Շահմասուր․ «Աղոթքով հիշենք Խորիշահին, նրա զավակներին ու մեր բոլոր նախնիներին»

  • 10:32 05.09.2023

 

Շահմասուր գյուղը գտնվում է Արցախի  Մարտակերտի շրջանում։ Հին ու պատկառելի պատմություն ունեցող գյուղ է, հարուստ պատմամշակութային հուշարձաններով, որոնք թվագրվում են 11-12-րդ դարերով։

15-16-րդ դարերի տվյալներով գյուղը ներկայացվում է “Մսերշին” և “Մսրշին” անուններով։ Ս․ Մելքումյանը գյուղանունը ստուգաբանում է երկու իմաստով  “Շահի մահը սրով” և Հասան Ջալալյան իշխանի մոտ ազգական և այդ տարածքների տիրակալ Շահ Մանսուրի անունով։

Ըստ Սլավա Սարգսյանի, Արցախում նման անձնավորություն գոյություն չի ունեցել, նման անվամբ հայտնի է միայն Խորասանի իշխանը։ Նա գյուղի անվան ծագումը կապում է հյուսիսային կողմից ձգվող “սուրբ” լեռնային բարձունքի հետ։

Շահմասուրի Կտողնութ թալա կոչվող տարածքում ընկած են բազմաթիվ մեծ ու փոքր ժայռաբեկորներ, որոնցից մեկը շատ ուշագրավ է իր վրա քանդակված խաչով ու արձանագրությամբ։ Ժայռաբեկորի չափսերն են  5,3 x3։ Քանդակված է մեկ մեծադիր խաչ, թևերի տակ երկու փոքր խաչեր, ներքևում արձանագրություն։  «Թիվ :ՈԼ: (1181)/: Յանուն Ա[ստուծո]յ, ես Խորեշահ/ կանգնեցի զխաչս ի բարեխաւս/ հոգոյ իմոյ եւ զաւակաց/ իմոց` բարեխաւս առ/ Ք[րիստո]ս: Աղաւթս յիշեցէք» Հ․Պ: Նման արձանագիր ժայռաբեկորների հանդիպում ենք Հարավ, Առաջաձոր և այլ գյուղերի տարածքներում։

Աղոթքով հիշենք Խորիշահին, նրա զավակներին ու մեր բոլոր նախնիներին։