«Երկու կարևորագույն առասպելները, որոնց վրա հիմնված էր Ռուսաստանը՝ իմաստուն առաջնորդի և գերուժի մասին, որին ոչ մի երկիր չի կարող դիմակայել, ընկել են։ Բռնապետական ուժային ուղղահայացը չի կարողանում դիմակայել ներքին քաոսին և անկմանը”։
Այս մասին Step1.am-ին տված հարցազրույցում ասել է արցախցի քաղաքագետ, սոցիոլոգ Դավիթ Կարաբեկյանը՝ մեկնաբանելով Աֆրիկայի և Հայաստանի իրադարձությունների տարօրինակ «զուգահեռները», որտեղ Ռուսաստանն ու Ֆրանսիան գրեթե ձեռնամարտի էին բռնվել։
«Աֆրիկան համարվում է Ֆրանսիայի և Անգլիայի ազդեցության գոտի, և մի շարք հակաֆրանսիական ռազմական հեղաշրջումներ (հակաֆրանսիական կարգախոսներով), այնտեղ Վագների ղեկավար Եվգենի Պրիգոժինի հայտնվելը, ով իբր հետո զոհվել է ավիավթարի հետևանքով, հստակ ուղերձ են Ռուսաստանից Փարիզին»,- կարծում է Դավիթ Կարաբեկյանը։
«Առաջինը անկարգությունները սկսեցին Նիգերում, մի երկրում, որտեղից Ֆրանսիան արտահանում էր ոսկի և ուրան, որոնք կարևոր հումք են երկրի տնտեսության և միջուկային էներգիայի համար: Իսկ Սյունիքը հարուստ է ուրանով, այն Սյունիքը, ոտրեղ Ռուսաստանը մտադիր է վերահսկել միջանցքը»,- հիշեցրեց քաղաքագետը։
Ֆրանսիան դարձել է Արևմուտքի ֆրոնտմենը Ռուսաստանին իր ավանդական ազդեցության գոտիներից, այդ թվում՝ Հայաստանից, դուրս մղելու հարցում։ Նոր աշխարհակարգում «ազդեցության գոտիները» կփոխվեն։
«Ռուսաստանը չի ցանկանում վերափոխել և ընդունել նոր աշխարհակարգի խաղի կանոնները և մտադիր չէ իր ազդեցության ավանդական գոտիներում ազդեցությունը կիսել երրորդ երկրների հետ։ Սոթքում տեղի ունեցած փոխհրաձգությունն ու Լաչինի փակ միջանցքը՝ դրա վառ հաստատումն են։ Կոսովոյի տարբերակ, մուլտիկուլտուրալիզմ և այլն Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համար չեն։ Հետևաբար, հարցը կլուծվի «կամ-կամ»”, կարծում է Դավիթ Կարաբեկյանը։
Նա կանխատեսում է Ռուսաստանում ռեժիմի փոփոխություն Ուկրաինայի հետ պատերազմում կրած պարտությունների ֆոնին։ «Նոր ռեժիմն ընդունում է աշխարհի խաղի կանոնները, ինչը քիչ հավանական է։ Ռուսաստանը մասնատվում է փոքր պետությունների, ինչպես 1917 թվականից հետո՝ մենք վերստեղծում ենք միասնական հայկական պետություն։ Սոցիալական բախումների արդյունքում (տնտեսական ճգնաժամ, բողոքի ցույցեր, պատերազմներ) Թուրքիան զգալիորեն թուլանում է, Ադրբեջանում կա՛մ տեղի է ունենում վարչակարգի փոփոխություն, կա՛մ էլ այն դադարում է գոյություն ունենալ որպես մեկ պետություն»,- ասում է Կարաբեկյանը։
Քաղաքակրթական առումով նույնիսկ ասիական բռնապետություններն են երես թեքում Ռուսաստանից, տնտեսական առումով այն կորցնում է իր գրավչությունը՝ բեռ դառնալով ոչ միայն արտաքին գործընկերների, այլև ավանդական տարածաշրջանների համար, կարծում է նա։