«Արցախի բնիկ հայ քրիստոնյա բնակչությունը կանգնած է իր պատմական հողերից էթնիկ և կրոնական զտումների աճող հավանականության առջև և դեռ որևէ ազգ չի արձագանքել հայ ժողովրդի աղաղակներին», – Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՄԹ լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը, նշելով, թե վշտացած է միջազգային գերտերությունների գործողություններից, որոնք շարունակում են ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ ընդունելու Ադրբեջանի ինքնիշխանությունը Արցախի նկատմամբ։
«Ո՛չ ՄԱԿ-ը, ո՛չ ԵԱՀԿ-ն, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ Ռուսաստանը և ո՛չ էլ՝ ՀԱՊԿ-ի դաշինքը։ Հարց է առաջանում՝ միջազգային հանրությունից ո՞վ դեմ կկանգնի, եթե Բաքուն տարածքային հավակնություներ ունենա Երևանի, Սևանի կամ Զանգեզուրի նկատմամբ։ «Ադրբեջանական քաղաքական ղեկավարությունը չի թաքցրել իր ռազմավարական նպատակը, այն է՝ գրավել ձեր հայրենիքը,- ասել է բարոնուհին, ավելացնելով․- առանց հայկական Արցախի Հայաստանի Հանրապետության գոյությունն էլ ավելի կվտանգվի, քան վտանգված է այսօր»։
«Խիստ ծանր սրտով է, որ մենք պետք է ընդունենք այն անհանգստացնող հավանականությունը, որ հայոց ցեղասպանությունը չի ավարտվել, ասել է բարոնուհի Քերոլայն Քոքսը»։
«Կան նրանք, ովքեր ցանկանում են այն ավարտին հասցնել և կան նրանք, ովքեր չեն կարողանում և չեն ցանկանում դադարեցնել այն։ Միանգամայն հնարավոր է, որ այն, ինչ արվում է Արցախի նկատմամբ, ժամանակի ընթացքում կարվի նաև ՀՀ նկատմամբ։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցվող պայմանագրի արդյունքում եթե Արցախը հանձնվի, ապա տարածքում տևական խաղաղություն չի երաշխավորվում և չի էլ կարող։ Ձեր ազգի համար այս վճռորոշ պահին իմ հույսն ու աղոթքն է, որ համայն հայությունը կշարունակի բարձր պահել Արցախի համար պայքարը որպես միասնության խորհրդանիշ», – ասաց բարոնուհի Քոքսը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: