Այս օրերին, մեկը մյուսին մեղադրելով ու պաս տալով, կրկին վիճարկվում ու շահարկում են Արցախի պատկանելիության և Արցախում հայերի իրավունքների հարցը։ Տպավորություն է, որ Հայկական բարձրավանդակում, այդ թվում Արցախում, բոլորը բնիկ են մեզանից բացի։ Ե՞րբ և ինչպե՞ս մեր տարածաշրջանում հայտնվեցին թյուրքալեզու քոչվորները, որոնք այսօր սպառնում են մեզ հայրենազրկել և էթնիկ ի՞նչ տեղաշարժեր տեղի ունեցան տարածաշրջանում, հարցերի շուրջ զրուցեցինք ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանի հետ։
– Մեր տարածաշրջան թյուրքալեզու էթնիկ հանրությունների մուտքը համարվում են սելջուկ թուրքերի արշավանքները և հենց այդ ժամանակաշրջանում մեծ թվով քոչվորներ տեղափոխվեցին մեր աշխարհամաս։ Գործընթացը մեծ թափով շարունակվեց մոնղոլ–թաթարների արշավանքների ժամանակ, քոչվոր ցեղերի մի մասը զբաղեցրեց Մուղանի դաշտը ու տարածվելով դեպի հյուսիս, դեպի Ապշերոնի թերակղզի, դեպի Շիրվանշահերի երկիր, սկսեցին դուրս մղել բնիկ բնակչությանը՝ լեզգիներ, ցախուրներ, ագուլներ, բուդուրներ, թաթեր և այլն։ Որոշակիորեն նաև ձուլման գործընթաց սկսվեց, բայց հիմնական մասը քաշվեց դեպի լեռները։
Թյուրքալեզու էթնիկ հանրությունների հաջորդ մեծ գաղթը տեղի ունեցավ Լենկ Թեմուրի արշավանքների ժամանակ, որը բավականին բացասական ազդեցություն ունեցավ տարածաշրջանի էթնիկական պատկերի վրա։ Դա հստակ երևաց Հյուսիսային Իրանում, Արևելյան Այսրկովկասում, նաև Հայկական լեռնաշխարհում։
Հաջորդ փուլը վերաբերում է թուրք–պարսկական ժամանակաշրջանին, երբ ազատագրական պայքարը ճնշելու նպատակով Սեֆյան Պարսկաստանը Հայաստանում մահմեդական տարրի ավելացման քաղաքականություն սկսեց վարել։ Այդ քաղաքականության արդյունքում քրդալեզու որոշ հանրույթներ բնակեցվեցին Սյունիքի և Արցախի նահանգներում, մասնավորապես սկսվեց Կովսականից, որը նաև սեպ պետք է խրեր Արցախի և Սյունիքի միջև։ Այսպիսով Քաշաթաղի շրջանի հարավային հատվածի էթնիկական կազմի փոփոխությունը տեղի ունեցավ հենց այդ ժամանակաշրջանում, որը շարունակվեց հետագայում և ցավոք սրտի նաև Քաշաթաղի հյուսիսային մասի և Քարվաճառի նկատմամբ։
Դրա մասին վկայում են վիմագիր արձանագրությունները։ Մինչև 1750 թվականը Քաշաթաղում և Քարվաճառում հայերը կազմում էին բացարձակ մեծամասնություն, դա են վկայում պահպանված հայկական գերեզմանոցները։ 1750- ական թվականներից հետո այդ տարածքներում հայկական կղզյակներ էին մնացել։
Դրանից հետո հայերի մեծ գաղթ է սկսվում հատկապես դեպի արևելավրացական թագավորության սահմանները։ Օրինակ Քաշաթաղի որոշ գյուղերի բնակիչներ տեղափոխվել են Շուլավեր, իսկ նրանց տեղը զբաղեցրել են մոքալաքցի քրդերը։
Սակայն այդքանով հանդերձ Արցախի լեռնային հատվածում բնակչության գրեթե 99 տոկոսը կազմել են հայերը։ Պատմական աղբյուրները խոսում են այն փաստի մասին, որ մելիքներին որոշակի հարկատվության դիմաց, որոշ քոչվորների թույլատրվում էր բարձրանալ դեպի ալպյան մարգագետիններ։ Մշտական մահմեդական բնակչություն համենայնդեպս Խամսայի մելիքության տարածքի սահմաններում չկար։
-Եթե ներկայացնելու լինենք էթնիկ պատկերը թվային արտահայտությամբ, ինչպիսի՞ն էր այն։
-Թյուրքալեզու էթնիկ հանրությունների մեծ շարժը տեղի ունեցավ Ղարաբաղի խանության ստեղծումից հետո, երբ Փանահ խանը, ապա նաև Իբրահիմ խանը տնտեսական դիրքերը ամրապնդելու նպատակով, տարբեր տեղերից Ղարաբաղի խանության տարածքում բնակեցրին թրքալեզու և քրդալեզու էթնիկ տարրերի։ Մեր աշխարհամասում բնակեցվեցին Սաաթլի, Քոլանլի, Սաֆիքյուրդ, Քաբիռլու, Դիլաղարդա, Միջուվալլու, Ջիվանշիր, Սարիջանլու և այլ ցեղեր։ Վայոց ձորից բերվեց Կարաչոռլու ցեղը, որը հիմնականում բնակեցվեց Քաշաթաղի հյուսիսային հատվածում։
Հիմնական մահմեդական բնակչությունը սկսեց կենտրոնանալ Շուշիում։ Ղարաբաղի խանությունը շատ մեծ բացասական հետք թողեց Արցախի էթնիկ պատկերի վրա։ Եթե 1720 ական թվականների պատմական՝ այդ թվում նաև ռուսական աղբյուրները նշում էին Արցախի տարածքում ապրող շուրջ 100 հազար տուն հայի մասին, որը միջին կկազմեր 500 հազար հայ, ապա հետագայում 1760-ական թվականներին խոսվում էր 60 հազար տան մասին, իսկ 1780-ական թվականներին Գանձասարի Հովհաննես կաթողիկոսի վկայության համաձայն՝ արդեն 30 հազար տուն էր նշվում։
Հաջորդ մեծ հարվածը եղան Աղա Մուհամադ շահի արշավանքները, որից հետո սկսվեց սովն ու ժանտախտը և Արցախից մեծ թվով հայ ընտանիքներ տեղափոխվեցին այլ վայրեր, միայն 8 հազար ընտանիք տեղափոխվեց Շաքիի խանություն, 12 հազար ընտանիք Շամախիի խանություն, հազար ընտանիք տեղափոխվեց Տավուշ, հատկապես Ջրաբերդից։ Բավական մեծ թվով ընտանիքներ տեղափոխվեցին Արևելավրացական թագավորության սահմաններ/Գուգարք, Լոռի/։ 1813 թվականին, երբ Գյուլիստանի պայմանագրով Արցախը մտավ Ռուսաստանի կազմը, հայության թիվը ըստ Դուբրովինի, որը թերևս ամենաարժանահավատն է, կազմում էր 24 հազար ընտանիք։
Քիչ թե շատ հստակ թիվ Արցախի էթնիկական իրավիճակի մասին տրվեց 1823 թվականի կամերալ ցուցակագրության ժամանակ, երբ որ Կովկասի կառավարչությունը հավաքագրեց մարդահամարի տվյալներ։ Սակայն պետք է նշել, որ այդ կամերալ ցուցակագրությունը բավական անճշտություններ ունի, օրինակ քոչվոր ցեղերը ցուցակագրվում էին և ալպյան գոտում և կուր-արաքսյան միջագետքում, և նրանց թիվը բնականաբար կրկնապատկվում էր։ Սակայն զուտ Խամսայի մելիքությունների տարածքում հայերը միշտ էլ գերիշխող են եղել, օրինակ 1827 թվականի տվյալներով հայ բնակչությունը կազմում էր մոտ 84,6 տոկոս, իսկ թաթարները, որ հիմնականում Շուշիում էին՝ 14,7 տոկոս, 0,3 տոկոսն էլ քրդեր։ Իսկ գյուղական բնակավայրերում հայերի թիվը կազմում էր 97,5 տոկոս։
Ամբողջ Ղարաբաղի պրովինցիայի տարածքում, որտեղ նախկին Արցախ, Ուտիք նահանգներն էին, նույնիսկ այն դեպքում, որ հարթավայրային տարածքներում գրեթե հայ չէր մնացել, հայկական ընտանիքների թիվը հասնում էր 5185-ի, իսկ կովկասյան թաթարներինը կամ թրքալեզու և քրդալեզու էթնիկ հանրույթը կազմում էր մոտ 3880 ընտանիք։ Մնացածը Ռուսաստանի իրականացրած կամերալ ցուցակագրության մեջ հստակ նշված են քոչվորներ։
Մարդահամարի ցուցակներում միշտ անճշտություններ լինում են և հստակ տեղեկություններ կան, որ 1823 և 1832-33 թվականներին հայ բնակչության մի մասը չի հաշվառվել։ Քիչ թե շատ արժանահավատ են 1886 և 1897 թվականների մարդահամարների տվյալները, համաձայն որի բնակչության թիվը 116,8 հազար էր, որից 84,8 տոկոսը կազմում էին հայերը, 14,9 տոկոսը կազմում էին կովկասյան թաթարները և 0,3 տոկոսը կազմում էին ռուսները։
– Ամփոփելով՝ վստահաբար կարող ենք ասել, որ 18-19-րդ դարերում, արցախյան առաջին պատերազմի արդյունքում կազմավորված Արցախի Հանրապետության սահմաններում ապրող հայերը միշտ էլ գերակշռող են եղել։
Շարունակելի
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: