Արայիկ Հարությունյանի ակնարկները. կարո՞ղ են անակնկալներ լինել

  • 09:35 05.09.2023

Սեպտեմբերի 8-ին Արցախի խորհրդարանը նոր նախագահ կընտրի. թեկնածուների անունները դեռ չեն նշվում, սակայն կարող են առաջանալ ամենաանսպասելի իրավիճակները։ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը՝ դրա վկայությունն է։

“Հունիսից մի քանի անգամ մտածել եմ հրաժարական տալու հարմար պահի մասին, բայց արտաքին քաղաքական կարևոր իրադարձությունների վրա բացասաբար չազդելու համար որոշ ժամանակ սպասել եմ և օգոստոսի վերջին որոշում կայացրել»,- գրել է Հարությունյանը։ Խոսքը, ըստ երևույթին, վերաբերում է ՄԱԿ-ում և միջազգային դատական ատյաններում արցախյան հիմնախնդրի քննարկումներին, ֆրանսիական նախաձեռնություններին, որոնք, ըստ ամենայնի, կոչված էին վերջնականապես «փակելու» արևմտյան պատուհանը։ Պատահական չէ, որ Բաքվում ասում են, թե Ռուսաստանն Արցախում իշխանափոխություն է անում, որպեսզի չեզոքացնի միջազգային  միջամտությունը։

Հարությունյանը հորդորեց պատգամավորներին «հանրապետության նախագահի ընտրության հարցում առաջնորդվել սեփական խղճով և չտրվել տարբեր նեղ խմբերի ազդեցությանը»։ Ի՞նչ խմբերի մասին է խոսքը։ Իսկ ի՞նչ խումբ է ներկայացնում ինքը՝ Հարությունյանը, ով Բակո Սահակյանի վարչակազմում եղել է պետնախարար, հետո նախագահ դարձել Նիկոլ Փաշինյանի ձեռնադրմամբ։

Խոսելով «նեղ խմբերի» մասին՝ Հարությունյանը, ըստ երևույթին, նկատի ունի «Արցախը ղեկավարող մի քանի հոգու», այդ թվում՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։

Ինքը՝ Հարությունյանը, պնդում է, որ պատերազմից հետո դուրս է եկել իր «Ազատ հայրենիք» կուսակցությունից և որևէ ազդեցություն չունի խորհրդարանում նրա խմբակցության վրա։ Ի՞նչ նկատի ունի Հարությունյանը սրանով ։ Ասենք, կարո՞ղ է նրա խմբակցությունը, որը խորհրդարանում մեծամասնություն ունի, միանակով «նեղ խմբի» մեջ չմտնող Սավել Բաբայանի խմբակցություն հետ, դեմ քվեարկել «նեղ խմբի» թեկնածուին։ Եվ ի՞նչ կլինի այդ դեպքում։

Արայիկ Հարությունյանի կուսակցության դիրքորոշումն, ըստ էության, դառնում է որոշիչ, և հենց այստեղ է «անակնկալը». Հարությունյանը (Փաշինյանի հետ կապով) փաստորեն իր ձեռքում է պահում վերահսկողության բոլոր լծակները։ Նա ասում է, որ լինելու է նոր նախագահի կողքին և իր աշխատանքն ուղղելու է Արցախի անվտանգության ապահովմանը (փակագծերը չբացելով)։

Սա կարևոր է, քանի որ երկիրը մշտապես գտնվում է սպառնալիքի տակ, որ «Երևանը կդադարեցնի սուբսիդիաները», եթե Ստեփանակերտը ներկայացնի Փաշինյանի ոչ լոյալ անձը։ Իսկ «լոյալ» է, ըստ երևույթին, Հարությունյանը։ Փաշինյանը ֆինանսական օղակով ստիպում է Արցախի ղեկավարությանը չշեղվել Արցախի «ինտեգրման» պլանից, որը գրված և ուղղորդվում է Մոսկվայում։

Այս արատավոր «հանգույցը» հնարավոր չէ արձակել, այն միայն կարելի է կտրել։ Իսկ Ստեփանակերտում արդեն մի քանի անգամ զինված մարդկանց միջամտությայն փորձեր են եղել։ «Եթե որևէ անձ կամ խումբ փորձի անկարգություններ հրահրել, դա լուրջ հարված կլինի սահմանադրական կարգին և Արցախի Հանրապետության ապագային»,- զգուշացնում է Հարությունյանը։

Առայժմ ոչ մի ուժ՝ ո՛չ «նեղ խումբը», ո՛չ էլ «Փաշինյանի խմբակցությունը» առաջարկներով չեն հանդես եկել, թե ինչպես են տեսնում հետագա իրադարձությունները՝ Բերձորի միջանցքի բացումը, կարգավիճակի հարցը և այլ բաներ։ Իմիջիայլոց խոսվում է անկախության ճանաչման պահանջի մասին, բայց միաժամանակ՝ այն, որ «Բաքուն այլևս չի հանի իր անցակետը»։

 

f