Ջոն Էբներ․ Եթե կառավարությունն ասի, որ Արցախն ինքնորոշման իրավունք չունի, ստիպված կլինեն առերեսվել Սյունիքի խնդրի հետ

  • 23:35 15.09.2023

Միջազգային հանրությունը, մեծ տերությունները նախագծում են մի ամբողջ ժողովրդի ելքը Լեռնային Ղարաբաղից,: Հենց այդպիսի արդյունք է նախապատրաստվում: Այս մասին սեպտեմբերի 15-ին Հայաստանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության նախագահ Ջոն Էբները։

Նրա խոսքով՝ մեծ տերությունները օրակարգից հանել են ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

«ԱՄՆ-ն խոսում է Լաչինի միջանցքի և Աղդամի ճանապարհի զուգահեռ բացման մասին։ Բայց ի՞նչ կլինի, եթե այդ երկու ճանապարհները միաժամանակ բացվեն՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում տիրող սովը։ Ինչի՞ կբախվի բնակչությունը»,-հարց ուղղեց Էբները։

Նա հավելեց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ լքել են Լեռնային Ղարաբաղը, քանի որ համապատասխան պայմաններ չեն եղել, բայց նրանց մի մասը հետագայում վերադարձել է՝ մտածելով, որ անվտանգ կլինի, եւ նրանք կլինեն ռուս խաղաղապահների պաշտպանության ներքո:

«Այժմ Ռուսաստանից այդ աջակցությունն այլեւս չկա, եւ անհնար է պատկերացնել, որ ժողովուրդը կարող է վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, եթե նա գտնվի Ադրբեջանի ղեկավարման ներքո»,-ասաց նա։

«Այսօր պատերազմն իրականացվում է դիվանագիտական դաշտում՝ Լեռնային Ղարաբաղից հայերի արտագաղթի հասնելու նպատակով։ Վերջերս նախագահ Ալիեւի ներկայացուցիչը հայտարարել է, որ ցեղասպանություն կարող է տեղի ունենալ, եթե անջատողական խմբավորումները շարունակեն պատանդ պահել սեփական ժողովրդին: Դա ցեղասպանության սպառնալիք է։ Ընդ որում, մեծ տերությունները, կարծես, աջակցում են Ադրբեջանին «,-ասաց նա։

Էբները նշեց, որ անհրաժեշտ է պաշտպանել ԼՂ ժողովրդի  իրավունքները։

Ադրբեջանի իշխանությունը  պետք է պատժվի։ Նրա խոսքով՝ դա վերաբերում է եւ՛ նախագահին, եւ՛ զինվորականներին, եւ՛ տնտեսական պատժամիջոցների սահմանմանը, որոնք պետք է ազդեցություն ունենան ոչ թե ադրբեջանական ժողովրդի, այլ ղեկավարության, պատասխանատվություն կրողների վրա:

Նա հիշեցրեց, որ նույնիսկ 30 տարի անց Ադրբեջանը շարունակում է էթնիկ զտումները, իսկ այսօր պատերազմը հասել է արդեն Հայաստանի տարածք։

«Անցած շաբաթ մենք այցելեցինք Տեղ գյուղ եւ տեսանք Հայաստանի օկուպացված տարածքները։ Այնտեղ արդեն էթնիկ զտումներ են իրականացվում։ Ադրբեջանի նպատակը շատ պարզ է՝ հողն առանց հայերի»,-ասաց նա։

Նա նկատեց, որ ՀՀ կառավարությունը իրավունք չունի ասելու, որ Արցախը ինքնորոշման իրավունք չունի, քանի որ դա միջազգային իրավունք է: «Շատ ռիսկային կլինի, եթե կառավարությունն ասի, որ Արցախն ինքնորոշման իրավունք չունի։ Նրանք, ովքեր կհետեւեն այդ տրամաբանությանը, ստիպված կլինեն առերեսվել Սյունիքի խնդրի հետ»,-եզրափակեց նա։

 

f