Առեւանգված տղաներին 10 օրի՞ց կվերադարձնեն

Ադրբեջանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղից առևանգված երեք ուսանողներին «վարչական պատժի» են դատապարտել։

Ինչպես հաղորդում է АПА-ն՝ վկայակոչելով գլխավոր դատախազությանը, «հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի Հանրապետության պետական ​​դրոշի նկատմամբ վիրավորական գործողություններ կատարելու փաստի առթիվ»։

Այսօր առևանգված Ալեն Սարգսյանի, Վահե Հովսեփյանի և Լևոն Գրիգորյանի նկատմամբ «միջազգային հետախուզում է հայտարարվել և նրանց նկատմամբ դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»։

«Հաշվի առնելով մեղադրյալների տարիքը և անկեղծ խոստովանությամբ նրանց անկեղծ զղջումը, քրեադատավարական օրենսդրության պահանջների պահպանմամբ, հումանիզմի սկզբունքի կիրառմամբ՝ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է»,- մեջբերում է լրատվամիջոցը։ Դատարանի որոշմամբ նրանց նկատմամբ կիրառվել է վարչական կալանք՝ 10 օր ժամկետով։ Դատարանի վճռի կատարումից հետո կապահովվի այդ անձանց վտարումն Ադրբեջանի Հանրապետության տարածքից»։

Արցախի նախագահը ԱԽ նիստ է հրավիրել. քննարկվել են առևանգված քաղաքացիներին վերադարձնելու քայլերը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 28-ին Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որտեղ քննարկվել է օգոստոսի 28-ին առևանգված ԱՀ քաղաքացիների ճակատագրերի պարզման, նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ կատարվող քայլերը, Արցախում ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և իշխանությունների անելիքները:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրությունից:

«Նախագահ Հարությունյանը նիստի մասնակիցներին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից այսօր առևանգված ԱՀ քաղաքացիների ճակատագրերի պարզման և նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ կատարվող քայլերի մասին: Քննարկվել է Արցախում ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և իշխանությունների անելիքները՝ օր-օրի խորացող հումանիտար աղետին դիմակայելու, անվտանգային խնդիրները լուծելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի քայլը բացարձակ արհամարհանք է միջազգային հանրության կոչերին. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող անձանց առևանգման վերաբերյալ

«Այսօր՝ օգոստոսի 28-ին, Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից առևանգվել են Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը։ Տեղափոխությունը նախապես համաձայնեցված էր և իրականացվում էր ռուսական խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ, որոնք 2020թ. Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն պետք է վերահսկեին Լաչինի միջանցքով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անխափան կապը։ Նշյալ անձինք Հայաստանի Հանրապետություն էին տեղափոխվում՝ շարունակելու իրենց ուսումնառությունը։

Ադրբեջանի այս քայլը, որին հուլիսի 29-ին նախորդել էր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից անհապաղ բժշկական օգնություն ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետություն տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի առևանգումը, 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումների կոպտագույն խախտում է և բացահայտ արհամարհանք միջազգային հանրության, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամների աներկբա և հասցեական կոչերին։

Տարբեր կեղծ պատրվակներով տեղի ունեցած այս միջադեպերը թույլ են տալիս հիմնավոր մտավախություն ունենալ, որ Ադրբեջանն անթաքույց կերպով ծրագրում է հավաքական պատժի ենթարկել Լեռնային Ղարաբաղի ողջ ժողովրդին, որը նախորդ դարի 90-ականներին և 2020թ. ստիպված է եղել դիմակայել Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիաներին և պաշտպանել սեփական հայրենիքում խաղաղ կենսագործունեություն ծավալելու իր իրավունքը։

