Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել POLITICO Europe պարբերականին։ Փաշինյանը մեկնաբանել է «Ղարաբաղից հայերի դուրսբերման» հավանականությունը.
Հարց – Դուք հիմա իրապես հավատու՞մ եք, որ բանակցված լուծումը կարող է երաշխավորել Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները, երբ միջազգային ճնշումների եք ենթարկվում՝ համաձայնվել մի գործարքի, որը կարող է տանել Ղարաբաղից հայերի դուրսբերմանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես գիտեմ, որ այդ կարգի խոսակցություններ տարածվում են: Իհարկե, չգիտեմ կամ կռահում եմ, թե ում կողմից, բայց խոսել Լեռնային Ղարաբաղից ելքի մասին, դա նշանակում է հենց իմ ասածը՝ համաձայնվել Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտմանը և հայրենազրկմանը, որովհետև այդ մարդիկ ապրում են իրենց տանը: Պատկերացրեցի՞ք, երբ մենք խոսում ենք էթնիկ զտման մասին, էթնիկ զտման գործիքը պարտադիր չէ, որ մարդկանց, բոլորին ֆիզիկապես ոչնչացնի: Ցանկացած ցեղասպանություն ունի երկու մաս. մի մասը կոտորածն է, մյուս մասը՝ բռնագաղթը: Նախ ասեմ, որ ընդհանրապես նման թեմա օրակարգում չկա: Ավելին՝ միջազգային հանրության ներկայացուցիչները շատ հստակ ասում են, որ մարդիկ, Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է իրենց տներում՝ Լեռնային Ղարաբաղում առանց վախի և հետապնդումների ապրելու հնարավորություն ունենան՝ արժանապատիվ, անվտանգ ու բարեկեցիկ կյանքով:
Հարց – Վատագույն սցենարի պարագայում, եթե միջազգային հանրությանը չհաջողվի միջնորդել Ձեզ համար ընդունելի գործարք, մտածե՞լ եք արդյոք, օրինակ, Ղարաբաղի հայերի մարդասիրական տարհանման մասին։ Նման արտակարգ իրավիճակների պլան Ձեր կառավարությունն ունի՞, եթե մեկ այլ կոնֆլիկտ բռնկվի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ կոնֆլիկտը տեղի չունենա: Եվ կարծում եմ՝ միջազգային այն ուշադրությունը, որ այսօր կենտրոնացած է Լեռնային Ղարաբաղի վրա, Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների առկայությունը պետք է բավարար մեխանիզմներ դառնան, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայերն իրենց տներում արժանապատիվ և անվտանգ ապրելու հնարավորություն ունենան: Ընդհանրապես, այդ թեմայի քննարկումը ես անօգուտ և վտանգավոր եմ համարում, որովհետև նման թեմաներ շրջանառության մեջ դնողները փորձում են բերել օրակարգեր դնել սեղանին, որը նշանակում է հետևյալը՝ եկեք միջազգայնորեն լեգիտիմացնենք Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտումների և ցեղասպանության օրակարգը, ով կհասցնի մազապուրծ լինել Լեռնային Ղարաբաղից՝ շատ լավ, ով էլ չէ՝ թող կոտորածի ենթարկվի: Այսինքն՝ մտքերի նման ընթացքը, իմ գնահատմամբ, անուղղակիորեն քաջալերում է Լեռնային Ղարաբաղի հայերին էթնիկ զտման և ցեղասպանության ենթարկելու օրակարգ: