Հինգ-վեց օր Ստեփանակերտի ոչ մի փուռ չի աշխատել․ գիշերվանից հնարավոր է որոշները վերսկսեն աշխատանքը․ Փաստինֆո

  • 21:22 04.09.2023

Ստեփանակերտում հինգ-վեց օր է՝ ոչ մի փուռ չի աշխատում։ Եթե հաջողվի, այս գիշեր որոշ փռեր նորից հաց կթխեն։ Այդ մասին «Փաստինֆո»-ին ասաց Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։

Մաքրությամբ մշտապես բոլորին հիացնող Ստեփանակերտը արդեն քանի ամիս է՝ նաև այս առումով է խեղճացել։ Եթե մինչև շրջափակումը օրական երկու անգամ քաղաքը մաքրվում էր, հիմա երկու օրը մեկ հազիվ են կարողանում։

«Առաջ 18 մեքենա էր աշխատում աղբահանության նպատակով, հիմա՝ 4։ Վառելիքի սղության պատճառով որոշ թաղամասեր երկու-երեք օրը մեկ են մաքրվում, բայց այսօրվա դրությամբ դեռ կարողանում ենք մաքրել, ոչինչ։ Ճիշտն ասած, այդքան շատ աղբ էլ չի հավաքվում, քանի որ այնքան սնունդ էլ չկա, որ աղբ գոյանա․․․»-ասում է Սարգսյանը։

Քանի որ քաղաքային տրանսպորտը վաղուց չի աշխատում, երեք էլեկտրոմոբիլ է գործարկվել՝ անհրաժեշտության դեպքում գոնե հղիներին ծննդատուն հասցնելու համար։

Միակ խնդիրը, որ, ի հեճուկս պաշարման հետևանքով առաջացած դժվարություններին, կարելի է համարել լուծված, մայրաքաղաք Ստեփանակերտի ջրի խնդիրն է։ Քաղաքապետը վստահեցնում է՝ հիմա արդեն խմելու ջուր բնակիչներն ունեն։

 

f