Անկախ տարիքից, սեռից, առողջական վիճակից Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությանը բոլոր հիմնարար իրավունքներից զանգվածաբար զրկելու, սովամահության ենթարկելու, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների, գազի, էլեկտրաէներգիայի մատակարարումներն արգելակելու, դիպուկահարների կողմից քաղաքացիական անձանց թիրախավորման և առևանգումների միջոցով ողջ ժողովրդին ահաբեկելու, Լաչինի միջանցքի արգելափակմամբ նրան այս քաղաքականությունն ի ցույց է դնում Ադրբեջանի ղեկավարության իրական նկրտումները՝ ամեն կերպ խուսափել Լեռնային Ղարաբաղի հետ երկխոսությունից և փոխարենը շարունակել էթնիկ զտումների իր քաղաքականությունը։ Տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելուն ուղղված քայլերին աջակցելու փոխարեն ադրբեջանական կողմն ակնհայտորեն իր ողջ ջանքերը ներդրել է դրանք տապալելու ուղղությամբ:

Տեղի ունեցող զանգվածային ոճրագործության կանխարգելումը՝ հնարավոր ողջ գործիքակազմի կիրառմամբ, իրավիճակի վրա ազդեցություն ունեցող բոլոր դերակատարների և, ընդհանուր առմամբ, քաղաքակիրթ աշխարհի կողմից ստանձնած անմիջական պարտավորությունն է», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում։

Նիստն, այնուամենայնիվ, փակ է. մարդիկ հրապարակում սպասում են որոշման

Ժամը 21։00-ին Արցախի խորհրդարանում մեկնարկել է ընդլայնված կազմով նիստ՝ Արցախում ստեղծված իրավիճակի համար պատասխանատվություն կրող բոլոր անձանց՝ պատգամավորների, կառավարության անդամների, նախկին պաշտոնյաների, ուժայինների մասնակցությամբ։ Հանրահավաքային ընդդիմությունից ներկա են Արթուր Օսիպյանն ու Տիգրան Պետրոսյանը։

Թեև ուղիղ եթեր էին խոստացել, բայց նույնիսկ լրագրողներին ներս չթողեցին։

Մի քանի հազար մարդ հավաքվել է խորհրդարանի դիմաց և սպասում է որոշման։

Ժամը 9-ին խորհրդարանի ընդլայնված նիստ. պահանջները հայտնի են

Այսօր առավոտյան Ստեփանակերտից Երևան է մեկնել արցախցիների մի խումբ՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։ Երիտասարդներից մեկին առևանգել են, ևս երկուսի հետ կապ չկա, և նրանք չեն անցել անցակետը։ Ադրբեջանի դատախազությունը հայտնել է, որ երեք երիտասարդ պղծել են իրենց դրոշը, և նրանք կենթարկվեն վարչական պատասխանատվության և, ամենայն հավանականությամբ, կարտահանձնվեն Հայաստան։

Ռուսական զորքերը վերջին շաբաթվա ընթացքում ակտիվորեն դուրս են բերում արցախցիներին՝ «հայրենակիցների», ուսանողների և այլոց քողի տակ, բայց առանց վերադառնալու իրավունքի։ Նման մի քանի տարհանման ակտեր տեղի են ունեցել առանց միջադեպերի, և մարդիկ կրկին վստահել են ռուսներին։ Վագիֆ Խաչատրյանի հետ տեղի ունեցած միջադեպը դաս չդարձավ՝ թե՛ Արցախի իշխանությունները, թե՛ ուսանողների ու մյուս հեռացողների հարազատները համարեցին, որ ռուսներին կարելի է վստահել։

Հիմա մարդիկ կառավարությունից պահանջում են պատասխանել հետագա քայլերի, անվտանգության երաշխիքների և այլ հարցերին։ Այսօր ժամը 9-ին տեղի կունենա Արցախի խորհրդարանի ընդլայնված կազմով նիստ, որը կցուցադրվի ուղիղ եթերով։

Ի՞նչ է քննարկվելու նիստին։ Ռուսների կողմից «լրացուցիչ» երաշխիքներ ու խոստումնե՞ր, թե՞ Բերձորի միջանցքից ապօրինի անցակետը հեռացնելու պահանջ։ Ռուսներից կպահանջե՞ն կկատարել իրենց պարտավորությունները, թե՞ կասեն, որ ժամանակն է դուրս գան։

Այսօր Վերածննդի հրապարակում մարդիկ պահանջում էին ՄԱԿ-ի խաղաղապահ զորքեր։ Խորհրդարանը նման պահանջ կներկայացնի՞։

Ֆրանսիական նախաձեռնության մասին Արցախի իշխանությունները համառորեն լռում են։ Նախագահ Մակրոնն այսօր էլ ասել է, որ մտադիր է նոր քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի հետ կապված և այս շաբաթ հանդիպելու է Փաշինյանի և Ալիևի հետ։ Իսկ օգոստոսի 30-ին Կոռնիձորում կլինի ֆրանսիական մարդասիրական շարասյունը՝ Փարիզի և Ստրասբուրգի քաղաքապետերի ուղեկցությամբ։

Ֆրանսիայի քայլերը ցնցող արձագանք են առաջացնում Մոսկվայում, Բաքվում և որոշ հայկական շրջանակներում։ Բաքվի ԱԳՆ օրական մի հայտարարություններ է անում Ֆրանսիայի դեմ։ Իսկ Հայաստանի ու Արցախի իշխանությունները նույնիսկ չեն մեկնաբանում Փարիզի նախաձեռնությունները։

Ֆրանսիայի քաղաքական դիրքորոշումը կքննարկվի՞ խորհրդարանում։ Մակրոնը հայտարարել է, որ ինքը միակն է, ով Արցախի ինքնորոշման հարցը պահում է միջազգային օրակարգում։ Արցախը նրան կօգնի՞։

Արթուր Օսիպյան. մենք պետք է համախմբվենք և պայքարենք մեր հողի վրա ապրելու իրավունքի համար. այլ նպատակ չկա

Այսօր՝ Հաքարի կամրջի վրա արցախցի երեք երիտասարդների առևանգումից հետո, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բազմամարդ հանրահավաք է տեղի ունեցել․ նախագահ Արայիկ Հարությունյանը դուրս է եկել մասնակիցների մոտ և խոստացել ընդլայնված կազմով խորհրդակցություն անցկացնել, որին կորոշվեն հետագա քայլերը։

«Կարելի է ասել, որ դա վերջին կաթիլն էր: Թեեւ բավականին բարդ իրավիճակում ենք հայտնվել երկար ժամանակ, գնալով իրավիճակը վատանում է, բայց հստակ ծրագրեր չկան։ Ինչ ենք անելու, ինչ է մեզ սպասում, այս մասին կառավարությունից ոչ մի խոսք չենք լսում։ Հիմա գերխնդիրըէ մեր հայրենակիցներին վերադարձնելն է, բայց դա չի նշանակում, որ հանրահավաքի հարցերը սրանով սահմանափակվում են։ Մենք սովի շեմին ենք, բայց իշխանության քայլերը չենք տեսնում։ Նրանց գործողություններն ավելի շատ նման են իշխանությունը յուրացնելու, իշխանությանը հասնելու փորձերին։ Պահանջում ենք, որ քաղաքական ուժերը ներկայացնեն իրենց ծրագրերը, որպեսզի հասարակությունն ընտրի մեր հայրենիքում արժանապատիվ և ապահով կյանքի ճանապարհը»,- ասաց հանրահավաքի կազմակերպիչ, Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը։

«Մեր պահանջով այսօր ժամը 9-ին տեղի կունենա բաց նիստ՝ տարբեր կուսակցությունների եւ ուժերի մասնակցությամբ։ Հոգեբանական ճնշումը կարող է հանգեցնել նրան, որ ինչ-որ պահի մենք չենք կարողանա պայքարել։ Ուստի այսօր մենք պետք է համախմբվենք և պայքարենք մեր հողի վրա ապրելու իրավունքի համար։ Ուրիշ նպատակ չկա։ Եթե ​​գործոն դառնանք, ուրեմն մեծ շանսեր կունենանք։ Մենք առաջարկում ենք խնդրի քաղաքական լուծում, եթե ոչ, ապա զինված պայքար։ Այլ ճանապարհ չկա»,- ասաց Արթուր Օսիպյանը։

