Ինչպես ավելի վաղ գրել էր Step1.am-ը, սեպտեմբերի 15-ին Ստեփանակերտում Վերածննդի հրապարակում հավաքված տեղահանվածները պայմանավորվել երկուշաբթի օրը Արցախի նոր նախագահի հետ հանդիպման մասին։
Սեպտեմբերի 18-ին հանդիպումը կայացավ։ Կառավարության մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Արցախի նախագահն ընդունել է 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով բռնի տեղահանված Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների։
«Քննարկվել են Արցախի շրջափակման հետեւանքով ներքին տեղահանվածների շրջանում առաջացած սոցիալական խնդիրները։ Նախագահ Սամվել Շահրամանյանը նշել է, որ կառավարությունը շարունակելու է շրջափակման հետևանքների մեղմացմանն ուղղված աջակցության ծրագրերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով բնակչության խոցելի խմբերին։ Արցախի նախագահը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է հումանիտար աղետին և անվտանգության առկա մարտահրավերներին առնչվող հարցեր, ինչպես նաև այս ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերը»։
Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը Step1.am-ի հետ զրույցում ասաց, որ հիմնականում քննարկել են ներքին տեղահանվածների սոցիալական խնդիրները տոտալ շրջափակման պայմաններում։ Խոսքը զբաղվածության խնդիրների և բնակարանների վարձավճարների շարունակական սուբսիդավորման մասին է։
Քննարկվել են երկրում տիրող իրավիճակը և ընթացիկ գործընթացները։ Բնակարանով ապահովելու հարցը չի քննարկվել, քանի որ ժողովի մասնակիցները այն համարել են անիմաստ շրջափակման պայմաններում. հանրապետությունում բոլոր շինարարական աշխատանքները դադարեցվել են շինանյութի բացակայության պատճառով։
Ընդհանուր առմամբ, ըստ Սավադյանի, հանդիպումը թողել է «դրական տպավորություն» և «հույս, որ իշխանությունները գիտակցում են՝ Արցախի համար նման ծանր իրավիճակում հարկադիր տեղահանվածների համար շատ անգամ ավելի դժվար է հաղթահարել փորձությունները»։