Միրզոյանը զանգել է Գերմանիայի արտգործնախարարին, որին Բաքուն նորերս վիրվորել է

  • 09:34 06.09.2023

Սեպտեմբերի 1-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի գործողությունները Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործելաոճի հերթական դրսևորումն էր: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ Գերմանիայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Անալենա Բերբոքի հետ հեռախոսազրույցում:

Միրզոյանը հավելել է, որ Ադրբեջանն իր քայլերով ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում, որը պետք է դատապարտելի լինի միջազգային հանրության կողմից:

Երկուստեք ընդգծվել է դրան զուգահեռ Լեռնային Ղարաբաղում օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամի՝ ԼՂ բնակչության, հատկապես խոցելի խմբերի համար հետևանքները և ճգնաժամի հաղթահարման հրատապությունը, ասված է ՀՀ ԱԳՆ լրատվական վարչության հաղորդագրությունում:

Արարատ Միրզոյանը վերահաստատել է Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի արգելափակման վերացման հարցում Հայաստանի դիրքորոշումը և ընդգծել այդ ուղղությամբ միջազգային դերակատարների, այդ թվում՝ Եվրամիության կողմից հստակ քայլեր կատարելու անհրաժեշտությունը:

Բարձր գնահատելով գործընկերների կողմից մինչ օրս արված հասցեական ուղերձները՝ Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ դրանք բավարար չեն տեղում դրական փոփոխություն արձանագրելու, Լեռնային Ղարաբաղի փաստացի շրջափակումը վերացնելու և Ադրբեջանին կառուցողական դաշտ վերադարձնելու համար:

Հիշեցնենք, մի քանի օր առաջ Բերբոքը կոչ է արել ոչ միայն Ադրբեջանին, այլեւ Ռուսաստանին անհապաղ բացել Բերձորի միջանցքը։ Նա ասել է նաեւ, որ ԵՄ-ը ԱՄՆ-ի հետ քննարկում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հումանիտար օգնություն հասցնելու ուղիները։ Դա առաջացրել է Բաքվի զայրույթը․ Ադրբեջանի ԱԳՆ ասել է, որ Բերբոքը կամ հիմար է ու բան չի հասկանում, կամ հատուկ ի վնաս Բաքվին է գործում։