Արցախում քննարկել են անվտանգությանն ու պաշտպանության ապահովմանը, Հանրապետության նախագահի ընտրությանը վերաբերող հարցեր

  • 21:00 06.09.2023

Սեպտեմբերի 6-ին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի օրակարգում Արցախի Հանրապետութունում ստեղծված իրավիճակն էր:

Ադրբեջանի հետ շփման գծում տիրող իրավիճակի և Արցախի Հանրապետության անվտանգության և պաշտպանության ապահովման ուղղությամբ կատարվող քայլերի մասին զեկուցել է պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանը:

Պետական նախարար Սամվել Շահրամանյանը խորհրդակցության մասնակիցներին է ներկայացրել հումանիտար աղետի հաղթահարման ուղղությամբ ձեռնարկված միջոցներն ու խոսել նոր մարտահրավերներին դիմագրավելու համար անհրաժեշտ քայլերի մասին:

Խորհրդակցության մասնակիցներն անդրադարձել են նաև առաջիկա ներքաղաքական կարևոր իրադարձությանը՝ Ազգային ժողովի կողմից հանրապետության Նախագահի ընտրությանը: Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը շեշտել է ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրավիճակում և հումանիտար աղետի պայմաններում սահմանադրական գործընթացների անթերի և անցնցում կազմակերպման կարևորությունը: Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից։