«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» շարժումը շարունակում է փակ պահել Ակնա-Ասկերան ճանապարհը

  • 17:45 11.09.2023

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» շարժումը շարունակում է փակ պահել Ակնա-Ասկերան ճանապարհը:

Շարժման ներկայացուցիչ Արշակ Աբրահամյանը Step1.am-ին հիշեցրեց, որ արգելափակման նպատակը մնում է անփոփոխ, ակցիան շարունակվում է, և հավելեց, որ երեկ Ճակատը հայտարարություն է արել և սպասում է Արցախի իշխանությունների արձագանքին։

Արցախի անվտանգության և զարգացման ճակատի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ցանկացած մեքենայի անցումը Ակնայով (Աղդամ) կարմիր գծի խախտում է, փաստն ինքնին չափազանց վտանգավոր է իրադարձությունների հետագա զարգացման համար։ Այնուամենայնիվ, մենք շնորհակալություն ենք հայտնում Արցախի Հանրապետության ղեկավարությանը բաց լինելու և պատասխանատվություն ստանձնելու, դժվար որոշումներ կայացնելու պատրաստակամության  և հասարակության հետ երկխոսություն կառուցելու փորձերի համար։ Համենայնդեպս, ինչպես կյանքը ցույց տվեց, Ադրբեջանը չի պատրաստվում որեւէ մեկի հետ որեւէ պայմանավորվածություն կատարել, այդ թվում՝ Ռուսաստանի»։