Հայկական կողմը կատարում է Բաքվի պահանջը՝ Արցախի հարցը միջազգային կառույցներում չքննարկել

  • 17:20 16.09.2023

Էրդողանն այսօր ասել է, որ առաջարկել է քննարկել ղարաբաղյան հարցը Ռուսաստանի, Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Իսկ Ալիևի օգնական Գաջիեւը զգուշացրել է Հայաստանին, որ չփորձի «միջազգային հարթակներ բերել Ղարաբաղի մեր քաղաքացիների հետ փոխգործակցության հարցերը` բնակչության այս խմբի իրավունքների և անվտանգության ապահովման պատրվակով»: «Ինչ վերաբերում է միջազգային միջնորդների գործունեությանը, ապա մենք բարձր ենք գնահատում նրանց ներդրումը ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործում։ Ռուսաստանի դերն այս գործընթացում, որի ակտիվ միջնորդությամբ ապահովվեց 2020 թվականի նոյեմբերին եռակողմ համաձայնագրի ստորագրումը եւ որը վերջ դրեց լայնածավալ ռազմական գործողություններին, չափազանց կարևոր է»,- ասաց նա։

Մոսկվան, Բաքուն և Անկարան ամեն ինչ անում են, որպեսզի Արցախի հարցը քննարկվի ոչ թե ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում կամ այլ օրինական միջազգային հարթակներում, այլ ռուս-թուրքական ծիրում։ Ինչպես 100 տարի առաջ։

«Ղարաբաղի հարցում ԱՄՆ-ն ավելի վատն է, քան Ռուսաստանը և Իրանը։ ԱՄՆ-ն իջել է Ֆրանսիայի մակարդակին։ Ոչ մի ադրբեջանական խոսույթ չհնչեց (Սենատի լսումներին)՝ ո’չ Հայաստանի կողմից տարածքների օկուպացիայի, ո’չ Ղարաբաղում հայկական զինված ուժերի, ո’չ էլ ադրբեջանցիների մարդկային աղետի մասին։ ԱՄՆ-ն ցանկանում է ամբողջությամբ փոխարինել Ռուսաստանին Հայաստանում, իսկ դա սպառնալիք է Ադրբեջանի համար»,- ասել է Բաքվի հայտնի քաղաքագետներից մեկը։

Մեկ այլ քաղաքագետ էլ ավելի հեռուն գնաց. «Ռուսաստանը նույնպես երբեմն ինչ-որ բան է ասում ձեւի համար, բայց բեռը ուղարկում է Աղդամի ճանապարհով։ Ռազմավարական առումով ռուսներին ձեռնտու չէ բացել Լաչինի ճանապարհը։ Հիմա ինչ-որ մեկին կարող է թվալ, թե ես ասում եմ՝ Ադրբեջանն ու Ռուսաստանը միասին են խաղում։ Հարցն այն է, որ Բաքվին նույնպես պետք չէ ԱՄՆ ազդեցությունը Ղարաբաղում»։

Հայաստանի կառավարությունը երբեք չի դիմել ՄԱԿ-ին կամ այլ երկրներին Արցախ միջազգային խաղաղապահ ուժեր մտցնելու պահանջով։ Փաշինյանն ասում է, որ այլևս չկա քաղաքական կարգավորում, կա միայն Արցախի ժողովրդի «իրավունքների և անվտանգության ապահովում»։ Եվ սա այն է, ինչ պետք է անեն ռուսները։

Արցախի նոր ղեկավարությունն իր առաջին քայլով ցույց տվեց, որ գործելու է ռուսական շահերից ելնելով` թույլ տալով ռուսական բեռնատարին անցնել Ակնայով։

Արդյո՞ք Արցախի խորհրդարանը նման պայմաններում կդիմի ՄԱԿ-ին և միջազգային այլ կազմակերպություններին` միջազգային ուժեր տեղադրելու պահանջով։ Թե՞ խոնարհաբար կանի Գաջիևի ասածը։

 

f