեղեկատվական դաշտ նետված «Արցախի ժողովրդի զանգվածային տարհանման» օրակարգին և չտարածել նմանաբովանդակ նյութեր ու կոչեր: Դա որևէ կերպ լուծում չէ այս իրավիճակում, դա փախուստ է Հայրենիքից և ազգային, քաղաքացիական ու մարդկային պատասխանատվությունից նախկին, ներկա ու ապագա սերունդների առջև: Ադրբեջանի ցեղասպան իշխանությունների գլխավոր ցանկությունը հենց դա է՝ հնարավորինս ցածր գնով մեզ մղել զանգվածային արտագաղթի՝ ցեղասպանության պատասխանատվությունն առերևույթ գցելով մեզ վրա:
Արցախի ժողովրդի միակ օրակարգը պետք է լինի Արցախում ապրելն ու պայքարելը, ինչպես արել են մեր նախնիները տարբեր դարաշրջաններում: Իսկ յուրաքանչյուր անձ ու ընտանիք իրավունք ունի ինքն իր ճակատագրի վերաբերյալ որոշումներ կայացնելու. ով գնում է, բարով գնա, բայց չպետք է որևէ կերպ խթանի արտագաղթի զանգվածային վարքը:
Որքան էլ զրկանքներն ու դժվարությունները ծանր լինեն, միևնույն է՝ միշտ էլ կարելի է լուծումներ գտնել սեփական Հայրենիքում ազատ ու արժանապատիվ կերպով ապրելու նպատակով պայքարը շարունակելու համար:
Հ.Գ. այս թեմային երկար ժամանակ խուսափում էի անդրադառնալ, սակայն վերջին օրերի տեղեկատվական միտումների համատեքստում ստիպված եմ հրապարակայնորեն խոսել դրա շրջանառության անթույլատրելիության մասին:

Ասկերանում բնակվող կինը գնացել է տանկի մոտ, որ թույլ չտա Ակնայից “հումանիտար օգնությունը”

Ասկերանում բնակվող Հերմինե Խաչատրյանը գնացել է տանկի մոտ, որ թույլ չտա Ակնայից “հումանիտար օգնությունը” ներս մտնի Արցախ:

https://www.facebook.com/100090715815461/videos/991447175426008

 

Մակրոնն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել․ Կոլոնան հայտնել է նպատակները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում առկա իրադրությանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի օրեցօր խորացումը, ինչպես նաև շեշտել դրա հաղթահարմանն ու լուծմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը:

Զրուցակիցներն ընդգծել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերի կարևորությունը:

Ֆրանսիան մոբիլիզացվում է հանուն Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և տևական խաղաղության հաստատման: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան` ելույթ ունենալով Ֆրանսիայում դեսպանների համաժողովում։

«Այսպիսով, մենք մոբիլիզացվելու ենք, որպեսզի պայմաններ ստեղծենք Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և կայուն խաղաղության հաստատման համար, ինչը թույլ կտա սահմանազատել երկու երկրների միջև սահմանները և հնարավորություն կտա Լեռնային Ղարաբաղի բնակչությանն ապրել այնտեղ՝ հարգելով նրանց իրավունքները, մշակույթը և պատմությունը»,– ասել է Կոլոննան։

Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային արտագաղթի հրահրմանն ուղղված Ադրբեջանի`«խեղդամահ անելու ռազմավարությունն» անօրինական է` ինչպես արդեն սահմանել է Միջազգային դատարանը։ Նա հավելել է, որ այս քաղաքականությունը նաև անբարոյական է:

Վաղը կարևոր օր է. Փարիզը վախեցրել է բոլորին, ռուսները պատրաստվում են «Բորոդինոյի ճակատամարտին»

Փարիզի, Ստրասբուրգի և Ֆրանսիայի այլ քաղաքների քաղաքապետերը օգոստոսի 30-ին կժամանեն Երևան՝ Ֆրանսիայից Կոռնիձոր և Արցախ մարդասիրական ավտոշարասյունն ուղեկցելու համար։

Ֆրանսիական օգնության մասին խոսակցությունները վախեցրել են բոլորին՝ Բաքվում, Երևանում և Ստեփանակերտում։

Հայաստանի իշխանությունները խորապես լռում են այն մասին, թե ինչպես են մտադիր ապահովել ֆրանսիական շարասյանը և Փարիզի և Ստրասբուրգի քաղաքապետերի ելքը դեպի Կոռնիձոր: Չէ՞ որ նախ շարասյունը պետք է անցնի հայկական անցակետով։ Նրանց կարող են ասել, որ «անվտանգության երաշխիք չկա»։ Բայց դժվար թե Ֆրանսիան սպասի Հայաստանի երաշխիքներին՝ Մակրոնը, ամենայն հավանականությամբ, իր խողովակներով կփոխանցի, որ ֆրանսիական օդուժը կապահովի ավտոշարասյան անվտանգությունը։

Ստեփանակերտի խորհրդարանում երեկվա «բուռն գիշերվա» ընթացքում այս հարցը նույնպես չի քննարկվել, համենայնդեպս ժողովրդի մոտ դուրս եկած Արայիկ Հարությունյանն այդ մասին չի խոսել։ Երբ մի ակնհայտ բանի մասին համառորեն չի խովում, դա ինչ-որ բան է նշանակում: Բայց երեկ Ռուբեն Վարդանյանը հայտարարեց մարդասիրական օդային շարասյան մասին, որին ուղեկցելու է Լիխտենշտեյնի արքայազնը (կարևորը, որ դա Ֆրանսիան չէ)։

Բաքվի լրատվամիջոցներն իրենց հերթին հայտնում են Ակնայից Լեռնային Ղարաբաղ «մարդասիրական օգնություն» ուղարկելու մասին։ «Նախնական փուլում նախատեսվում է մատակարարել 40 տոննա ալյուրի արտադրանք։ Իհարկե, տրամադրվում են նաև պարագաներ, վրաններ, տեխնիկական միջոցներ մեր աշխատակիցների գործունեության համար»,- ասել է Բաքուն։

Բաքվում հիմար  դրության մեջ են. նրանք չեն կարող թույլ չտալ ֆրանսիական շարասյունը, նաև չեն կարողանում ստիպել Արցախի ժողովրդին ընդունել Ակնայից «մարդասիրական օգնությունը»։ Եվ պատահական չէ, որ այսօր տեղեկություններ հայտնվեցին, թե իբր ռուսները «կազմաքանդել են» Բերձորի միջանցքում ադրբեջանական անցակետի աշխատանքը։ Ըստ ամենայնի, Բաքուն խոստովանել է, որ չի կարողանալու դիմակայել Ֆրանսիային, և ռուսները որոշել են դա վերցնել իրենց վրա։ Մի փոքրիկ «Բորոդինոյի դաշտ» կազմակերպել Հակարի գետի վրա։

«Քաշաթաղի (Լաչին) միջանցքի հաստատված ռեժիմի վերականգնման հարցը եղել և մնում է առաջնահերթություն, և ադրբեջանական կողմի հետ ցանկացած երկխոսություն պետք է վարվի առաջին հերթին այս հարցի շուրջ»,- ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։ Նա չհիշատակեց վաղվա ավտոշարասյունը։

 

Փարիզի քաղաքապետը կժամանի Հայաստան՝ ուղեկցելու ԼՂ-ի համար նախատեսված հումանիտար օգնության շարասյունը

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի և մի շարք խոշոր շրջանների կողմից Լեռնային Ղարաբաղի համար ուղարկված մարդասիրական բեռով բեռնատարների շարասյունն օգոստոսի 30-ին կլինի Լաչինի միջանցքի մուտքի մոտ, որտեղ այս պահին Լեռնային Ղարաբաղ մուտքին է սպասում նաև Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնության շարասյունը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հայտնում է, որ օգոստոսի 30-ին Հայաստան է ժամանելու Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն, որը կուղեկցի Երևանից դեպի Լաչինի միջանցք ուղևորվող շարասյունը։ Հումանիտար օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնները։

Հայաստանի կառավարությունը 361 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղ, սակայն բեռնատարների շարասյունն այս պահին կանգնած է Լաչինի միջանցքի մուտքի մոտ՝ Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայրում, քանի որ Ադրբեջանն արգելում է դրանց մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Ֆրանսիայի հումանիտար օգնությամբ առաջին բեռնատարը Հայաստանի ուղարկած օգնությամբ բեռնատարների շարասյանն էր միացել օգոստոսի 9-ին։

Արցախը չի ընդունում Բաքվի օգնությունը․ Բերձորի միջանցքը բացեք

Ադրբեջանական աղբյուրներն այսօր տեղեկություն տարածեցին Բաքվից Ստեփանակերտ Կարմիր Մահիկի հովանու ներքո հումանիտար բեռ ուղարկելու վերաբերյալ, սակայն արցախյան կողմի հետ տվյալ հարցով որևէ պայմանավորվածություն չի եղել:

Այս մասին «Արցախպրես»-ի հարցմանն ի պատասխան նշել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը` հավելելով, ոը հետևաբար, այդ քայլը ուղղված է եղած խնդիրները խորացնելուն, բայց ոչ լուծելուն։

«Քաշաթաղի ( Լաչինի ) միջանցքի `սահմանված ռեժիմի վերագործարկման խնդիրը եղել և մնում է առաջնահերթ, և ադրբեջանական կողմի հետ որևէ երկխոսություն պետք է ծավալվի նախ և առաջ այդ հարցի շուրջ։ Միջանցքը պետք է ազատ և անխափան գործի ինչպես մարդկանց, այնպես էլ բեռների ու մեքենաների երկկողմանի տեղաշարժի համար։ Եթե Ադրբեջանի իշխանություններն իրոք հետաքրքրված են Արցախի ժողովրդի ծանրագույն հումանիտար աղետի վերացմամբ ու ցեղասպանության կասեցմամբ, ապա պետք է ոչ թե կեղծ մարդասիրություն խաղան, այլ պարզապես չարգելեն Լաչինի միջանցքով Արցախի մատակարարումների վերականգնմանը, ինչպես նախատեսված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ և Արդարադատության միջազգային դատարանի հրամաններով»,- ընդգծել է Լ. Ավանեսյանը։

Չնայած այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղում մերժել են Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով ադրբեջանական կողմից որևէ օգնություն ստանալու առաջարկները, Ադրբեջանի իշխանությունները որոշել են «հումանիտար օգնություն» ուղարկել այդ ճանապարհահատված։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանական Կարմիր մահիկի ընկերությունն օգոստոսի 29-ին 40 տոննա ալյուրով բեռնված երկու բեռնատար ավտոմեքենա է ուղարկելու Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհահատված։

Լաչինի միջանցքն արգելափակած և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցած Ադրբեջանն այս քայլը որակել է որպես «մարդասիրական ժեստ»։

Արայիկ Հարությունյանը պատրաստվում է հրաժարակա՞ն տաl

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովի շենքի առջև հավաքված հանրության հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ օգոստոսի 28-ի երեկոյան Արցախի քաղաքական ուժերի հետ հանդիպմանը քննարկվել է նաև նախագահի պաշտոնից իր հրաժարական տալու հարցը:

«Քննարկվել է նաև իմ նախագահ մնալու-չմնալու հարցը, մի քանի օր առաջ էլ եմ ցանկացել հրաժարական տալ: Վաղը, մյուս օր ավելի փոքր կազմով կրկին հանդիպում կունենանք, ու եթե որոշվի, որ ես պետք է հրաժարական տամ, հենց այս կիրակի գնալու եմ ազատ աշխարհազորի հետ դիրք պահեմ»,- ընդգծեց Արայիկ Հարությունյանը:

Ե՞րբ խորհրդարանը դիմեց ՄԱԿ-ին՝ միջազգային խաղաղապահների պահանջով

Երեկ Արցախի խորհրդարանում 6-ժամյա գիշերային նիստից հետո Արայիկ Հարությունյանը դուրս եկավ ժողովրդի մոտ, երկար խոսեց, բայց չասաց, քննարկվե՞լ են արդյոք հիմնական հարցերը, որոնք կարող են լուծել թե՛ միջանցքի, թե՛ իրավիճակի և  մարդկանց ճակատագրի հարցերը:

Այս հարցերը ակնհայտ են՝ ապօրինի անցակետի դուրսբերում և Բերձորի միջանցքի արտատարածքային կարգավիճակի իրագործում, միջազգային խաղաղապահների ներգրավում և կարգավիճակի հարցի քաղաքական լուծման միջազգային նախաձեռնություններին աջակցություն։

Հայաստանի և Արցախի իշխանությունները փորձում են այս խնդիրները փոխարինել հումանիտար խնդիրներով։ Սակայն, ականատեսների խոսքով, երբ Հարությունյանը կրկին սկսել է խոսել հացի մասին, ներկաները սկսել են վանկարկել, թե սա ստամոքսի պայքար չէ։

Արայիկ Հարությունյանը, կրկնելով Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը, ասաց, որ Լաչինով ճանապարհը բացելու են և միջանցք կտան նրանց, ովքեր ցանկանում են հեռանալ։ Անօրինական անցակետի դուրսբերում, միջանցքային ռեժիմի վերականգնում պահանջելու փոխարեն հայկական վայ-ղեկավարությունը խոսում է միակողմանի միջանցք բացելու մասին՝ Արցախից։

Երեկ, ինչպես պարզվեց, ռուսական զորքերի ուղեկցությամբ Արցախը լքել է 200 մարդ։ Սա բավականին մեծ թիվ է, և դատելով թվից՝ որոշում է կայացվել Արցախի «անարյուն» հայաթափման մասին։ Պատերազմից հետո էլ Ալիևն ասում էր, որ Արցախում 25 հազարից ավելի հայ չպետք է ապրի։

Արայիկ Հարությունյանը, ըստ ամենայնի, սրա մեջ է տեսնում իր առաքելությունը։ Նա ասաց, որ մի քանի օր առաջ ուզում էր հրաժարական տալ, հիմա էլ պատրաստ է դա անել։ Ի՞նչն է նրան հետ պահել այս քայլից, Հարությունյանը չասաց, բայց, դատելով Արցախից հայ բնակչության տարհանման ինտենսիվ տեմպերից, ռուսները թույլ չտվեցին նրան հրաժարական տալ՝ իր առաքելությունն ավարտին հասցնելու համար։ Սակայն Հարությունյանը մեղադրեց բոլորին, բացի ռուսներից։

«Մենք մենակ ենք։ Մենք ընկերներ և աջակցություն չունենք։ Մենք ձեզ հետ միասին կլուծենք բոլոր հարցերը», – ասաց Հարությունյանը։ Ինչո՞ւ «մենք մենակ ենք», նա համարո՞ւմ է, որ ռուսներն այլևս «փրկիչներ» չեն, Հարությունյանը չասաց։ Իսկ պատգամավորներից մեկը «խոստովանեց», որ մեզ ոչ ոք միջազգային խաղաղապահներ չի տա։

Իսկ դուք դիմե՞լ եք։ Ե՞րբ է Արցախի խորհրդարանը դիմել միջազգային հանրությանը միջազգային զորքեր տեղակայելու պահանջով։ Ե՞րբ է Արցախի խորհրդարանը հայտարարել, որ չի ճանաչում 2020 թվականի ահաբեկչական պատերազմի արդյունքները և նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որը կոչված է ամրապնդելու այս պատերազմի արդյունքները։ Ե՞րբ է Արցախի խորհրդարանը դիմել Հայաստանին՝ Հայաստանի և Արցախի վերամիավորման 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը կատարելու պահանջով։

Թե՞ խորհրդարանը ողջունել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի նախաձեռնությունը, որն ըստ էության խոսում է մարդասիրական միջամտության ու հարցի քաղաքական լուծման մասին։

 

Ինչի մասին խոսեց Արայիկ Հարությունյանը խորհրդարանի 6-ժամյա նիստից հետո

Արցախի խորհրդարանում 6 ժամ գիշերային նիստից հետո Արայիկ Հարությունյանն առավոտյան մոտ դուրս է եկել ժողովրդի մոտ և, ընդհանուր առմամբ, կոնկրետ ոչինչ չի ասել։

Նա ասաց, որ այսօր լավ լուր կհայտարարի Բերձորի միջանցքի ապօրինի անցակետից երեկ առևանգված տղաների ճակատագրի մասին։

Ըստ ականատեսների՝ նա սկսել է խոսել հացի մասին, սակայն ներկաները վանկարկել են, որ սա ստամոքսը լցնելու պայքար չէ։

Նա նաև ասաց, որ քննարկվում է միայն մեկ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի բացումը։

Պարզվեց, որ մի քանի օր առաջ նա ուզում էր հրաժարական տալ, հիմա էլ պատրաստ է դա անել։ Սակայն ճանապարհի բացման և այլ հարցերի մասին կոնկրետ ոչինչ չասաց։

«Մենք մենակ ենք։ Մենք ընկերներ և աջակցություն չունենք։ Բոլոր հարցերը ձեր հետ միասին կլուծենք», -ասաց Հարությունյանը։

Ժողովուրդը վանկարկում էր.« կարո՞ղ եք հեռանալ։ Ձեզ հետ շարունակելն անհնար է: Մենք կպայքարենք առանց ձեզ»։

Արայիկ Հարությունյանը նաև ասաց, որ Լաչինով ճանապարհը կբացեն և հեռանալ ցանկացողներին միջանցք կտան։ Նա մեղադրեց բոլորին, բացի ռուսներից։

Իսկ պատգամավորներից մեկն ասաց, որ մեզ ոչ ոք միջազգային խաղաղապահներ չի տա։

ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ակցիա է` ի պաշտպանություն Լաչինի միջանցքից առևանգված երիտասարդների

Երևանում Ռուսաստանի դեսպանատան առջև մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Արցախպրեսը։

Պատճառն այսօր Լաչինի միջանցքում տեղադրված անօրինական անցակետից արցախցի երիտասարդի առևանգումն է։ Նա ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան էր գալիս սովորելու նպատակով։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ևս երկու երիտասարդներ չեն հատել անցակետը, նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում։ Ադրբեջանական կողմն էլ տեղեկատվություն տարածեց, թե 3 երիտասարդներ «ձերբակալվել են նախկինում Ադրբեջանի դրոշը անարգելու համար»։ Ադրբեջանի գլխավոր դատախազը նրանց մեղադրանք է առաջադրել 2 հոդվածներով։
«Ժողովո՛ւրդ, խնդրում եմ, որ անտարբեր չլինեք և 1915 թվականի տրամաբանությամբ չմտածեք։ Թուրքը մի օր էլ Երևան է մտնելու, եթե այսպես շարունակեք»,– բարձրախոսով կոչ է անում ակցիայի մասնակից երիտասարդներից մեկը` կոչ անելով անցորդներին միանալ ակցիային։
Ի նշան բողոքի երիտասարդները փակել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի` ՌԴ դեսպանատան հարակից մասը։