Սեպտեմբերի 1-ից Արայիկ Հարությունյանը վայր է դրել Արցախի Հանրապետության նախագահի լիազորությունները՝ Ազգային ժողովին հղած հրաժարականի դիմումի հիման վրա: Նա այդ և հարակից զարգացումների վերաբերյալ մի քանի հիմնական հարցի է անդրադարձել։
«1. Ինչո՞ւ ավելի վաղ չեմ հրաժարական տվել, քանի որ գործող սահմանադրական կարգավորումները ենթադրում էին, որ իմ հրաժարականի դեպքում պետք է միաժամանակյա նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրություններ կազմակերպվեին, իսկ դրա իրագործման հնարավորությունը խիստ մշուշոտ էր, հատկապես՝ շրջափակման պայմաններում: Ուստի, ես նախաձեռնեցի և Ազգային ժողովն ընդունեց Սահմանադրության փոփոխություն, որպեսզի հնարավոր լինի ռազմական դրության ժամանակ խորհրդարանի կողմից ընտրել անցումային Նախագահ՝ մինչև գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտը: Սահմանադրության 168.1 հոդվածն ուժի մեջ է մտել հուլիսին, որից հետո քանիցս մտածել եմ հարմար պահի մասին, սակայն կարևոր արտաքին քաղաքական զարգացումների վրա բացասաբար չազդելու համար որոշ ժամանակ սպասել եմ և որոշումս կայացրել օգոստոսի վերջին:
Հիշեցնեմ, որ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո ես դադարեցրել եմ իմ կուսակցական գործունեությունը և որևէ առնչություն չունեմ «Ազատ հայրենիք» կուսակցության հետ: Ուստի, որևէ կերպ չեմ կարող և չեմ ցանկանում ներգրավվել Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության դիրքորոշման ձևավորման գործում, և իրենք ամբողջովին ինքնուրույն կերպով կորոշեն իրենց մոտեցումները:
Ո՛չ ես, ո՛չ էլ մեկ այլ կողմնակի անձ իրավունք չունենք միջամտելու այդ գործընթացին: Հորդորում եմ բոլոր քաղաքական ու հանրային գործիչներին զսպվածություն ցուցաբերել և առաջնորդվել Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և ժողովրդավարական բարձր քաղաքական մշակույթով:
Սա մեր պետական ու քաղաքական համակարգերի կարևորագույն քննությունն է, որը պետք է անցնենք պատվով ու անցնցում: Եթե որևէ անձ կամ խումբ փորձի ցնցումներ հրահրել, դա կլինի լրջագույն հարված Արցախի Հանրապետության սահմանադրական կարգին ու ապագային:
Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությունից վերջին օրերին հնչող տարաբնույթ հայտարարություններին, որոնք արվում են այս կամ այն հնարավոր թեկնածուի օգտին կամ դեմ, ապա այդ անձանց պարզապես խնդրում եմ չխառնվել ու չխաթարել Արցախի ներքին կյանքի փխրուն կայունությունը՝ այն էլ նման ծանրագույն ժամանակահատվածում: