Փաշինյանի կողմից «Արցախը Ադրբեջանի կազմում» ճանաչելու մասին հայտարարությունն առանցքային է դարձել տարածաշրջանում քաղաքականության կառուցման գործում։ Հայտարարությանը հղում են անում Բաքվում, Մոսկվայում և արևմտյան մայրաքաղաքներում։ Բայց բոլորն էլ հասկանում են, որ մեկ բանավոր հայտարարության հիման վրա աշխարհաքաղաքականություն կառուցելը հղի է անկանխատեսելի հետևանքներով. եթե հայտարարությունը հետ կանչվի կամ մերժվի, ապա ամբողջ քաղաքականությունը կփլվի:
Այժմ «միջնորդների» բոլոր ջանքերն ուղղված են նրան, որ Փաշինյանը չհրաժարվի իր հայտարարությունից, թեև մտադիր էլ չէ դա անել։
“Ձեր կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս կապվա՞ծ է խաղաղության պայմանագրի ստորագրման հետ, Դուք այն ճանաչում եք մինչև խաղաղության պայմանագրի ստորագրու՞մը, թե՞ դա պայման է խաղաղության պայմանագրի ստորագրման համար”, Politico-ի թղթակիցը հարցրեց Նիկոլ Փաշինյանին։
“Ուզում եմ ասել, որ դա ամենևին չի նշանակում, որ մենք դրանով Լեռնային Ղարաբաղի հայությանն էթնիկ զտման կամ ցեղասպանության ենթարկելու մանդատ ենք տվել Ադրբեջանին: Այս է պատճառը նաև, որ այդ պայմանավորվածության մաս է նաև Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հասցեագրման մեխանիզմների ձևակերպումը և, մասնավորապես, Բաքու-Ստեփանակերտ հուսալի, բովանդակային երկխոսության հաստատումը, որի մեկնարկի և ավարտի վերաբերյալ կլինի որոշակի շրջանակի մասին պատկերացում”, պատասխանել է Փաշինյանը:
Փաստորեն, Փաշինյանը վերջին «պայմանն» առաջ քաշեց՝ երկխոսություն Ստեփանակերտի և Բաքվի միջև։
Այսօր կառավարության նիստում Փաշինյանն ասել է, որ Ստեփանակերտի գործընկերներին կոչ է անում երկխոսության գնալ Բաքվի հետ։ Արդյո՞ք սա նշանակում է, որ հենց «Արցախի առաջնորդնը» երկխոսի Բաքվի հետ, Փաշինյանը կհամարի, որ իր պայմանները կատարված են, և «խաղաղության պայմանագիր» արդեն կարելի է ստորագրել։
Նշենք, որ Փաշինյանը երկխոսության կոչ է անում է ոչ թե Բաքվին, այլ Ստեփանակերտին, ինչը նշանակում է, որ երկխոսությունը տեղի կունենա Բաքվի պայմաններով։
Արցախի նախագահը, որին Փաշինյանը «առաջնորդ» էր անվանել, ականջալուր կլինի՞ կոչին։ Դատելով «ռուսական հումանիտար բեռի» պատմությունից՝ եթե ռուսները նույնպես երկխոսության կոչ անեն, Արցախի նոր ղեկավարությունը կհամաձայնի։ Պատճառ միշտ էլ կգտնվի։