Տողի Քաջիկը. կյանքը զրոյից սկսում է միայն նախնիների երկիր վերադառնալու հույսով

  • 23:41 08.09.2023

Քաջիկ Ամիզյանը ծնվել և մեծացել է Հադրութի շրջանի Տող գյուղում։

Նա երեխա էր, երբ սկսվեց Արցախյան ազգային-ազատագրական շարժումը։ Քաջիկի ընտանիքն ապրում էր գյուղի այն հատվածում, որտեղ բազմաթիվ ադրբեջանցիներ էին ապրում։

Երբ շարժումը սկսվեց, նրա ադրբեջանցի հարևանը հորը զգուշացրեց, որ երեխաներին գյուղի այս հատվածից հանի, քանի որ ադրբեջանցիների մեջ ապրելը դառնում է վտանգավոր։

Հայրը երեխաներին տարել է Հին Թաղեր գյուղ, որը գտնվում է բարձր լեռներում։ Բայց նույնիսկ այստեղ պարզվեց, որ ամբողջովին անվտանգ չէ։

Հարևան ադրբեջանական ոչխարաբուծական բնակավայրի բնակիչները սկսել են անասուններ գողանալ և սպանել մարդկանց։

Գյուղի բնակիչներից մեկին, որը վառելափայտով բարձված էշով վերադառնում էր անտառից, սպանել են, թաղել անտառում ու գերեզմանը խոտով ծածկել, որ դժվարանա հայտնաբերել։ Սակայն գյուղացիները գտել են համագյուղացու թաղման վայրը։

Քաջիկին երկու անգամ պատանդ են վերցրել։ Առաջին անգամ 1990թ. Քաջիկին գյուղի 50-ամյա բնակչի հետ, որը կոլտնտեսային կովեր էր պահում, շրջապատել էին ադրբեջանցիներ և նրանց ուղեկցող խորհրդային զինվորներ։

Չնայած այն հանգամանքին, որ ադրբեջանցիները հովվին լավ ճանաչում էին, քանի որ նրա հետ աշխատում էին նույն կոլտնտեսությունում, հրամայեցին անասուններին քշել իրենց բնակավայր։ Այս մարդուն այլևս երբեք ոչ ոք չի տեսել, և նա դեռևս համարվում է անհետ կորած:

Քաջիկի մոտ կանգնած ադրբեջանցին ասել է, որ 11-ամյա տղային բաց կթողնի միայն ականջը կտրելուց հետո։ Քաջիկը վախից փախուստի է դիմել, և նրան հաջողվել է հասնել գյուղ, որտեղ պատմել է կատարվածի մասին։ Գյուղի բնակիչներն անհետ կորած համագյուղացուն փնտրել, սակայն նրան ո՛չ ողջ, ո՛չ մահացած չեն գտել։

Երկրորդ անգամ Քաջիկին պատանդ են վերցրել 1991թ.: 1991 թվականի մայիսի 16-ից մայիսի 19-ը «Օղակ» գործողության շրջանակներում տեղահանվել են Հադրութի շրջանի 14 գյուղերի բնակիչներ։

Քանի որ խորհրդային զորքերն ու ադրբեջանական ՕՄՕՆ-ը վտարել են գյուղերի բոլոր բնակիչներին, իսկ նրանց ողջ անասունը տարել են, հերթը հասել էր հեռավոր գյուղերին։

Վաղ առավոտյան Քաջիկը գյուղի ևս երկու բնակիչների հետ իրենց անասուններին հանել են արածելու։ Քաջիկի խոսքով, զինվորներն ու ՕՄՕՆ-ը հայտնվել են ասես ընդհատակից։ Նրանք շրջապատեցին հովիվներին ոչխարների, այծերի և կովերի հոտի հետ միասին։ Կովերով մարդուն առաջ են տարել, Քաջիկին հրամայել են քշել այծերին, իսկ երրորդը, ով պետք է քշեր ոչխարներին, փախել է։

Որոշ ժամանակ անց Քաջիկին հաջողվել է փախչել դիրքեր (այս պահին գյուղի մոտակայքում արդեն պաշտպանություն էր կազմակերպվել և 24-ժամյա հսկողություն էր իրականացվում)։ Քաջիկը զգուշացրել է միլիցիային կատարվածի մասին։ Հովվի մնացորդները հայտնաբերվել են միայն մի քանի ամիս անց կիրճում։

Հետո Քաջիկը ստիպված եղավ անցնել երեք պատերազմների միջով։ Բայց վերջինը՝ 2020 թվականի պատերազմը, ճակատագրական ստացվեց։ Քաջիկը առաջին անգամ ստիպված է եղել լքել հայրենի գյուղը, քանի որ ամբողջ Հադրութի շրջանն այժմ օկուպացված է։

Քաջիկը դժվարանում է նորից զրոյից սկսել առանց այն էլ դժվարին կյանքը։ Հաստատվելով Հայաստանի գյուղերից մեկում՝ նա փորձում է ինչ-որ բան անել։ Բայց հարազատ հողի, նույնիսկ աղքատ տան կարոտը կրծում է հոգին: Եվ միայն այն միտքը, որ նա դեռ մի օր կվերադառնա իր նախնիների երկիր, ստիպում է նրան ապրել ու առաջ նայել։

f