Lragir
Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի D խմբում Թուրքիա-Հայաստան պատասխան հանդիպումը կկայանա 2023 թվականի սեպտեմբերի 8-ին Էսքիշեհիրի մարզադաշտում։ 2023 թվականի մարտի 25-ին Երևանում կայացած Հայաստան-Թուրքիա խաղն ավարտվել է 1։2 հաշվով և անցկացվել է «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առանց նախապայմանների» ֆոնին, սակայն պատճառ չի դարձել, որ թուրք քաղաքական գործիչները գան Երևան։ Ըստ ամենայնի, ամեն ինչ դեռ պատրաստ չէր։
Հիմա շատ բան է փոխվել. Էրդողանը վերընտրվել է նախագահի պաշտոնում և փորձում է «սպիտակներով խաղալ» Պուտինի հետ։ Իզուր չէ, որ Սոչիում Պուտին-Էրդողան հանդիպման օրը Զելենսկին հայտարարեց Ուկրայինայի պաշտպանության նախարարի պաշտոնում Ղրիմի թաթար Ումարովին նշանակման իր մտադրության մասին, «ով խոսում է մի քանի լեզուներով, և ամենակարևորը՝ թուրքերեն» (BBC): Եվ պատահական չէ, որ Թուրքիա-Հայաստան խաղը կանցկացվի Էսքիշեհիրում, որտեղ այժմ բնակչության 80%-ը Ղրիմի թաթարներ են։
Էրդողանը Ղրիմի հարցը դրեց սեղանի վրա, և այս «Ղրիմյան» խաղում Հայաստանը դառնում է գլխավոր «լոտը»։ Պուտինը պատրաստ է ամեն ինչ զոհաբերել հանուն Ղրիմի, իսկ Էրդողանը պահը բաց չի թողնի.
Սոչիում Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ Հայաստանում հանկարծակի սրվեցին «հակառուսական» տրամադրությունները՝ ԱԳՆ-ի ու Փաշինյանի հայտարարությունները, որին հաջորդեց ՌԴ ԱԳՆ-ի «դժգոհությունը»։ Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով դիվանագիտական աղբյուրին, հայտնում է, որ «նրանք փորձում են արհեստականորեն դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից՝ օգտագործելով Երեւանը որպես այդ նպատակին հասնելու միջոց»։
Միևնույն ժամանակ տիրաժավորվում է «Հայաստանի ՆԱՏՕ մտնելու» մասին ֆեյքը, իսկ Սեյրան Օհանյանն ասում է, որ ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում՝ Թուրքիան է։ Այսպիսով, ստացվում է հետեւյալ պատկերը՝ Ռուսաստանը «հեռանում է», Արցախը «հանձնվում է» Ադրբեջանին, իսկ Հայաստանը՝ Թուրքիային։
Փաշինյանն իր հերթին ասել է, որ Երևանը կարևորում է Անկարայի հետ հարաբերությունների կարգավորումը և այս գործընթացը չի կապում Բաքվի հետ հակամարտության կարգավորման հետ։ Փաշինյանը հիշեցրեց, որ Անկարա կատարած այցի և նախագահ Էրդողանի հետ շփումների արդյունքում (հունիսի սկզբին Փաշինյանը գնաց Թուրքիա՝ Էրդողանին շնորհավորելու) «ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ թուրքական կողմը նույնպես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը»։ Միաժամանակ Փաշինյանը ասաց, որ «մի օր կարող ենք արթնանալ ու այստեղ Ռուսաստանը չտեսնել»։
Ռուսաստանը Հայաստանում է գտնվում 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրերի համաձայն՝ դրանց հիման վրա Հայաստանում տեղադրված է ռուսական ռազմաբազան, իսկ Թուրքիայի հետ Հայաստանի սահմանները հսկում են ռուս սահմանապահները։ Ռուսաստանի «դուրս գալը» նշանակում է ՌԴ ԱԱԾ բազայի և սահմանապահ զորքերի դուրսբերում, և դա կարող է տեղի ունենալ, եթե Ռուսաստանն ու Թուրքիան սպառված համարեն 1921թ. պայմանագրերը։
Եվ դա կարող է տեղի ունենալ շատ շուտով: Էրդողանը, որը պաշտոնը ստանձնել է 2023 թվականի հունիսին, խոստացել է Թուրքիայի Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ ընդունել նոր սահմանադրություն և հայտարարել «նոր Թուրքիայի դար», որտեղ, ըստ երևույթին, կախվածություն չի լինի հին պայմանագրերից։ Հիշեցնենք, որ 1923 թվականի հոկտեմբերի 29-ին Աթաթուրքը Թուրքիան հռչակեց հանրապետություն, և դրա տարածքային ամբողջականությունը մինչ օրս հիմնված է Լոզանի պայմանագրի և 1921 թ․ ռուս-թուրքական պայմանագրերի վրա, որոնցով Հայաստանի հողերը Ռուսաստանի կողմից փոխանցվեցին Թուրքիային։
Էրդողանը մտադիր է ապահովել իր տարածքների ամբողջականությունը «ներսից»։ Դա կարելի է անել միայն Հայաստանի «կամավոր» համաձայնությամբ։ Իսկ Փաշինյանը կարող է դառնալ Պուտին-Էրդողան նոր գործարքի «նոտարը»։
Նա կգնա Էսքիշեհիր՞ սեպտեմբերի 8-ին կայանալիք Թուրքիա-Հայաստան հանդիպմանը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: