Բարին անելուց չհոգնենք

  • 21:06 04.09.2023

Շարունակվող պաշարման ընթացքում արցախցիները հարատևում են բարեգործությունների մեջ:

Արդեն մի քանի ամիս է, որ Ստեփանակերտից մի խումբ կամավորներ սնունդ են հասցնում ծերերին, հաշմանդամներին և բազմազավակ ընտանիքներին՝ անտեսելով բազմաթիվ խոչընդոտներ: Step1. am-ի հետ զրույցում  այդ մասին պատմեց «Ալյանս»-ի անդամ, կամավորական Յանա Ստեփանյանը:

«Շարժումը սկսվել է Արցախի անվտանգության և զարգացման  ճակատի կողմից: Սկզբից մենք փուռերից հաց էինք ստանում և տեղափոխում մեծահասակներին տալու համար, որպեսզի հերթերը թեթևանան: ժամանակի հետ իրավիճակն ավելի է բարդացել և սննդի հետ կապված մի շարք խնդիրներ են առաջացել: Ճակատի կողմից մեզ ուտելիք է տրամադրվում, որը տանում ենք սոցիալապես խոցելի խավի համար: Այս պահի դրությամբ ունենք մեծ կամավորական խումբ: Ամեն օր նոր հասցեներ են ավելանում»:

Կամավորների ընդհանուր թիվը հասնում է 120-ի : Նրանց մեջ կան նաև շրջաններից անդամագրվածներ, սակայն վառելիքի սղության պատճառով ոչ միշտ են կարողանում հասնել Ստեփանակերտ և միայն 50 հոգի են կարողանում ակտիվ մասնակցել սննդի մատակարարմանը: Որպես տրանսպորտի այլընտրանք ծառայում են հեծանիվները և ոտքերը:

«Կամավորների թիմը կազմված է դեռահասներից և դպրոցականներից: Ամենափոքր անդամը 12 տարեկան է: Էլեկտրականության պարբերական անջատումների պատճառով նրանք բոլորն էլ կենցաղային մի շարք դժվարությունների են բախվում: Անհրաժեշտ է լինում ամենօրյա անելիքներն այնպես դասավորել, որ ժամանակ մնա  ամեն օր քաղաքի մի ծայրից մյուսը գնալու համար: Ծայրամասային փողոցներում ապրող կամավորները բավականին երկար ժամանակ են տրամադրում մինչև գրասենյակ հասնելու համար: Նրանք բոլորն էլ զոհաբերում են իրենց ժամանակը: Այս պահին ցանկացած աջակցություն մեզ համար կարևոր է»,-ասում է Յանան:

Շոգ եղանակին շուտով փոխարինելու են անձրևներն ու ձյունը, բայց կամավորներին դա չի կանգնեցնի: Նրանց ոգեշնչում է այն, որ ամեն մի դուռ բախելուց հետո լսում են օրհնություններ և երախտիքի խոսքեր:

«Յուրաքանչյուր տատիկի կամ պապիկի տուն մտնելով մենք հասկանում ենք, թե նրանք ինչքան են ոգևորվում, ինչքան են իրենց կարևոր զգում: Մենք միշտ պատրաստ ենք հասնել նրանց, օրվա ցանկացած ժամին»,-ավելացնում են կամավորները:

Շարունակում է ապրել Արցախը՝ անտանելի դարձած իրավիճակում և ծայրահեղ վատ պայմաններում: Շարունակում ենք բարի և օգնող լինել միմյանց հանդեպ, քանզի Սուրբ Գիրքն էլ ասում է.« Բարին գործելուց չթուլանաք, որովհետև հարմար ժամանակին պիտի հնձենք»:

Տաթեւ Ազիզյան