Արցախի ժողովրդի ամուր կամքը հանգեցրեց իշխանափոխության, և հիմա փորձում են այդ կամքը “հեծել”

  • 09:06 07.09.2023

Արցախի խորհրդարանի 5 կուսակցություններից 4-ը, այդ թվում՝ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ կապված «Ազատ հայրենիք» կուսակցությունը, նախագահի թեկնածու են առաջադրել ԱԱԾ նախկին պետ Սամվել Շահրամանյանին։

Ինտրիգը հենց Հարությունյանի կուսակից պատգամավորների դիրքորոշման մեջ էր, թեև ինքը՝ Հարությունյանը, հրաժարականից մի քանի օր անց հայտարարություն արեց և հրաժարվեց այս կուսակցության որոշումների վրա ազդելուց՝ ասելով, որ սատարելու է ցանկացած ընտրված նախագահի։

Դեռ հայտնի չէ, թե ինչպիսին կլինի քվեարկությունը, սակայն Հարությունյանի կուսակցության կողմից Սամվել Շահրամանյանի թեկնածությանը սատարելը հուշում է, որ կոնսենսուս է ձեռք բերվել։ Հարցն այն է, թե որն է կոնսենսուսի առարկան։

Ընտրությունները և «իշխանափոխությունն» Արցախում դիտարկվում են հիմնականում արտաքին քաղաքական ազդեցության (Երևան, Մոսկվա) կամ բուն Արցախում կլանների միջև ներքին բախումների լույսի ներքո։ Այս գործոններն անշուշտ առկա են, բայց այն պայմաններում, երբ գոյատևման էքզիստենցիալ հարց է առաջանում, որպես կանոն, որոշիչ է դառնում երրորդ գործոնը՝ ինքնապահպանման հավաքական բնազդը և կամքը։

Արցախում որոշումը կկայացվի առաջին հերթին՝ հաշվի առնելով այն, որ սեղանին է դրված ճակատագրական հարց՝ Արցախի լինել-չլինելը, և այս ֆոնին իշխանության, բյուջեի, դրսից ճնշումների հարցերը դառնում են երկրորդական՝ իրենց տեղը զիջելով հավաքական կամքին։

Ինքնապահպանման բնազդն ու սեփական հողի վրա ապրելու իրավունքը պահպանելու կամքը առաջնորդեցին արցախցիներին 1990-ականների սկզբի Առաջին պատերազմի ժամանակ, երբ թվում էր, թե Արցախը պատերազմում է ողջ աշխարհի հետ։ Բայց «Արցախի հայկական լինել-չլինել» հարցը ստիպեց որոշումներ կայացնել, որոնք ի վերջո կոտրեցին տարածաշրջանի անսասան թվացող անվտանգության համակարգը։ 30 տարի Արցախն է որոշել այս համակարգը՝ հետ պահելով ամբողջ կայսրություններ։

Այս ընթացքում Արցախն իր կամքն ու ինքնապահպանման բնազդը պատվիրակեց ուրիշներին՝ Մոսկվային, Երևանին, և դա անխուսափելիորեն հանգեցրեց աղետալի հետևանքների՝ կործանարար պատերազմի։

Հետպատերազմյան շրջանը, երբ Արցախն իր անվտանգությունը պատվիրակեց ռուս խաղաղապահներին և Փաշինյանի «խաղաղ» օրակարգին, ավարտվեց լիակատար շրջափակմամբ և Ակնայից ճանապարհ բացելու փորձերով։ Մոսկվան, իսկ դրանից հետո Եվրոպան սկսեցին խոսել այս ճանապարհների համարժեքության, այսինքն՝ Արցախի մոտալուտ վերջի մասին։

Սակայն Արցախում արթնացավ «բնազդը»՝ ոչ թե իշխանությունների, այլ հասարակ քաղաքացիների մոտ. մարդիկ հայտարարեցին, որ թույլ չեն տա բացել «Աղդամի» ճանապարհը, կոտրեցին իրենց վախը ռուսների հանդեպ և սկսեցին ստուգել խաղաղապահների մեքենաները՝ հայտարարելով, որ սա մեր հողն է, և մենք ենք այստեղ տերը։

Արցախի սահմանին հերթապահություն անող տղաների,  մարդկանց, որոնք կոչ են անում շարասյունով գնալ ու բացել Բերձորի միջանցքը, Ասկերանի մոտ կանգնած քաղաքացիների, այն մարդկանց, ով պատրաստ է սովամահ լինելու, բայց չհնազանդվելու ուժեղ կամքն էր, որ հանգեցրեց Արայիկ Հարությունյանի հեռանալուն, ով մարմնավորում է պարտությունը՝ պատերազմում և դրանից հետո։ Նրանք, ովքեր նստած են Մոսկվայում և Երևանում, զգացել են այս կամքի ուժը և փորձում են հեծել այն։

Ինքնապահպանման բնազդով ամրապնդված այս կամքը կհանգեցնի նրան, որ Արցախի եւ ամբողջ տարածաշրջանի ճակատագիրը կրկին կորոշվի Արցախում։

f