Ի՞նչ են անելու իրավապահ մարմինները “սահմանադրական կարգը խախտելու փորձ կատարողների” հետ

  • 17:45 08.09.2023

Նախագահի պաշտոնակատար՝ Արցախի խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանի, Ոստիկանության և ԱԱԾ-ի տագնապալի հայտարարությունները՝ վաղը Արցախում նախագահական ընտրությունները կանխելու կոչերի եւ հնարավոր սադրանքների մասին վկայում են կոնկրետ տեղեկատվությունների առկայության մասին։

Սամվել Բաբայանի կողմնակիցները, ով, ինչպես հայտնի դարձավ, զրկվել է նախագահ ընտրվելու իրավունքից, կոչ են արել վաղը դուրս գալ փողոց և թույլ չտալ, որ «երեք նախկին նախագահները» նշանակեն իրենց կամակատարին։ Աջակիցները զգայուն «փաստարկներ» են բերում՝ խաղալով ղարաբաղցիների ամենաթույլ թելերի վրա։ Ասում են՝ նախկին իշխանությունները «ամեն ինչ թալանել են», հիմա էլ ուզում են Արցախը հանձնել՝ թալանածը «դուրս գրելու» համար, եւ չի կարելի թույլ տալ քվեարկել այն պատգամավորներին, «ում ընտանիքները չեն վերադարձել Արցախ»։

Քիչ բան է հայտնի այն մասին, թե ինչով է Բաբայանի քաղաքական դիրքորոշումը տարբերվում նախագահի միակ թեկնածուի՝ այժմ պետնախարար Սամվել Շահրամանյանի դիրքորոշումից, և որն է նրանց ապագայի տեսլականը։ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Բաբայանն ասել է, որ Արցախում մարդկանց մի «նեղ խումբ» ուզում է արցախցիներին սովի մատնել և ստիպել կանգնել մինչև վերջ՝ միայն թե «Երևանում իշխանություն փոխվի»։

Այս հայտարարությունը մատնանշում է Բաբայանի առաջնահերթությունները՝ կարևոր է, որ Երևանում իշխանությունը չփոխվի։ Շահրամանյանի առաջնահերթությունները դեռ հայտնի չեն։

Այն իրավիճակում, որում գտնվում է Արցախը, վաղը նախատեսվում է զուտ սահմանադրական գործընթաց՝ նախագահական ընտրություններ՝ օրենքով սահմանված կարգով։ Նախագահի աշխատակազմը հիշեցրել է ռազմական դրության մասին՝ նշելով, որ ցանկացած չարտոնված հանդիպում կհամարվի ռազմական դրության խախտում։

Դժվար է ասել, թե ինչ կանեն իրավապահ մարմինները “սահմանադրական կարգը խախտելու փորձ կատարողների” դեմ։ Ակնհայտ է, որ հիմա ներքաղաքական քաշքշուկների ժամանակը չէ, ժամանակը չէ հաշվել, թե ով ինչքան է գողացել և ինչ է արել հայրենիքի համար։ Ժամանակն է պահպանել հայրենիքը և չթուլացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անբասիր իրավական դաշտը, որը մնացել է ոչ միայն Բաքվի և Մոսկվայի, այլ նաև հակամարտությունից «հոգնած» միջազգային կազմակերպությունների կոկորդում։

f