Բաքվի հերթական լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ պաշտոնական Ստեփանակերտը աշխատանքներ է տանում տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների հետ, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Արցախի խաղաղ բնակավայրերը շարունակում են մնալ ադրբեջանական զինուժի ուղիղ թիրախում․
«Շուրջ մեկ ժամ է ադրբեջանական օդուժի և հրթիռահրետանային հարվածները Ստեփանակերտի և հանրապետության շրջանների ուղղությամբ չեն դադարում։ Տուժածների մասին տվյալներ կհաղորդվեն ավելի ուշ»։
Ադրբեջանի կողմից Մարտակերտի շրջանում բարձրավոլտ էլեկտրացանցերի թիրախավորման արդյունքում սեպտեմբերի 19-ից՝ ժամը 14:30-ի սահմաններում, Արցախի ողջ բնակչությունն արդեն 12 ժամից ավելի զրկված է էլեկտրաէներգիայից։ Հայտնում են ԱՀ ՄԻՊ գրասենյակից:
Կենսական ենթակառուցվածքների կանխամտածված թիրախավորումը, որն ավելի շատ տառապանքներ ու զրկանքներ է պատճառում խաղաղ բնակչությանը, Ադրբեջանի հերթական ահաբեկչությունն է։