Ցուցակներում առկա անձանցից ևս երկու հոգի չեն հատել անցակետը, չի հաջողվում նրանց հետ կապ հաստատել. Արցախի ՄԻՊ

Օգոստոսի 28-ին ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ իրականացվել է Արցախից Հայաստան քաղաքացիական անձանց հերթական տեղափոխումը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ իրականացվել է 170 անձանց տեղափոխություն։ Այս մասին facerbook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

Նա նաեւ նշել է. «Ժամը 13:00-ի սահմաններում դեպի Հայաստան տեղափոխվող անձինք հասել են Լաչինի միջանցքում՝ Հակարի կամրջի մոտ, տեղակայված ադրբեջանական անօրինական անցակետ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ձեռք բերված տեղեկատվության համաձայն՝ 2001 թվականի ծնված Ալեն Նելսոնի Սարգսյանն ադրբեջանական սահմանապահ և այլ ծառայությունների ներկայացուցիչների կողմից ուժի և հարկադրանքի կիրառմամբ առևանգվել և տարվել է անհայտ ուղղությամբ։

Բացի դրանից, Արցախից ՀՀ տեղափոխվող անձանցից ևս հինգ հոգու Ադրբեջանի սահմանապահ և այլ ծառայությունների ներկայացուցիչները տարել են անցակետի մոտ տեղադրված հատուկ սենյակ՝ հարցաքննելու։ Հարցաքննության ընթացքում տվել են տարաբնույթ հարցեր՝ սպորտով զբաղվածությունը, ՀՀ գնալու նպատակը, Հայաստանում և Արցախում տնտեսական իրավիճակը և այլն։

Ձեռք բերված տեղեկությունների համաձայն՝ նախօրոք համաձայնեցված ցուցակներում առկա անձանցից ևս երկու հոգի՝ Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը չեն հատել անօրինական անցակետը, սակայն չի հաջողվում նրանց հետ կապ հաստատել։

Երեք քաղաքացիներն էլ Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների ուսանողներ են։

Բազմիցս նշել ենք, որ Հակարի կամրջի մոտ տեղակայված անօրինական անցակետը ուղիղ և անհերքելի սպառնալիք է Արցախի քաղաքացիական բնակչության ֆիզիկական գոյության և հիմնարար իրավունքների պաշտպանության համար։

Վագիֆ Խաչատրյանի, Ալեն Սարգսյանի առևանգումն անառարկելիորեն ապացուցում են, որ այսպես կոչված անցակետը վեր է ածվել ադրբեջանական հանցավոր կամայականությունները սպասարկելու գործիքի, որով ադրբեջանցիների կողմից կամայական կերպով առևանգվում և ազատությունից զրկվում են քաղաքացիական անձինք։ Շրջափակման մեջ է պահվում 120 000 բնակչություն՝ զրկված հումանիտար հասանելիությունից և մարդու տարրական իրավունքների պաշտպանության հնարավորությունից։

Թե՛ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և թե՛ ռուս խաղաղապահների միջազգային իրավական ու քաղաքական երաշխիքները փաստացի բավարար չեն Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության, այդ թվում ազատ ու անվտանգ տեղաշարժն ապահովելու համար:

Հաշվի առնելով այդ երկու դերակատարների ստանձնած պարտավորությունները՝ Մարդու իրավունքների պաշտպանը պահանջում է նրանցից բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել ապահովելու Արցախի բնակչության հումանիտար տեղաշարժի անվտանգությունը և առևանգված անձանց անհապաղ վերադարձը։ Առանց նման երաշխիքների առկայության, պետք է դադարեցնել քաղաքացիական անձանց փոխադրումները։

ՄԻՊ աշխատակազմի կողմից շարունակվում է փաստերի հավաքագրումը դեպքի առնչությամբ, որի մասին հանդես կգանք հավելյալ հայտարարությամբ, հավաքագրված փաստերը կամփոփվեն և կներկայացվեն մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և միջազգային այլ դերակատարներին»։

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունենում ինքնաբուխ հանրահավաք

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունենում ինքնաբուխ հանրահավաք։

Նախագահ Արայիկ Հարությունյանը դուրս եկավ ցուցարարների մոտ և ասաց, որ վաղը ընդլայնված կազմով խորհրդակցություն կանցկացնի, որտեղ կորոշվի Արցախի ճակատագիրը:

Հանրահավաքի մասնակիցները պահանջում էին այսօր և առցանց հանդիպում անցկացնել, հասարակությունից ոչինչ չթաքցնել և ասել, թե ինչ է անում իշխանությունը ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանելու համար։

Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը հայտարարեց, որ երկու ճանապարհ կա՝ կա՛մ քաղաքական խաղաղ պայքար, կա՛մ զինված պայքար։ Երկրի ղեկավարությունը կա՛մ պետք է միանա մեզ, կա՛մ խոստովանի, որ իրենք վախկոտ են և ոչ մի բանի համար պիտանի չեն, – ասաց նա։

Բաքվի դատախազությունից հայտնում են, որ Բերձորի միջանցքում առևանգված հայերը պետք է արտաքսվեն Հայաստան

Բաքվի գլխավոր դատախազությունը հայտարարել է Լաչինի միջանցքի անցակետից երեք հայ ֆուտբոլիստների ձերբակալության մասին, ովքեր մեղադրվում են «Ադրբեջանի դրոշը պղծելու» մեջ։

Նշվում է, որ 2021 թվականին որոշ լրատվամիջոցներում տեսանյութեր են տարածվել, որտեղ հայ ֆուտբոլիստները վիրավորական գործողություններ են կատարում Բաքվի դրոշի նկատմամբ, ինչի կապակցությամբ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով։

«Ենթադրվում է, որ Ադրբեջանը հումանիստական մոտեցում կցուցաբերի,  և հաշվի առնելով, որ ձերբակալվածները երիտասարդ են և մարզիկներ, նրանք կարող են ենթարկվել վարչական պատասխանատվության։ Համենայն դեպս, Ադրբեջանի տարածքում չեն կարող ապրել այն մարդիկ, ովքեր վիրավորում են Ադրբեջանի դրոշը։ Նրանք պետք է արտաքսվեն Հայաստան»,-հայտնել են Բաքվի գլխավոր դատախազությունից։

 

Մակրոնը բանակցություններ կանցկանցի Փաշինյանի և Ալիևի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ այս շաբաթ բանակցություններ կվարի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ և հանդես կգա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նոր դիվանագիտական նախաձեռնությամբ:
«Այս շաբաթ ես բանակցելու եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Մենք կպահանջենք Լաչինի հումանիտար միջանցքի վերաբերյալ պայմանավորվածությունների լիարժեք կատարում, ինչպես նաև հանդես կգանք միջազգային ասպարեզում նոր դիվանագիտական նախաձեռնությամբ, որպեսզի ուժեղացնենք ճնշումը Ադրբեջանի վրա»,- հայտնել Է նախագահը՝ ելույթ ունենալով դեսպանների ամենամյա խորհրդաժողովում։ Հեռարձակումն իրականացվել Է Ելիսեյան պալատի X–ի (նախկինում` Twitter) պաշտոնական էջում։

Վերահաստատում եմ իմ հանձնառությունն ու պատրաստակամությունը՝ փոխգործակցելու կողմերի հետ և մեկնելու Լեռնային Ղարաբաղ․ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը կոչ է արել վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով և ապահովել մարդասիրական օգնության արագ և անխոչընդոտ տեղափոխումը Արցախում, հայտնում է 1lurer.am-ը։

«Ես շարունակում եմ լրջորեն մտահոգված մնալ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի և նրա բնակչության մարդու իրավունքների կապակցությամբ՝ 2022 թվականի դեկտեմբերից Լաչինի միջանցքով անցնող ճանապարհի արգելափակումից հետո։ Ես վերահաստատում եմ այդ ճանապարհով ազատ տեղաշարժը վերականգնելու իմ նախորդ կոչը»,- նշված է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի հրապարակած հայտարարության մեջ։

Նրա խոսքով՝ իր և բազմաթիվ այլ միջազգային շահագրգիռ կողմերի կոչերին՝ տարածաշրջանում հումանիտար և մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն էլ ավելի է վատթարացել, հատկապես ազդելով առավել խոցելի խմբերի վրա՝ մարդկանց տեղաշարժի, սննդի մատակարարումների և շտապ բժշկական օգնության երկարատև խափանումների պատճառով:

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), որն այս պահին միակ միջազգային մարդասիրական կազմակերպությունն է, որը գործում է Լաչինի միջանցքում, նշել է, որ բնակչությունը բախվել է կյանքեր փրկող դեղամիջոցների և առաջին անհրաժեշտության պարագաների պակասի խնդրի հետ:

Համապատասխան շահագրգիռ կողմերը պետք է անհապաղ լուծում գտնեն, որպեսզի խուսափեն տեղի բնակչության առջև ծառացած շատ վտանգավոր իրավիճակի հետագա վատթարացումից և երաշխավորեն անվտանգ ու ազատ անցում նրանց համար, ովքեր մարդասիրական օգնություն են տրամադրում և ապահովում են մարդու իրավունքների պաշտպանություն: Ինչպես նշված է 2021 թվականի իմ հուշագրում, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ջանքեր գործադրեն հաշտեցման ճանապարհով առաջ շարժվելու և բոլոր մարդկանց համար կայուն խաղաղություն ապահովելու ուղղությամբ։

Ես վերահաստատում եմ իմ հանձնառությունն ու պատրաստակամությունը՝ փոխգործակցելու բոլոր համապատասխան կողմերի հետ և մեկնելու Լեռնային Ղարաբաղ՝ օգնելու հաղթահարել մարդու իրավունքների ոլորտում առկա մարտահրավերները»,- ասել է Միյատովիչը:

Դեռ պարզ չէ, քանի երիտասարդ են արեւանգվել

Լաչինի միջանցքում ադրբեջանցիների կողմից ապօրինի տեղակայված անցակետից ադրբեջանիցները բացի 22-ամյա Ալեն Սարգսյանից առեւանգել են ևս երկու երիտասարդի։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի մշտական ներկայացուցչության մամուլի քարտուղար Արմինե Հայրապետյանը։

Մեզ հետ զրույցում դեպքի ականատեսներից մեկը, որի անունն իր խնդրանքով չենք ներկայացնի, պատմեց, որ տղաներին բերման են ենթարկել՝ բիրտ ուժ կիրառելով։ Ադրբեջանցիներից մեկն անգամ հրացանի բռնակոթով հարվածել է երիտասարդներից մեկի գլխին։

Ավտոբուսի մյուս ուղևորներն արդեն Գորիսում են։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում երեք հայի ձերբակալելու մասին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ նրանց սպառնում է 10-օրյա կալանք։

Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ ձերբակալված հայ երիտասարդները «Մարտունի Ավո» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներ են։ Նրանց նկատմամբ դեռևս  2021 թվականին հետախուզում է հայտարարվել՝ իբր ադրբեջանական դրոշն անարգելու մեղադրանքով։

Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանն ասում է, որ դեռ պարզ չէ, քանի երիտասարդ են առևանգվել։