Lragir. «աղդամի երթուղին» բացվել է Լավրովի նախաձեռնությամբ․ ՌԴ ԱԳՆ

  • 21:36 18.09.2023

«Ռուսական կողմը շարունակում է նպաստել Լեռնային Ղարաբաղում ստեղծված բարդ հումանիտար իրավիճակի հանգուցալուծմանը` հումանիտար բեռնափոխադրումների համար Լաչինի և Աղդամի երթուղիների զուգահեռ ապաշրջափակման վերաբերյալ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնության հիման վրա», ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։

«Սեպտեմբերի 18-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ջանքերով՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի և ՌԴ ԱԳՆ-ի մասնակցությամբ, երկու ուղղություններից միաժամանակ պարենամթերքի և դեղորայքի խմբաքանակներ են առաքվել տարածաշրջան։ Ակնկալում ենք անարգել և կանոնավոր մարդասիրական մատակարարումների շարունակություն։ Ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրադրության աստիճանական բարելավումը պայմաններ կստեղծի Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության մեկնարկին և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը», ասվում է Զախարովայի մեկնաբանության մեջ։

Նկատենք՝ խոսքը ոչ թե Բերձորի միջանցքի ազատ տեղաշարժի ռեժիմի վերականգնման մասին է, այլ «մարդասիրական մատակարարումների»։ ՌԴ-ն, խախտելով նոյեմբերի 9-ի թուղթը, Բաքվի ռազմական ու ոստիկանական ներկայությունը միջանցքին ճանաչել է օրինական, այսինքն՝ պաշտոնապես հայտարարել է միջանցքի արտատարածքային կարգավիճակի վերացման մասին, չնայած նոյեմբերի 9-ի թուղթը չեղարկված չէ։

Հատկանշական է նաեւ, որ ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ մարդասիրական բեռների անցումը որակվում է որպես «Լաչինի և Աղդամի երթուղիների զուգահեռ ապաշրջափակում»։ Իրականում ռուսների երաշխավորությամբ ապաշրջափակվել, ավելի ճիշտ՝ գործարկվել է «աղդամի երթուղին»՝ դրանից բխող հետեւանքներով։

Հատկանշական է նաեւ, որ այսօր ոչ ՀՀ իշխանության, ոչ էլ ինքզինքը Արցախի փրկության նվիրյալներ համարող «ընդդիմության» կողմից որեւէ արձագանք չի եղել առանցքային այս իրադարձությանը, ինչը Արցախի ոչնչացման հարցում ներքին կոնսենսուսի վկայություն է։