Արցախի խորհրդարանի 4 խմբակցությունները նախագահի պաշտոնում առաջադրել են Սամվել Շահրամանյանի թեկնածությունը

  • 16:06 06.09.2023

Արցախի Հանրապետության Խորհրդարանի 5 խմբակցություններից 4-ը՝ “Ազատ Հայրենիքը”, ՀՅԴ-ն, «Արդարություն»-ը եւ Արցախի ժողովրդավարական խմբակցությունները առաջադրել են Արցախի պետնախարար Սամվել Շահրամանյանի թեկնածությունը՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում:

Ըստ ԱՀ Սահմանադրության, նախագահը խորհրդարանում ընտրվում է պատգամավորների 2/3 ձայներով։ Առաջին փուլով նախագահ չընտրելու դեպքում ամենաշատ ձայնը հավաքած երկու թեկնածուները կանցնեն երկրորդ փուլ. այս դեպքում արդեն ընտրությունն արվում է ձայների պարզ մեծամասնությամբ:

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում է ներկայացրել ԱՀ նախագահի պաշտոնից: Պաշտոնից ազատվել է նաեւ ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, այդ պաշտոնին նշանակվել է Սամվել Շահրամանյանը՝ ազատվելով Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։