Պատերազմի ժամանակ Ստեփանակերտի №10 հիմնական դպրոցը և հարակից տարածքները ռմբակոծվել էին 5 անգամ։
Դպրոցի շենքի կեսից ավելին վթարային վիճակում էր, իսկ մինչև սույն տարվա սեպտեմբերի 1-ը աշխատում էր ⅕-րդ մասը։
Դպրոցի վերանորոգման աշխատանքները սկսվեցին նախորդ տարի, սակայն շրջափակման արդյունքում առաջացած խնդիրների և շինանյութի պակասի պատճառով ներկայումս կանգնեցված են։
Չնայած այս բոլոր խնդիրներին՝ դպրոցի աշխատանքը նույնիսկ 1 օրով չի դադարել։ Պատերազմի ավարտից անմիջապես հետո դպրոցի աշխատակազմը վերադարձել էլ Արցախ և առանց որևէ մարմնի օգնության և աջակցության մաքրել դպրոցի տարածքը՝ պատրաստվելով դասերին։
«2 տարի սպասելուց հետո, մեծ թափով սկսվեցին դպրոցի վերանորոգման աշխատանքները, սակայն մինչև շրջափակումը ընկած ժամանակահատվածում հասցրին վերականգել միայն դպրոցի կեսից պակաս մասը։ Ներկա պահին չունենք ակումբ, չունենք ՆԶՊ, քիմիայի և շախմատի կաբինետներ։ Սպասում էին, որ կվերանորոգեն սպորտդահլիճը, բայց դա էլ կիսատ մնաց։ Երեխաները ստիպված են լինում շարային մասը պարապել բակում, հետո վերադառնալ դադարաններ»,-Step1.am-ին ասել է դպրոցի փոխտնօրեն Անահիտ Սարգսյանը։
Մինչև պատերազմը դպրոցը ուներ առաջինից-իններորդ 41 կոմպլեկտ դասարան և նախադպրոցական 6 խումբ։ Ներկա դրությամբ աշակերտների քանակը պակասել է մոտ 200-ով։ Մինչև սույն թվականի սեպտեմբերը դպրոցում դասերը երկհերթ էին, բայց սեպտեմբերի 1-ից աշակերտները սկսեցին տեղափոխվել վերանորոգված և մասնակի վերանորոգված դասարաններ, որպեսզի բոլոր դասարանները կարողանան հաճախել առաջին հերթով։
Հայկ Հարությունյան