SOS-ի խաղողը փրկում է արցախցիների հոգիները
Խաղողաշաքարն Արցախում փոխարինում է ոչ միայն սովորական շաքարը, այլ այսօր այն միակ ուտելիքը կարելի է համարել առհասարակ
Անցած շաբաթն Արցախում անձրեւային էր: Ստեփանակերտի կանգառներից մեկում մի կին նստած է ծանր ուղեբեռների մոտ: Ես նրան ասացի, որ քաղաքային տրանսպորտ չի գործում, եւ առաջարկեցի քայլել Ազատամարտիկներով` ինչպես բոլորը: Կինը Սոս գյուղից էր: Նա ինձ բացատրեց, թե ինչու է մեր գրեթե միակ ուտելիքը՝ խաղողը նույնպես անհետացել Ստեփանակերտից (ես կարծում էի, թե պարզապես սեզոնն է անցել եւ ժամանակն է սպասել Նախիջեւանիկի նռանը): Պարզվեց, որ մեքենաները չեն կարողանում խաղողի այգի մտնել անձրեւի պատճառով:
Մատաղ ինիմ, մենք գյուղում մի բան գտնում ենք էլի, հողը մեզ սնում է, բայց դուք եք այստեղ խղճալի վիճակում հայտնվել: Մեր սիրտն ուզում է եղածից հասցնել, բայց վառելիք չկա: Վառելիք եթե գտնվում է, գյուղացիներով հավաքվում ենք, մի մեքենա գտնում, ցորեն, կառտոֆիլ եւ խաղող հասցնում քաղաք: Սեզոնը դեռ չի ավարտվել: Ամարասում մենք խաղողի մեծ այգի ունենք, փառք Աստծո, բայց տեղափոխել չի ստացվում հաճախ: Այնպիսիներն էլ կան, որ այգին մշակել, սակայն չեն կարողանում բերքը հավաել, քանի որ գտնվում է ադրբեջանական զինվորների նշանառության տակ, վախենում են մտնել այնտեղ, կրակում են… Ժամանակին մարդիկ գալիս էին եւ խաղողը հենց այգում գնում մեզանից, իսկ հիմա անգամ գյուղի տրանսպորտը չի գործում, գիտեք, – կիսվում էր իմ զրուցակիցը:
Սննդի վիճակը չափազանց լրջացել է Արցախում: Մեքենաներից դատարկված քաղաքում միայն ռուս խաղաղապահների ռոտորների ձայնն է տարածվում: Միայն այլուրի, հացի մասին խոսակցություններ են լսվում անցորդներից: Զանգել եմ մորս, ասում եմ երկու կիլոգրամ այլյուր եմ գտել, երեկոյան հաց եմ թխելու երեխաների համար, թե հետո ինչ եմ անելու`չգիտեմ…:
Սոցապի դիմաց մարդկանց մի հսկա բազմություն է հավաքվել: Ես մտածեցի, որ ռուսական Կարմիր Խաչի հումանիտար բեռի համար են եկել: Ա չէ, բրատ, էդ помощь-ը վաղուց է գտել իր տերերին… Հացի կտրոններն են տալիս, — պարզաբանել էր մի երիտասարդ:
Եթե անցած ամիս դեռ սուպերմարկետների դռները բաց էին, թեկուզ միայն ալկոհոլն էր մնացել (դե ռուսնեն կյամն` առնում, ասում էին վաճառողուհիները), այսօր պարզապես կողպեքով փակել եւ տուն են գնացել: Այնպիսի ապրանքներ են վերջանում անգամ, որ երեւի տարիներով ոչ ոք դրան չէր էլ նայում: Փեղկերի տրվում է վարձով-ը փոխարինվում է վաճառվում է-ով: Բայց գնորդը ո՞վ է…
Քաղաքի միակ բաց սննդի կետում գրեթե միայն չոր լոբով պերոժկի են վաճառում, որի սեւ ալյուրը խոշոր աղի պես զգում ես բերանում: Աղն այնտեղ բնականաբար քիչ է, քանի որ այն ոսկու գինն ունի հիմա: Բայց բանն այն է, որ այդ գնով էլ ոչինչ հնարավոր չէ գնել արդեն: Երեւի գիտեք, որ արցախցիները Ֆեյսբուքում օնլայն մարկետ են ստեղծել եւ փորձում են ով ինչ ունի` փոխանակել իրար հետ. N°1֊2 պամպերսը՝ ձեթի, օճառը՝ ձվի, ծխախոտը բենզինի (սեւ շուկայում ծխախոտ կարելի է գտնել նորվեգական գնով` 4 հազար դրամ տուփը), սոդան հինգ կգ սպիտակ ալյուրով, կարտոֆիլը սրճով եւ այսպես շարունակ:
Հոսանքը միշտ ամենաանհարմար պահին է անջատվում: Տխուր է տեսնել, երբ երեկոյան ուշ ժամին դպրոցական երեխաներ են գալիս այստեղ, հեռախոսի լուսը պահում դատարկ փեղկերի վրա եւ հարցնում. մենակ պիրոժկի՞ յա: Այս գեր մարդը երեւի չի պատկերացրել, որ մի օր պերոժկու համար հերթ պետք է կանգնի դպրոցական երեխաների հետ: Ես էլ չեմ պատկերացրել, որ մի օր ժենգյալով հացն այսքան կփոքրանա, խեղճանա ու առանց ձեթ կլինի, ապա չի լինի ընդհանրապես: Չեմ պատկերացրել, որ անգամ ապարատը կոֆե չի տա: Բայց անգամ քառաստղ Վալեքսը չի տալիս: Արմենիա հյուրանոցում ասում են, որ երեւի ամսի մեկից չաշխատեն: Ստեփանակերտի շուկան ամբողջությամբ դատարկվել է:
Ամեն ինչ շատ վատանալու մասին է հուշում նաեւ մայրիկների գրառումները մանկական տակդիրների մասին. Խոխին պամպերս ա պետք, գինը կապ չունի, փոխանակելու բան չունեմ…
Սակայն ամենասարսափեցնողը վերջին օրերին շատացած ճամպրուկ գնելու մասին գրառումներն են Ֆեյսբուքում:
Ամենածանրն ինձ համար ճամպրուկ գտնելու մասին գրառումներն են: Էն, որ հասկանում ես, որ մարդիկ իրավունք ունեն պայքարից հոգնելու և պարզապես սովորական կյանքով ապրելու ցանկություն ունենալ, բայց ամեն նոր ճամպրուկի փնտրտուքի գրառում հաստատելով, մի՜ փոքր ավելի լքված եմ ինձ զգում, մի՜ փոքր դավաճանված և մի՜ փոքր ավելի մենակ: Սրա ավելի ծանր տարբերակը` քո ճանաչած մարդկանց հեռանալն է, նրանց, որ ասում էին` լավ է մեռնեմ, քան ապօրինի անցակետում անձնագիրս իմ ձեռքով տամ ադրբեջանցուն ստուգի… Չեմ մեղադրում, քավ լիցի, գուցե նավն այն աստիճան խորտակվի, որ պայքարելու տեղ այլևս չմնա և նույն նվաստացուցիչ անցակետով բոլորս էլ անցնենք, բայց միևնույն է, ինչ֊-որ ծանր ապրում կա, որ խտանում է ամեն գնացողի հետ, — գրում է լրագրող Տաթեւիկ Խաչատրյանը:
Այսօր Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում խաղող են բաժանել: Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը: Դավիթ սարկավագն ասաց, որ բերքը մի մարդ է ուղարկել: Չորս խոխի փայ ա, մատաղ ինիմ, — ասում է մի կին ու մեկնում տնից բերած տոպրակը, տոպրակով ենք շրջում, — ավելացնում է նա:
Հավատացյալները Տերունական աղոթքով ամեն օր Աստծուց խնդրում են, որ հանապազօրյա հացը հասցնի: Ինչեւէ, Աստված այսօր արցախցիներին կես հաց է տալիս` տալոնով:
Բայց մեկ է, մեր լույսը բացվելու է,-ասում են տեղացիները:
Մարութ Վանյան