Մոսկվան և Բաքուն չեն կարողանում «աղդամյան» օրակարգը պարտադրել հայկական կողմին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Գերմանիային, սակայն Բաքվի քարոզչական հնարքն անսպասելիորեն աջակցություն գտավ Եվրամիությունում։
Խոսքը շատ կոնկրետ իրավիճակի մասին է. Բաքուն չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը ճանապարհի անվերապահ բացման մասին։ Շրջափակումը շարունակելու և Արցախին սովի միջոցով «ինտեգրվել» ստիպելու համար Բաքուն առաջ է քաշում «Աղդամի ճանապարհի» զավեշտալի գաղափարը, որոը իրավական կամ այլ որևէ հիմք չունի։ Այս ճանապարհի բացման պարտավորությունը ոչ մի տեղ գրված չէ, ի տարբերություն Լաչինի միջանցքի, որը Բաքուն և Մոսկվան պարտավոր են բացել Եռակողմ հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի որոշման համաձայն։
Արտգործնախարար Լավրովը Ռուսաստանի առաջարկների մեջ ներառել է «նախ Աղդամի ճանապարհի բացումը, իսկ 24 ժամ հետո՝ Լաչինի ճանապարհը»։ Այս մասին հայտարարում է նաև Բաքուն։ Սակայն առաջարկը չի ընդունվում Երևանի, Ստեփանակերտի կողմից, չի նշվում նաև միջազգային միջնորդների կողմից։
Բայց երեկ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը Տոյվո Կլաարի “պասով” անսպասելիորեն «առաջարկեց փուլային մոտեցում, որը կարտացոլի Լաչինի միջանցքի լիարժեք շահագործման և Աղդամի երթուղու բացման հաջորդականությունը»։ Նա անդրադարձել է որոշ պայմանավորվածությունների, այդ թվում՝ «Ղարաբաղի ներկայացուցիչների հետ»։
Մինչդեռ Արցախի խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանը հայտարարեց, որ հստակ որոշում է կայացվել, որ Ակնայից ճանապարհը չի բացվի։ Արցախի քաղաքացիները մի քանի օր է՝ փակում են այս ճանապարհը՝ հայտարարելով, որ այնտեղից բեռներ թույլ չեն տա։
Հայաստանի ԱԳՆ-ն էլ երեկ հայտարարեց, որ «Աղդամի ճանապարհի» վերաբերյալ պայմանավորվածություններ չկան։
Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը հերքել է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը, թե հուլիսի 15-ին Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել “այլ միջոցներով Լեռնային Ղարաբաղ բեռների փոխադրումն ապահովելու մասին”։
«Հայաստանի Հանրապետությունը բազմիցս վերահաստատել է իր սկզբունքային դիրքորոշումը Լաչինի միջանցքի անօրինական արգելափակումը վերացնելու անհրաժեշտության վերաբերյալ՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի իրավական ուժ ունեցող որոշումների»,- ասաց Բադալյանը։
Նա հիշեցրեց, որ հուլիսի 15-ի հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահի, ինչպես նաև սեպտեմբերի 1-ի Խորհրդի նախագահի մամուլի քարտուղարի հայտարարությունները նման «համաձայնության» մասին չեն վկայում. ադրբեջանական կողմը փորձում է շահարկել թեմային տարբեր անդրադարձները և դրանք ներկայացնել որպես համաձայնություն։
Հատկանշական է, որ Ֆրանսիայի մարդասիրական բեռները Բերձորի միջանցք ուղեկցած ֆրանսիացի դիվանագետները, քաղաքապետերը գրեթե երկու ժամ տևած ասուլիսի ընթացքում չեն հիշատակել «Աղդամի ճանապարհը»։ Ֆրանսիան այս գաղափարը համարում է անտեղի և Լաչինի միջանցքի բացման հետ կապ չունեցող։
Ի դեպ, Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոկը կոչ է արել «Ադրբեջանին և Ռուսաստանին» անհապաղ բացել Լաչինի միջանցքը՝ առաջին անգամ պատասխանատվությունը դնելով նաև Մոսկվայի վրա։ Այս կոչի կապակցությամբ Բաքուն Գերմանիայի արտգործնախարարին «հիմար» է անվանել։
Ինչի՞ է Շառլ Միշելը մղում Բաքվին և Մոսկվային՝ «Աղդամի մարդասիրական միջանցքի» բռնի բացմա՞նը, հետո արդարացնի ներխուժումը ռւ ասի՝ ԵՄ-ն մեղավո՞ր չէ։ Շառլ Միշելը չի՞ հասկանում, որ այս կերպ ԵՄ-ն դառնալու է ցեղասպանության մեղսակիցը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: