Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավոր։ Այս մասին հայտարարություն է տարածել պաշտպանության նախարարությունը։
«Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր:
Զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն կհրապարակի ավելի ուշ»,- ասվում է Հայաստանի ՊՆ հայտարարության մեջ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է սահմանին հայկական զինված ուժերի հետ բախման ընթացքում երեք զինծառայողի վիրավորվելու մասին։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի տարածած տեղեկությունը, թե հայկական զինված ուժերը մեծ քանակությամբ զենք ու ռազմական տեխնիկա են կուտակում Սոթքի հատվածում։ Հայաստանի պաշտպանության նախարարությունն այդ մասին հաղորդագրություն է տարածել։
«Ադրբեջանական քարոզչամեքենան ստահոդ տեղեկություններ է տարածում այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացնում Սոթքի հատվածում: Նման կեղծ տեղեկությունների շրջանառմամբ ադրբեջանական կողմը տեղեկատվական հիմք է ստեղծում Սոթքի ուղղությամբ այսօր առավոտյան սկսած հերթական սադրանքը շարունակելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի ինտենսիվությունը ժամը 11:20-ի դրությամբ նվազել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
Իրադրության զարգացման վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:
Պաշտպանության նախարարությունը հորդորում է չճշտված, ոչ ստույգ տեղեկություններ չհրապարակել: