Գեղամ Բաղդասարյանը գրում է․
Արցախի բնակչությունն անասելի զրկանքներ կրեց՝ հանուն ազատության և անկախության։ Չեմ կարծում, թե մեկ այլ ժողովուրդ, մեկ այլ հանրություն ի զորու կլիներ դիմանալ նման փորձությունների՝ չթողնելով, որ մեռնի պայքարի ոգին ու դրանով իսկ այդքան մեծ շանս տալով իշխանություններին՝ գործուն քայլեր ձեռնարկելու թե մեր քաղաքական օրակարգը աշխարհին համոզիչ կերպով ներկայացնելու և թե շրջափակման պայմաններում ներքին կյանքն արդյունավետ կազմակերպելու համար։ Բայց իշխանությունները ձախողեցին երկուսն էլ։
Երկար դիմացան արցախցիները, մեծ փորձությունների դիմակայեցին ու անասելի զրկանքներ կրեցին, ուստի ցավալի է, շատ ցավալի է նման քաղաքական արդյունքը, ավելի ճիշտ՝ զրո արդյունքը։ Շատ ցավալի է, որ քաղաքական իմաստավորում չստացան այդ զրկանքները։ Այդպես է լինում, երբ քաղաքական էլիտայի փոխարեն տնտեսական շահախմբեր են ձևավորվում։ Այդպես է լինում, երբ քաղաքական օրակարգ չի լինում, երբ քաղաքական հաստատություններն ապաքաղաքական են լինում, ու ինքը երկիրը դադարում է քաղաքական միավոր լինելուց։
Այդպես է լինում, երբ հանրությունը չի կարողանում վերահսկել իշխանություններին։ Իսկ սեփական ժողովրդի կողմից չվերահսկվող իշխանությունները, որպես կանոն, վերահսկվում են այլոց կողմից։
Արցախի բնակչությունն անասելի զրկանքներ կրեց՝ հանուն ազատության և անկախության։ Ու անվեհերության մի իսկական «մաստերկլաս» ցույց տվեց ողջ աշխարհին։ Բայց Արցախի հերոսական ժողովուրդը մի բան չկարողացավ անել՝ վերահսկել սեփական իշխանություններին։ Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե իշխանությունները քո ընտրածն են, քո գիտակից ընտրության արդյունք են։ Արցախցիներիս այդ մեկը չի հաջողվել։ Չի հաջողվել ոչ միայն այսօր…
Ափսոս, հազար ափսոս։ Հույս պահենք, որ քաղաքական առումով ամեն ինչ չէ կորսված…