Ինչպես գրել էր Step1.am-ը, Ստեփանակերտում ԿԽՄԿ շենքի մոտ ակցիայի ժամանակ Գյումրու մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացած Հելեն Դադայանի հարազատները հանդիպել են ՃՇՇ ռուս խաղաղապահների այն ժամանակվա հրամանատար Ա.Լենցովին, ԿԽՄԿ ներկայացուցիչներին, տեղական իշխանություններին, որոնք խոստացան անել հնարավորը, որպեսզի 20-ամյա Հելեն Դադայանի աճյունը տեղափոխվի Արցախ և հուղարկավորվի Ճարտարում։
Մահացած աղջկա հարազատն ասաց, որ «այս ամբողջ ընթացքում կողմերն անընդհատ զանգել են հարազատներին, ինչ-որ փաստաթղթեր են պատրաստել, անընդհատ նորից հարցրել, թե որտեղ է ծնվել մեր Հելենը։ Գեներալ Լենցովի հետ հանդիպմանը հավաստիացումներ են եղել, որ աճյունը կբերեն, կամ մորը կտեղափոխեն Հայաստան, որպեսզի այնտեղ հրաժեշտ տան դստերը։ Բայց գեներալ Լենցովը փոխվել է, մեր նախագահը հրաժարական է տալիս, Կարմիր Խաչը լռում է։ Մենք ուղղակի շփոթված ենք։
Օգոստոսի 14-ից ցավակցություններ ենք ստանում, բայց մեր աղջկան հուղարկավորել հնարավոր չէ։ Հելեն Դադայանի մայրը՝ Ալվարդ Սաֆարյանը, օգոստոսի 28-ին դիմել է Հայաստանի իշխանություններին՝ իրենց պարտականությունները կատարելու և թույլ չտալու խնդիրը քաղաքականացնել։ Ահա թե ինչ է նա գրել Հայաստանի վարչապետին և ԱԳ նախարարին ուղղված բաց նամակում. «աղջկաս դին, իմ տան սուգը քաղաքական հարց պիտի դառնա՞»։ Բայց նույնիսկ այս նամակին պատասխան չկա, արձագանք չկա։ Հարազատները, հատկապես ծնողները, ուղղակի շփոթված են.
«Սեպտեմբերի 3-ին Հելենը կդառնար 21 տարեկան։ Մենք՝ հարազատներս, ընկերներս, որոշեցինք այդ օրը չհեռանալ Հելենի մորից, լինել նրա հետ։ Հելենի ծնողներն ամեն ինչ անում են»,- մեզ հետ զրույցում ասաց հարազատներից մեկը:
Նամակը՝ ստորև․
Արցախի Հանրապետության բնակիչ Ալվարդ Սաֆարյանը՝ Գյումրու ճանապարհին ողբերգական վթարի հետևանքով մահացած 20 ամյա Հելեն Դադահի մայր, դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին: Բաց նամակ: Արդեն 14 օր է, ինչ իմ աղջկա՝ Հելենի մարմինը գտնվում է Գորիսի դիահերձարանում: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մեզ տեղեկացնում է, թե «20-ամյա Հելենի դին Արցախ տեղափոխելու հարցը կողմերը Հայաստանի և Ադրբեջանի անհամաձայնությամբ սարքել են իրենց քաղաքական թեման»: Արդյո՞ք իմ աղջկա դին, իմ տան սուգը պիտի դառնա ինչ -որ ճղճիմ քաղաքական հարց: Սա անընդունելի է: Խոսում եք միջազգային մարդասիրական իրավունքից, Իլհամ Ալիևը միջազգային ատյաններում կուրծք է ծեծում, թե արցախահայերի իրավունքների պաշտպանությունն իր առաքելությունն է, սա՞ է ձեր պաշտպանած մարդասիրական իրավունքը: Փաստացի Ալիևը հրաժարվում է Արցախից և արցախահայությունից։Այս աշխարհից, Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններից իմ ուզածը մի բան է. 20 տարեկան աղջկաս դիակը տվեք իմ հողում հուղարկավորեմ: Դիմում եմ ձեզ՝ Նիկոլ Փաշինյան և Արարատ Միրզոյան, կատարեք ձեր պարտականություները՝ ստեղծված իրավիճակին լուծում տալու համար: Իմ աղջիկը պիտի հուղարկավորվի իմ հողում, մեր կողքին և դուք պետք է լուծեք այդ հարցը: Մի՛ քաղաքականացրեք իմ աղջկա ողբերգական մահը: Ես չեմ հանձնվելու, պայքարելու եմ մինչև իմ աղջիկը գա իմ կողքը: Գործե՛ք, Նիկոլ Փաշինյան և Արարատ Միրզոյան:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: