Շրջափակում, սննդի պակաս, տրանսպորտի բացակայություն, օրեցօր խորացող ճգնաժամ և մոտալուտ ցուրտ ձմեռ։ Արցախում բոլոր խնդիրներից զատ մարդկանց ևս մեկ հարց է անհանգստացնում՝ ձմեռը: Անցած ձմեռը թեև շրջափակման մեջ էր անցել էր, սննդի խնդիրներ կային, սակայն մարդիկ կարողացան հաղթահարել ցուրտ օրերի ծանրությունը․որոշները փայտե վառարաներով, որոնք հանել էին փոշոտ նկուղներից, հիշելով հին օրերը՝ հացը, պանիրը, պլեճը և մայրիկներին, որոնք վառարանի մոտ փոքր թասի մեջ փոքրիկ երեխաներին էին լողացնում:
Այդ փոքրիկները հիմա նույն պայմաններում արդեն սեփական երեխաներին են լողացնում՝ աչքերի մեջ դառնությամբ, քանի որ կարծում էին, որ այդ ցուրտ և մութ օրերը այլևս ետ չեն դառնալու:
Այսօրվա սերունդը նաև հայրիկներին է հիշում, ովքերը տուն գալուց վերարկուների տակից հանում էին թերթի մեջ փաթաթված հացը, որը մեծ դժվարությամբ էին գտնում:
Հիմա էլ՝ ո՛չ հաց կա, ո՛չ էլ տոպրակներ, իսկ այն ժամանակվա տղաները իրենք են վերարկուների տակից հաց տանում իրենց երեխաների համար, որոնք պետք էր այլ մանկություն ունենային՝ խաղաղ և անհոգ։
Քրիստինե Ալահվերդյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: