Արմանը կամ ինչպես աշակերտներն են անվանում ընկեր Արմանը «Դասավանդիր Հայաստան» ծրագրով երկու տարի դասավանդել է Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքում:
Գալով համայնք, անընդհատ փնտրտուքների մեջ էր, թե ինչ ծրագիր պետք է իրականացնել համայնքում։ Եվ ահա աշակերտներից Օվսաննան և Վիկան քննարկումների ժամանակ առաջարկեցին ստեղծել ընթերցասրահ-երիտասարդական կենտրոն,- ծիծաղում է, նշելով, որ կարծես աշակերտները նրա մտքերն են կարդացել:
Ընթերցասրահ-կենտրոնի նպատակը իհարկե սեր սերմանելն է գրքերի հանդեպ, և ևս մեկ կարևոր նպատակ՝ ստեղծել վայր, որտեղ երիտասարդները կկիսվեն իրենց գաղափարներով:
Սկզբում չէին պատկերացնում, որ ծրագրի իրականացումը համընկնելու է Արցախի համար այս բարդ ժամանակահատվածին՝ շրջափակման պայմաններում, որը չնայած մեծ դժվարությունների իր հետ բերել է մեծ մոտիվացիա, առ այն, որ պետք է ի հակառակն ամեն ինչի ապացուցել, որ նույնիսկ այս խավարի մեջ մենք կարող ենք լույս ստեղծել:
Գրքերը, դարակները և նախատեսված մյուս պարագաները պետք է բերվեին Երևանից, որոշ պարագաներ նույնիսկ գնվել էին արդեն, բայց այդպես էլ չհասցրին բերել և ստիպված սկսեցին նոր լուծումներ փնտրել: Հանդիպած դժվարություններից մեկը դարակների հարցն էր, բայց այդ հարցն էլ պատվով լուծվեց՝ տախտակներ գնեցին և ընկեր Արմանը իր կնոջ՝ ընկեր Ամելիի հետ, ի դեպ կյանքում առաջին անգամ, հավաքեցին ամենահրաշալի դարակները։ Ամենահրաշալի, քանի որ դա նրանց ստեղծագործությունն էր:
Իսկ ինչ վերաբերվում է գրքերին, ապա դրանց մի մասը գնվել է դրամահավաքի միջոցով, մյուս մասը նվիրվել է ծանոթների և անծանոթների կողմից, նաև գրքեր են նվիրվել հենց Հաթերքի համայնքապետարանի կողմից: Հարցին, թե որն է ընկեր Ավագյանի գլխավոր մոտիվացիան, պատասխանեց անկեղծ՝ դրական առձագանքները, համայնքի բնակիչների անկեղծ հետաքրքրությունը և նվիրումը գաղափարին:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: