ԱԱԾ-ն հորդորում է ցուցաբերել բարձր քաղաքացիական գիտակցություն

  • 15:42 08.09.2023

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել նշելով, որ սեպտեմբերի 9-ին ԱՀ ԱԺ կողմից ԱՀ նախագահի ընտրություններով պայմանավորված հանրապետությունում ստեղծվել է ներքաղաքական լարված իրադրություն:՛

Ինչպես ասված է հաղորդագրության մեջ` միաժամանակ տարբեր քաղաքական ուժեր, իրավիճակից օգտվելով, հավաքների և ցույցերի անցկացման կոչեր են անում, այդ կերպ փորձելով ապակայունացնել իրավիճակը։

«Տեղեկացնում ենք, որ ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների շրջանակում ձեռնարկելու է բոլոր միջոցները ԱՀ Սահմանադրական կարգը պահպանելու համար։ Սահմանադրական կարգի տապալմանն ուղղված սպառնալիքների դեպքում ազգային անվտանգության ծառայությունը պատրաստ է վճռական գործողությունների։

Երկիրը ցնցումների տանելու հայտարարություններ անող քաղաքական ուժերի ներկայացուցիչներին ու առանձին անձանց կոչ ենք անում սթափվել և Արցախի Հանրապետության համար այս վճռորոշ ու օրհասական պահին վտանգի տակ չդնել մեր պետականությունը»,-կոչ է արել ԱԱԾ-ն` քաղաքացիներին հորդորելով ու խնդրելով չտրվել սադրանքների, ցուցաբերել սառնասրտություն ու բարձր քաղաքացիական գիտակցություն և հարգել ԱՀ Սահմանադրությունն ու օրենքները։