ՄԻԵԴ-ը մերժել է Հելեն Դադայանի աճյունն Արցախ տեղափոխելու հարցով դիմումը

  • 23:20 15.09.2023

ՄԻԵԴ-ը մերժել է Երևան-Գյումրի ավտոճանապարհին օգոստոսի 14-ին ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված արցախցի Հելեն Դադայանի աճյունն Արցախ տեղափոխելու հարցով հարազատների դիմումը։

Հելենի մորեղբայրը՝ Մուշեղ Սաֆարյանը «Փաստինֆո»-ին  ասել է, որ դատարանը գտել է, որ խոսքն աճյունի մասին է, եւ անհապաղ միջոցի կարիք չկա, այդ պատճառով էլ ենի դին վերադարձնելու հարցն  անհապաղ չեն քննարկելու։

«Մեզ համար այս որոշումն անսպասելի էր։ Ուզում եմ ընդգծել, որ ընտանիքի անդամները՝ հայրը, մայրը, քույր-եղբայրները Արցախում են ու շատ վատ վիճակում։ Միաժամանակ, Հելենի աճյունը պետական հոգածության տակ չէ, այսինքն, բանակցություններ աճյունն Արցախ վերադարձնելու ուղղությամբ չկան։ Արդեն մոտ մեկ ամիս Գորիսի դիահերձարանում է։ Հայաստանում Հելենը ոչ մի այլ հարազատ չունի, միայն ես եմ և իրավասու չեմ որևէ որոշում կայացնելու»։

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ ընտանիքի անդամներին տեղափոխեն Հայաստան, որպեսզի այստեղ մասնակցեն աղջկա հուղարկավորությանը, Սաֆարյանը պատասխանել է, որ այդ տարբերակն իրենց համար անընդունելի է։ «Որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ եթե նրանք գան Հայաստան, հետո կկարողանան վերադառնալ Արցախ։ Միաժամանակ, եթե հիմա այստեղ հուղարկավորենք՝ հետագայում արտաշիրիմելու հետ կապված խնդիրներ են առաջանալու, իսկ ծնողների համար դա էլ  անընդունելի է։ Հիմա հարազատներն էլ  չգիտեն՝  ինչ են անելու»։

 

f