Կանադա-Արցախ խորհրդարանական բարեկամության խմբակցությունը Արցախի հարցով նամակ է հղել Կանադայի արտգործնախարարին

  • 21:41 08.09.2023

Կանադա-Արցախ խորհրդարանական բարեկամության խմբակցության համանախագահներ Ռեյչլ Թամսը և Լեո Հուսաքոսը սեպտեմբերի 6-ին նամակով դիմել են Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլիին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից։

«Կանադայի Օնթավիայի գրասենյակից տեղեկացրել են, որ նամակում  խոսվում է Հարավային Կովկասում Արցախի շուրջ ծավալված ճգնաժամի մասին՝ նշելով, որ Ադրբեջանի կառավարությունը մարդասիրական ու տնտեսական ճնշում է գործադրում Լեռնային Ղարաբաղի 120 000 հայ բնակչության նկատմամբ:

Նամակի մեջ ընդգծվում է, որ, ըստ Genocide Watch կազմակերպության, Լեռնային Ղարաբաղի իրավիճակը մտել է «Հալածանք»-ի փուլ, հատկապես սկսած  2023 թվականի հունիսի 14-ից, երբ արգելափակված էր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մուտքը Արցախ ՝ սննդամթերքի ու բժշկական տարրական օգնություն տեղափոխելու համար:

Ռուսական խաղաղապահ զորախումբը, որին վստահված է Լաչինի միջանցքի պաշտպանությունը, ցավոք, չի կարողանում վերահսկել միջանցքը՝ խախտելով եռակողմ հրադադարի համաձայնագրով նախատեսված  իր պարտավորությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Աղբյուրը նշում է, որ, նամակի համաձայն, Լաչինի միջանցքի՝ Ադրբեջանի կողմից շրջափակումը բնիկ հայերի նկատմամբ գործադրված մարդու իրավունքների խախտումների շարքին է դասվում: Այդ խախտումների շարքում են  ռազմական գործողությունների ժամանակ  վարձկանների օգտագործումը, ինքնիշխան հայկական տարածքների վրա հարձակումն ու բռնագրավումը, քաղաքացիական բնակչության նկատմամբ  ուժի կիրառումը:

«Կանադայի համար որոշիչ պահ է:  Հրամայական է, որ Կանադան պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի բռնապետական կառավարության պաշտոնյաների դեմ, որոնք խախտել են խաղաղությունն ու անվտանգությունը՝ միաժամանակ կատարելով մարդկային իրավունքների կոպիտ և համակարգված խախտումներ:

ՄԱԿ-ի «Պաշտպանելու պատասխանատվությունը»( R2P) պարտավորության համաձայն՝ Կանադան պատասխանատու է Արցախի բնակչությունը պաշտպանելու այնպիսի վայրագություններից, ինչպիսիք են հալածանքները և էթնիկ զտումները: Ադրբեջանի այս ընթացքը կասեցնելու համար անհրաժեշտ են բոլոր համապատասխան միջամտությունները՝ դիվանագիտական և տնտեսական պատժամիջոցներից մինչև միջազգային քրեական հետապնդումները և որպես վերջին միջոց՝ ռազմական գործողությունները»,- նշել են Արցացի ԱԺ-ից՝ վկայակոչելով Կանադա-Արցախ խորհրդարանական բարեկամության խմբակցության համանախագահներ Ռեյչլ Թամսը և Լեո Հուսաքոսի Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլիին ուղղված նամակը:

Ըստ աղբյուրի՝  Կանադա-Արցախ խորհրդարանական բարեկամության խմբակցության համանախագահները նամակի ավարտին Կանադայի իշխանություններից խնդրել են ուժեղացնել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ շարունակվող հալածանքները դադարեցնելուն  ուղղված աշխատանքները՝ վերստին շեշտելով, որ նրանք պահանջեն պատժամիջոցներ սահմանել ադրբեջանական իշխանությունների նկատմամբ և ստիպեն Բաքվի կառավարությանը ապաշրջափակել Լաչինի միջանցքը:

f