«Արցախի մայրիկների աջակցման Կենտրոն» ՀԿ. Մայրիկների համայնքը ի նպաստ Արցախի

  • 13:31 06.09.2023

Արդեն 5 տարի է, ինչ Արցախում գործում է գրեթե բոլոր մայրիկներին հայտնի «Արցախի մայրիկների ակումբ» ֆեյսբուքյան հարթակը, որն իր գործունեության ընթացքում հասցրել է համախմբել մայրական համայնքը և իրականացնել մի շարք սոցիալական, բարեգործական ծրագրեր, ինչպես նաև բարձրացրել է երեխաների իրավունքներին առնչվող հարցեր:

Ինչպես Step1.am-ին նշում է հարթակի համահիմնադիրներից Տաթևիկ Խաչատրյանը, 5 տարի հաջող գործունեություն ծավալելուց հետո այս ամենին պետք էր տալ օրենսդրական հենք և բացել ՀԿ, որն առաջին հերթին պետք է գործեր ի շահ կանանց և երեխաներին:

ՀԿ-ի ստեղծումը պլանավորվել էր դեռևս մի քանի տարի առաջ, սակայն պատերազմը, հետպատերազմյան դժվար ժամանակահատվածը և հետո շրջափակումը անընդհատ խաթարում էին մտահղացման իրականացումը: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ այս պայմաններում ամենախոցելին հենց կանայք և երեխաներն են, որոշվեց, որ ժամանակը եկել է և պետք է սկսել ՀԿ-ի ստեղծման գործընթացը, և այդպես ծնվեց «Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» ՀԿ:

ՀԿ-ն լռիվությամբ անկախ է և գործում է բացառապես կամավորության հիմունքներով, բայց և այնպես դա չի խանգարում լինել ավելի էֆեկտիվ և հանրօգուտ ի համեմատ շատ ՀԿ-ների, որոնք ունեն բավականին մեծ բյուջե: Իսկ վերջերս ՀԿ-ն, համագործակցելով Արցախի անվտանգության և զարգացման ճակատի հետ, սկսել է սեմինար֊միջոցառումների շարք` մայրերի և նրանց բալիկների համար։ Նպատակը շրջափակման առաջացրած կյանքի հետ անհամատեղելի պայմաններում գոյատևելու հմտությունների զարգացումն է։

Հենց առաջին սեմինարը նվիրված էր շրջափակման պայմաններում ծնող֊երեխա փոխհարաբերություններին։ Ներգրավել էր 2 հոգեբան, մեկը` ՀՀ֊ից, մյուսն` Արցախից, որոնց օգնությամբ մասնակիցները սովորել են պատասխանել երեխաների հարցերին, ճիշտ աշխատել սեփական էմոցիաների հետ, ինչպես նաև ծանոթացել են այս պայմաններում ընտանեկան հարմոնիայի պահպանման համար անհրաժեշտ մեխանիզմներին:

Տաթևիկը նաև նշում է, որ ապագայի համար ունեն շատ-շատ ծրագրեր, սակայն դրանք այս պահին իրականացնելը անհնար է՝ պայմանավորված շրջափակման հետ:

Հավելենք, որ արցախյան կանայք ուժեղ և խիզախ են՝ մնալով իրենց ամուսների, որդիների և եղբայրների կողքին, ելք գտնելով և բաց ճակատով կանգնելով դժվարությունների առաջ։

Քրիստինա Ալախվերդյան

f