Արցախը ժողովրդավարության փորձություն է. Կոռնիձորում ֆրանսիական բեռնատարների առկայության ենթատեքստը

  • 14:21 04.09.2023

Անցյալ շաբաթ տեղի ունեցավ չափազանց կարևոր իրադարձություն՝ Ֆրանսիայից տպավորիչ պատվիրակության ժամանումը Հայաստան, որի կազմում էին Փարիզի, Մարսելի և Ստրասբուրգի քաղաքապետերը, Ֆրանսիայի բոլոր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ և Ֆրանսիայի մի քանի շրջանների ղեկավարներ կամ ներկայացուցիչներ։

Նման ազդեցիկ պատվիրակության Հայաստան այցի նպատակն էր` մարդասիրական օգնությամբ 10 ավտոմեքենա ուղեկցել դեպի Կոռնիձոր՝ Արցախի հետ պայմանական սահման։

Չնայած այն հանգամանքին, որ ֆրանսիական կողմը չկարողացավ Արցախ ուղեկցել այդքան անհրաժեշտ սնունդը, գեներատորներն ու արևային մարտկոցները, ֆրանսիական պատվիրակությունը մեծ քաղաքական աշխատանք կատարեց։

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Գորիսում Հաքարի կամուրջ այցելությունից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է, որ իրենք անձամբ են համոզվել, որ Ադրբեջանը թույլ չի տալիս հումանիտար բեռներ անցնել Արցախ՝ դրանով իսկ ստիպելով հայերին ենթարկվել։

«Արցախի հայերը պետք է ունենան ինքնորոշման իրավունք»,- ասել է Անն Իդալգոն։

Պատվիրակության կազմում ժամանած Օ դը Ֆրանս շրջանի ղեկավար Բերտրան Քսավյեն ասել է, որ «Ադրբեջանը ցանկանում է Լեռնային Ղարաբաղը վերածել բանտի և վտարել նրա բնակիչներին։ Մենք չենք ուզում, որ Լեռնային Ղարաբաղը դառնա վանդակ, մենք ուզում ենք, որ նրա բնակիչները ազատ ապրեն»։

«Մենք տարբեր քաղաքական հայացքներ ունեցող քաղաքական գործիչներ ենք, բայց բոլորս պահանջում ենք, որ Ֆրանսիայի նախագահն Արցախի ժողովրդի շահերից բխող բանաձեւ ներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին»,- եզրափակեց Օ դը Ֆրանս շրջանի ղեկավարը։

Սրանք շատ կարևոր քաղաքական հայտարարություններ են, հատկապես հայկական կողմի ճղճիմ պնդումների ֆոնին, որն ամեն կերպ փորձում է արցախյան խնդիրը քաղաքականից վերածել հումանիտարի։

Ֆրանսիական պատվիրակության այցից հետո Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարություն է տարածել, որ ԱՄՆ-ի հետ քննարկվում է Արցախին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցը։

Կարծես թե՝ ինչ օգուտ, որ Հաքարի կամուրջ տանող ճանապարհին կանգնած են ևս մի քանի բեռնատարներ։ Բայց տակը խորը ենթատեքստ կա։

Արցախը՝ ժողովրդավարության փորձություն է։ Տարբեր երկրների դրոշներով մեքենաները ցույց կտան, թե արդյոք այն երկրները, որոնք ժամանակին հռչակել են մարդու իրավունքները, բազմաթիվ կոնվենցիաներ և միջազգային իրավական ակտեր որպես իրենց արժեքներ, պատրա՞ստ են պաշտպանել այդ սկզբունքները փոփոխվող աշխարհակարգում, թե՞ աշխարհը կհայտնվի քաոսի մեջ եւ բոլոր հարցերը կլուծվեն ուժով։

Ժամանակը ցույց կտա։ Միևնույն ժամանակ, իմ հայրենի Արցախի բնակիչները, այդ թվում՝ 30 հազար երեխա, նույնքան ծեր, կանայք, հաշմանդամներ ստիպված են սովամահ լինել, թերսնվել, դեղորայքի հասանելիություն չունենալ, ստանալ իրենց 200 գրամ բլոկադային հացը և դրանով իսկ պայքարել իրենց նախնիների հողի վրա ապրելու իրենց իրավունքի համար:

Մարգարիտա Քարամյան

f